ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N ԱԽ-3-Ո-8
2008 թ.
ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼԱՐԻՍԱ ՍՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Ս. Անտոնյանի, Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի,Մ. Մարտիրոսյանի, Լ. Մեհրաբյանի, Հ. Մովսեսյանի, Տ. Պետրոսյանի, Մ. Սիմոնյանի, Ն. Տավարացյանի |
մասնակցությամբ դատավորներ |
|
ՀՀ արդարադատության նախարար |
Գ. Դանիելյանի |
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Գ. Կոստանյանի |
քարտուղարությամբ |
Շ. Վարդանյանի |
2008 թվականի մարտի 25-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարինե Հակոբյանին, Լևոն Գրիգորյանին և ՀՀ վարչական դատարանի դատավոր Լարիսա Սոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
ՀՀ արդարադատության նախարարի 2008 թվականի հունվարի 29-ի թիվ 21-Ա հրամանով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարինե Հակոբյանի, Լևոն Գրիգորյանի և ՀՀ վարչական դատարանի դատավոր Լարիսա Սոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Մարկլեն, Կարինե և Սերգեյ Չախալյանների՝ ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված դիմումը:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.
ՀՀ արդարադատության նախարարն Արդարադատության խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ) է ներկայացրել միջնորդություն՝ դատավորներ Կ. Հակոբյանին, Լ. Գրիգորյանին և Լ. Սոսյանին արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Նշված միջնորդությանը կցվել է դատավորներ Կ. Հակոբյանի, Լ. Գրիգորյանի և Լ. Սոսյանի կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը:
Ըստ եզրակացության՝
Մարկլեն և Կարինե Չախալյանները դիմել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ միջնորդելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Ա. Հունանյանին:
Դիմումի և քաղաքացիական գործի ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը.
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը /նախագահող՝ Կ. Հակոբյան, դատավորներ Լ. Սոսյան, Լ. Գրիգորյան/ 2007թ. հուլիսի 31-ին դռնբաց դատական նիստում քննել են քաղաքացիական գործն ըստ հայցի Լաուրա Մոսոյանի ընդդեմ Մարկլեն, Կարինե և Սերգեյ Չախալյանների` սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և Մարկլեն, Սերգեյ Չախալյանների հակըննդեմ հայցն ընդդեմ Լաուրա Մուսոյանի` սեփականության իրավունքով պատկանող բնակարանից վտարելու պահանջի մասին և վճռել հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը` մերժել: Դատարանն անվավեր է ճանաչել Մարկլեն, Սերգեյ և Կարինե Չախալյանների անվամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի /այսուհետ՝ կադաստր/ Արաբկիրի տարածքային ստորաբաժանման կողմից Երևան քաղաքի Զ. Քանաքեռցու փողոցի 15/2 շենքի թիվ 42 բնակարանի նկատմամբ 8.07.2002թ. կատարված թիվ 509854 սեփականության իրավունքի պետական գրանցումը և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել է հայցվոր Լաուրա Մուսոյանի սեփականության իրավունքը` Երևան քաղաքի Զ. Քանաքեռցու փողոցի 151/2 թիվ 42 բնակարանի նկատմամբ:
Դատարանն ապացուցված է համարել, որ 1996թ. հունիսին 19-ին, երբ դեռևս վիճելի բնակարանը սեփականաշնորհված չի եղել պատասխանողների կողմից, Մարկլեն Չախալյանը այն վաճառել է հայցվորին 4000 /չորս հազար/ դոլարով՝ կանխիկ վերցնելով 2.900 դոլար և այդ ժամանակվանից բնակարանը հանձնվել է բնակության Լաուրա Մուսոյանին և նրա ընտանիքին: Երևանի քաղաքապետի 13.08.1997թ. թիվ 891 որոշմամբ թույլատրվել է վիճելի բնակարանը սեփականաշնորհել Մարկլեն, Կարինե և Սերգեյ Չախալյանների անվամբ` որպես ընդհանուր համատեղ սեփականություն և գրանցվել է կադաստրի կողմից 16.09.1997թ., որից հետո՝ 08.07.2002թ., այն վերաձևակերպվել է պատասխանողների անվամբ: Բնակարանի սեփականաշնորհման օրվանից հայցվորն իր ընտանիքով բնակվում է այդ բնակարանում՝ վճարելով բոլոր կոմունալ վճարումները: Պատասխանողները երբևիցե չեն խոչընդոտել հայցվորին և նրա ընտանիքին՝ օգտագործելու վիճելի բնակարանը:
Դատարանը վճիռ կայացնելիս ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 280-րդ և 187-րդ հոդվածներով:
Դատարանը գտել է, որ պատասխանողների կողմից կատարված գործողություններն ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից հրաժարվելու մասին /ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդված/ և հայցվորը, որը գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել է որպես սեփական գույք, ձեռք է բերել սեփականության իրավունք այդ գույքի նկատմամբ /ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդված/:
ՀՀ արդարադատության նախարարը գտել է, որ նշված գործը քննելիս դատարանը թույլ է տվել ինչպես դատավարական, այնպես էլ նյութական նորմերի խախտումներ, մասնավորապես, դատարանի հետևությունները հիմնված չեն վճռի պատճառաբանական մասում նշված գործի այն հանգամանքների և ապացույցների վրա, որոնք ձեռք են բերվել դատաքննությամբ, ինչը տվյալ դեպքում, հաշվի առնելով անհամապատասխանության աստիճանը և հետևանքները, արդարադատություն իրականացնելիս դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտում է:
Դատարանը կիրառել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, քանի որ պատասխանողներն իրենց կողմից կատարած գործողություններով ակնհայտորեն չեն հրաժարվել իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի /անշարժ գույքի/ օգտագործումից, տիրապետումից, տնօրինումից, ինչպես նշված է 280-րդ հոդվածում, այլ ընդհակառակը, դիմել են Երևանի քաղաքապետին և ստացել 13.08.1997թ. թիվ 891 սեփականաշնորհման թույտվությունը, որը գրանցել են կադաստրում 16.09.1997թ. և ստացել են թիվ 51862 սեփականության վկայականը: Ավելին, հինգ տարի անց՝ 08.07.2002թ., նկատի ունենալով գրանցման կարգում կատարված օրենսդրական փոփոխությունները, պատասխանողները դիմել են կադաստրի տարածքային ստորաբաժանում և ստացել են թիվ 509854 նոր սեփականության վկայականը:
Հետևաբար, դատարանը չէր կարող հաստատված համարել այն հանգամանքը, որ պատասխանողները կատարել են այնպիսի գործողություններ, որոնք կարող են վկայել վերջիններիս կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու մասին:
Բացի այդ, Չախալյանների կողմից կատարվել են նաև բնակարանի հիմնական կոմունալ վճարումներ /հիմք՝ դատարան ներկայացրած վճարման անդորրագրերը/: Նրանք իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակարանը ժամանակավորապես տրամադրել են հայցվորին՝ իր երեխաների հետ բնակվելու նպատակով, քանի որ վերջիններս այլ բնակվելու տեղ չեն ունեցել:
Դատարանը չպետք է կիրառեր նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Հայցվորը գիտեր, որ վիճելի բնակարանն ունի սեփականատեր, դրանք իր ազգականներն են, որոնց թույտվությամբ ինքն իր ընտանիքով բնակություն է հաստատել այնտեղ: Հետևաբար, 10 կամ ավելի տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետելու հիմքով սեփականության իրավունք ձեռք բերելու ինստիտուտը տվյալ իրավիճակում չէր կարող լինել: Ավելին, պատասխանողների կողմից իրականացվել են այնպիսի գործողություններ /1997-2002թթ. դիմել են սեփականության իրավունքի գրանցման և, համապատասխանաբար, նոր վկայական ստանալու համար դիմել են պետական մարմինների և ստացել վկայականներ, կատարել կոմունալ վճարումներ և այլն/, որոնք ինքնին անհամատեղելի են դատարանի այն հետևությունների հետ, որ պատասխանողները կատարել են այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտ հիմք են ստեղծում պնդելու, որ վերջիններս հրաժարվել են իրենց սեփականությունից:
Ինչ վերաբերում է հայցվորի կողմից կնքված ջրահեռացման և այլ պայմանագրերին կամ բնակարանի, էլեկտրաէներգիայի, ջրմուղ-կոյուղու և հեռախոսակապի վճարումներն իր անվամբ կատարելուն, ապա այդ հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման համար, քանի որ պատասխանողների կողմից ևս կատարվել են կոմունալ վճարումներ, ինչը հավաստվում է ներկայացված անդորրագրերով և ինչի մասին իրազեկված է եղել նաև հայցվորը:
Այսպիսով, դատարանը կիրառելով այն օրենքները, որոնք չպետք է կիրառեր, թույլ է տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, 131-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 130-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտումներ, որոնք տվյալ դեպքում իրենց էությամբ ակնհայտ և կոպիտ են, և որոնց արդյունքում կայացվել է չհիմնավորված և անօրինական վճիռ:
Նշված փաստն ուղղակիորեն հանգեցրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով սահմանված՝ սեփականության իրավունքի խախտմանը, քանի որ դատարանի նշված վճիռը հանդիսանում է ակնհայտ ապօրինի միջամտություն անձի սեփականության իրարվունքի իրականացմանը, այն իրավունքի, որն անձը կրել և շարունակաբար իրականացրել է: Ավելին, նշված վճիռը հանգեցրել է նաև վերոհիշյալ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտմանը, հաշվի առնելով, որ անգամ դատավարական առումով դատարանը պատշաճ չի գնահատել և քննարկման առարկա չի դարձրել դատավարության մյուս կողմի փաստարկները:
Դատավորներ Կ. Հակոբյանը, Լ. Գրիգորյանը և Լ. Սոսյանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին տրված իրենց գրավոր բացատրությամբ չեն ներկայացրել կոնկրետ առարկություններ կարգապահական վարույթ հարուցելու հիմք հանդիսացած հանգամանքների վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարարը գտել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կ. Հակոբյանը, Լ. Գրիգորյանը և ՀՀ վարչական դատարանի դատավոր Լ. Սոսյանն արդարադատություն իրականացնելիս թույլ են տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, 130-րդ հոդվածի 3-րդ մասի, 131-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված, դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմք է հանդիսանում:
3. Դատավորների բացատրությունում բերված փաստարկները.
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարինե Հակոբյանը, Լևոն Գրիգորյանը և ՀՀ վարչական դատարանի դատավոր Լարիսա Սոսյանը, չժխտելով եզրակացության մեջ նշված փաստի առկայությունը, վիճարկեցին դրա որակումը որպես կարգապահական խախտում:
Դատավորները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 29.01.2008թ. թիվ 21-Ա հրամանով հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ հայտնեցին, որ դատարանը վճիռը կայացրել է գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Դատավորները նշեցին, որ դատարանի կարծիքն ամբողջությամբ արտացոլված է 31.07.2007թ. թիվ 07-2515 վճռում և որ ավելացնելու ոչինչ չունեն:
Դատավորներ Կ. Հակոբյանը, Լ. Գրիգորյանը և Լ. Սոսյանը նշեցին նաև, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են և խնդրեցին ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարինե Հակոբյանի, Լևոն Գրիգորյանի և ՀՀ վարչական դատարանի դատավոր Լարիսա Սոսյանի կողմից 31.07.2007թ. քննված թիվ 07-2515 քաղաքացիական գործով պատասխանող Մ. Չախալյանը 1996թ. հայցվոր Լ. Մոսոյանին որոշել է վաճառել իր բնակարանը` գումարի անհրաժեշտության պատճառով` 4000 ԱՄՆ դոլարով: Կողմերը եկել են համաձայնության և Լ. Մոսոյանը, վճարելով 2900 ԱՄՆ դոլարը, պարտավորվել է մնացած գումարը վճարել բնակարանը սեփականաշնորհելուց և գործարքը նոտարական կարգով վավերացնելուց հետո:
2. 1996թ. հունվարի 19-ից մինչև օրս հայցվոր Լ. Մոսոյանն իր ընտանիքով բնակվում է Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցի 151/2 շենքի թիվ 42 բնակարանում: Վերջինիս կողմից կատարվել են վերանորոգման աշխատանքներ, կատարվել են բոլոր կոմունալ վճարումները:
3. Բնակարանի առուվաճառքի վերաբերյալ կողմերի միջև ստորագրված ստացականի համաձայն (տե՜ս թիվ 07-2515 գործում առկա ստացականը)` հայցվորը պատասխանողների հետ համաձայնության է եկել և ըստ պայմանավորվածության վճարել անշարժ գույքի արժեքի մեծ մասը:
4. «Կայմ-11» համատիրության կողմից տրված տեղեկանքների, հարևանների և հարազատների կողմից արված հայտարարությունների, ինչպես նաև վարձավճարների կտրոնների համաձայն` հայցվորը բնակվում է վեճի առարկա բնակարանում 1996 թվականից:
5. Դատարանի կողմից կիրառվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածը, համաձայն որի` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
6. Դատարանի կողմից կիրառվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, համաձայն որի` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
7. Պատասխանողները սկզբնապես 16.09.1997թ. դիմել են և ստացել թիվ 51862 սեփականության վկայականը, այնուհետև, նկատի ունենալով գրանցման կարգում կատարված օրենսդրական փոփոխությունները, 08.07.2002թ. դիմել են սեփականության իրավունքի գրանցման համար և ստացել թիվ 509854 անշարժ գույքի գրանցման նոր վկայականը:
8. Քաղաքացիներ Մարկլեն և Կարինե Չախալյանները 30.10.2007թ. դիմել են ՀՀ արդարադատության նախարարին` դատավորներ Կարինե Հակոբյանին, Լևոն Գրիգորյանին և Լարիսա Սոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
9. ՀՀ արդարադատության նախարարի 2008 թվականի հունվարի 29-ի թիվ 22-Ա հրամանով դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի արդյունքներով ՀՀ արդարադատության նախարարը Խորհուրդ միջնորդություն է ներկայացրել դատավորներ Կարինե Հակոբյանին, Լևոն Գրիգորյանին և Լարիսա Սոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:
10. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությանը կից ներկայացված եզրակացության համաձայն` դատավորներ Կարինե Հակոբյանը, Լևոն Գրիգորյանը և Լարիսա Սոսյանն արդարադատություն իրականացնելիս թույլ են տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, 130-րդ հոդվածի 3-րդ մասի, 131-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածների պահանջների կոպիտ խախտում, ինչը, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված, դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմք է հանդիսանում:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարինե Հակոբյանին, Լևոն Գրիգորյանին և ՀՀ վարչական դատարանի դատավոր Լարիսա Սոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցչի և դատավորների բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ կարգապահական վարույթը՝ կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Նույն օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից` այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը:
Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքի փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում.
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով:
Դատարանը հաստատված է համարել, որ քաղաքացիական գործով պատասխանող Մ.Չախալյանը, 1996թ. հայցվոր Լ. Մոսոյանին վաճառելով իր բնակարանը` գումարի անհրաժեշտության պատճառով` 4000 ԱՄՆ դոլարով (այդ մասին է վկայում գործում առկա կողմերի միջև ստորագրված ստացականը բնակարանի առուվաճառքի վերաբերյալ), ըստ էության հրաժարվել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից: Կողմերը եկել են համաձայնության, և Լ. Մոսոյանը, վճարելով 2900 ԱՄՆ դոլարը, պարտավորվել է մնացած գումարը վճարել բնակարանը սեփականաշնորհելուց և գործարքը նոտարական կարգով վավերացնելուց հետո: Այսինքն` Դատարանը հաստատված է համարել այն, որ հայցվորը գույքին տիրապետում է բարեխղճորեն, քանի որ գույքն անձի փաստացի տիրապետմանն անցել է առանց որևէ բռնության գործադրման և որից սեփականատերն ինքն է հրաժարվել:
1996թ. հունվարի 19-ից մինչև օրս հայցվորն իր ընտանիքով բնակվում է Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցի 151/2 շենքի թիվ 42 բնակարանում, և պատասխանողները երբևէ չեն խոչընդոտել հայցվորի և նրա ընտանիքի կողմից այդ բնակարանի օգտագործումը, ինչը նույնպես դիտվում է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարում:
Ավելին, հայցվոր Լ.Մոսոյանի կողմից կատարվել են վերանորոգման աշխատանքներ, կատարվել են բոլոր կոմունալ վճարումները, իր ընտանիքով տասը տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել և տիրապետում է վիճելի բնակարանը` որպես սեփական գույք, որի մասին են վկայում գործում առկա «Կայմ-11» համատիրության կողմից տրված տեղեկանքները, պատասխանող Մ.Չախալյանի հարազատների և հարևանների կողմից տրված հայտարարությունները, ինչպես նաև էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, հեռախոսի առանձին բաժանորդ գրանցվելու վարձավճարների կտրոնները:
Խորհուրդը գտնում է, որ դատավորներ Կարինե Հակոբյանի, Լևոն Գրիգորյանի և Լարիսա Սոսյանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի կիրառման պրակտիկան համապատասխանում է այդ հոդվածով կարգավորվող հասարակական հարաբերությունների բնույթին և օրենսդրական կարգավորման նպատակներին:
Խորհրդի նման հետևությունը հիմնված է նաև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից թիվ ՍԴՈ-650 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշման վրա, ըստ որի`
1) սեփականության իրավունքից հրաժարվելը մարդու և քաղաքացու իրավունք է, որով անձը հրաժարվում է կոնկրետ գույքի նկատմամբ տիրապետման, տնօրինման և օգտագործման իր իրավունքից,
2) սեփականության իրավունքի պաշտպանվածության երաշխիքների առումով, ինչպես նաև նկատի ունենալով, որ սեփականության իրավունքից հրաժարումը կարող է շոշափել այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, հրաժարումը պետք է օրենսդրորեն հստակ կանոնակարգված լինի,
3) հրաժարումը քաղաքացու կողմից պետք է օրենքով սահմանված կարգով հայտարարվի կամ այնպիսի գործողությունների հետևանք լինի, որոնք ակնհայտորեն վկայում են նման մտադրության մասին,
4) սեփականության իրավունքից հրաժարվելը հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները և պարտականությունները դադարելու համար՝ մինչև այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը:
Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման` այդ ընդհանուր պայմաններն անհրաժեշտ ու բավարար են սեփականության իրավունքից հրաժարվելու` մարդու և քաղաքացու իրավունքը երաշխավորելու համար:
Քննարկվող գործով դատավորներ Կարինե Հակոբյանը, Լևոն Գրիգորյանը և Լարիսա Սոսյանը, հետազոտելով գործում առկա ապացույցները, եկել են այն եզրահանգման, որ քաղաքացիական գործով պատասխանողների վարքագծից ակնհայտորեն հնարավոր է եզրակացնել այն, որ նրանք հրաժարվել են գույքի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից:
ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 10.10.2007 թվականին թիվ 3-1435 (ՎԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո հերքվում է նաև ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցչի այն կարծիքը, որ ձեռքբերման վաղեմության ինստիտուտի նորմերը կիրառելի չեն քննարկվող գործով հաստատված փաստերի նկատմամբ:
Դատարանը վերը նշված փաստերը հաստատել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով` գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատական ճանաչողության գործընթացը եզրափակվում է դատավորի ներքին համոզմունքով, որը հիմնվում է հաստատված փաստերի վրա: Ներքին համոզմունքն անձնական մտավոր երևույթ է, որը չի ենթարկվում իրավական ուղղակի կարգավորմանը: Յուրաքանչյուր ապացույց կոնկրետ գործով որևիցե նշանակություն է ձեռք բերում դատավորի գիտակցությունում գնահատվելուց հետո:
Տվյալ դեպքում ոչ ոք չի կարող ազդել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման վրա:
Ինչ վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցչի կողմից նշված այն պատճառաբանությանը, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք կարող է ձեռք բերվել միայն տիրազուրկ գույքի նկատմամբ, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Նույն օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով:
Վերոնշյալ հոդվածների համադրության արդյունքով իր իրավական դիրքորոշումն է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանը, համաձայն որի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման ինստիտուտի կիրառությունը սահմանափակված չէ միայն տիրազուրկ գույքով: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասը չի կարող մեկնաբանվել որպես ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման ինստիտուտի կիրառությունը սահմանափակող դրույթ:
Այն հանգամանքը, որ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով, ինքնին չի ենթադրում, որ նույն եղանակով սեփականության իրավունք չի կարող ձեռք բերվել այլ անշարժ գույքի նկատմամբ (տես` ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 10.10.2007 թվականին թիվ 3-1451 (ՎԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշումը, Ձեռքբերման վաղեմության ինստիտուտի վերաբերյալ առկա է նաև Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը տես` ՍԴՈ-667):
ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է՝ նյութական կամ դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը (Խորհուրդը նյութական կամ դատավարական օրենքի նորմերի կոպիտ և ակնհայտ խախտման վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նախկինում կայացված որոշումներում. տես օրինակ՝ Արդարադատության խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի ԱԽ-7-Ո-18 թվակիր որոշումը):
Ելնելով վերոգրյալ իրավական վերլուծությունից` Խորհուրդը գտնում է, որ դատավորի կողմից խախտումներ թույլ չեն տրվել, ուստի Խորհուրդն անհրաժեշտ և նպատակահարմար չի համարում անդրադառնալ դատավորի գործողություններում մեղքի առկայության կամ բացակայության հարցին:
Ավելին, Խորհուրդը գտնում է, որ սույն կարգապահական վարույթի ընթացքում քննարկման առարկա են դարձել ապացույցների գնահատման ոլորտը, փաստերի առկայության կամ բացակայության մասին եզրակացությունների օրինականությունը, ինչը զուտ դատական գործառույթ է և դուրս է դատավորի նկատմամբ կարգապահական իշխանության տիրույթից:
Վերոգրյալը հաշվի առնելով՝ Խորհուրդը գտնում է, որ հիմնավորված չէ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը, ուստի դատավորներ Կարինե Հակոբյանին, Լևոն Գրիգորյանին և Լարիսա Սոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ սույն կարգապահական գործը ենթակա է կարճման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածով, 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարինե Հակոբյանին, Լևոն Գրիգորյանին և ՀՀ վարչական դատարանի դատավոր Լարիսա Սոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ`
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Թումանյան
Ա. Խաչատրյան
Մ. Մարտիրոսյան
Լ. Մեհրաբյան
Հ. Մովսեսյան
Տ. Պետրոսյան
Մ. Սիմոնյան
Ն. Տավարացյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|