Գլխավոր տեղեկություն
Համար
N 1551-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.11.2007-01.03.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.01/65(364) Հոդ.1325
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 նոյեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2004 թվականի N 1551-Ն

 

ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով խաղալիքների բազմազանությունը, շուկայում դրանց ծավալները և խաղալիքների օգտագործման ժամանակ երեխաներին ու շրջապատի անձանց վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել խաղալիքների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում` օրենքով սահմանված կարգով հաստատել խաղերի և խաղալիքների արտադրության ու իրացման սանիտարական կանոնները և նորմերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 6 ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 26-րդ կետի պահանջի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման պահից 2 տարի հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 17
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 11-ի N 1551-Ն որոշման


Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն   Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն խաղալիքների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` կանոնակարգ) գործողությունն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 9503 ծածկագրերին համապատասխան տարածվում է այն բոլոր խաղալիքների վրա, որոնք նախատեսված են մինչև 14 տարեկան երեխաների համար:

(1-ին կետը փոփ. 26.04.07 N 505-Ն)

2. Սույն կանոնակարգով սահմանվում են խաղալիքների անվտանգության պահանջները, ինչպես նաև դրանց մակնշմանը ներկայացվող պահանջներն ու համապատասխանության հավաստման ընթացակարգերը:

3. Սույն կանոնակարգը չի տարածվում VII բաժնում նշված արտադրատեսակների վրա, որոնք սույն կանոնակարգի շրջանակներում խաղալիքներ չեն համարվում:

4. Խաղալիքները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

խաղալիք` արտադրատեսակ կամ նյութեր, որոնք նախատեսված են մինչև 14 տարեկան երեխաների համար.

գործառնական խաղալիք` խաղալիք, որը մեծահասակների համար նախատեսված արտադրատեսակների կամ սարքվածքների փոքրացված մանրատիպն է, ունի նույն նշանակությունը և կատարում է նույն գործառույթները.

խաղալիք` նախատեսված ջրի վրա խաղերի համար` փչովի կամ ոչ փչովի խաղալիք, որն իր վրա կրում է երեխայի քաշը և նախատեսված է ծանծաղուտներում խաղերի համար.

էլեկտրական խաղալիք` խաղալիք, որն ունի էլեկտրամատակարարմամբ իրականացվող թեկուզ մեկ գործողություն.

անվանական լարում` լարման մեծություն, որը սահմանված է արտադրողի կողմից խաղալիքի էլեկտրասնուցման համար.

դյուրավառություն` նյութի կամ արտադրատեսակի այրվելու ունակություն` փորձարկման որոշակի պայմաններում:

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

6. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում խաղալիքների իրացումն առանց համապատասխանության հավաստման:

7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող խաղալիքները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:

 

IV. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հիմնական սկզբունքները

 

8. Խաղալիքներն իրենց նշանակությամբ օգտագործելու դեպքում խաղալիքներն օգտագործողները, ինչպես նաև երրորդ անձինք, հաշվի առնելով երեխաների սովորական վարքը, պետք է պաշտպանված լինեն առողջությանը վնաս հասցնելու և վնասվածք ստանալու հետևյալ ռիսկերից, որոնք`

ա) կապված են խաղալիքների դիզայնի, կառուցվածքի կամ բաղադրության հետ,

բ) հատկանշական են խաղալիքների օգտագործման համար և չեն կարող վերացվել դրանց կառուցվածքի կամ բաղադրության փոփոխմամբ` առանց խաղալիքների գործառույթները կամ հիմնական բնութագրերը փոխելու կամ դրանք հիմնական հատկանիշներից զրկելու:

9. Ռիսկի աստիճանը որոշելիս, որին ենթարկվում են երեխաները խաղալիքներն օգտագործելու ժամանակ, պետք է հաշվի առնված լինեն նրանց տարիքային կարողունակությունները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, մեծահասակների կողմից հսկողության հնարավորությունը: Դա, մասնավորապես, վերաբերում է այն խաղալիքներին, որոնք ըստ չափերի, բնութագրերի և նշանակության նախատեսված են մինչև 3 տարեկան երեխաների համար:

Այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտության դեպքում` խաղալիքներն օգտագործողների նվազագույն տարիքը և (կամ) խաղալիքների օգտագործման ժամանակ բացառապես մեծահասակների հսկողության ներքո գտնվելու անհրաժեշտությունը պետք է նշված լինեն դրանց մականշվածքներում և (կամ) օգտագործման հրահանգներում:

10. Խաղալիքների կամ դրանց փաթեթվածքներին փակցված պիտակների վրա, ինչպես նաև օգտագործման հրահանգներում պետք է տրված լինեն սպառիչ ցուցումներ խաղալիքների օգտագործման հետ կապված ռիսկի և դրա կանխման հնարավորության վերաբերյալ:

 

Ռիսկի առանձին տեսակները

 

11. Խաղալիքների մեխանիկաֆիզիկական հատկություններն են`

ա) խաղալիքների օգտագործման ժամանակ դրանց վրա կատարվող ճնշումներին դիմանալու համար վնասվածք ստանալու ռիսկի հետ կապված խաղալիքները և դրանց մասերը, ինչպես նաև բարդ խաղալիքների ամրացման մանրակները պետք է ունենան մեխանիկական ամրություն, իսկ անհրաժեշտության դեպքում` կայունություն` առանց կոտրվելու կամ ձևախախտվելու վտանգի.

բ) խաղալիքների վրա առկա անկյունները, դուրս ցցված մասերը, լարերը, մալուխները և կապերը պետք է նախագծված լինեն այնպես, որ հպման դեպքում վնասվածք ստանալու ռիսկը հասցվի նվազագույնի.

գ) խաղալիքները պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որ դրանց բաղկացուցիչ մասերի շարժման հետ կապված վնասվածք ստանալու ռիսկը հասցվի նվազագույնի.

դ) մինչև 3 տարեկան երեխաների համար հատուկ նախատեսված խաղալիքները, դրանց բաղկացուցիչ մասերը, ինչպես նաև հեշտությամբ առանձնացվող տարրերը, պետք է լինեն բավական մեծ չափերի, որպեսզի երեխան չկարողանա դրանք կուլ տալ, և (կամ) դրանք չընկնեն նրա շնչառական ուղիները.

ե) խաղալիքները, դրանց բաղկացուցիչ մասերը և մանրածախ վաճառքի նպատակով փաթեթավորման համար օգտագործվող նյութերը պետք է բացառեն շնչահեղձության վտանգը.

զ) այն խաղալիքների, որոնք նախատեսված են աննշան խորությամբ ջրավազաններում երեխային ջրի մակերեսին պահելու համար, նախագծման և արտադրման ժամանակ պետք է հաշվի առնվեն դրանց` նախատեսված օգտագործման հետ կապված լողունակության և երեխային հենարան ծառայելու հատկության կորստի ռիսկերը.

է) խաղալիքները, որոնց մեջ կարող են մտնել երեխաները և որոնք փակ տարածություններ են, պետք է ունենան ներսից հեշտությամբ բացվող միջոց.

ը) խաղալիքները, որոնց օգնությամբ երեխան կարող է տեղից տեղ շարժվել, պետք է ունենան հնարավորության չափով խաղալիքներին հարմարեցված և դրանցով զարգացող կինեմատիկ էներգիային համապատասխանող արգելակման համակարգեր: Այդ համակարգերի կառավարումն օգտագործողի կարողունակությանը համապատասխան պետք է լինի պարզ և բացառի նրա կամ շրջապատող անձանց վնասվածք ստանալու ռիսկը.

թ) նետողական գործիքներով խաղալիքների ձևն ու կառուցվածքը, ինչպես նաև այդ նպատակի համար նախատեսված խաղալիքների օգնությամբ նետման և արձակման ժամանակ զարգացող կինեմատիկ էներգիան, նկատի ունենալով խաղալիքի առանձնահատկությունները, պետք է լինեն այնպիսին, որ օգտագործողի կամ շրջապատող անձանց համար վնասվածք ստանալու ռիսկը հասցվի նվազագույնի.

ժ) տաքացնող տարրեր պարունակող խաղալիքները պետք է արտադրված լինեն այնպես, որ`

հպման դեպքում ցանկացած բաց մակերեսի տաքությունն այրվածքներ չառաջացնի,

դրանց մեջ պարունակվող հեղուկը և (կամ) գազը, որոնք դուրս են մղվում խաղալիքներից, չունենան դրանց օգտագործման համար անհրաժեշտ ջերմաստիճանի և ճնշման մակարդակներից բարձր արժեք, որոնք կարող են առաջացնել այրվածքներ կամ այլ ֆիզիկական վնասվածքներ:

12. Խաղալիքների դյուրավառության հետ կապված անվտանգության պահանջներն են`

ա) խաղալիքները չպետք է պարունակեն վտանգավոր դյուրավառ տարրեր, դրանք պետք է բաղկացած լինեն այնպիսի նյութերից, որոնք`

չեն այրվում բոցի, կայծի կամ բռնկման այլ հնարավոր օջախի անմիջական ներգործությունից,

դժվար են բոցավառվում, և (կամ) բռնկման պատճառը վերացնելուց հետո բոցն անմիջապես մարում է,

բոցավառվում են, բայց դանդաղ են այրվում, բոցը տարածվում է աննշան արագությամբ,

անկախ խաղալիքների քիմիական բաղադրությունից` այրման ընթացքը դանդաղեցնելու նպատակով դրանք ենթարկվում են համապատասխան մշակման:

Նման դյուրավառ նյութերը խաղալիքների բաղկացուցիչ այլ նյութերի համար չպետք է պարունակեն բոցավառման վտանգ.

բ) այն խաղալիքները, որոնք պարունակում են իրենց օգտագործման համար անհրաժեշտ, բայց վտանգավոր նյութեր և (կամ) պատրաստուկներ, մասնավորապես, քիմիական փորձարկումների և մանրակերտների հավաքման, պլաստմասսայե կամ խեցեգործական ծեփվածքներ պատրաստելու, արծնապատման, լուսանկարչության և այլ նման զբաղմունքների համար օգտագործվող նյութերն ու սարքավորումները չպետք է պարունակեն այնպիսի նյութեր կամ պատրաստուկներ, որոնք կարող են բոցավառվել ցնդող ոչ դյուրավառ նյութերի հոսակորստի պատճառով.

գ) խաղալիքները չպետք է լինեն պայթավտանգ կամ պարունակեն այնպիսի տարրեր կամ նյութեր, որոնք դրանց օգտագործման ընթացքում դառնում են պայթավտանգ:

Սույն դրույթը չի տարածվում խաղալիքների վրա տեղադրվող հարվածային պայթուցիչների վրա.

դ) խաղալիքները, մասնավորապես, քիմիական խաղերը և խաղալիքները չպետք է պարունակեն այնպիսի նյութեր կամ պատրաստուկներ, որոնք`

կարող են գոյացնել պայթուցիկ խառնուրդներ`

քիմիական ռեակցիայի կամ տաքացման պատճառով,

օքսիդացնող նյութերի հետ խառնվելու դեպքում,

պարունակում են ցնդող բաղադրամասեր, բոցավառվում են օդում, կարող են օդի հետ գոյացնել բոցավառվող գոլորշիներ կամ պայթավտանգ խառնուրդներ:

13. Խաղալիքների քիմիական հատկություններն են`

ա) խաղալիքները պետք է նախագծվեն և արտադրվեն այնպես, որ ըստ նշանակության օգտագործման ժամանակ` քիմիական նյութեր կուլ տալու, ներշնչելու կամ մաշկի, լորձաթաղանթների վրա կամ աչքի մեջ դրանց ընկնելու հետևանքով չառաջացնեն առողջությունը վնասելու ռիսկ:

Խաղալիքների նախագծման և արտադրման ժամանակ պետք է օգտագործվեն այնպիսի քիմիական նյութեր, որոնք թույլատրված են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից խաղալիքների արտադրության, իրացման և օգտագործման ժամանակ և որոնք պետք է բացառեն երեխայի առողջությանն սպառնացող վտանգը.

բ) երեխաների առողջությունը պահպանելու նպատակով խաղալիքների օգտագործումից առաջացող թունավոր տարրերը մեկ օրվա ընթացքում չպետք է գերազանցեն հետևյալ մակարդակները`

անտիմոն`

0,2 մկգ,

արսեն`

0,1 մկգ,

բարիում`

25,0 մկգ,

կադմիում`

0,6 մկգ,

քրոմ`

0,3 մկգ,

կապար`

0,7 մկգ,

սնդիկ`

0,5 մկգ,

սելեն`

5,0 մկգ:

Գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա նշված կամ այլ նյութերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ չափանիշներ.

գ) խաղալիքները չպետք է պարունակեն երեխաների առողջության համար վտանգավոր քանակությամբ վտանգավոր նյութեր կամ պատրաստուկներ: Խստիվ արգելվում է խաղալիքների մեջ ընդգրկել վտանգավոր նյութեր կամ պատրաստուկներ, եթե դրանք նախատեսված են խաղի ընթացքում ուղղակի օգտագործելու համար:

Եթե որոշակի խաղալիքի գործառույթի համար անհրաժեշտ է օգտագործել սահմանափակ քանակությամբ նյութեր և պատրաստուկներ, մասնավորապես, քիմիական փորձերի, մանրակերտների հավաքման, պլաստմասսայե կամ խեցեգործական ծեփվածքներով նյութեր և սարքավորանք պատրաստելու կամ արծնապատման, լուսանկարչական և այլ նման զբաղմունքների համար, ապա նշված նյութերի պարունակությունը պետք է թույլատրվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակների ապահովման դեպքում:

14. Խաղալիքների էլեկտրական հատկություններն են`

ա) էլեկտրական խաղալիքները չպետք է սնուցվեն 24 Վ գերազանցող անվանական լարմամբ, իսկ խաղալիքների ոչ մի մասում չպետք է առաջանա 24 Վ գերազանցող լարում.

բ) խաղալիքների մանրակները, որոնք հպվում են կամ կարող են հպվել էլեկտրականության աղբյուրին, խաղալիքների մանրակներին հոսանք հաղորդող մալուխները, հաղորդալարերը կամ հաղորդիչները կարող են հոսանքահարման պատճառ դառնալ: Հոսանքահարման նշված ռիսկը կանխելու նպատակով դրանք պետք է մեկուսացված և մեխանիկորեն պաշտպանված լինեն.

գ) էլեկտրական խաղալիքները պետք է նախագծվեն և արտադրվեն այնպես, որպեսզի դրանց բոլորի բաց մակերեսներին առաջացող առավելագույն ջերմաստիճանն օգտագործողներին այրվածքներ չպատճառի:

15. Խաղալիքներին ներկայացվող հիգիենիկ պահանջներն են`

Խաղալիքները պետք է նախագծվեն և արտադրվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ կանոններին և նորմերին համապատասխան` վարակման, հիվանդությունների տարածման և աղտոտման ռիսկից խուսափելու համար:

16. Խաղալիքների ճառագայթաակտիվությունը`

Խաղալիքները չպետք է պարունակեն ճառագայթաակտիվ տարրեր և նյութեր` այնպիսի ձևերով կամ քանակությամբ, որոնք կարող են վնաս հասցնել երեխայի առողջությանը:

 

Վտանգի մասին նախազգուշացումները ԵՎ նախազգուշական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ցուցումները

 

17. Խաղալիքների օգտագործմամբ պայմանավորված ռիսկը նվազեցնելու նպատակով դրանք պետք է ուղեկցվեն պարզ և սպառիչ ցուցումներով:

18. Խաղալիքները, որոնք նախատեսված չեն 3 տարեկանից փոքր երեխաների օգտագործման և կարող են վտանգ ներկայացնել 3 տարեկանից փոքր երեխաների համար, պետք է ուղեկցվեն հատուկ նախազգուշացմամբ (օրինակ` «Չի նախատեսված 3 տարեկանից փոքր երեխաների համար» կամ «Չի նախատեսված 36 ամսականից փոքր երեխաների համար» մակագրությամբ)` լրացնելով նման միջոցի կիրառման անհրաժեշտությունը պարզաբանող, ռիսկի մասին կարճ ցուցումով (կարելի է մեջ բերել քաղվածք օգտագործման հրահանգից):

Նշված դրույթը չի տարածվում այն խաղալիքների վրա, որոնք, ըստ օգտագործման բնույթի, չափերի, բնութագրերի, հատկությունների կամ այլ էական տարրերի, ակնհայտորեն նախատեսված չեն 3 տարեկանից փոքր երեխաների համար:

19. Երեխաների համար նախատեսված ձեռնասահնակները, կախովի ճոճանակները, ինչպես նաև մարզանքի օղերը, ճոճաձողերը, ճոպանները համանման հարմարանքները և շրջանակի վրա ամրացված մարզագործիքները կախելու համար պետք է ուղեկցվեն օգտագործման հրահանգով, որտեղ անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել դրանց առավել կարևոր մասերի (կախոցներ, հատակին ամրացումներ, լարեր, ճարմանդներ և այլն) ստուգման և պարբերական խնամքի անհրաժեշտության վրա և ճշտել, որ պատշաճ վերահսկման բացակայության դեպքում մարզագործիքի վայր ընկնելու կամ շրջվելու հետևանքով երեխան ենթարկվում է վնասվածք ստանալու վտանգի:

Օգտագործման հրահանգի տեխնիկական նկարագրում անհրաժեշտ է ընդգրկել նաև սարքավորանքի տեղակայման վերաբերյալ ցուցումները` նշելով այն տարրերը, որոնք կարող են վտանգ ներկայացնել մարզագործիքները ոչ ճիշտ հավաքելու դեպքում:

20. Գործառնական խաղալիքների կամ դրանց փաթեթվածքի վրա անհրաժեշտ է զետեղել «Ուշադրություն. օգտագործել միայն մեծահասակների հսկողության ներքո» մակագրությունը: Բացի դրանից, անհրաժեշտ է խաղալիքներին կցել դրանց հետ վարվելու վերաբերյալ ցուցումներ պարունակող օգտագործման հրահանգը, ինչպես նաև տեղեկատվություն նախազգուշական միջոցների մասին, որոնք չապահովելու դեպքում խաղալիքներ օգտագործողները կարող են ենթարկվել այնպիսի վտանգների, որոնք համանման են այն վտանգներին, որոնց կենթարկվեին, եթե օգտվեին այն սարքից կամ արտադրատեսակից, որի նմանակը կամ մանրատիպն է տվյալ խաղալիքը:

Գործառնական խաղալիքները պետք է գտնվեն վաղ հասակի երեխաների համար անհասանելի տեղում:

21. Վտանգավոր նյութեր և պատրաստուկներ պարունակող քիմիական խաղալիքները`

ա) վտանգավոր նյութեր և պատրաստուկներ պարունակող խաղալիքների օգտագործման հրահանգները պետք է պարունակեն անհրաժեշտ ցուցումներ համապատասխան խաղալիքի վտանգավոր բնույթի և օգտվողների կողմից նախազգուշական միջոցների ձեռնարկման մասին: Պետք է նաև նշել այդ տիպի խաղալիքով խաղալիս ծանր վնասվածք ստանալու դեպքում առաջին օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին և ցուցումներ այն մասին, որ նման խաղալիքները պետք է գտնվեն վաղ հասակի երեխաների համար անհասանելի տեղում.

բ) բացի սույն կանոնակարգի 21-րդ կետի «ա» ենթակետում նշված ցուցումներից, քիմիական խաղալիքների փաթեթվածքների վրա պետք է նշված լինի «Ուշադրություն. նախատեսված է միայն

____________________________ տարեկանից մեծ երեխաների համար:

(տարիքը նշում է արտադրողը)

Օգտագործել միայն մեծահասակների հսկողության ներքո» մակագրությունը: Քիմիական խաղալիքներ են համարվում քիմիական փորձեր կատարելու և պլաստմասսաների հետ աշխատելու համար նախատեսված հավաքածուները, պատանի խեցեգործի, արծնիչի, լուսանկարչի մանրագեղ արհեստանոցները և համանման խաղային հավաքածուները:

22. Երեխաների սահատախտակները և անվավոր չմուշկները, եթե դրանք վաճառվում են որպես մանկական խաղալիք, անհրաժեշտ է ուղեկցել «Ուշադրություն. անհրաժեշտ է օգտագործել պաշտպանիչ հանդերձանքով» մակագրությամբ: Բացի դրանից, օգտագործման հրահանգներում պետք է նշել, որ խաղալիքներից պետք է օգտվել զգուշությամբ, քանի որ վայր ընկնելու կամ բախվելու հետևանքով դժբախտ պատահարներից խուսափելու համար պահանջվում է որոշակի վարժվածություն: Պետք է նշվեն նաև պաշտպանիչ հանդերձանքների (պաշտպանիչ սաղավարտներ, ձեռնոցներ, ծնկակապերի ու արմունկների համար վահանակներ և այլն) վերաբերյալ ցուցումներ:

23. Ջրի վրա խաղալու համար նախատեսված խաղալիքները պետք է ուղեկցվեն «Ուշադրություն. օգտագործել միայն ծանծաղուտ ջրավազանում` մեծահասակների հսկողության ներքո» մակագրությամբ:

 

Խաղալիքների մակնշումը

 

24. Խաղալիքներ արտադրողը, մատակարարողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը խաղալիքների և (կամ) դրանց փաթեթվածքների վրա երևացող տեղում պետք է ընթեռնելի զետեղի հետևյալ տեղեկությունները`

ա) խաղալիքի անվանումը,

բ) արտադրողի անվանումը, ապրանքային նշանը (առկայության դեպքում) և գտնվելու վայրը,

գ)  մինչև 3 տարեկան տարիքային հասցեագրումը` տարիքային պայմանանշանով,

դ) վտանգի մասին նախազգուշացումները և նախազգուշական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ցուցումները,

ե) օգտագործման հրահանգի առկայությունը (անհրաժեշտության դեպքում),

զ) նորմատիվ փաստաթղթի նշագիրը, որի պահանջներին համապատասխան արտադրված են խաղալիքները (առկայության դեպքում):

(24-րդ կետը լրաց. 26.04.07 N 505-Ն)

Երեխաների մարմնի քաշն իր վրա կրող խաղալիքների վրա լրացուցիչ պետք է մակնշված լինի խաղալիքների ծանրաբեռնվածության թույլատրելի մակարդակը:

25. Փոքր կամ փոքր մանրակներից կազմված խաղալիքների մասին տեղեկությունները կարող են նշվել դրանց փաթեթվածքների, պիտակների կամ ներդիրների (թերթիկներ) վրա: Այն դեպքում, երբ խաղալիքի վրա չկա նման տեղեկություն, սպառողների ուշադրությունը պետք է ուղղված լինի փաթեթվածքի կամ ներդիրների վրա:

26. Խաղալիքներ արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող խաղալիքների վերաբերյալ սույն կանոնակարգի 24-րդ կետով սահմանված տեղեկատվության և դրանց օգտագործման հրահանգի (դրա առկայության դեպքում) բովանդակության տրամադրումն սպառողին` հայերենով:

 

V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

27. Սույն կանոնակարգի պահանջներին խաղալիքների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 2 հ, 3 հ կամ 4 հ հայտարարագրման սխեմայով հավաստված` համապատասխանության հայտարարագիր կամ 2ս-6ս սերտիֆիկացման սխեմաներից որևէ մեկով հավաստված` համապատասխանության սերտիֆիկատ:

Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը խաղալիքների և (կամ) դրանց սպառողական տարաների և ապրանքաուղեկից փաստաթղթերի վրա կարող են նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը սահմանելու մասին» N 1281-Ն որոշմամբ սահմանված ձևի համապատասխանության նշան:

28. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով խաղալիքները նմուշառում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` խաղալիքների տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն կանոնակարգի VIII բաժնում նշված նմուշառման ստանդարտին համապատասխան: Փորձարկումները կատարվում են խաղալիքների նմուշների կամ խաղալիքների խմբերի նմուշների վրա, որոնց նյութերի կազմը, պատրաստման տեխնոլոգիան, սահմանված անվտանգության պահանջները և խաղալիքների խումբը բնութագրող այլ ցուցանիշներն այնպիսին են, ինչպիսին սպառողին մատակարարվող խաղալիքների խմբերն են:

29. Խաղալիքների նույնականացման գործընթացում ստուգվում են դրանց մակնշման համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում տրված տեղեկատվությանը:

30. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան պետք է փորձարկումները կատարի սույն կանոնակարգի VIII բաժնով սահմանված փորձարկման մեթոդների ստանդարտներին համապատասխան:

31. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է համապատասխանության հավաստման 2ս, 3ս, 4ս կամ 5ս սխեմայով:

Համապատասխանության հայտարարագրի և համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ համապատասխանության հավաստման իրականացված սխեմայի`

2 հ կամ 2ս սխեմայի դեպքում` 12 ամիս,

3ս սխեմայի դեպքում` 24 ամիս,

3 հ, 4ս կամ 5ս սխեմայի դեպքում` 36 ամիս,

4 հ կամ 6ս սխեմայի դեպքում` գործողության ժամկետը սահմանվում է` հաշվի առնելով խաղալիքների երաշխիքային և (կամ) ծառայության ժամկետները, բայց 6 ամսվանից ոչ պակաս:

32. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացված խաղալիքների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ` սույն կանոնակարգի 31-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում:

33. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա, «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման և դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ:

Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:

 

VI. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

34. Սույն կանոնակարգի պահանջներին խաղալիքների համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացվում է «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

VII. ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ ՉԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ

 

35. Սույն կանոնակարգի շրջանակներում չեն կարող խաղալիքներ համարվել հետևյալ արտադրատեսակները`

ա) ամանորյա և այլ տոների զարդեր,

բ) ճշգրիտ մասշտաբային մոդելներ` մեծահասակ կոլեկցիոներների համար,

գ) սարքեր` նախատեսված խաղահրապարակներում խմբային խաղերի համար,

դ) մարզական գույք,

ե) ջրային մարզական գույք, խորջրյա հանդերձանք,

զ) գեղազարդ խաղալիքներ և ազգային տարազով տեխնիկներ, ինչպես նաև համանման իրեր` մեծահասակ կոլեկցիոներների համար,

է) «մասնագիտական» խաղալիքներ` տեղադրված հանրային վայրերում (առևտրի կենտրոններում, կայարաններում, հրապարակներում),

ը) գլուխկոտրուկներ` 500-ից ավելի մանրակներով,

թ) օդաճնշական զենք,

ժ) հրագործական ապրանքներ և հարվածային պատիճներ` բացառությամբ խաղալիքների օգտագործման համար հատուկ նախատեսված հարվածային պատիճներից,

ժա) ինքնանետիչներ (սարքվածքներ` քարեր նետելու համար), ինչպես նաև ռետինե ժապավենի օգնությամբ նետվող խաղալիքներ,

ժբ) մետաղյա ծայրապանակով նետերից նետվող ականներ,

ժգ) էլեկտրավառարաններ, արդուկներ և այլ սարքեր, որոնց անվանական լարումը 24 Վ-ից ավելի է.

ժդ) տաքացնող տարրեր պարունակող արտադրատեսակներ, որոնք նախատեսված են մեծահասակների հսկողության ներքո ուսումնական նպատակներով կիրառելու համար,

ժե) ներքին այրման շարժիչներով փոխադրամիջոցներ,

ժզ) խաղալիքային մեքենաներ` շոգեշարժիչներով,

ժէ) մարզական կամ ճանապարհորդական հեծանիվներ,

ժը) տեսախաղեր, որոնք միացված են 24 Վ-ից ավելի անվանական լարմամբ տեսաէկրանին,

ժթ) ծծակներ` մանուկների համար,

ի) հրազեն զենքի ընդօրինակումներ` նման օրինակին շատ նման,

իա) մանկական զարդեր` ոչ թանկարժեք մետաղներից,

իբ) աղեղ` հրաձգության համար, որի երկարությունը չձգված վիճակում գերազանցում է 120 սանտիմետրը:

 

ԲԱԺԻՆ

 

VIII. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ


Ստանդարտի նշագիրը

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող
ստանդարտի անվանումը

ԳՕՍՏ 25779 Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ
ԳՕՍՏ 30782 Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ. Մեխանիկական և ֆիզիկական հատկություններ
ԳՕՍՏ Ռ 51556 Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ. Հասակի գծագրական պայմանական նշագիրը
ԳՕՍՏ Ռ 51557 Խաղալիքներ` էլեկտրական. Անվտանգության պահանջներ
ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 8124-2 Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ. Դյուրավառություն
ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 8124-3 Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ. Երեխայի առողջության համար վնասակար տարրերի առաջացում
ՀՍՏ ԵՆ 71-4 Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 4.
Հավաքածուներ քիմիական փորձերի և համանման
զբաղմունքի համար
ՀՍՏ ԵՆ 71-5 Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 5. Խաղային
լրակազմեր (հավաքածուներ)` ներառյալ քիմիական փորձերի
կատարման համար հավաքածուներին չվերաբերող քիմիական
նյութերը

(բաժինը փոփ., խմբ. 26.04.07 N 505-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 26.04.07 N 505-Ն)


 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան