ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N ԱԽ-2-Ո-3
2008 թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Գ. ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Ս. Անտոնյանի, Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի,Ա. Խաչատրյանի, Մ. Մարտիրոսյանի, Տ. Պետրոսյանի, Ն. Տավարացյանի |
մասնակցությամբ դատավոր |
Գ. Կարախանյանի |
քարտուղարությամբ |
Շ. Վարդանյանի |
2008 թվականի փետրվարի 29-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Կարախանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
2008 թվականի փետրվարի 6-ին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի թիվ N-Կ-2-2/08 որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Կարախանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ դատարաններում կատարված դատական պրակտիկայի ամփոփման տեղեկանքը:
2. Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն՝ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք հանձնաժողովը գնահատել է որպես նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ:
Ըստ եզրակացության՝
2007 թվականի հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քննել է թիվ 2-3165/07թ. քաղաքացիական գործն ըստ դիմումի Սլավիկ Պետրոսյանի` մեքենան արգելանքից հանելու պահանջի մասին:
Ս. Պետրոսյանը դիմելով դատարան հայտնել է, որ Հոլանդիայի Ասեն քաղաքից իր անվամբ 31.03.2006թ. թիվ 217151 փոխադրման ամփոփագրով ներմուծվել է ՀՀ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 1997թ. արտադրության WFOLXXGBVLVK 19668 նույնացման համարով և 4FBXE 65945 շարժիչի համարներով ավտոմեքենա: Մաքսազերծելիս ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ փորձագետի կողմից ավտոմեքենայի հարթակի նույնացման համարը կասկածվել է փոփոխության մեջ, որի առթիվ ՀՀ ԿՀԴՊԳՎ-ում նախապատրաստվել են նյութեր: 10.04.2006թ-ից մեքենան գտնվել է ՀՀ ոստիկանության համապատասխան մարմնում և արգելված է մեքենայի նկատմամբ որևէ գործարք կատարելը: Մեքենան արգելանքի է վերցվել դրա նկատմամբ համապատասխան փորձաքննություններ իրականացնելու և դրա վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով:
Նախապատրաստված նյութերով նշանակվել է դատահետքաբանական փորձաքննություն և ըստ փորձագետի թիվ 820 եզրակացության և հետազոտության մասին թիվ 889 տեղեկանքի, ավտոմեքենայի նույնացման համարի հարթակն այլ ավտոմեքենայից կտրվել և զոդվել է վերջինիս վրա, այսինքն` տեղի է ունեցել ավտոմեքենայի նույնացման համարի փոփոխություն, սակայն ՀՀ-ում ինտերպոլի ԱԿԲ-ից և 01.09.2006թ. «Ֆորմա» ՍՊԸ-ից ստացված տեղեկությունների համաձայն 19.07.2006թ. դրությամբ նշված ավտոմեքենան հետախուզման մեջ չի գտնվել:
11.10.2007թ. դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով, այն է` սեփականության իրավունքը սուբյեկտի օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված և պաշտպանվող իրավունքն է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածով, այն է` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն իր խախտում, կայացված վճռով դիմումը բավարարել է` արգելանքից հանել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ում Սլավիկ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան:
Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով քաղաքացիական գործը, եզրակացրել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Կարախանյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական և դատավարական օրենքների ակնհայտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք են հանդիսացել:
Այն է` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության` գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը կայացվել է քրեական դատավարության շրջանակներում կատարվող գործողությունների ընթացքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ենթակա է բողոքարկման դատախազին: Ուստի, դատարանն իրավասու չէր քրեական դատավարության կարգով բողոքարկման ենթակա որոշումը վերացնելու մասին հայցադիմումն ընդունել վարույթ և քննել քաղաքացիական դատավարության կարգով:
Հետևաբար, տվյալ պարագայում, դատարանը պետք է ղեկավարվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն որի դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Իսկ ինչ վերաբերում է դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածին, ապա Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ նշված հոդվածի դրույթները որևէ կերպ չեն առնչվում վերոնշյալ գործերով քննարկվող հարաբերությունների հետ:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Կարախանյանը չառարկելով եզրակացության մեջ նշված փաստերի առկայության դեմ` վիճարկեց դրանց որակումը որպես կարգապահական խախտում:
Այսպես.
Դատավոր Գ. Կարախանյանն իր բացատրության մեջ նշել է, որ համամիտ չէ Կարգապահական հանձնաժողովի այն պատճառաբանությանը, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչությունը գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում է կայացրել քրեական դատավարության շրջանակներում կատարվող գործողությունների ընթացքում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ենթակա է բողոքարկման դատախազին և դատարանն իրավասու չէր քրեական դատավարության կարգով բողոքարկման ենթակա որոշումը վերացնելու մասին հայցադիմումն ընդունել վարույթ և քննել քաղաքացիական դատավարության կարգով, քանի որ ինչպես քաղաքացիական գործի նյութերում, այնպես էլ դատաքննությամբ որևէ ապացույց ձեռք չի բերվել, որ քրեական դատավարության կարգով որոշում է կայացվել գույքը արգելանքի վերցնելու մասին: Վճռում նույնպես որևէ նշում չկա այդ մասին:
Քաղաքացին, տվյալ դեպքում դիմող Սլավիկ Պետրոսյանը, վիճարկել է պետական մարմնի` ՀՀ ոստիկանության գործողությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-163 հոդվածներով:
Դատավորը նշում է, որ «արգելանքի է վերցվել» ասելով դիմողը նկատի է ունեցել ոստիկանության գործողությունը` այն, որ փորձաքննության ընթացքում արգելվել է իրեն մեքենան օգտագործել, իսկ փորձաքննության եզրակացությունից և 1.040.416 դրամ մաքսային վճարը պետ. բյուջե մուտք անելուց հետո որևէ համապատասխան փաստաթուղթ չի տրվել մեքենան մաքսազերծելու և գրանցելու:
Դատաքննությամբ և գործի նյութերով հիմնավորվել է նաև, որ չկա հարուցված և կարճված քրեական գործ և նշված մեքենան չի գտնվել հետախուզման մեջ:
Ինչպես դիմումն ընդունելիս, այնպես էլ վճիռ կայացնելիս դատարանը ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և չէր կարող կարճել գործի վարույթը, քանի որ քրեական դատավարության օրենքով բողոքարկվող որոշում չկար:
Առարկելով նյութական իրավունքի ակնհայտ խախտման դեմ, դատավոր Գ. Կարախանյանը նշեց, որ այն հիմնավոր չէ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի նշումը վճռում հիմնավորում է, որ դիմողը որպես տվյալ մեքենայի սեփականատեր /քանի որ ոչ ոք չի վիճարկում նրա սեփականատեր լինելու հանգամանքը/ իրավունք ունի պահանջելու վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստական հանգամանքները.
1. Դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, այն է` սեփականության իրավունքը սուբյեկտի օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված և պաշտպանվող իրավունքն է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
2. Դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, այն է` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում: Դատարանը, կայացված վճռով, դիմումը բավարարել է` արգելանքից հանել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ում Սլավիկ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան:
3. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի 06.02.2008թ. Կ-2-02/08 որոշմամբ դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը, որի արդյունքում Կարգապահական հանձնաժողովը Խորհրդին միջնորդություն է ներկայացրել դատավոր Գայանե Կարախանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Միջնորդությանը կից ներկայացված նաև կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Կարախանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, համաձայն որի` Արդարադատության խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը, երբ հիմնավորված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը:
Այսպես. դիմումը վարույթ ընդունելիս և վճիռ կայացնելիս դատարանը ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, քանի որ քրեական դատավարության օրենսգրքով բողոքարկվող որոշում չի եղել:
Ինչպես քաղաքացիական գործի նյութերում, այնպես էլ դատաքննությամբ որևէ ապացույց ձեռք չի բերվել, որ քրեական դատավարության կարգով որոշում է կայացվել` գույքն արգելանքի վերցնելու մասին, գործի նյութերով հիմնավորվել է նաև, որ չկա հարուցված և կարճված քրեական գործ և նշված մեքենան չի գտնվել հետախուզման մեջ: Իսկ «արգելանքի է վերցվել» ասելով դիմողը նկատի է ունեցել ոստիկանության գործողությունը` այն, որ փորձաքննության ընթացքում արգելվել է իրեն մեքենան օգտագործել, իսկ փորձաքննության եզրակացությունից և 1.040.416 դրամ մաքսային վճարը պետական բյուջե վճարելուց հետո որևէ համապատասխան փաստաթուղթ չի տրվել մեքենան մաքսազերծելու և գրանցելու համար:
Խորհուրդն անհրաժեշտ և նպատակահարմար չի համարում անդրադառնալ դատավորի գործողություններում մեղքի առկայության կամ բացակայության հարցին, քանի որ դատավորի կողմից թույլ տրված խախտումը էական չէ և չի կարող կարգապահական պատասխանատվություն առաջացնել:
ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է՝ նյութական կամ դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը: Սակայն, նշված խախտումը որևէ կերպ չի կարող համարվել կոպիտ և ակնհայտ խախտում, քանի որ արդարադատության իրականացման ընթացքում թույլ չեն տրվել ՀՀ Սահմանադրության, օրենքների նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց՝ վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և չեն ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը (Խորհուրդը նյութական կամ դատավարական օրենքի նորմերի կոպիտ և ակնհայտ խախտման վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նախկինում կայացված որոշումներում. տես օրինակ՝ Արդարադատության խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի ԱԽ-7-Ո-18 թվակիր որոշումը): Հետևաբար, այն չի կարող նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ:
Վերոգրյալը հաշվի առնելով՝ Խորհուրդը գտնում է, որ նշված խախտումների մասով հիմնավորված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը, ուստի Գ. Կարախանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ սույն կարգապահական գործը ենթակա է կարճման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածով, 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը.
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը մերժել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Կարախանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Վ. Աբելյան Ս. ԱնտոնյանՏ. Բարսեղյան Ա. Թումանյան Ա. Խաչատրյան Մ. Մարտիրոսյան Տ. Պետրոսյան Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|