Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.05/19.1
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
01.02.2008
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
01.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ-2414/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-89(ՏԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ե. Խունդկարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

                                                                                                     

2008 թվականի փետրվարի 1-ին,

 

դռնբաց դատական նիստում, քննելով Սերգեյ Գաբրիելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 26.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «ԱՎԱ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սերգեյ Գաբրիելյանի և Վիոլետա Գաբրիելյանի՝ Ընկերության և Սերգեյ Գաբրիելյանի միջև կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման 03.03.2005 թվականի պայմանագիրը (այսուհետ՝ Օգտագործման պայմանագիր) վաղաժամկետ լուծելու, Սերգեյ և Վիոլետա Գաբրիելյաններին տարածքից վտարելու պահանջների մասին, և ըստ Սերգեյ Գաբրիելյանի հակընդդեմ հայցի` Օգտագործման պայմանագիրը շինծու գործարք ճանաչելու և որպես շինծու գործարքի հետևանք ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրին վերաբերող կանոնները կիրառելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վաղաժամկետ լուծել Օգտագործման պայմանագիրը, Սերգեյ և Վիոլետա Գաբրիելյաններին վտարել Ընկերության սեփականությունը հանդիսացող` Երևանի, Կոմիտաս 22 հասցեում գտնվող խանութի 75,0 քմ մակերեսով տարածքից (այսուհետ՝ Խանութ):

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Սերգեյ Գաբրիելյանը պահանջել է Օգտագործման պայմանագիրը ճանաչել շինծու գործարք և հիմք ընդունելով Սերգեյ Գաբրիելյանի, Վիոլետա Գաբրիելյանի ու Ընկերության միջև 15.03.2005 թվականին կնքված տարածքի վարձակալության ներքին պայմանագիրը (այսուհետ՝ Վարձակալության պայմանագիր) և կիրառելով այդ գործարքի նկատմամբ ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրին վերաբերող կանոնները` համարել, որ կողմերի միջև իրականում կնքվել է վարձակալության պայմանագիր, ինչպես նաև մերժել Ընկերության հայցը:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Տնտեսական դատարան) 26.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է վաղաժամկետ լուծել Պայմանագիրը, Սերգեյ Գաբրիելյանին վտարել Խանութի տարածքից, իսկ Վիոլետա Գաբրիելյանին Խանութի տարածքից վտարելու մասով հայցը մերժվել է: Հակընդդեմ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերգեյ Գաբրիելյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ և 447-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանը հիմնավորված չհամարելով այն հանգամանքը, որ Վարձակալության պայմանագրում և Օգտագործման պայմանագրում խոսքը գնում է նույն անշարժ գույքի մասին, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել պայմանագրերը և այն հանգամանքը, որ դրանք երկուսն էլ ստորագրված են Ընկերության տնօրենի կողմից:

Ավելին, դատաքննության ընթացքում անգամ Ընկերության տնօրենը չի հերքել, որ երկու պայմանագրերում խոսքը գնում է նույն անշարժ գույքի, այն է՝ Խանութի մասին:

Ինչ վերաբերում է Տնտեսական դատարանի այն հետևությանը, թե Վարձակալության պայմանագիրն առոչինչ գործարք է, քանի որ դրանից ծագող իրավունքները չեն ենթարկվել պետական գրանցման, ապա տվյալ դեպքում նման հետևություն անելու կարիքը չկար, քանի որ սույն գործով չի վիճարկվում Վարձակալության պայմանագրի վավերականությունը: Տվյալ պայմանագրով Սերգեյ Գաբրիելյանը փորձել է ընդամենը ապացուցել Պայմանագիրը շինծու գործարք լինելու և դրա նկատմամբ առոչինչ գործարքի հետևանքներ կիրառելի լինելու հանգամանքը:

Գործում առկա երկու պայմանագրերի վերլուծությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Վարձակալության պայմանագիրը կնքվել է գույքի անհատույց օգտագործման պայմանագրից հետո, վկայում են այն մասին, որ կողմերը իրականում ցանկացել են հաստատել վարձակալական իրավահարաբերություններ, սակայն վարձատուն հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով չի ցանկացել այդ հարաբերությունները գրանցել օրենքով սահմանված կարգով:

Պայմանագրի՝ շինծու գործարք լինելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Ընկերությունը, լինելով առևտրային իրավաբանական անձ, կնքել է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, այն պայմաններում, երբ վերջինս կարող էր անհատույց հանձնված գույքի վարձակալությունից շահույթ ստանալ:

Ելնելով վերոգրյալից, բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 26.11.2007 թվականի վճիռը և փոփոխել: Պայմանագրի նկատմամբ կիրառել գործարքի առոչնչության հետևանքներ, Վարձակալության պայմանագրի պայմաններին համապատասխան հաստատված համարել կողմերի միջև վարձակալական հարաբերությունների առկայությունը, ինչպես նաև Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

03.03.2005 թվականին կնքված անհատույց օգտագործման պայմանագիրը կնքելուց հետո կողմերը որոշել են կնքել վարձակալության պայմանագիր, նախապես կնքելով ներքին վարձակալության պայմանագիր: Բայց, քանի որ Սերգեյ Գաբրիելյանը չի կատարել իր պարտավորությունը, այսինքն՝ գումար չի վճարել և այն նոտարական վավերացման չի ենթարկվել, հետևաբար չի կարող որևէ իրավական հետևանքներ առաջացնել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 12.04.2002 թվականին տրված թիվ 495681 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Ընկերությունը Երևանի, Կոմիտաս 22 հասցեում գտնվող խանութի սեփականատերն է:

2) Ընկերության` ի դեմս Վիլեն Առաքելյանի և Սերգեյ Գաբրիելյանի միջև 03.03.2005 թվականին կնքվել է անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: Պայմանագիրը վավերացվել է Կենտրոն տարածքի նոտարական գրասենյակում, դրանից ծագած իրավունքները գրանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման կողմից:

3) 15.03.2005 թվականին Վիլեն Առաքելյանի և Սերգեյ Գաբրիելյանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, ըստ որի՝ Վիլեն Առաքելյանը 5 տարի ժամկետով Սերգեյ Գաբրիելյանի վարձակալությանն է հանձնել իր խանութի տարածքը, որը կազմում է 75 քմ:

Նշված պայմանագիրը չի ենթարկվել նոտարական վավերացման, և պայմանագրից ծագող իրավունքները չեն ստացել պետական գրանցում:

4) 10.04.2007 թվականին Վիլեն Առաքելյանը գրությամբ Սերգեյ Գաբրիելյանից պահանջել է մինչև 15.04.2007 թվականը ազատել Խանութի տարածքը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

  

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց:

Սույն գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե արդյո՞ք Վիլեն Առաքելյանի և Սերգեյ Գաբրիելյանի միջև կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը նպատակ է հետապնդել քողարկել վարձակալության պայմանագրի առկայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը ` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Սույն քաղաքացիական գործով անհատույց օգտագործման և վարձակալության պայմանագրերի համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրականում կողմերի միջև կնքվել է գույքի վարձակալության պայմանագիր և անհատույց օգտագործման պայմանագրով քողարկվել է կողմերի միջև իրականում ծագած վարձակալական իրավահարաբերությունը:

Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում հետևյալ հանգամանքները.   

1. Ընկերության` ի դեմս Վիլեն Առաքելյանի և Սերգեյ Գաբրիելյանի միջև 03.03.2005 թվականին կնքվել է անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: 15.03.2005 թվականին Վիլեն Առաքելյանի և Սերգեյ Գաբրիելյանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, որը սակայն չի ենթարկվել նոտարական վավերացման, և պայմանագրից ծագող իրավունքները չեն ստացել պետական գրանցում:

Այսինքն` Վարձակալության պայմանագիրը առոչինչ է, սակայն այդ պայմանագրի վերլուծությունը հնարավորություն է տալիս փաստելու, որ իրականում կողմերը ցանկացել են, որպեսզի իրենց միջև առաջանան վարձակալական հարաբերություններ: Մինչդեռ, Տնտեսական դատարանը, առոչինչ համարելով կողմերի միջև կնքված վարձակալության պայմանագիրը, այն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի ուսումնասիրել որպես կողմերի իրական կամքի արտահայտման ապացույց:

2. Թե գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը և թե վարձակալության պայմանագիրը կնքվել են նույն անձանց միջև, պայմանագրերում հիշատակվող անշարժ գույքի մակերեսը նույնն է՝ 75 քմ:

3. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրով վեճի առարկա գույքը անհատույց օգտագործման է հանձնվել Ընկերության կողմից, որը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է և հետապնդում է շահույթ ստանալու նպատակ: Այսինքն, այն հանգամանքը, որ Ընկերությունը, որի գործունեության նպատակը շահույթ ստանալն է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը հանձնում է անհատույց օգտագործման, Վճռաբեկ դատարանը համարում է անիրատեսական և փաստում այդ պայմանագրով մեկ այլ պայմանագրի քողարկման հանգամանքը:

Հիմք ընդունելով վերոնշյալ հանգամանքները, Վճռաբեկ դատարանը դրանք դիտում է բավարար փաստելու համար, որ անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին և նպատակ է հետապնդել քողարկելու վարձակալության պայմանագրի առկայությունը:

Հետևաբար, 03.03.2005 թվականի անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել անշարժ գույքի վարձակալության ժամկետային պայմանագրին վերաբերող կանոններ՝ 15.03.2005 թվականին Վիլեն Առաքելյանի և Սերգեյ Գաբրիելյանի միջև կնքված վարձակալության պայմանագրով սահմանված պայմաններով:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ տնտեսական դատարանի 26.11.2007 թվականի վճռը բեկանել և փոփոխել:

2. «ԱՎԱ» ՍՊԸ-ի հայցը մերժել:

3. Սերգեյ Գաբրիելյանի հակընդդեմ հայցը բավարարել: «ԱՎԱ» ՍՊԸ-ի և Սերգեյ Գաբրիելյանի միջև 03.03.2005 թվականին կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի նկատմամբ կիրառել գործարքի անվավերության հետևանքներ և դրա նկատմամբ կիրառել անշարժ գույքի վարձակալության ժամկետային պայմանագրին վերաբերող կանոններ՝ 15.03.2005 թվականին Վիլեն Առաքելյանի և Սերգեյ Գաբրիելյանի միջև կնքված վարձակալության պայմանագրով սահմանված պայմաններով:

4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան
  Ս. Օհանյան