ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ S-2028/2007 թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-61(ՏԴ) |
Նախագահող դատավոր՝ Ռ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի մարտի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը Տնտեսական դատարանի 23.07.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ դիմումի «Երևանի մենեջմենթի համալսարան» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Նախարարության և Նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» (այսուհետ՝ Ծառայություն)՝ պետական մարմնի անգործությունն անվավեր ճանաչելու, 0406-«Քույրական գործ» և 0402-«Մանկաբարձական գործ» մասնագիտությունների շրջանավարտների 19.02.2007 թվականի ամփոփիչ ատեստավորման քննության արդյունքներն անվավեր ճանաչելու և նշված մասնագիտություններով Ընկերության հավատարմագիր ստանալու իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության և Գործակալության Ընկերության բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի 0406-«Քույրական գործ» և 0402-«Մանկաբարձական գործ» մասնագիտությունների հավատարմագրման գործընթացը օրենքով սահմանված ժամկետում և կարգով չկազմակերպելու անգործությունը, վերոհիշյալ մասնագիտությունների շրջանավարտների 19.02.2007 թվականի ամփոփիչ ատեստավորման քննության արդյունքները ճանաչել անվավեր և 08.11.2006 թվականին Ընկերության կողմից կազմակերպված ավարտական քննությունների արդյունքներով ճանաչել Ընկերության՝ Նախարարությունից վերոհիշյալ մասնագիտությունների համար հավատարմագիր ստանալու իրավունքը:
Տնտեսական դատարանի 23.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Տնտեսական դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության 07.07.2000 թվականի «ՀՀ-ում կրթական գործունեության լիցենզավորման, ինչպես նաև միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգերը հաստատելու մասին» N 372 որոշմամբ հաստատված «ՀՀ-ում միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը» (այսուհետ՝ Կարգ), որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերոհիշյալ որոշման համաձայն՝ միայն Նախարարությունն է իրականացնում հավատարմագրման նպատակով շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը:
Մինչդեռ, Տնտեսական դատարանը, անտեսելով Կարգի 7-րդ կետը, որպես վերոհիշյալ մասնագիտությունների համար հավատարմագիր ստանալու իրավունքի առաջացման հիմք է դիտել Ընկերության կողմից 08.11.2006 թվականին անցկացված ատեստավորման քննությունները:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 23.07.2007 թվականի վճիռը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Վճռաբեկ բողոքի պատասխանում բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ որևէ փաստարկ առկա չէ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Ընկերության կողմից 08.11.2006 թվականին կազմակերպվել են 2006 թվականի շրջանավարտների ատեստավորման քննությունները:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարի 25.01.2007 թվականի թիվ 20-Ա/Ք հրամանի համաձայն՝ ՀՀ միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների պետական հավատարմագրման նպատակով 29.01.2007 թվականից 08.02.2007 թվականը նախատեսվել է անցկացնել 2006 թվականի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորում:
3. ՀՀ կրթության և գիտության նախարարի 10.04.2007 թվականի հրամանով մերժվել է Ընկերությանը 0406-«Քույրական գործ» և 0402-«Մանկաբարձական գործ» մասնագիտությունների պետական հավատարմագիր տալը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական ուսումնական հաստատությունները և դրանց մասնագիտությունները, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատությունների բժշկական մասնագիտությունները պարտադիր պետք է անցնեն հավատարմագրման գործընթաց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հավատարմագրման կարգը, չափանիշները և ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ, իսկ 3-րդ մասի համաձայն՝ պետական հավատարմագրումն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` անկախ ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից և կազմակերպական-իրավական ձևից, ուսումնական հաստատության և նրա սովորողների ատեստավորման վերաբերյալ եզրակացության հիման վրա:
ՀՀ կառավարության 07.07.2000 թվականի «ՀՀ-ում կրթական գործունեության լիցենզավորման, ինչպես նաև միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգերը հաստատելու մասին» N 372 որոշմամբ հաստատված «ՀՀ-ում միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման» կարգի 6-րդ կետի համաձայն՝ պետական հավատարմագրման նպատակով ուսումնական հաստատությունն իրականացնում է իր գործունեության վերլուծություն:
Ուսումնական հաստատությունը նշված վերլուծության հիման վրա պայմանագրային հիմունքներով դիմում է համապատասխան որակավորում ունեցող և ծառայության կողմից երաշխավորված իրավաբանական անձին, հիմնարկին կամ անհատ ձեռնարկատիրոջը, որը նախարարության սահմանած կարգով իրականացնում է ուսումնական հաստատության ուսումնական գործունեության փորձաքննություն: Ուսումնական հաստատությունը փորձաքննության ավարտից հետո մեկամսյա ժամկետում ծառայություն է ներկայացնում նախարարության սահմանած ձևի փորձագիտական եզրակացությունը և վերլուծության մեկ օրինակը:
Նույն կարգի 7-րդ կետի համաձայն՝ դրական փորձագիտական եզրակացության դեպքում նախարարության սահմանած կարգով իրականացվում է 2 տարվա շրջանավարտների ամփոփիչ ստուգում (ատեստավորում):
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Տնտեսական դատարանը հայցի բավարարման հիմքում դնելով Ընկերության կողմից սեփական նախաձեռնությամբ 2006 թվականի շրջանավարտների ատեստավորման քննությունների արդյունքները, չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել այդ ատեստավորումը ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանված կարգին համապատասխան անցկացված լինելու հարցը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Տնտեսական դատարանի 23.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Վարչական դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|