ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2008 թվականի N 248-Ն
ԵՐԱՇՏԻ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1840-Ն որոշմամբ հաստատված ցանկի IV բաժնի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել երաշտի և այլ տարերային աղետների և տեխնածին վթարների ժամանակ բնակչությանը հրատապ օգնություն կազմակերպելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. մարտի 31 Երևան
Ս. Սարգսյան
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականիմարտի 13-ի N 248-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՐԱՇՏԻ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած երաշտի և այլ տարերային աղետների և տեխնածին վթարների (այսուհետ` աղետներ և վթարներ) ժամանակ բնակչությանը հրատապ օգնություն կազմակերպելու հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած աղետներից ու վթարներից տուժած բնակչությանը հրատապ օգնություն է կազմակերպում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ այդ աշխատանքներին կարող են օժանդակել այլ պետությունների կառավարությունները և միջազգային մարդասիրական կազմակերպությունները:
3. Բնակչության հրատապ օգնության կազմակերպման սկզբունքներն են`
1) մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը.
2) աղետներից ու վթարներից բնակչության պաշտպանության հարցերի հրապարակայնությունը.
3) աղետների ու վթարների հետևանքների նվազեցմանը, ինչպես նաև այդ հետևանքներից բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակների բնականոն գործունեությանը համալիր մոտեցումը:
II. ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ՎԹԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
4. Աղետների ու վթարների ժամանակ իրականացվում են բնակչության պաշտպանության հետևյալ հիմնական միջոցառումները`
1) աղետների ու վթարների առաջացման մասին պետական մարմիններին և բնակչությանն ազդարարումը.
2) աղետների ու վթարների վայրերում բնակչության պատսպարման, տարահանման և անհատական պաշտպանության միջոցներով ապահովման կազմակերպումն ու իրականացումը.
3) շրջակա միջավայրի, ջրի, օդի, հողի, սննդամթերքի վիճակի աղտոտվածության և վարակվածության դիտարկումը, զննումն ու հսկողությունը.
4) ճառագայթաակտիվ, քիմիական, վարակիչ հիվանդությունների հարուցիչներից բնակչության պաշտպանությունը.
5) աղետների ու վթարների վայրերում փրկարարական և այլ անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքների կատարումը.
6) աղետների ու վթարների վայրերում հասարակական կարգի, ինչպես նաև պաշտպանական նշանակության, բնակչության կենսագործունեությունն ապահովող և այլ կարևոր օբյեկտների պաշտպանության ուժեղացումը.
7) աղետների ու վթարների վայրերում բնակչության կենսաապահովման միջոցառումների իրականացումը.
8) աղետի գոտում քաղաքացիների, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, բեռների ներմուծման և արտահանման կանոնակարգումը.
9) պետական մարմինների գույքի, նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների նպատակային հավաքումն ու օգտագործումը.
10) աղետների ու վթարների վայրերում բնակչության տեղեկատվության ապահովումը.
11) փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական և տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը.
12) աղետների ու վթարների վայրերում կարանտինային և այլ սանիտարահակահամաճարակային միջոցառումների իրականացումը.
13) գյուղատնտեսական մշակաբույսերի, անտառների և կենդանիների պաշտպանությունը.
14) բնակչության բժշկական սպասարկման իրականացումը.
15) մասնագիտական հանձնաժողովի կողմից աղետների ու վթարների հետևանքով պատճառված վնասի գնահատումը.
16) աշխատունակ քաղաքացիների կամավորության սկզբունքով ներգրավումն աղետների ու վթարների հետևանքների վերացման գործընթացին:
5. Աղետներից ու վթարներից բնակչության պաշտպանությունն իրականացվում է հետևյալ ձևերով`
1) բնակչության տարահանումը վտանգավոր տարածքից կարող է իրականացվել կազմակերպված շարասյուներով` հետիոտն կամ տրանսպորտային միջոցներով.
2) բնակչության պատսպարումն իրականացվում է վերգետնյա, ստորգետնյա հատուկ շինություններում (ապաստարաններ, թաքստոցներ, մետրոպոլիտեն) և բնակելի ֆոնդի տարածքներում.
3) բնակչության անհատական պաշտպանությունը կատարվում է մարդկանց շնչառական օրգանները և մաշկը թունավոր գազերից, գոլորշիներից, աերոզոլների ներգործությունից, ճառագայթաակտիվ փոշիներից, վարակիչ հիվանդությունների հարուցիչներից պաշտպանող անհատական պաշտպանիչ միջոցներով: Անհրաժեշտության դեպքում բնակչությունն ապահովվում է նաև հակաթունային (անտիդոտ) և հակաճառագայթային դեղորայքով, դաշտային պայմաններում` ջրի վարակազերծման նյութերով և այլն:
6. Աղետների և վթարների դեպքում տուժած բնակչության ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նվազագույն, անհրաժեշտ պահանջներն են`
1) բնակչությանը մատակարարել խմելու մաքուր ջուր` վարակիչ, այդ թվում` մակաբուծային հիվանդությունների կանխարգելման նպատակով.
2) տուժած բնակչության բոլոր ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան անվտանգ մոտենալ ջրի աղբյուրին, վերցնել խմելու, սննդի պատրաստման, անձնական և տնային հիգիենայի համար անհրաժեշտ քանակի ջուր: Մեկ մարդու համար օրական ջրի քանակը պետք է լինի 30 լիտրից ոչ պակաս, 250 մարդուն պետք է ապահովի ջրամատակարարման մեկ կետ, բնակելի շինությունների և ջրամատակարարման կետի առավելագույն հեռավորությունը չպետք է գերազանցի 500 մետրը:
7. Աղետների և վթարների դեպքում տուժած բնակչության կենցաղային կեղտաջրերի մաքրման ապահովման նվազագույն, անհրաժեշտ պահանջներն են`
1) աղետների ու վթարների ժամանակ կենցաղային կեղտաջրերի մաքրումը դիտարկվում է որպես առաջնային կարևորության խնդիր.
2) բնակչությունը պետք է ունենա բնակատեղին մոտ տեղակայված բավարար թվով զուգարաններ, որպեսզի ապահովվի մարդկանց հարմար, արագ, անվտանգ մոտեցումը դրանց` օրվա և գիշերվա ցանկացած ժամերին: 20 մարդու համար պետք է նախատեսել առնվազն մեկ զուգարան, իսկ դրանց օգտագործումը կազմակերպել ըստ ընտանիքների և (կամ) սեռային սկզբունքով: Դրանք պետք է տեղակայվեն բնակատեղից 50 մետրից ոչ հեռու.
3) հասարակական վայրերում (շուկաներում, օգնության բաժանման կետերում, բժշկական կենտրոններում և այլն) պետք է նախատեսվեն առանձին զուգարաններ` կանանց և տղամարդկանց համար:
8. Աղետների և վթարների դեպքում տուժած բնակչության վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ապահովման նվազագույն, անհրաժեշտ պահանջներն են`
1) միջատներով փոխանցվող ինֆեկցիոն հիվանդություններով վարակման վտանգի ենթարկված ամբողջ բնակչությունը պետք է հնարավորություն ունենա օգտվել այն շինություններից, որոնք հագեցված են տարափոխիկ միջատների դեմ պայքարի միջոցներով.
2) վարակներ փոխանցողների դեմ պայքարի համար թունաքիմիկատների օգտագործումն իրականացվում է միջազգային ստանդարտների համաձայն` երաշխավորելով անձնակազմի, աղետի ենթարկված մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունը.
3) թունաքիմիկատների հետ գործ ունենալիս մարդիկ պետք է օգտագործեն անհատական պաշտպանության միջոցներ:
9. Աղետների և վթարների դեպքում տուժած բնակչության կոշտ թափոնների հեռացման ապահովման նվազագույն, անհրաժեշտ պահանջներն են`
1) բնակավայրի տարածքից կոշտ թափոնները տեղափոխվում կամ թաղվում են.
2) շուկաներում և հասարակական այլ վայրերում պետք է լինեն աղբահորեր, բեռնարկղեր կամ հատուկ առանձնացված վայրեր, որտեղ պետք է գործի աղբահանման ամենօրյա ծառայություն.
3) կոշտ թափոնների վերջնական վերացումը պետք է իրականացնել այնպես, որպեսզի մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար վտանգ չստեղծվի:
10. Աղետների և վթարների դեպքում տուժած բնակչության սննդի ապահովման նվազագույն, անհրաժեշտ պահանջներն են`
1) տրվող պարենը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին և ընդունելի լինի ամբողջ բնակչության համար.
2) պարենը պահպանվում, նախապատրաստվում, օգտագործվում է սահմանված կարգով և անվտանգ ձևով, ինչպես առանձին ընտանիքների, այնպես էլ ամբողջ համայնքի համար.
3) պետք է բացառել սննդային ծագման վարակների առաջացումը, որոնք կապված են պարենի տեղական բաշխման և պարենամթերքի ոչ ճիշտ պատրաստման հետ.
4) սննդի ծրագրի միջոցառումներն իրականացնում է այնպիսի անձնակազմ, որն ունի անհրաժեշտ որակավորում և աշխատանքային փորձ:
11. Աղետների և վթարների դեպքում տուժած բնակչությանը ժամանակավոր կացարանների կազմակերպման և տեղաբաշխման ապահովման նվազագույն, անհրաժեշտ պահանջներն են`
1) աղետների ու վթարների նախնական փուլում տուժածներին ժամանակավոր կացարաններով ապահովումը կարևորագույն գործոն է համարվում.
2) մարդիկ պետք է ստանան կյանքի համար բավարար բնակելի տարածք, որը նրանց պաշտպանի եղանակի անբարենպաստ ազդեցությունից: Նրանք պետք է ստանան բավարար ջերմություն, թարմ օդ, ինչպես նաև անվտանգության պայմաններ.
3) տաք, չոր, ցուրտ կլիմայի պայմաններում ժամանակավոր կացարանները պետք է ապահովեն բավարար ջերմամեկուսացում.
4) շրջակա միջավայրի վրա հնարավոր քիչ ազդեցություն ունենալու համար անհրաժեշտ է ժամանակավոր կացարանների կառուցումը հասցնել նվազագույնի:
12. Աղետների և վթարների դեպքում տուժած բնակչությանը հագուստով ապահովելու նվազագույն անհրաժեշտ պահանջներն են` տուժած մարդկանց անհրաժեշտ քանակությամբ ծածկոցներով և հագուստով ապահովել` նրանց անվտանգությունն ու առողջությունը պահպանելու նպատակով:
13. Աղետների և վթարների դեպքում տուժած բնակչությանը կենցաղային առարկաներով ապահովելու նվազագույն, անհրաժեշտ պահանջներն են`
1) տուժած մարդիկ ապահովվում են կենցաղային պարագաներով` կերակուր եփելու կաթսաներով, ափսեներով, խոհանոցային դանակներով, գդալներով, բաժակներով, ջրի տարողություններով և այլն.
2) տրամադրել փայտի, գազի կամ նավթի վառարաններ:
14. Աղետների և վթարների դեպքում տուժած բնակչության տեղակայման պլանավորման և տեղի ընտրության նվազագույն, անհրաժեշտ պահանջներն են`
1) տուժած բնակչության համար ժամանակավոր բնակավայրի ընտրությունը և լավ պլանավորումը պետք է ապահովի առողջ միջավայր, որտեղ մարդիկ կարողանան արժանավայել և խաղաղ գոյատևել.
2) տեղանքը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`
ա. վտանգավոր վայրից պետք է գտնվի անվտանգ հեռավորության վրա,
բ. ճանապարհներով կարողանան անցնել ծանր բեռնատար ավտոմեքենաներ,
գ. մոտ լինի գոյություն ունեցող սոցիալական և տնտեսական ինֆրակառուցվածքներին,
դ. ունենա բավարար քանակությամբ ջուր ապահովելու հնարավորություն (խմելու, ճաշ պատրաստելու, սանիտարական և հիգիենայի կարիքների համար),
ե. տեղանքը բարձր պետք է լինի անձրևային սեզոնների ժամանակ ջրի սպասվող մակարդակներից 3 մետրից ոչ պակաս:
15. Աղետների և վթարների դեպքում տուժած բնակչության սպասարկման
ապահովման նվազագույն, անհրաժեշտ պահանջներն են`
1) մշտապես պետք է վերլուծվեն տուժած բնակչության վիճակի բոլոր փոփոխությունները, որպեսզի մշակվեն անհրաժեշտ որոշումներ և իրականացվեն հակազդման միջոցներ.
2) բժշկական հիմնախնդիրների մասին հաղորդագրություններ ստանալիս, դրանք անհապաղ պետք է ուսումնասիրվեն, լրացուցիչ ճշտվեն, որից հետո անմիջապես որոշվեն կատարվելիք անհրաժեշտ միջոցառումները.
3) արձանագրված վարակիչ, այդ թվում` մակաբուծային հիվանդությունների դեպքերն ուսումնասիրվում են առավելագույն սեղմ ժամկետներում: Անհրաժեշտության դեպքում հիվանդներին ցուցաբերվում է բժշկական օգնություն, այդ թվում` հոսպիտալացում:
III. ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ՎԹԱՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Աղետների ու վթարների ժամանակ բնակչության հրատապ օգնությունը կազմակերպվում է`
1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց ու կազմակերպությունների (լիազորված մարմինների) ուժերով` իրենց իրավասությունների սահմաններում.
2) արտակարգ իրավիճակներում գործող լիազորված մարմինները`
ա. ելնելով աղետների ու վթարների բարդությունից` ստեղծում են դրա կառավարման օպերատիվ շտաբ և աղետներից ու վթարներից տուժած քաղաքացիների հոգեբանական օգնության ստորաբաժանում,
բ. ղեկավարում են բնակչության պաշտպանության համակարգը,
գ. հաստատում են բնակչության պաշտպանության ծրագրերը և վերահսկում դրանց կատարումը,
դ. ապահովում են բնակչության ազդարարումը և տեղեկատվությունը,
ե. հայտարարում են աղետի գոտի և սահմանում դրա տարածքը, ինչպես նաև կազմակերպում են այդ տարածքին առավելագույն օգնություն և նյութական պաշարներ տրամադրելու աշխատանքները,
զ. ստեղծում և կուտակում են, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով, ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ, ֆոնդեր և ապահովում դրանց նպատակային օգտագործումը,
է. համակարգում են բնակչության պաշտպանության բնագավառում հանրապետական գործադիր, պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց գործունեությունը,
ը. բնակչության պաշտպանության նպատակով ստեղծում են անհրաժեշտ մասնագիտացված կազմավորումներ,
թ. տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը ներգրավում են աղետների ու վթարների կանխման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին,
ժ. իրականացնում են վթարային և վերականգնողական միջոցառումներ,
ժա. աջակցում են փրկարարական և անհետաձգելի աշխատանքների իրականացմանը և ստեղծում անհրաժեշտ ուժեր` համապատասխան աշխատանքներ կատարելու համար:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան