Գլխավոր տեղեկություն
Համար
N 39
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.10.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

27 սեպտեմբերի 2012 թվականի N 39

6. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2013 թվականի տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկին` համաձայն N N 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թ.

սեպտեմբերի 27-ի նիստի N 39

արձանագրային որոշման

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2013թ. տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածին համապատասխան:

2. Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 3-ի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարության» հիմնական ուղղությունները, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ և «Հաշմանդամների իրավունքների և հասարակական կյանքում նրանց լիարժեք մասնակցության խթանման, հաշմանդամների կյանքի որակի բարելավման» 2006-2015 թթ. Եվրոխորհրդի գործողությունների ծրագրի դրույթները:

 

II. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ծրագրի նպատակն է`

 

 3. Հաշմանդամություն ունեցող անձանց համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

 

Ծրագրի խնդիրներն են`

 

 4. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրության կատարելագործումը,

 5. հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների ապահովումը,

 6. հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի, բժշկական և սոցիալական սպասարկման կազմակերպումը,

 7. հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, մասնագիտական ուսուցման կազմակերպումն ու զբաղվածության խթանումը,

 8. հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը մարզական և մշակութային ծրագրերում,

 9. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը,

10. հասարակության ուշադրության բևեռումը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վրա:

 

III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

11. Հաշմանդամության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, հիմնական մոտեցումները և պետական նպատակային ծրագրերը ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու հավասար պայմանների և հավասար հնարավորություւների ապահովմանը, նրանց սոցիալական ներառմանը:

 12. Շարունակվել են իրականացվել աշխատանքներ 2005թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թթ. ռազմավարության» դրույթների իրականացման ուղղությամբ:

 13. 2010 թվականի հոկտեմբերի 22-ին ուժի մեջ մտած Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կատարվում են աստիճանական քայլեր` ուղղված հաշմանդամների հիմնախնդիրներին օրենսդրական բարեփոխումներին, գործող ծրագրերի խթանմանը, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծման նորովի մոտեցումներին:

 14. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների ներառումն ապահովող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային, հասարակական կազմակերպությունների հետ: Քննարկման փուլում է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանելու նոր մոտեցումների` գործատուների համար քվոտաների սահմանման, սոցիալական կազմակերպությունների հիմնման որդեգրման հետ կապված հարցեր: Նշված օրենքի ընդունումը բխում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և նրանց նկատմամբ ամեն տեսակ խտրականության բացառման քաղաքականության մշակման անհրաժեշտությունից:

 15. ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 8-ի «Անձի պահպանված անաշխատունակության աստիճանի որոշման հիման վրա հաշմանդամության սահմանման մոդելին անցնելու հայեցակարգին և հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 48 արձանագրային որոշման ժամանակացույցի համաձայն, աստիճանական քայլեր են արվում հաշմանդամություն ունեցող անձին հասարակություն ներառելու ուղղությամբ: Համապատասխան նախարարությունների և գերատեսչությւոնների մասնակցությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր` հաշմանդամության սահմանման նշված մոդելին անցնելու նպատակով անհրաժեշտ չափորոշիչների մշակման համար:

 16. 2012 թվականի մայիսի 31-ի N 684–Ն որոշմամբ հստակեցվել է տարբեր ախտորոշումների ժամանակ հաշմանդամության սահմանման ժամկետները:

 17. ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի թիվ 948-Ն որոշմամբ` լսողության խնդիրներ ունեցող անձինք եվրոպական արտադրության թվային և անալոգային լսողական սարքերով կապահովվեն պետական հավաստագրերի հիման վրա, ինչը հնարավորություն կտա ձեռք բերելու նրանց լսողությանը համապատասխան լսողական սարքեր և գործընթացը կդարձնի առավել բաց և մրցակցային:

 18. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման խնդիրը շարունակում է մնալ սոցիալական ոլորտի դժվար լուծելի հիմնախնդիրների շարքում: «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում հաշմանդամություն ունեցող անձինք ամրագրված են որպես աշխատաշուկայում անմրցունակ խումբ և, որպես այդպիսիք, նրանց համար սահմանված են լրացուցիչ երաշխիքներ:

 19. Վիճակագրական տվյալների համաձայն` 2012թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված 176506 հաշմանդամություն ունեցող անձանց 68,5 %-ը աշխատանքային տարիքի են, որոնցից զբաղված է միայն 8-9%-ը:

