Գլխավոր տեղեկություն
Համար
N 21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.02.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.01.15/4(179) Հոդ.31
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.2002

040.0021.11.01.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2002 թվականի N 21
քաղ. Երևան

«ԱՐԱՐԱՏ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՈՍԿԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածին և 61-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը՝

ա) թույլատրել «Ոսկի» փակ բաժնետիրական ընկերությանը «Ֆըրսթ Դայնսթի Մայնզ» ընկերությանը (այսուհետև՝ գնորդ) վաճառել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իր ունեցած 22,1 մլն ԱՄՆ-ի դոլար անվանական արժեքով բաժնեմասը՝ դրա ներկա շուկայական իրական արժեքին համապատասխանող 2250000 ԱՄՆ-ի դոլար գնով, հետևյալ պայմաններով՝

առուվաճառքի պայմանագրի ստորագրումից հետո 5 բանկային օրվա ընթացքում գնորդը վճարում է 800000 ԱՄՆ-ի դոլար՝ դրամական փոխանցման կարգով, ևս 600000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գնորդի անունից «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը վճարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերջինիս վերադարձվող ավելացված արժեքի հարկի գերավճարի հաշվին,

մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը գնորդը վճարում է ևս 600000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, գնորդի անունից «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ վերջինիս վերադարձվող ավելացված արժեքի հարկի գերավճարի հաշվին, դրա անբավարարության դեպքում տարբերությունը վճարվում է գնորդի դրամական միջոցների հաշվին,

մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը գնորդը վճարում է մնացած 250000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը՝ գնորդի անունից «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ վերջինիս վերադարձվող ավելացված արժեքի հարկի գերավճարի հաշվին, դրա անբավարարության դեպքում տարբերությունը վճարվում է գնորդի դրամական միջոցների հաշվին,

գնորդը պարտավորվում է «Ոսկի» փակ բաժնետիրական ընկերությունից ստանձնել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից որպես ապագա շահաբաժնի կանխավճար «Ոսկի» փակ բաժնետիրական ընկերության ստացած մեկ մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի վերադարձման պարտավորությունը.

բ) ապահովել «Ոսկի» փակ բաժնետիրական ընկերության կողմից բաժնեմասի վաճառքից ծագող պահանջի իրավունքի փոխանցումը (ցեսիա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 5-ի «Հայոսկի» ՀՆՊՁ-ին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկ տրամադրելու մասին» N 62 որոշման հիման վրա տրամադրված 213 մլն դրամ հիմնական գումարի չափով բյուջետային վարկի և հաշվարկված տոկոսների, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության «Հայոսկի» ՀՆՊՁ-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական գանձարանից ոսկի և արծաթ վաճառելու մասին» N 338 որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանից ստացված մետաղների դիմաց պարտքերի ու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված ոսկու դիմաց պարտքի հիմնական գումարի մարումը, ինչպես նաև «Ոսկի» փակ բաժնետիրական ընկերության հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար.

գ) գնորդի կողմից ներկայացված ծրագրի հիման վրա գնորդի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքել 1998 թվականի հունիսի 23-ին կնքված «Իրագործման համաձայնագրին» փոխարինող «Իրագործման համաձայնագիր»՝ հետևյալ հիմնական պայմաններով՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթքի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքավայրերից Արարատ փոխադրվող հանքաքարի երկաթուղային փոխադրման վարձը «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համար վերջինիս՝ ծրագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում մեկ տոննա / կմ-ի համար կկազմի 0,0153 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի, որը տարեկան կինդեքսավորվի՝ ելնելով էլեկտրական էներգիայի սակագնի և սպառողական գների ինդեքսի փոփոխությունից,

Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է, որ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համար վերջինիս՝ ծրագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում 80 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների գները կլինեն լեռնամետալուրգիայի այլ կազմակերպություններին մատուցվող ծառայությունների գներից նվազագույնի չափով,

Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է, որ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծրագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում արտադրական կարիքների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կտրվեն պայթուցիկ նյութերի և թունաքիմիկատների ներկրման ու օգտագործման թույլտվություններ՝ համապատասխան հայտը Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն ներկայացվելուց հետո մեկ ամսվա ընթացքում,

Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է, որ ընդերքից օգտվելու լիցենզիայի գործողության ամբողջ ժամանակահատվածում «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրված դորե համաձուլվածքի արտահանման համար մաքսային ձևակերպումները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում,

Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է, որ պետական մարմինների կողմից «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կտրամադրվեն նախագծի բնապահպանական փորձաքննության եզրակացությունը, սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները, սահմանային թույլատրելի արտահոսքերի նորմատիվները, ջրասպառման և ջրօգտագործման անհատական ընթացիկ նորմաները, հատուկ ջրօգտագործման թույլտվությունը, աշխատանքային տեղերի անձնագրերը, բնապահպանական անձնագիրը, պոչամբարի անվտանգության սերտիֆիկատը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրում և դրանից 20 կմ շառավղով, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրում և դրանից 20 կմ շառավղով Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքներում հանքավայրերի ու հանքաերևակումների երկրաբանական աշխատանքները շարունակելու և այդ տարածքներում ոսկու և այլ ազնիվ մետաղների հանքավայրերը հետախուզելու իրավունքը՝ բացառությամբ այն տարածքների, որոնց հետախուզման իրավունքը տրված է այլ անձանց,

Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է, որ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող աշխատողների, հրավիրվող մասնագետների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով կապահովվեն մուտքի թույլտվություններ:

(1-ին կետը փոփ. 08.02.02 N 114)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ «Ոսկի» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պահանջի իրավունքի զիջման պայմանագիր և գնորդի վճարային պարտավորությունների կատարման նպատակով «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավոր հայտերի ու հարկային մարմինների համապատասխան եզրակացությունների հիման վրա ապահովել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված գերավճարների վերադարձը՝ գումարներն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ «Ոսկի» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների կատարմանը:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետում նշված երաշխավորությունների կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 11-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.02.2002, N 114 08.02.2002, N 21
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան