Գլխավոր տեղեկություն
Համար
N 983-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.04.2008-09.07.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.02/41(496) Հոդ.898
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2006 թվականի N 983-Ն

ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 222 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնի, գործազուրկի և գործատուի միջև կնքվող թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագրի օրինակելի և այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի ձևերը:

(2-րդ կետը լրաց. 20.03.08 N 260-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 222 որոշման 1-ին կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 15
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 16-ի N 983-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության մարզային կամ տարածքային կենտրոնի (այսուհետ` տարածքային կենտրոն) առաջարկությամբ այլ վայր (Հայաստանի Հանրապետության տարածքում) աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 20.03.08 N 260-Ն)

2. Սույն կարգի իմաստով այլ վայր աշխատանքի գործուղումը տարածքային կենտրոնի առաջարկությամբ գործազուրկի բնակության վայրից (համայնքից) դուրս աշխատանքի ընդունվելն է:

Սույն կարգի դրույթները չեն տարածվում Երևան քաղաքի տարածքային կենտրոնի առաջարկությամբ մեկ թաղային համայնքից մեկ այլ թաղային համայնք, ինչպես նաև այլ տարածքային կենտրոնի առաջարկությամբ Երևան քաղաք աշխատանքի գործուղված գործազուրկի վրա:

(2-րդ կետը լրաց. 20.03.08 N 260-Ն)

3. Գործազուրկը տարածքային կենտրոնի առաջարկությամբ կարող է գործուղվել այլ վայր աշխատանքի 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ բնակավայրում (համայնքում)` ժամանակավոր (ոչ պակաս մեկ տարի ժամկետով) կամ մշտական բնակության պայմանով:

4. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերը հատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(4-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն)

5. Գործազուրկին այլ վայր աշխատանքի գործուղման համար նյութական ծախսերի հատուցում տրվում է մեկ անգամ:

6. Թափուր աշխատատեղը կարող է առաջարկվել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին միայն այն դեպքում, եթե տարածքային կենտրոնում տվյալ աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվությունն ստացվելուց հետո այն առնվազն 1 ամիս չի համալրվել:

(6-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն)

II. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

7. Այլ վայր ժամանակավոր կամ մշտական բնակության մեկնող գործազուրկին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են`

ա) իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով.

բ) իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` 30-50 կմ ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կմ-ից ավելի յուրաքանչյուր 50 կմ-ի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամ.

գ) 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ վայր աշխատանքի մեկնելու դեպքում` իր և իր ընտանիքի անդամների օրապահիկը` յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված չափով:

8. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին տրվում է`

1) միանվագ ֆինանսական աջակցություն` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի եռապատիկի չափով.

2) մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով.

3) ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի չափով:

(8-րդ կետը խմբ. 20.03.08 N 260-Ն)

 

III. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. Գործակալությունը յուրաքանչյուր ամիս տարածքային կենտրոններից ստացված տեղեկատվության համաձայն ամփոփում է առնվազն 1 ամիս թափուր մնացած աշխատատեղերի մասին տեղեկատվությունը և տրամադրում տարածքային կենտրոններին:

Տարածքային կենտրոնը, յուրաքանչյուր ամիս, տարածքային կենտրոնի վարչական շենքի տեսանելի վայրում, տեղադրում է առնվազն 1 ամիս թափուր մնացած աշխատատեղերի մասին տեղեկատվությունը` նշելով գործատուի հասցեն, աշխատանքի բնույթը, պահանջվող մասնագիտական որակավորումը, աշխատանքի պայմանները, աշխատաժամանակը և աշխատավարձի չափը:

(9-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն)

10. Այլ վայր աշխատանքի գործուղվելու համաձայնություն հայտնած գործազուրկին տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է խորհրդատվություն այլ վայրում առկա թափուր աշխատատեղերի և այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ծրագրի վերաբերյալ:

11. Այլ վայր աշխատանքի գործուղվելու ցանկություն ունեցող գործազուրկը գրավոր դիմում է տարածքային կենտրոն` նշելով համայնքի, գործատուի և թափուր աշխատատեղի անվանումները:

12. Եթե գործազուրկին առաջարկվող աշխատանքը գտնվում է այն տարածքային կենտրոնի սպասարկման համայնքում, որտեղ հաշվառված է գործազուրկը, ապա տվյալ տարածքային կենտրոնի տնօրենը գործատուի հետ քննարկում է թափուր աշխատատեղը գործազուրկով համալրելու, գործատուի, գործազուրկի և տարածքային կենտրոնի հետ եռակողմ պայմանագիր կնքելու հետ կապված հարաբերությունները:

13. Եթե գործազուրկի դիմումում նշված գործատուն գործունեություն է իրականացնում տվյալ տարածքային կենտրոնի սպասարկման համայնքից դուրս գտնվող համայնքում, ապա տարածքային կենտրոնը գործազուրկի դիմումի պատճենը և գործազուրկի հաշվառման քարտի քաղվածքը` կից գրությամբ, ուղարկում է տվյալ գործատուին սպասարկող տարածքային կենտրոն: Վերջինս գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղն այլ համայնքի գործազուրկով համալրելու, գործատուի, գործազուրկի և տարածքային կենտրոնի հետ եռակողմ պայմանագիր կնքելու հետ կապված հարցերը քննարկում է գործատուի հետ: Տարածքային կենտրոնը քննարկման արդյունքների մասին եռօրյա ժամկետում տեղեկատվություն է տրամադրում իրեն դիմած տարածքային կենտրոնին:

14. Թափուր աշխատատեղը գործազուրկով համալրելու և առնվազն մեկ տարի անընդմեջ տվյալ գործատուի մոտ աշխատելու հարցում տարածքային կենտրոնի և գործատուի միջև համաձայնություն ձեռք բերվելու դեպքում` գործազուրկի, գործատուի և գործազուրկին հաշվառած տարածքային կենտրոնի միջև կնքվում է թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագիր:

15. Սույն կարգի 14-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո գործատուն գործազուրկի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

16. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկը սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերում նշված պայմանագրերը կնքելուց հետո առևտրային բանկում բացում է բանկային հաշիվ և իրեն հաշվառած տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ տեղեկանքները`

ա) նոր բնակության վայրում մշտական կամ ժամանակավոր բնակության մասին.

բ) իր անվամբ բացված բանկային հաշվի համարի և բանկի ռեկվիզիտների մասին:

17. Տարածքային կենտրոնը սույն կարգի 16-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո կազմում և 3 աշխատանքային օրվա ընթացքում` կից գրությամբ, գործակալություն է ներկայացնում ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիր: Կից գրության մեջ նշվում են տվյալ գործազուրկին ֆինանսական միջոցներ տրամադրելու հիմնավորումը, ինչպես նաև գործազուրկի բանկային հաշվի համարը:

18. Գործակալությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն) է ներկայացնում ըստ տարածքային կենտրոնների կազմված ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը:

(18-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն)

19. Ծառայությունը գործակալությունից ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին է փոխանցում ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրով նախատեսված գումարը:

(19-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն)

20. Աշխատակազմը սույն կարգի 19-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժիններում աշխատակազմի անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվներին:

21. Սույն կարգի 20-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի բանկային հաշվի համարին:

22. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս գործակալություն է ներկայացնում հաշվետվություն ֆինանսական միջոցներ ստացած գործազուրկների և ստացված միջոցների մասին:

23. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հաշվետվությունները և այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին վճարված գումարների մասին հաշվետվությունը յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և ծառայություն:

(23-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն)

24. Այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման`

ա) գործատուի կողմից, եթե գործատուի և գործազուրկի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով սահմանված հիմքերով` աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում.

բ) գործազուրկի կողմից, եթե գործատուի և գործազուրկի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործազուրկի նախաձեռնությամբ կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված հիմքերով` աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում.

գ) գործազուրկի և գործատուի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքերով՝ կողմերի համաձայնությամբ` աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում:

25. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան