ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների |
Քաղաքացիական գործ թիվ 3-1877(Ա) |
Նախագահող դատավոր՝ Ա. Հունանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Է. Հայրիյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Ս. Գյուրջյանի |
2007 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե Ասատրյանի վճռաբեկ բողոքն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 21.11.2005 թվականի վճռի դեմ` ըստ «Արմենթել» ՀՁ ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Գայանե Ասատրյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է բռնագանձել Գայանե Ասատրյանից 387.716 ՀՀ դրամ:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 21.11.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Ասատրյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, ինչպես նաև 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ անձի՝ դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը:
Դատարանը գործը քննել է Ալվարդ Սավգուլյանի բացակայությամբ, առանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու:
Ծանուցագիրն ուղարկված էր մի հասցեով, որտեղ Գայանե Ասատրյանը 19.09.1994 թվականից չի բնակվել, քանի որ առուվաճառքի թիվ 5-6232 պայմանագրով տվյալ հասցեի բնակարանը վաճառվել է:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 21.11.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Քաղաքացիական գործում առկա է Գայանե Ասատրյանին Կ. Ուլնեցու (նախկին Ջափարիձե) 2-րդ նրբ. 5-րդ շենքի թիվ 5 հասցեով ուղարկված ծանուցագրի անդորրագիր և ստանալու մասին ծանուցման հավաստագիր:
2) ՀՀ ԿԱ ԱԿ ՊԿ Զեյթունի տարածքային ստորաբաժանման 11.06.2007 թվականի թիվ 1121ա գրության համաձայն՝ Գայանե Ասատրյանը 19.09.1994 թվականին քաղաք Երևան, Ջափարիձեի 2-րդ նրբանցք, 5-րդ շենքի թիվ 5 բնակարանը վաճառել է Անեչկա Դավիդովային:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ 2-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց)՝ դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Գայանե Ասատրյանին չէր կարող պատշաճ ձևով տեղեկացրած լինել 21.11.2005 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, քանի որ բնակարանը վաճառված լինելու պայմաններում Գայանե Ասատրյանը չէր կարող պատշաճ ձևով ստանալ ծանուցումը:
Այսպիսով, սույն քաղաքացիական գործում առկա չէ 21.11.2005 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Գայանե Ասատրյանին ուղարկված դատական ծանուցագիր կամ վերջինիս պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես` Շենգավիթի թաղապետարանն ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 21.11.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` |
Ա. Մկրտումյան | |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` |
Վ. Աբելյան | |
|
Ս. Անտոնյան | |
|
Է. Հայրիյան | |
|
Ս. Սարգսյան | |
|
Ս. Գյուրջյան |