 20. 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոններում, որպես աշխատանք փնտրող, գրանցված է եղել 1204, իսկ 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` 1259 հաշմանդամություն ունեցող անձ: 2012 թվականի ընթացքում խորհրդատվություն է ստացել 1375, իրականացվող ծրագրերում ընդգրկվել` 134 հաշմանդամություն ունեցող անձ: Իրականացված ծրագրերի և միջոցառումների /նաև միջազգային կազմակերպությունների հետ/ արդյունքում 2012 թ. ընթացքում աշխատանքի է տեղավորվել 110 հաշմանդամություն ունեցող անձ:

 21. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի աջակցությամբ «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության Էջմիածնի ուսումնաարտադրական կազմակերպությունում և Ճամբարակի «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունում գործում են փորձնական սոցիալական կազմակերպություններ: Սոցիալական կազամակերությունների հիմնումը ուղղված է մի կողմից հաշմանդամ անձանց սոցիալական խնդիրների լուծմանն ու նրանց համար հնարավորինս հավասար պայմանների ապահովմանը, մյուս կողմից նրանց աշխատանքային ներուժը հասարակությանը ի շահ ներդնելուն:

 22. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության գործընթացը խթանելու, համայնքի կյանքում նրանց ներգրավելու նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» բարեգործական հիմնադրամի միջև 02.07.2010թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրի` «Հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում որպես խոստումնալից աշխատուժ» համագործակցության ծրագիրը 2011 թվականին իրականացվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Երևանի Էրեբունի, Նուբարաշեն համայնքներում, իսկ 2012 թվականին` այն իրականացվել է Երևանի 10 վարչական շրջաններում և Աարատի, Գեղարունիքի, Լոռու և Շիրակի մարզերում: Նշված ծրագիրը հիմնականում ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային կարողությունների գնահատմանը, աշխատատեղերի հարմարեցմանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, ինչպես նաև իրազեկման մակարդակի բարձրացմանը:

 23. «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվում է Գյումրի քաղաքի հաշմանդամություն ունեցող, աշխատանք փնտրող անձանց աշխատանքային վերականգնման, մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ: Տարվա ընթացքում ծառայություն է ստանում 720 հաշմանդամություն ունեցող անձ:

 24. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Կրթության մասին» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքները կանոնակարգում են հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց կրթության հարցերը:

 25. 2011-2012 թվականներին շարունակվել են աշխատանքները հատուկ կրթության կարիք ունեցող անձանց համար նախատեսված միջոցառումների և ներառական կրթության ընդլայնման և բարելավման ուղղությամբ.

 1) Հանրապետությունում հատուկ կրթություն կազմակերպվել է 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից 21-ը նախատեսված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, իսկ 2-ը` հակասոցիալական վարք ցուցաբերած երեխաների համար: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են շուրջ 2481 երեխաներ:

 2) 2011-2012 թթ. ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցների ցանկը համալրվել է 16 դպրոցով: Հանրապետության 79 ներառական կրթություն իրականացնող դպրոցներում սովորում է շուրջ 2394 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:

3) Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից (ներառյալ մասնաճյուղերը) 2011-2012 թթ. ուսումնական տարվա ընթացքում շուրջ 2200 երեխայի հանրակրթությունը կազմակերպելու նպատակով, իրականացվել է նրանց կրթական կարքիների գնահատում,:

 4) Մշակվել, տպագրվել և ձեռք է բերվել ուսումնամեթոդական ձեռնարկներ և այլ ուսումնական նյութեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար: Ուսումնաօժանդակ գրականությունը տրամադրվել է հատուկ և ներառական կրթություն իրականցնող դպրոցներին:

 5) Ապահովվում է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, առնվազն անցումային միավոր ստացած հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ուսման ընթացքում հաշմանդամ դարձած անձանց համար:

 26. Շարունակվել և իրականացվում են հասցեական ծրագրեր` ուղղված որոշակի խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանն ու ներառմանը հասարակություն:

 1) 2011թ. հաշմանդամություն ունեցող անձանց հատկացվել է 15320 պրոթեզաօրթոպեդիկ պարագա, այդ թվում` 479 սայլակ, 1142 լսողական սարք /այդ թվում 122-ը` եվրոպական արտադրության/, ինչպես նաև այլ վերականգնողական պարագաներ, կատարվել է աչքի պրոթեզավորում /90/, 100 հաշմանդամ ապահովվել է ձայնաստեղծ սարքերով:

 2) 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց հատկացվել է 8463,5 պրոթեզաօրթոպեդիկ պարագա, այդ թվում` 260 սայլակ, 659 լսողական սարք /այդ թվում 135-ը` եվրոպական արտադրության/, ինչպես նաև այլ վերականգնողական պարագաներ, կատարվել է աչքի պրոթեզավորում /90/, 100 հաշմանդամ ապահովվել է ձայնաստեղծ սարքերով:

 3) Միջազգային և հասարակական կազմակերպությունների միջոցով 2011 թվականին ձեռք է բերվել 160 հատ «Օտիկոն» ֆիրմայի թվային լսողական ապարատ և տրամադրվել 85 երեխայի:

 4) Տեսողության խնդիրներ ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու, նրանց համար, առանց այլ անձի օգնության, սովորելու և աշխատելու համար պայմաններ ապահովելու նպատակով, 2012 թվականին 10 հաշմանդամի համար իրականացվել է «Արև» համակարգով համակարգչային ուսուցում և համակարգիչների տրամադրման ծրագիրը /իրականացվում է 2008 թվականից/:

 5) Շարունակվել և իրականացվում է տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ տառատեսակներով /Բրայլյան/ գրքերի տպագրության, տետրերի պատրաստման, «Խոսող գրքերի» ձայնագրության ծրագիրը, որը նշված անձանց հնարավորություն է տալիս կարդալու, գրելու, ինտեգրվելու հասարակություն:

 6) Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնումն իրականացվել է «Արթմեդ» բուժվերականգնողական կենտրոնում, «Սթրես-կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում, ինչպես նաև Միջազգային Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական, Գյումրու վերականգնողական, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոններում, «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում, «Արարատ» մոր և մանկան կենտրոններում և այլ կազմակերպություններում:

 27. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության բնագավառում կարևոր տեղ ու դեր ունի նրանց խնամքի և սոցիալական սպասարկման տրամադրման ծառայությունների համակարգը:

 1) Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:

 2) Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրող համայնքային ցերեկային կենտրոնների գործունեությունը` պետական աջակցություն է ցուցաբերվում «Առաքելություն Հայաստան», «Հույսի կամուրջ» և «Փրկություն» հասարակական կազմակերպությաններին:

 28. Շարունակվել են Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի /այսուհետ` Հանձնաժողով/ աշխատանքները:

 1) Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների, դրանց հնարավոր լուծումների և խոչընդոտների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, Հանձնաժողովի առաջարկությամբ ստեղծված ինտերնետային կայքը` www.disabilityarmenia.am հնարավորություն է տալիս տրամադրել համակարգված, ամբողջական և պարբերաբար թարմացվող տեղեկատվություն հաշմանդամության ոլորտում առկա իրավիճակի և նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև ապահովում է հաշմանդամության ոլորտում իրականացվող քաղաքականության և ծրագրերի, առկա խնդիրների, իրավական դաշտի հասանելիությունը բնակչության լայն զանգվածներին:

 2) Մշակվել և Հանձնաժողովի նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ 2011 թվականի զեկույցը:

3) 2011թ. նեյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հանձնաժողովը հայտարարել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների իրազեկման միամսյակի միջոցառումների ծրագիր: Միջոցառումները կազմակերպվել և իրականացվել են պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ուսանողների, հասարակության լայն մասնակցությամբ:

 29. Հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման նպատակով հեռուստատեսությամբ պարբերաբար հարցազրույցներ են տեղի ունեցել ոլորտում պատասխանատու, նախարարության տարբեր աշխատակիցների հետ, ցուցադրվել են հասարակական կազմակերպությունների պատրաստած սոցիալական տեսահոլովակներ: Նման աշխատանքներն ունեն շարունակական բնույթ:

30. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է այլ նախարարությունների, գերատեսչությունների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:

 

IV. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

 31. Ինչպես անցած տարիներին, այնպես էլ 2013թ. իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ու ներառման և նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ:

 32. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում 2013 թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են այդ անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությունից, նրանց հասարակություն ինտեգրելու, նրանց համար հնարավորինս հավասար պայմաններ ստեղծելու և հավասար հնարավորություններ ապահովելու, բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական գործընթացն առավելագույնս արդյունավետ իրականացնելու, հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության ու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների լուծման անհրաժեշտությունից:

 33. Իրականացվելու են աշխատանքներ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրը կանոնակարգող ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

 34. Կիրականացվեն աշխատանքներ անձի աշխատունակության աստիճանի գնահատման հիման վրա հաշմանդամության սահմանման նոր մոդելին անցման հայեցակարգի դրույթների իրականացման ուղղությամբ:

 35. Կմշակվեն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի և «Անձի պահպանված աշխատունակության աստիճանի որոշման հիման վրա հաշմանդամության սահմանման մոդելին անցնելու հայեցակարգի և հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցի մասին» հայեցակարգի պահանջներից բխող մի շարք իրավական ակտեր:

 36. Հաշմանդամության սահմանման նոր մոդելի կիրառման նպատակով կիրականացվի ԲՍՓ գործակալության մասնագետների վերապատրաստում, ինչպես նաև կմշակվեն համապատասխան ձևաթղթեր:

 37. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը կիրականացնի հետևողական աշխատանքներ` հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, կընդլայնվի համագործակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ:

 38. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու պաշտպանությանն ուղղված 2013 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 10 հիմնական ուղղություններով:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թ.

սեպտեմբերի 27-ի նիստի N 39

արձանագրային որոշման

 

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2013 թվականի տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկ

N/N

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման չափը և աղբյուրը

1.

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմանների ապահովում

       

1.1

Հասարակական, արտադրական և
բազմաբնակարան բնակելի շենքերի ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմման, նախագծերի մշակման, փորձաքննության և դրանց համաձայնեցման փուլերում հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների նկատմամբ վերահսկողություն

 ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների կատարում

Տարվա ընթացքում

 Ֆինանսավորում չի պահանջվում

1.2

Հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար նախատեսված սարքավորանքների /թեքահարթակներ կամ հատուկ վերելակային հարմարանքներ/պատրաստում, ձեռքբերում և մայրաքաղաք ներկրված քաղաքային ավտոբուսների վրա դրանց տեղադրման աշխատանքների իրականացում

Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորության ապահովում

Տարվա ընթացքում

Երևանի բյուջե
25 000.0 հազ. դրամ

1.3

Քաղաքային նշանակության քաղաքաշինական օբյեկտներում, կառուցվող շենքերում, փողոցներում,մայթերում թեքահարթակների կառուցում

Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

Տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար
մատչելի պայմանների ապահովում

Տարվա ընթացքում

Երևանի բյուջե
20 000.0 հազ. դրամ

1.4

Երևանի պոլիկլինիկաների 1-ին հարկերում հաշմանդամություն ունեցող և սակավաշարժուն անձանց բուժսպասարկման համար հարմարավետ պայմանների ստեղծում

Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

Տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար բուժսպասարկման ծառայությունների մատչելիության ապահովում

Տարվա ընթացքում

Երևանի բյուջե
20 000.0 հազ. դրամ
Դոնոր կազմակերպություններ

2.

Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և մասնագիտական ուսուցման ծրագրեր

       

2.1

Երեխաների ֆիզիկական, մտավոր և/կամ/ հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտում և գնահատում

ՀՀ ԿԳՆ, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/

Շուրջ 2300 երեխայի կրթական կարիքների գնահատում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
143155.1 հազ. դրամ

2.2

Հանրապետությունում 79 հանրակրթական դպրոցում ներառական կրթության կազմակերպում

ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/

2421 երեխայի համար ներառական կրթության ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե (1255234.7 հազ. դրամ) ներառական կրթության ծրագրի շրջանակներում

2.3

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպում 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում

ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/

Հատուկ կարիքներ ունեցող 2476 երեխայի կրթության կազմակերպում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
2768691.2հազ. դրամ

2.4

Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության ժամանակ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ ստանալու դեպքում 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամ երեխաների համար անվճար հիմունքներով կրթության ապահովում

ՀՀ ԿԳՆ

1-ին և 2-րդ խմբի և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց պետական պատվերի շրջանակներում կրթության կազմակերպում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

2.5

Հատուկ կրթության ոլորտում 11 անուն դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում և հրատարակում

ՀՀ ԿԳՆ

Հատուկ կրթության կարիք ունեցող հաշմանդամերին ուսումնական ձեռնարկներով
ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
16000.0 հազ. դրամ

3.

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրեր

       

3.1

 Ապահովագրական ստաժ չունեցող կամ մինչև մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող աշխատանք փնտրող, չզբաղված հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական ուսուցում, աշխատանքային ունակությունների վերականգնում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 100 հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային ունակությունների
վերականգնում և մասնագիտական ուսուցում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 17 000.0 հազ. դրամ

3.2

Աշխատաշուկայում անմրցունակ /նաև հաշմանդամություն ունեցող/ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Աշխատաշուկայում անմրցունակ /նաև հաշմանդամություն ունեցող/ շուրջ 90 անձանց համար աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 37 800.0 հազ. դրամ

3.3

Այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների և և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամություն ունեցող անձանց նյութական ծախսերի հատուցում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2 հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքի տեղավորում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 962.5 հազ. դրամ

3.4

Մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքի փորձ չունեցող գործազուրկ և աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

10 հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքին փորձի ձեռքբերում, աշխատանքի տեղավորում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
2 150.0 հազ. դրամ

3.5

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ֆինանսական աջակցություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Շուրջ 5 հաշմանդամություն ունեցող անձի ֆինանսական աջակցություն` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 83.3 հազ. դրամ

3.6

Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

55 հաշմանդամություն ունեցող անձի համար աշխատատեղերի հարմարեցում, աշխատանքի տեղավորում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 11 000.0 հազ. դրամ

3.7

«Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային վերականգնման, մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայությունների իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 720 հաշմանդամություն ունեցող անձի ուսուցողական, խորհրդատվական և աշխատանքի վերականգնման ծառայությունների տրամադրում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 15 839.4 հազ. դրամ

3.8

Հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում` որպես խոստումնալից աշխատուժ» ծրագրի իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Հյուման դիգնիթի ընդ փիս» հիմնադրամ /համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների կարգավորում Երևանի 10 վարչական շրջաններում և Արարատի, Գեղարունիքի, Լոռու և Շիրակի մարզերում

Տարվա ընթացքում

Դոնոր կազմակերպություններ

4.

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծրագրեր

       

4.1

Տուն ինտերնատներում տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման իրականացում /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են տուն ինտերնատներում խնամվողների շուրջ 60 %/

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 Շուրջ 630 հաշմանդամություն ունեցող անձի շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման կազմակերպում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրի շրջանակներում
889 499.7 հազ. դրամ

4.2

Տնային պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում / հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 30%-ը /

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Շուրջ 415 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկման կազմակերպում տնային պայմաններում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե «Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» ծրագրի շրջանակներում
25 469.5 հազ. դրամ

4.3

Խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատին կից հոգեկան առողջության ցերեկային կենտրոնում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 50 հաշմանդամությնուն ունեցող անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոնում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 15 758.6 հազ. դրամ

4.4

Տնային պայմանններում և ցերեկային կենտրոններում ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 30 %-ը/

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ /համաձայնությամբ/

1350 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոններում և տնային պայմաններում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 52 673.3 հազ. դրամ

4.5

Մտավոր խնդիրներ ունեցող դեռահասներին և երիտասարդներին սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Փրկություն» Հ/Կ /համաձայնությամբ/

Մտավոր խնդիրներ ունեցող 50 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկման կազմակերպում ցերեկային կենտրոնում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 16 636.2 հազ. դրամ

4.6

Առավել կարիքավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում

Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

Հաշմանդամութուն ունեցող անձանց սոցիալական աջակցության միջոցով կարիքի բավարարում, սոցիալական վիճակի բարելավում

Տարվա ընթացքում

Երևանի բյուջե 4 000.0 հազ. դրամ

4.7

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ներքաղաքային էլեկտրատրասպորտով անվճար երթևեկելու համար վկայականների տրամադրում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

1-ն և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ներքաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու իրավունքի ապահովում

2013 թվականի
ընթացքում

«Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի տարեկան աշխատանքների ծավալի շրջանակներում
100.0 հազ. դրամ

5.

Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող բժշկական օգնության, այդ թվում վերականգնողական ծրագրեր.

       

5.1

Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնությանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացում

ՀՀ առողջապահության նախարարություն

Հաշմանդամություն ունեցող անձանց առաջնային բուժօգնության, հիվանդանոցային բուժման ծառայություններ` ըստ դիմելիության

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

5.2

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամ երեխաներին անվճար, 3-րդ խմբին` 50 տոկոս զեղչով դեղերի տրամադրում

ՀՀ առողջապահության նախարարություն

Հաշմանդամություն ունեցող անձանց
դեղորայքով ապահովում` ըստ դիմելիության

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե

5.3

Հաշմանդամություն ունեցող անձանց առողջարանային ուղեգրերի տրամադրում

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող անձանց
առողջարանային ուղեգրերով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 167 196.5 հազ. դրամ

5.4

Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման աշխատանքների կազմակերպում և իրականացում «ԱՐԹՄԵԴ» ԲՎԿ-ում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

979 հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց բժշկա-սոցիալական և հոգեկան առողջության վերականգնում հիվանդանոցային պայմաններում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 167 885.5 հազ. դրամ

5.5

Հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնողական օգնության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ստացում և ամփոփում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Վերականգնողական ծառայությունների համակարգված կազմակերպում, վերականգնողական ծրագրերի պլանավորում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

6.

Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական, տեխնիկական և այլ օժանդակ միջոցներով ապահովման ծրագրեր.

       

6.1

Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզա-օրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովում, դրանց վերանորոգում, այդ թվում`

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հաշմանդամություն ունեցող շուրջ 10 հազար անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 858 573.9 հազ. դրամ

6.1.1

Ձայնաստեղծ սարքերով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ձայնաստեղծ սարքի կարիք ունեցող 80 հաշմանդամություն ունեցող անձի ձայնաստեղծ սարքով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 28 000.0 հազ. դրամ

6.1.2

Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար աչքի պրոթեզավորման իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

130 հաշմանդամություն ունեցող անձի աչքի պրոթեզով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
8 450.0 հազ. դրամ

6.2

Հաշմանդամություն ունեցող անձանց լսողական սարքերով, լսողական սարքի ներդիրներով և սայլակներով ապահովում, այդ թվում`

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 1800 անձի լսողական սարքերով, լսողական սարքի ներդիրներով և սայլակներով ապահովում, այդ թվում`

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 113 437.4 հազ. դրամ

6.2.1

Հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

500 հաշմանդամություն ունեցող անձի սայլակներով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 70 000.0 հազ. դրամ

6.2.2

Հաշմանդամություն ունեցող անձանց և տարիքային կենսաթոշակառուներին ռուսական արտադրության լսողական սարքերով, 12-18 տարեկան երեխաներին և 18-30 տարեկան հաշմանդամ երիտասարդներին եվրոպական արտադրության լսողական սարքերով և մինչև 14 տարեկան երեխաներին լսողական սարքի ներդիրներով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Լսողության խանգարում ունեցող 1100 անձի լսողական սարքով, 100 երեխայի լսողական սարքերի ներդիրներով /200/ ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 43 437.4 հազ. դրամ

6.2.3

Լսողության խնդիրներ ունեցող մինչև 12 տարեկան երեխաներին լսողական սարքերով ապահովում /OTIKՕN և SIEMENS ֆիրմաների/

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Հավատ» հ/կ /համաձայնությամբ/

Շուրջ 50 երեխայի լսողական սարքերով ապահովում

Տարվա ընթացքում

«Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամ

6.3

Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ /Բրայլյան/ տառատեսակով գրքերի, տետրերի, բյուլետենների տպագրում և «Խոսող գրքերի» ձայնագրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

74400 թերթ ՀԿՄ օրգան ամենամսյա «Բյուլետեն»` 42327 թերթ Բրայլյան գրքիտպագրություն, 320 հատ բրայլյան տետրի պատրաստում, «Խոսող գիրք»` 1600 ժամ տևողությամբ ձայնագրում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե 10 506.4 հազ. դրամ

6.4

Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար «Արև» համակարգի ուսուցում և համակարգչային տեխնիկայով ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տեսողությունից հաշմանդամություն ունեցող 10 անձանց «Արև» համակարգով ուսուցում և համակարգչային տեխնիկայի տրամադրում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
6 624.2 հազ. դրամ

7.

Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակություն մշակույթի և սպորտի միջոցով.

       

7.1

Պետական աջացություն `-«Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությանը «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությանը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությանը «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությանը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Շուրջ 580 հաշմանդամություն ունեցող անձի մասնակցության ապահովում կազմակերպվող միջոցառումներին

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
9000.0 հազ.դրամ

7.2

2013 թվականին Բուլղարիայում կայանալիք խուլերի ամառային օլիմպիադային մասնակցություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպություն /համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկների մասնակցություն տարվա ընթացքում կայանալիք ամառային օլիմպիադային

հուլիս-օգոստոս

ՀՀ պետական բյուջե
7942.2 հազ.դրամ

7.3

«Հաշմանդամ երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մասնաճյուղերում գեղագիտական, արհեստագործության ուսուցման ծրագրերի իրականացում

ՀՀ մշակույթի նախարարություն

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար արվեստի և արհեստների անվճար ուսուցում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
45280.3 հազ. դրամ

7.4

«Ընտանեկան գրադարանավար» ծրագրի իրականացում /Լոռու, Շիրակի մարզեր/

ՀՀ մշակույթի նախարարություն

Տեղաշարժման դժվարություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար գրադարանային սպասարկում տնային պայմաններում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
774.0 հազ.դրամ

7.5

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար այցելությունների կազմակերպում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակույթային կազմակերպություններ

Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

Մշակութային կազմակերպությունների մատչելիության ապահովում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

7.6

Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ձեռքի աշխատաքների, գեղանկարների ցուցահանդեսի կազմակերպում, լավագույն մասնակիցների խրախուսում և պարգևատրում

Երևանի քաղաքապետարան,
/համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառումը հասարակություն մշակութային միջոցառումների միջոցով

Դեկտեմբեր

Երևանի բյուջե
350.0 հազ. դրամ

7.7

Երևան քաղաքի բակային սպարտակիադայի կազմակերպում 2 փուլով, ըստ տարիքային խմբերի, հաշմանդամություն ունեցող 12-18 տարեկան անձանց մասնակցությամբ

Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառումը հասարակություն սպորտային միջոցառումների միջոցով

Մայիս-սեպտեմբեր

Երևանի բյուջե
600.0 հազ. դրամ

8.

Սոցիալական գործընկերություն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների միջև

       

8.1

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի աշխատանքների ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման գործընթացի խթանում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

8.2

Հաշմանդամություն ունեցող անձանց մարզային հանձնաժողովների աշխատանքների համակարգում

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով

Հաշմանդամություն ունեցող անձանց մարզային հանձնաժողովների աշխատանքների ապահովում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

8.3.

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին և կազմակերպվող միջոցառումներին մասնակցություն և աջակցություն /խորհրդատվության, տեղեկատվության, մեթոդական աջակցության տրամադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, Երևանի քաղաքապետարան

 Պետական և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության խթանում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

9.

ԲՍՓ ձևաթղթերի տպագրության ծառայությունների իրականացում

       

9.1

ԲՍՓ ձևաթղթերի տպագրության ծառայությունների իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ԲՍՓ գործընթացի իրականացման համար ձևաթղթերով ապահովում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե
3 371.0 հազ. դրամ

10.

 Հանրային իրազեկում

       

10.1

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց համար հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում, քննարկումների, կլոր սեղանների կազմակերպում և իրականացում

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ /համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրում

Տարվա ընթացքում

Դոնոր կազմակերպություն

10.2

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուսաբանում, գրքույկների, մեթոդական ուղեցույցների տպագրում, հեռուստահաղորդումների կազմակերպում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հասարակական կազմակերպություններ /համաձայնությամբ/

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացում

Տարվա ընթացքում

ՀՀ պետական բյուջե «Հանրային իրազեկման միջոցառումներ» ծրագրի շրջանակում, դոնոր կազմակերպություններ

 10.3

Երևանի հատուկ դպրոցներում «Ծնողավարման հմտություններ» թեմայով սեմինարների կազմակերպում

Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

Ծնողավարման հմտությունների ուսուցանում,երեխա– ընտանիք–հաստատություն կապի ամրապնդում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

10.4

/www.disabilityarmenia.am/ կայքում հաշմանդամության ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների և դրանց հնարավոր լուծումների համալիր ներկայացում, հասարակության իրազեկության բարձրացում

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում