Գլխավոր տեղեկություն
Համար
N 313
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.03.2008-16.12.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.30/46.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.1998

040.0313.26.05.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 1998 թվականի N 313
քաղ. Երևան

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մայիսի 26-ի N 313 որոշմամբ

 

Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը ԵՎ դրանց օգտագործման կարգը

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտին այդ օբյեկտների բնականոն գործունեությունը, քաղաքացիների և շահագործող անձնակազմի անվտանգությունն ու գույքի պաշտպանությունն ապահովող տարածքն է:

2. Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիներն օգտագործվում են ըստ նպատակայնության: Այդ գոտիներում արգելվում է իրականացնել որևէ գործունեություն, որը կարող է սպառնալիք ներկայացնել օբյեկտների բնականոն աշխատանքի, քաղաքացիների և շահագործող անձնակազմի կյանքի ու առողջության անվտանգության, ինչպես նաև գույքի պահպանության համար` ըստ գործող նորմերի և կանոնների:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը, պետական կառավարման տարածքային մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց իրավասության սահմաններում վերահսկողություն են իրականացնում անվտանգության գոտիների պահպանման նկատմամբ:

4. Կապված անվտանգության գոտիների սահմանման հետ` հողի նկատմամբ օգտակալությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

5. Անվտանգության գոտիները, ինչպես նաև հողի նկատմամբ օգտակալությունը սահմանելու հետևանքով հողի սեփականատիրոջը կամ վարձակալին հասցված վնասները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Գործող, նոր նախագծվող և կառուցվող էներգետիկ օբյեկտների անվտանգության գոտիների չափերի պահպանումը, ինչպես նաև շինարարական նորմերով ու կանոններով և այլ նորմատիվային փաստաթղթերով սահմանված պահանջների կատարումը բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պարտադիր է:

 

II. Հիդրոէներգետիկ օբյեկտների անվտանգության գոտիների չափերը ԵՎ դրանց օգտագործման կարգը

7. Ջրամբարների և գլխամասային կառուցվածքների անվտանգության գոտին դրանց կից տարածքն է, որտեղ հաստատվում է հատուկ ռեժիմ` ջրերը կեղտոտումից, աղտոտումից, սպառումից զերծ պահելու, ինչպես նաև այդ օբյեկտներն անվտանգ շահագործելու համար: Արգելվում է անվտանգության գոտու տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելը: Անվտանգության գոտու չափերը տրված են ստորև ներկայացված աղյուսակում`

 

Անվտանգության գոտու նվազագույն լայնությունը` սկսած նորմալ դիմհարային մակարդակից` կախված ջրամբարին հարակից լանջերի թեքությունից

 

Հարակից լանջի թեքությունը

մինչև 15օ

15օ - 30օ

30օ - 45օ

Անվտանգության գոտու լայնությունը (մ)

10

10 - 15

15 - 20

Ծանոթագրություն.

45օ աստիճանից բարձր թեքությունների դեպքում անվտանգության գոտու լայնությունը որոշվում է սահմանված կարգով հաստատված նախագծով:


8. Դերիվացիոն ջրանցքների, խողովակաշարերի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հողային շերտի լայնությունը` դերիվացիոն ջրանցքի կամ խողովակաշարի եզրից մինչև տարբեր նշանակության օբյեկտները, շինությունները, կառույցները և հողօգտագործողների կողմից օգտագործվող հողերը, պետք է լինի 6 մետրից ոչ պակաս:

Այն դեպքում, երբ ջրանցքն անցնում է թեք լանջերով, անվտանգության գոտու լայնությունը, կախված լանջի թեքությունից, որոշվում է ստորև ներկայացված աղյուսակի համաձայն`

 

Թեք լանջերով անցնող ջրանցքի անվտանգության գոտու լայնությունը

 

Հարակից լանջի թեքությունը

մինչև 15օ

15օ - 30օ

30օ - 45օ

Անվտանգության գոտու լայնությունը (մ)

6

6 - 10

10 - 20

Ծանոթագրություն.

45օ -ից բարձր թեքությունների դեպքում անվտանգության գոտու լայնությունը որոշվում է սահմանված կարգով հաստատված նախագծով:

 

III. Մայրուղային խողովակաշարերի անվտանգության գոտիների չափերը ԵՎ դրանց օգտագործման կարգը

 

9. Մայրուղային խողովակաշարերը նավթ և նավթամթերքներ, բնական և արհեստական ածխաջրածնային գազեր ու խտուցք, հեղուկացված ածխաջրածնային գազեր, ինչպես նաև այլ հեղուկացված ածխաջրածիններ տեղափոխող խողովակաշարերն են:

10. Մայրուղային խողովակաշարերի կազմի մեջ մտնում են`

ճյուղավորումներով և շրջանցումներով, փակիչ ամրանով (արմատուր), բնական ու արհեստական խոչընդոտների անցումներով, պոմպային և ճնշակային կայանների միացման հանգույցներով, մաքրիչ սարքվածքների ընդունման ու բացթողման հանգույցներով, գազի ծախսի չափման հանգույցներով, խտուցքահավաքիչներով, մեթանոլի ներանցման սարքվածքներով խողովակաշարերը,

խողովակաշարերը կոռոզիայից պաշտպանող էլեկտրաքիմիական կայանները, տեխնոլոգիական կապի գծերն ու կառույցները, խողովակաշարերի հեռուստամեխանիկայի միջոցները,

էլեկտրահաղորդման գծերը և փակիչ ամրանով ու խողովակաշարերի էլեկտրաքիմիական պաշտպանության կայանքներով էլեկտրամատակարարման ու հեռուստակառավարման սարքվածքները,

հակահրդեհային միջոցները, խողովակաշարերի հակաէրոզիոն և պաշտպանիչ կառույցները,

խտուցքի պահման և ապագազավորման տարողությունները, նավթի, նավթամթերքների, խտուցքների ու հեղուկացված ածխաջրածինների վթարային բացթողման հողաշեն ամբարները,

խողովակաշարերի շահագործման գծային ծառայության կառույցները,

մշտական ճանապարհները և ուղղաթիռային հրապարակները, որոնք տեղակայված են խողովակաշարերի ուղեգծի երկարությամբ և դեպի դրանք ուղղված մատույցները, ինչպես նաև խողովակաշարերի տեղի տարբերիչ նշաններն ու ազդանշանները,

վերամղման և լցավորման գլխավոր ու միջանկյալ պոմպակայանները, պահոցային հավաքակայանները, գազաբաշխիչ և ճնշակային կայանները,

ստորգետնյա գազապահեստարանները,

լցման և դատարկման կամրջակները (էստակադներ):

11. Մայրուղային խողովակաշարերի շահագործման բնականոն պայմաններն ապահովելու և դրանց վնասվելու հնարավորությունները բացառելու նպատակով (անցկացման ցանկացած ձևի դեպքում) սահմանվում են անվտանգության գոտիներ (պահպանման գոտիներ)`

խողովակաշարի ուղեգծի երկայնքով ձգվող հողատարածքը, որը սահմանազատվում է խողովակաշարի երկու կողմով` առանցքից 50 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով: Գյուղատնտեսական հողատարածքներում անվտանգության գոտին սահմանազատվում է խողովակաշարի յուրաքանչյուր կողմով` առանցքից 25 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով,

բազմագիծ խողովակաշարերի ուղեգծի երկայնքով ձգվող հողատարածքը, որը սահմանազատվում է յուրաքանչյուր կողմի եզրային խողովակաշարի առանցքից 50 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով: Գյուղատնտեսական հողատարածքներում անվտանգության գոտին սահմանազատվում է յուրաքանչյուր կողմի եզրային խողովակաշարերի առանցքից 25 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով,

ստորջրյա անցումների երկայնքով բնական գազ և այլ նյութեր տեղափոխող խողովակաշարերի համար` ջրային տարածքի հատվածը` ջրի մակերեսից մինչև հատակը սահմանափակված յուրաքանչյուր կողմի եզրային խողովակաշարերից 100 մ հեռավորությամբ զուգահեռ հարթություններով,

խտուցքի պահման և ապագազավորման տարողությունների շրջակայքում, նավթամթերքների, խտուցքների և հեղուկացված ածխաջրածինների վթարային բացթողման հողե ամբարների մոտ` նշված օբյեկտների սահմանային տարածքի յուրաքանչյուր կողմից 50 մ հեռավորությամբ պարփակ գծով սահմանազատված հողատարածքը,

վերամղման և լցման գլխավոր ու միջանկյալ պոմպակայանների, պահոցային հավաքակայանների, ճնշակային և գազաբաշխիչ կայանների, գազի ծախսի չափման հանգույցների, լցման և դատարկման կամրջակների, ստորգետնյա գազապահեստարանների շուրջը` նշված օբյեկտների տարածքի սահմանի բոլոր կողմերից 100 մ հեռավորությամբ պարփակ գծով սահմանազատված հողատարածքը:

12. Մայրուղային խողովակաշարերի անվտանգության գոտում գտնվող հողատարածքները հողօգտագործողների կողմից օգտագործվում են գյուղատնտեսական ու այլ աշխատանքներ կատարելու նպատակով` պարտադիր պահպանելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից հաստատված մայրուղային խողովակաշարերի պահպանության կանոնների պահանջները:

13. Մայրուղային խողովակաշարերի անվտանգության գոտիներում միայն տնօրինող ձեռնարկությունների (կազմակերպությունների) կողմից տրված տեխնիկական պայմաններին համապատասխան կարող է իրականացվել ցանկացած տնտեսական գործունեություն, այդ թվում`

որևէ շինության կամ կառույցի շինարարություն իրականացնելը,

ամեն տեսակի ծառ ու թուփ տնկելը, անասնակեր, պարարտանյութեր և այլ նյութեր պահեստավորելը, խոտի և ծղոտի դեզեր դնելը, անասուններ պահելը, ձկնարդյունագործական տեղամասեր հատկացնելը, ձուկ, ինչպես նաև ջրային կենդանիներ ու բույսեր արդյունահանելը, ջրարբիացում կազմակերպելը, սառցաջարդում և սառցահավաքում իրականացնելը,

խողովակաշարերի ուղեգծերի վրայով անցատեղեր ու անցումներ կառուցելը, ավտոտրանսպորտի, տրակտորների և մեխանիզմների կայանելը,

հողաբարելավման (մելիորատիվ) աշխատանքներ կատարելը, ոռոգման ու չորացման համակարգեր կառուցելը,

ամեն տեսակի լեռնային, շինարարական տեղակայման և պայթեցման աշխատանքներ կատարելը, գետնի հարթեցումը,

երկրաբանական նկարահանումներ, որոնման, երկրաբաշխական (գեոդեզիական) և այլ հետազննման աշխատանքներ կատարելը, որոնք կապված են հորատանցքեր ու հետախուզահորեր փորելու և բնահողի փորձանմուշներ վերցնելու հետ (բացի հողանմուշներ վերցնելուց):

 

IV. Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների չափերը ԵՎ դրանց օգտագործման կարգը

 

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 13.12.07 N 1452-Ն)

15. (15-րդ կետն ուժը կորցրել է 13.12.07 N 1452-Ն)

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 13.12.07 N 1452-Ն)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 13.12.07 N 1452-Ն)

 

(IV բաժինն ուժը կորցրել է 13.12.07 N 1452-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.11.2017, N 1494-Ն 16.12.2017, N 313
13.12.2007, N 1452-Ն 12.03.2008, N 313
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան