«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2002 թվականի N 1750-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչությունը և հայկական երկաթուղու դեպարտամենտը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը միացման ձևով:
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչություն` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության «Սուրհանդակային գործակալություն» պետական հիմնարկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային գործակալության կանոնադրությունները հաստատելու, ինչպես նաև այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
5. «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետով, ինչպես նաև 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
(5-րդ կետը փոփ. 30.01.03 N 71-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 30.01.03 N 71-Ն)
7. «Հայաստանի Հանրապետության երկաթուղու փոխադրումներ», «Հայաստանի Հանրապետության երկաթուղու շարժակազմ» և «Հայաստանի Հանրապետության երկաթուղու ենթակառուցվածքներ» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմավորել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության:
8. «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի կառավարման՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետով, ինչպես նաև 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|