Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.03.05/14(604)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.02.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ-2843/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-59(ՏԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

                                                                                                     

 2008 թվականի փետրվարի 1-ին,

 

դռնբաց դատական նիստում, քննելով «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 16.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Դավիթ առևտրի տուն» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Ընկերության՝ 26.031.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 26.031.400 ՀՀ դրամ, այդ թվում՝ 17.000.000 ՀՀ դրամ որպես պայմանագրային հիմնական պարտավորության կատարում և 9.031.400 ՀՀ դրամ որպես վնասների փոխհատուցում:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Տնտեսական դատարան) 16.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխանին լրացուցիչ վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. 

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

31.10.2007 թվականի դատական նիստի ընթացքում Կազմակերպությունը, ներկայացնելով վնասի հատուցման պահանջ, կատարել է հայցապահանջի էական փոփոխություն: Այդ կապակցությամբ Տնտեսական դատարանը հետաձգել է գործի քննությունը մինչև 08.11.2007 թվականը:

Դատարանում Ընկերության շահերի պատշաճ ներկայացում ապահովելու նպատակով 08.11.2007 թվականին Ընկերությունը դիմել է Դատարան՝ խնդրելով գործի քննությունը նշանակել երկու օր հետո՝ նիստին իրավաբան-ներկայացուցչի ներկայությունն ապահովելու համար:

Մինչդեռ, Տնտեսական դատարանը, առանց դիմումի քննարկման արդյունքների մասին Ընկերությանը իրազեկելու, նույն օրը՝ 08.11.2007 թվականին, ավարտել է գործի քննությունը:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ չի հետազոտել Ընկերության և Կազմակերպության միջև 17.05.2006 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր), ինչի արդյունքում Ընկերության նկատմամբ հաշվարկվել է 9.031.400 ՀՀ դրամ լրացուցիչ պարտավորություն՝ որպես հիմնական պարտավորությունը չկատարելու հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում:

Մինչդեռ, Տնտեսական դատարանը սխալ է հաշվարկել գանձվելիք գումարը: Այսպես, Պայմանագրի 3.3 կետով սահմանված է, որ Կազմակերպությունը Պայմանագրով ծառայության համար վճարում է գանձվող գումարից: Այսինքն, անգամ հայցվող ամբողջ 17.000.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման դեպքում՝ Պայմանագրով ծառայությունների մատուցման գումարը կկազմեր ընդամենը 2.888.308 ՀՀ դրամ:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 16.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:À

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

Անհիմն է բողոք բերած անձի պատճառաբանությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման մասով, քանի որ բողոք բերած անձը տեղեկացված է եղել դատական նիստի մասին, սակայն չի ներկայացել, ինչից հետո հետաձգվել է դատական նիստը, նշանակվել է նիստի նոր օր, որին էլ նույնպես Ընկերությունը չի ներկայացել՝ փոխարենը ներկայացրել է դատական նիստը ևս երկու օրով հետաձգելու միջնորդություն:

 

2.2. Պատասխանին վճռաբեկ բողոքի լրացմամբ բերված փաստարկները.

 

01.01.2008 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախս է համարվում նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Մինչդեռ, տվյալ դեպքում փաստաբանի վարձատրությունը կազմում է հայցվող հիմնական գումարի 53 տոկոսը, ինչը վերոհիշյալ նորմի իմաստով չի կարող խելամիտ համարվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. 

   

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Տնտեսական դատարանի 11.10.2007 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ: Գործի քննությունը նշանակել է 31.10.2007 թվականին:

2) 31.10.2007 թվականի դատական նիստի ժամանակ հայցվորը ներկայացրել է հայցային պահանջների չափն ավելացնելու մասին դիմում, որի պատճառով գործի քննությունը հետաձգվել է մինչև 08.11.2007 թվականը:

3) 08.11.2007 թվականին Ընկերությունը միջնորդություն է ներկայացրել Տնտեսական դատարան դատական նիստը հետաձգելու և այն 10.11.2007 թվականից հետո նշանակելու մասին:

4) Տնտեսական դատարանը 08.11.2007 թվականին քննել է գործը և հայտարարել վճռի հրապարակման օրը:

5) 08.11.2007 թվականին քաղաքացիական գործը քննվել և վճիռ է կայացվել Ընկերության բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր որոշմամբ արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (ՀՀ ԿԱ ՀՊԾ ընդդեմ Արմեն Խուդինյանի, քաղաքացիական գործ թիվ 3-1822/ՏԴ (գումարի բռնագանձման պահանջով)):

