Գլխավոր տեղեկություն
Համար
N 98-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2008-24.08.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.02/42(497) Հոդ.298
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.02.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2008 թվականի N 98-Ն

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 747-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման նպատակով`

1. Ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով:

2. Հաստատել`

1) հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովներ:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհուրդ ստեղծելու մասին» N 747-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. փետրվարի 25

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2008 թ.

փետրվարի 25-ի

N 98-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցելն է:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն աշխատակարգով:

3. Հանձնաժողովը հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների գործունեության կարգը:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

1) հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցելը.

2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման ընթացքում ծագած խնդիրները վերլուծելը և դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ մշակելը.

3) հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմանների, հասարակական կյանքում նրանց առավելագույնս ներգրավվածության ապահովման, սոցիալական հիմնախնդիրների լուծմանն աջակցելը.

4) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության համար պատասխանատու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և այդ ոլորտում գործող հասարակական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցությանն աջակցելը.

5) հաշմանդամության իրավիճակի մասին ամենամյա ազգային զեկույցի քննարկումը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար`

1) համապատասխան պետական լիազոր մարմիններ և տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թվականների ռազմավարության և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի իրականացման վերաբերյալ.

2) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի նախագիծը և տալիս եզրակացություն` այն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար.

3) համապատասխան ոլորտի լիազոր մարմիններ է ներկայացնում առաջարկություններ հաշմանդամ և ոչ հաշմանդամ անձանց համար հնարավորությունների հավասարեցման վերաբերյալ.

4) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը և ներկայացնում առաջարկություններ դրանց արդյունավետ իրականացման վերաբերյալ.

5) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ տալիս եզրակացություն.

6) ուսումնասիրում և վերլուծում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտման պատճառները և համապատասխան ոլորտի լիազոր մարմիններ ներկայացնում առաջարկություններ.

7) ուսումնասիրում և վերլուծում է հաշմանդամության առաջացման պատճառները և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

8) քննարկում է հաշմանդամության իրավիճակի մասին ազգային զեկույցի նախագիծը և ներկայացնում առաջարկություններ.

9) քննարկում և Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին), տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում քաղաքացիների դիմումների և բողոքների վերաբերյալ առաջարկություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

10) տվյալ ոլորտի լիազոր պետական մարմին է ներկայացնում առաջարկություն` հաշմանդամ և ոչ հաշմանդամ մարդկանց համար ստեղծված հնարավորությունների հավասարեցման գործընթացների զարգացումները վերահսկելու, որոշակի խնդիրներ հետազոտելու և վերլուծելու, արդյունքները հանձնաժողով ներկայացնելու համար.

11) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների հաշվետվությունները, նիստերում լսում նրանց կատարած աշխատանքների մասին տեղեկատվությունը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

7. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից:

8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով:

9. Հանձնաժողովի որոշումներն ունեն երաշխավորական բնույթ:

10. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 4 ամիսը մեկ անգամ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ: Տարվա ընթացքում մեկ նիստ գումարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ:

11. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, հանձնաժողովի անդամներից որևէ մեկը: Հանձնաժողովի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին են ուղարկվում նիստն սկսվելուց 7 օր առաջ: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող նյութերի հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշում: Հանձնաժողովի ընդունած որոշումների մասին կազմվում է արձանագրություն:

12. Հանձնաժողովը պետական կառավարման մարմիններից կարող է ստանալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության հարցերին առնչվող նյութեր, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի որոշմանը դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների հատուկ գրավոր կարծիքները կցվում են արձանագրությանը: Հավասար ձայների առկայության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Արձանագրությունը հանձնաժողովի անդամներին է ուղարկվում նիստից ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:

14. Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ և նախագահի հրավերով նիստին կարող են մասնակցել պետական մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

15. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում նիստի օրակարգը.

3) հրավիրում է հանձնաժողովի նիստերը.

4) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումներն ու արձանագրությունները, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հետ կապված գրությունները.

5) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.

6) իրականացնում է սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:

16. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.

2) հարցեր և առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը.

3) ներկայացնում է առաջարկություններ հանձնաժողովի գործունեության և նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

4) ծանոթանում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

5) կատարում է հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

17. Հանձնաժողովի քարտուղարը`

1) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում հանձնաժողովի անդամներին.

2) հանձնաժողովի անդամներին իրազեկում է հանձնաժողովի նիստերի անցկացման օրվա, վայրի և ժամի մասին.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները.

4) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

5) նիստերի որոշումները և արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում ուղարկում է հանձնաժողովի անդամներին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2008 թ.

փետրվարի 25-ի

N 98-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Վարդանյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
(հանձնաժողովի նախագահ)

Հ. Դարբինյան

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Գ. Մալխասյան

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Պ. Սաֆարյան

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Բ. Եսայան

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Տ. Հարությունյան

ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ

Հ. Աբրահամյան

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ալավերդյան

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան

«Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ս. Թադևոսյան

«Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Հակոբյան

«Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Մկրտչյան

«Սկարպ» առողջական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Լ. Ներսիսյան

«Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ս. Օհանյան

«Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ջ. Բաղդասարյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան