Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-741
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.02/21(611) Հոդ.273
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.03.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան 

 18 մարտի 2008 թ.

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՎԻԿՏՈՐԻԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 76 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,

մասնակցությամբ՝ գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի և 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Հայկ Գրիգորյանի և Վիկտորիա Սարգսյանի դիմումի հիման վրա՝ Ազգային ժողովի կողմից 2001 թվականի մայիսի 2-ին ընդունված` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76 հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացիներ Հ. Գրիգորյանի և Վ. Սարգսյանի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմողների գրավոր փաստարկները, պատասխանող կողմի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ հողային օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ հողային օրենսգիրքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2001 թվականի մայիսի 2-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2001 թվականի հունիսի 4-ին և ուժի մեջ է մտել 2001 թվականի հունիսի 15-ից:

2. ՀՀ հողային օրենսգրքի 76 հոդվածի 2-րդ մասի վիճարկվող առաջին պարբերությունը սահմանում է. «Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով են տրամադրում համայնքների ղեկավարները (Երևանում՝ Երևանի քաղաքապետը)»:

3. Ըստ վերջնական դատական ակտի` Հ. Գրիգորյանի և Վ. Սարգսյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման, Արմեն Միկոյանի, Պարույր Տեր-Ոսկանյանի և Սամվել Կոստանյանի՝ պետական մարմինների ակտերն անվավեր ճանաչելու, ժառանգության վկայագրով սեփականության իրավունքը գրանցել պարտավորեցնելու և ուրիշի ապօրինի տիրապետումից գույքն ազատելու պահանջների մասին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը 21.03.2007թ. վճռով մերժել է: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն իր 03.07.2007թ. վճռով հայցը բավարարել է: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 05.09.2007թ. որոշմամբ, կիրառելով ՀՀ հողային օրենսգրքի 76 հոդվածը, բեկանել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007թ. վճիռը և օրինական ուժ է տվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 21.03.2007թ. վճռին:

4. Դիմողները գտնում են, որ ՀՀ հողային օրենսգրքի 76 հոդվածի 2-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, և խնդրում են այն անվավեր ճանաչել: Նրանք մասնավորապես նշում են, որ վիճարկվող հոդվածը զուրկ է որոշակիությունից, թերի է կարգավորում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (տվյալ դեպքում` հողամասի) տնօրինման իրավահարաբերությունները: Պետական մարմինը` չիրականացնելով գույքի օգտագործման և տիրապետման գործառույթները, որոնք սեփականության իրավունքի պատկանելության անհրաժեշտ տարրերն են, իրականացրել է գույքի տնօրինման գործառույթ: Եվ չպարզված հանգամանքներում պետությունը հռչակել է իր սեփականությունը քաղաքացու ժառանգական զանգվածի նկատմամբ և այն վարձակալության է տրամադրել այլ քաղաքացիների` սահմանափակելով դիմողների սեփականության իրավունքի իրացումը:

5. Պատասխանողը գտնում է, որ դիմումը ենթակա է մերժման հետևյալ նկատառումներով՝ վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի նկատմամբ անհրաժեշտ է համակարգային մոտեցում դրսևորել ոչ միայն ՀՀ Սահմանադրության 31 հոդվածին, այլև ՀՀ Սահմանադրության 42.1., 105 և 107 հոդվածներին համապատասխանության տեսանկյունից: Ըստ պատասխանողի` սեփականության իրավունքի իրականացման (հոդված 31), իրավաբանական անձանց իրավունքների կիրառելիության (հոդված 42.1.), համայնքի սեփական և պատվիրակված լիազորությունների իրականացման (հոդված 105), տեղական ինքնակառավարման իրավունքի իրականացման (հոդված 107) վերաբերյալ սահմանադրական նորմերի և քաղաքացիական իրավահարաբերություններում պետությանը և համայնքներին քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հնարավորություն ընձեռելու մասին դրույթի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128 հոդված) համադրական վերլուծությունից բխում է հետևյալը.

ա) սեփականության իրավունքը ճանաչելու և սեփականատիրոջ կողմից սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունքը հավասար չափով վերապահվել է ինչպես քաղաքացիներին և իրավաբանական անձանց, այնպես էլ՝ պետությանը և համայնքներին,

բ) որևէ օրենսդրական ակտով արգելված չէ պետության կամ համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալության հանձնելը կամ վարձակալության հանձնելու իրավունքը համայնքի ղեկավարին փոխանցելը,

գ) պետությունը կամ համայնքներն իրենց սեփականությունը հանդիսացող գույքը կարող են տնօրինել իրենց հայեցողությամբ՝ հաշվի առնելով Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված սահմանափակումները,

դ) համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով հանձնելը համայնքի սեփական լիազորությունն է,

ե) պետական սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալության հանձնելու համայնքի ղեկավարի իրավունքը՝ վերջինիս պատվիրակված լիազորությունն է:

Նման պարագայում ակնհայտ է, որ ՀՀ հողային օրենսգրքի 76 հոդվածում ամրագրված` համայնքի ղեկավարի և Երևանի քաղաքապետի (մարզպետի) պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության տրամադրելու իրավունքը բխում է ՀՀ Սահմանադրության վերոնշյալ հոդվածների բովանդակությունից և թղթակցվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128 հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքով ամրագրված համայնքի ղեկավարի լիազորությունների մասին դրույթների հետ: Պատասխանող կողմը գտնում է, որ վերը թվարկված դրույթների վերլուծությունը թույլ է տալիս պնդելու, որ օրենսդրությամբ համապարփակ կարգավորված է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման կամ վարձակալության տրամադրման գործընթացը, մասնավորապես՝ նշված հողամասերը վարձակալության տրամադրելու իրավունքը, ինչն ուղղակիորեն բխում է ՀՀ Սահմանադրության 31, 42.1., 105 և 107 հոդվածներից:

6. Սահմանադրական դատարանը փաստում է, որ չնայած դիմող կողմը խնդրում է որոշել ՀՀ հողային օրենսգրքի 76 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը, սակայն իրականում նրանց գործով կիրառվել է 76 հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը, հետևաբար` սահմանադրական դատարանը քննության է առնում միայն առաջին պարբերության սահմանադրականությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի առաջին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը»: Սահմանադրական այս դրույթի իրացումը երաշխավորվում է ինչպես Սահմանադրության այլ հոդվածներով (31, 42.1., 43, 44 հոդվածներ, 83.5. հոդվածի 1-ին և 2-րդ կետեր, 89 հոդվածի 3-րդ կետ, 105 և 105.1. հոդվածներ), այնպես էլ Հայաստանի Հանրապետության մի շարք այլ իրավական ակտերով, որոնք կարգավորում են սեփականության իրավունքի իրացման հետ կապված հարաբերությունները, սահմանելով սեփականության իրավունքի սուբյեկտներին, սեփականության իրավունքի բովանդակությունը, սեփականության իրավունքի սահմանափակումների թույլատրելի շրջանակները, սեփականության իրավունքն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը, գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող այլ անձանց շահերի պաշտպանության մեխանիզմները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 և 166 հոդվածների ուժով ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքների հետ մեկտեղ սեփականության իրավունքի սուբյեկտ է հանդիսանում նաև Հայաստանի Հանրապետությունը, որը սեփականության իրավունքի մյուս սուբյեկտների հետ հավասար կարող է իր հայեցողությամբ տիրապետել, օգտագործել և տնօրինել իրեն պատկանող գույքը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129 և 168 հոդվածների ուժով Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը պետական սեփականություն է, և Հայաստանի Հանրապետության անունից սեփականատիրոջ իրավունքներն իրականացնում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47 հոդվածի համաձայն` «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում են համայնքներին:

Համայնքն իր սեփականություն համարվող հողերը կարող է տնօրինել, տիրապետել և օգտագործել օրենքով սահմանված կարգով»:

ՀՀ օրենսդրության վերոհիշյալ վերլուծության հիման վրա կարելի է արձանագրել, որ գույքը, տվյալ դեպքում` համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը, վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելը ՀՀ Սահմանադրության 8 հոդվածին համահունչ հանդիսանում է պետության և համայնքների սեփականության իրավունքի իրացման ձևերից մեկը, որի իրացմանն էլ ուղղված է ՀՀ հողային օրենսգրքի 76 հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության վիճարկվող դրույթը:

7. Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողների իրավունքների հնարավոր խախտումը պայմանավորված չէ վիճարկվող նորմով: Վիճարկվող նորմին համապատասխան վիճելի հողամասը Երևանի քաղաքապետարանի կողմից վարձակալության է տրվել հիմնվելով այն փաստի վրա, որ այդ հողամասը հանդիսացել է պետության սեփականությունը: Այս փաստը քաղաքացիաիրավական վեճի շրջանակներում հաստատվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով:

8. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ Սահմանադրության 31 հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. ՀՀ հողային օրենսգրքի 76 հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


18 մարտի 2008 թ.
ՍԴՈ-741