Սակայն, կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործի փաստերը տարբեր են վկայակոչված փաստերից, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցին:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից անձի ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունքը:

Ի ապահովումն նշված նորմերի իրացվելիության` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի առաջին և երրորդ կետերով սահմանված է, որ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները, ինչպես նաև ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) քաղաքացիական իրավունքների և պարտականությունների առնչությամբ ծագած վեճերով արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից իր նախադեպային իրավունքում առանձնացնում և պարզաբանում է այդ իրավունքի կարևոր բաղադրիչների` կողմերի հավասարության և մրցակցային դատավարության պահանջների էությունը: Այսպես, Եվրոպական դատարանը (Ռաֆիներիս Գրեկ Ստրան է Ստրատիս Անդրեադիսը ընդդեմ Հունաստանի, 09.12.1994) գործով նշել է, որ դատական քննության ընթացքում կողմերի հավասարությունը նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմի պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը (ներառյալ ապացույցները) այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ:

Եվրոպական դատարանն իր պրակտիկայում արձանագրել է նաև, որ Կոնվենցիան կոչված է ապահովելու ոչ թե իրավունքի տեսական առկայությունը, այլ դրա պրակտիկ կիրառությունը և արդյունավետությունը (Իմբրիոսիան ընդդեմ Շվեյցարիայի, գործ N 13972/88, 24.11.1993 թվական):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ: Այս հիմքով դատարանի կողմից գործի քննությունը հետաձգելը դատարանի իրավունքն է և ոչ պարտականությունը, և դատարանն իր այդ իրավունքն իրականացնում է հայեցողական իրավազորությամբ՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից (տես` ՀՀ ԿԱ ՀՊԾ ընդդեմ Արմեն Խուդինյանի, քաղաքացիական գործ թիվ 3-1822/ՏԴ (գումարի բռնագանձման պահանջով)):

Հաշվի առնելով Դատարանի կողմից բողոք բերած անձին ապացույցների ներկայացման և իրավական պաշտպանության կազմակերպման համար ողջամիտ ժամկետի տրամադրման անհրաժեշտությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով գործի քննությունը հետաձգելու անհրաժեշտությունն առկա էր:

Փաստորեն, մերժելով գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ բողոք բերած անձի միջնորդությունը, Դատարանը խախտել է վերջինիս` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերով երաշխավորված գործի նյութերին ծանոթանալու, քաղվածքներ անելու, դրանց պատճենները ստանալու, ապացույցներ ներկայացնելու և դրանց հետազոտմանը մասնակցելու իրավունքները, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Ավելին, սույն քաղաքացիական գործի դատական քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերության համաձայն՝ հայցադիմումը ստանալու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում պատասխանողը պարտավոր է դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ՝ դրան կցելով հայցի դեմ իր առարկությունները հաստատող փաստաթղթեր կամ ներկայացնել հիմնավորված միջնորդություն` մինչև երկու շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ:

Թեև վերը նշված հոդվածով հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելը պատասխանողի դատավարական պարտականությունն է, սակայն միաժամանակ դա վերջինիս դատավարական իրավունքն է, քանի որ դատավարական այդ ինստիտուտը պատասխանողի դատավարական պաշտպանության եղանակներից մեկն է: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ սահմանված հայցադիմումին պատասխան ներկայացնելը դիտում է որպես դատավարական կարևոր իրավունք: Վերոգրյալից հետևում է, որ դատարանը պարտավոր է դատավարությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի պատասխանողի այս իրավունքի իրականացումը:

Փաստորեն, Տնտեսական դատարանը, դատական նիստը 31.10.2007 թվականին հետաձգելով և գործի քննությունը 08.11.2007 թվականին նշանակելով, հնարավորություն չի տվել պատասխանողին օգտվելու ոչ միայն օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում հայցադիմումին պատասխան ներկայացնելու իր իրավունքից, այլև իր գործը և ապացույցները այնպիսի պայմաններում ներկայացնելու իրավունքից, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդար դատաքննության իրավունքի ամբողջ ծավալով իրականացնելու օբյեկտիվ հնարավորությունների բացակայությունը կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

Պատասխանում առկա փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով.

2) վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ կողմի (կողմերի) փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել՝ կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում: Հետևաբար, նման իրավիճակում այդ պատճառաբանությունները Վճռաբեկ դատարանում չեն քննարկվում:

Նույն պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանում չեն քննարկվում նաև Պատասխանի և վճռաբեկ բողոքի լրացման՝ նյութական նորմերի խախտման և խախտման բացակայության վերաբերյալ փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 16.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան
  Ս. Օհանյան