ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 2-1112/2002թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-88(Ա) |
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի փետրվարի 1-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Ելոյանի վճռաբեկ բողոքը Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 11.11.2002 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ազնիվ Թադևոսյանի ընդդեմ Արմեն, Կարինե, Սոնա և Լիլիթ Ելոյանների՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ազնիվ Թադևոսյանը պահանջել է Երևանի Նոր Նորք համայնքի 1-ին զանգվածի 97/98 շենքի թիվ 100 բնակարանից առանձնացնել բաժինը և դրա նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.11.2002 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Ելոյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ գործի քննությանը մասնակից դարձվելու անձի իրավունքը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գործը քննել է պատասխանողի բացակայությամբ, առանց 11.11.2002 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
09.10.1995 թվականի Խորհրդային շրջանի գործկոմի թիվ 52/273 որոշմամբ Երևան քաղաքի Նորքի 1-ին զանգվածի թիվ 97/98 շենքի թիվ 100 բնակարանը սեփականաշնորհվել է հայցվորի ամուսին՝ Սաշիկ Ելոյանին, հայցվորին և պատասխանողներին:
Սաշիկ Ելոյանի մահվանից հետո Երևան քաղաքի առաջին պետական նոտարական գրասենյակում բացվել է ըստ օրենքի ժառանգություն, որով Ազնիվ Թադևոսյանը որպես ժառանգ, ճանաչվել է Երևան քաղաքի Նորքի 1-ին զանգվածի 97/98 շենքի թիվ 100 բնակարանի 1/6 բաժնի սեփականատեր, որը հիմք ընդունելով Դատարանը հայցվորին հատկացրել է բնակարանի 1/3 մասը:
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրից երևում է, որ ժառանգատուի մահից հետո նրա ժառանգական գույքը հանդիսանում է վերը նշված հասցեում գտնվող բնակարանի 1/6 մասը, և հայցվորը, որպես ըստ օրենքի առաջին հերթի ժառանգ, ժառանգել է ժառանգական զանգվածի կեսը՝ 1/12 մասը, իսկ 1/12 մասի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր չի տրվել՝ հաշվի առնելով մյուս ժառանգի՝ Արմեն Ելոյանի իրավունքները: Վերոգրյալից հետևում է, որ բնակարանի 1/4-ի(1/6+1/12=1/4) նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է հայցվորին:
3) Դատարանը կիրառել է քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել նույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառումը անհիմն է, քանի որ բնակարանը բազմաբնակարան շենքում է, ընդհանուր են ինչպես կոմունալ հարմարությունները, այնպես էլ մուտքը: Հետևաբար, դատարանը պետք է կիրառեր 197-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը:
Դատարանը կատարել է միայն բնակմակերեսների արհեստական առանձնացում, որով խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 11.11.2002 թվականի վճիռը բեկանել և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝
11.11.2002 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Արմեն Ելոյանին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ: Դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Արմեն Ելոյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ ու վճիռ կայացրել: Քաղաքացիական գործում առկա չէ 11.11.2002 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Արմեն Ելոյանին ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՜ս Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
2) Վճռաբեկ բողոքի երկրորդ և երրորդ հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք Վճռաբեկ դատարանի կողմից չեն քննարկվում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 11.11.2002 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ Դատավորներ՝ Ա. Մկրտումյան Վ. Աբելյան Ս. Սարգսյան Դ. Ավետիսյան
Հ. Մանուկյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան