Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.03.05/14(604)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.02.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-2425

Քաղաքացիական գործ թիվ 3-118(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան, Լ. Սոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի փետրվարի 1-ին,

 

դռնբաց դատական նիստում, քննելով Լիդա Կարապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2007 թվականիվ ճռի դեմ՝ ըստ հայցի Պողոս Թելֆեջյանի ընդդեմ Լիդա Կարապետյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Պողոս Թելֆեջյանը պահանջել է բռնագանձել Լիդա Կարապետյանից 26.480 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսները:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 15.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիդա Կարապետյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածները, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 791-րդ հոդվածի առաջին մասը, 346-րդ հոդվածի 3-րդ մասը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընեկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 5-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սույն քաղաքացիական գործում առկա Պողոս Թելֆեջյանի և Ընկերության միջև 22.11.2003 և 13.03.2004 թվականներին կնքված «կոմիսիոն համաձայնագրերի» (այսուհետ` Պայմանագրեր) սխալ գնահատման արդյունքում հաստատված է համարել Լիդա Կարապետյանի մոտ Պողոս Թելֆեջյանի նկատմամբ դրամական պարտավորության առկայությունը:

Մինչդեռ, վերոնշյալ պայմանագրերը կնքվել են Պողոս Թելֆեջյանի և «Դալար ուռենի» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) միջև, ինչի արդյունքում այդ պայմանագրերով պարտավորություններ առաջացել են Ընկերության, այլ ոչ թե՝ Լիդա Կարապետյանի մոտ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ պահանջն ուղղված է ոչ այն անձի դեմ, չի քննարկել անպատշաճ պատասխանողի պատշաճ պատասխանողով փոխարինման հարցը, ինչի արդյունքում խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել:

Վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված պատասխանում պատճառաբանվել է, որ կոմիսիոն պայմանագրերը կնքվել են Լ. Կարապետյանի հետ, այլ ոչ «Դալար ուռենի» ՍՊԸ-ի, իսկ ՍՊԸ ձևաթղթի վրա պայմանագրերը գրելը և կնքելը կրել են ձևական բնույթ: Պ. Թելֆեջյանը պահանջել է վճռաբեկ բողոքը մերժել և Վերաքննիչ դատարանի 03.09.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

22.11.2003 թվականի, 13.03.2004 թվականի կոմիսիայի համաձայնագրերը կնքվել են Պողոս Թելֆեջյանի և Ընկերության միջև:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, Լիդա Կարապետյանից 26.480 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսները բռնագանձելու հայցապահանջի բավարարման հիմքում դնելով 22.11.2003 թվականի, 13.03.2004 թվականի կոմիսիայի համաձայնագրերը բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտությամբ չի հետազոտել դրանք: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ վերոնշյալ Համաձայնագրերը կնքվել են Պողոս Թելֆեջյանի և Ընկերության միջև:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական, և թե՜ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Մինչդեռ, տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը չի տվել վճռի փաստական հիմնավորումը, այն է՝ չի նշել Լիդա Կարապետյանի մոտ պարտավորություն առաջացնող իրավաբանական փաստը:

Վերհիշյալ պատճառաբանությամբ, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 3-րդ մասի, 791-րդ հոդվածի 1-ին մասի, 799-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմնավորումները:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի խախտման վճռաբեկ բողոքի հիմքին, ապա Վճռաբեկ դատարանն այն ահիմն է համարում, հետևյալ պատճառաբանությամբ. Վերոհիշյալ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Մինչեռ վճռաբեկ բողոքում նշված չէ գործի համար էական նշանակություն ունեցող որևէ հանգամանքի՝ կոնկրետ ապացույցով հիմնավորելու օրենսդրական սահմանափակումը:

Հիմնավոր չէ նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի պահանջների խախտման մասին բողոքի պատճառաբանությունը, քանի որ նույն օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ վեճերը միջնորդ դատարանի լուծմանը հանձնելու (հոդված 18), անպատշաճ կողմը փոխարինելու (հոդված 31), հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափը փոփոխելու, հայցից հրաժարվելու (32 հոդվածի առաջին կետ), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող կամ չներկայացնող երրորդ անձանց՝ գործի մեջ մտնելու (հոդվածներ 34 և 35), հակընդդեմ հայց հարուցելու (հոդված 96) մասին կանոնների:

Հետևաբար, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը Վերաքննիչ դատարանի կողմից չէր կարող խախտվել:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2007 թվականի վճիռը և այն փոփոխել՝ Պողոս Թելֆեջյանի հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան
  Ս. Օհանյան