Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-748
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.16/23(613) Հոդ.340
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.04.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

8 ապրիլի 2008 թ.

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՈՍՈՎՈՅԻ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԸ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի դեկտեմբերի 19-ին և 2008 թվականի հունվարի 21-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև Կոսովոյի ուժերի գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու վերաբերյալ 2003 թվականի սեպտեմբերի 3-ի փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև Կոսովոյի ուժերի գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու վերաբերյալ 2003 թվականի սեպտեմբերի 3-ի փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 19-ին, իսկ Հունաստանի Հանրապետության կողմից` 2008 թվականի հունվարի 21-ին:

2. Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև Կոսովոյի ուժերի գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը (կից արձանագրությամբ) ստորագրվել է 2003 թվականի սեպտեմբերի 3-ին` Կոսովոյի ուժերի շրջանակներում Կոսովոյում հունական առաքելության կազմում հայկական հրաձգային դասակի ներգրավման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով և Հայաստանի Հանրապետության կողմից այն վավերացվել է 2003 թվականի դեկտեմբերի 13-ին:

3. Արձանագրության նպատակն է Հայաստանի Հանրապետության առավել ակտիվորեն մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին և կայունացման գործընթացին:

Նկատի ունենալով միջազգային խաղաղապահ առաքելություններին և կայունացման գործընթացին առավել ակտիվորեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության ցանկությունը, ելնելով Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ևս մեկ հրաձգային դասակ ներգրավելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`

- Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում գտնվող մինչև 30 հոգի ունեցող հայկական հրաձգային դասակը փոխարինել նվազագույնը 70 զինծառայողից բաղկացած հայկական վաշտով:

Արձանագրությամբ Փոխըմբռնման հուշագրից հանվել է հետևյալ դրույթը.

«Եթե Կողմերը որևէ հայցապահանջի առնչությամբ փոխադարձաբար որոշում են, որ վնասը, կորուստը, մարմնական վնասվածքը կամ մահը պատճառվել են միայն Կողմերից մեկի չմտածված գործողությունների, բացթողումների, պարտավորությունների միտումնավոր չկատարման կամ անփութության հետևանքով, ապա պատասխանատվության հետ կապված ծախսերը կրում է միայն այդ Կողմը»:

Քննության առարկա արձանագրությունը կազմում է Փոխըմբռնման հուշագրի անբաժանելի մասը:

ՀՀ զինված ուժերի ներկայությունը Կոսովոյում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության` ՄԱԿ-ի շրջանակներում փոխադարձ կոլեկտիվ համակարգին մասնակցությանը, ՄԱԿ-ի կանոնադրության պահանջներին, ինչպես նաև այլ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև Կոսովոյի ուժերի գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու վերաբերյալ 2003 թվականի սեպտեմբերի 3-ի փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


8 ապրիլի 2008 թ.
ՍԴՈ-748

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան