ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2008 թվականի N 127-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՅՆՏԵՂ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության ու օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. փետրվարի 25 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 127-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՅՆՏԵՂ ՊԱՀԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության ու օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը:
2. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ստորաբաժանումների ծառայողները (այսուհետ` սահմանապահներ) օտարերկրացիներին ուղեկցում են տարանցիկ գոտում գտնվող կամ այդ նպատակով սարքավորված հատուկ կացարաններ` մինչև հանգամանքները, անձանց ինքնությունը պարզելը և նրանց նկատմամբ որոշում ընդունելը:
3. Հատուկ կացարանը հուսալի փականներով փակվող դռներով սենյակներ (շինություն) է` կից միջանցքով, որտեղ կբացառվի այլ անձանց ներթափանցումը, ինչպես նաև սահմանապահին հնարավորություն կընձեռվի մշտապես իրականացնելու հսկողություն այնտեղ պահվող անձանց նկատմամբ: Յուրաքանչյուր անցման կետում պետք է լինի առնվազն երկու` տարբեր սեռերի անձանց կամ կանանց և երեխաների, կամ տարբեր երկրների քաղաքացիների (իր ցանկությամբ) առանձին պահելու համար հատուկ կացարան: Հատուկ կացարանները պետք է ապահովված լինեն սեղանով, անշարժ աթոռներով, անշարժ պահարանով` ձեռքի իրերի և ուղեբեռի համար, սպասքի պարագաներով (պլաստմասսայից պատրաստված), լվացարանով, սանհանգույցով, մահճակալով, օդափոխիչով, ինչպես նաև պետք է ունենան վթարային էլեկտրական լուսավորություն:
4. Օտարերկրացիները հատուկ կացարաններ ընդունվում են պետական սահմանի անցման կետի պետի կամ սահմանապահ վերակարգի ավագի որոշման հիման վրա և գրանցվում համապատասխան մատյաններում: Հատուկ կացարաններում օտարերկրացիների գրանցման մատյանի ձևը (լրացման կարգը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը:
5. Հատուկ կացարաններում պահվող օտարերկրացիների նկատմամբ հսկողությունն իրականացնում է սահմանային վերահսկողության ստորաբաժանման հերթափոխը` հերթափոխի պետի պատասխանատվությամբ: Կացարանին կից սահմանապահի ծառայողական սենյակի կահավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը:
6. Օտարերկրացիները հատուկ կացարաններում պահվելու ժամանակ օգտվում են օրենքով սահմանված իրավունքներից:
7. Հատուկ կացարաններում պահվող օտարերկրացիների սնունդն ապահովվում է իրենց հաշվին, իսկ գումարի բացակայության դեպքում` ուղևորափոխադրող կազմակերպության համաձայնությամբ` նրա հաշվին: Այն դեպքում, երբ հատուկ կացարաններում պահվող օտարերկրացիների սննդի` ուղևորափոխադրող կազմակերպության հաշվին ապահովումն անհնարին է, ապա դա իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
8. Հատուկ կացարանները պահպանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանն այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին:
9. Հատուկ կացարաններում պահվող օտարերկրացիներին բուժօգնությունը ցույց է տրվում պետական սահմանի անցման կետերում գործող բուժկետերում կամ շտապ օգնության մասնագիտացված ծառայության կողմից:
10. Հատուկ կացարաններում չեն կարող պահվել «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձինք:
11. Հատուկ կացարաններից օտարերկրացիները բաց են թողնվում հանգամանքները կամ անձանց ինքնությունը պարզվելուց հետո` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի, նրա տեղակալների, սահմանապահ զորքերի հրամանատարի թույլտվությամբ կամ` ի կատարումն դատական ակտի:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.07.2013, N 783-Ն | 17.08.2013, N 127-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|