Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.29/6(672)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-3331

Քաղաքացիական գործ թիվ 3-1761(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան
Դատավորներ՝ Դ. Խաչատրյան, Լ. Գրիգորյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Ս. Գյուրջյանի

 

Է. Հայրիյանի

 

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Հ. Հակոբյանի և Գ. Խաչիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.09.2006 թվականի վճռի դեմ` քաղաքացիական գործով ըստ հայցի Հասմիկ Հակոբյանի և Գագիկ Խաչիկյանի ընդդեմ «Հայագրոբանկ» ԲԲԸ-ի, Գոհար Խաչիկյանի և Գավառի նոտարական տարածքի նոտարի՝ գույքի հանձնման պայմանագիրը, դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու և անշարժ գույքի առուվաճառքի առոչինչ պայմանագրի անվավերության հետևանքների կիրառման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորները պահանջել են անվավեր ճանաչել Գավառ քաղաքի Միքայելյան փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տան վերաբերյալ կնքված 18. 04. 2003 թվականի հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման և 01. 08. 2003 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը, բնակելի տունը հանձնել հայցվորների սեփականությանը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16. 11. 2005 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.09.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հ. Հակոբյանը և Գ. Խաչիկյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

Վերաքննիչ դատարանը 15.09.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն ուղարկել է միայն հայցվորի նախկին ներկայացուցիչ Լ. Ավագյանին, որին տրված լիազորագրի գործողության ժամկետն ավարտվել է դեռևս 22. 06. 2006 թվականին: Այսինքն` հայցվորին պատշաճ չծանուցելով, դատարանը գործը քննել է ըստ էության, որով խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաև` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հայցվորի դատական պաշտպանության իրավունքը:

Բացի այդ, դատարանը հայցն առանց քննության թողնելուց հետո, գործի վարույթը վերսկսել է հայցվորի նախկին ներկայացուցչի 30. 08. 2006 թվականի դիմումի հիման վրա, սակայն այդ պահին ներկայացուցչի լիազորությունները դադարած են եղել:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 290-րդ, 318-րդ, 321-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

Վերաքննիչ դատարանի վճիռը հակասում է հայցվորների` գույքի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքի բովանդակությանը: Սեփականության իրավունքի բովանդակություն ասելով հասկացվում է այն իրավազորությունների ամբողջությունը, որն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի:

Պայմանագիրը` որպես երկկողմ գործարք համարելու համար, Վերաքննիչ դատարանը պետք է համոզվեր, որ այն քաղաքացիական իրավունքի սուբյեկտների կողմից սեփական շահերի բավարարման համար ազատորեն կատարվող կամային գործողություն է: Սույն դեպքում հրաժարագնով գույքի հանձնման պայմանագրի կնքման ժամանակ բացակայել է հայցվորի կամքը, որպիսի պարագայում նշված պայմանագիրը պետք է ճանաչվեր անվավեր: Հայցվորների անունից պայմանագիր կնքելու լիազորություն պատասխանողը չի ունեցել, քանի որ վերջինիս տրված լիազորագրով Գ. Խաչատրյանի անունից նրա շահերը կարող էին ներկայացվել միայն «Հայագրոբանկ» ԲԲԸ-ից վարկային գումարի ստացման գործարքում: Մինչդեռ, պատասխանողը պայմանագիրը կնքել է` նոտարական գրասենյակում հայտնելով, որ ստացել է հայցվորի բանավոր համաձայնությունը, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.09.2006 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Դատարանում իր շահերը ներկայացնելու համար հայցվոր Հ. Հակոբյանի կողմից Լ. Ավագյանին տրված 22.06.2005 թվականի լիազորագրի ժամկետը սահմանվել է մեկ տարի (գ. թ. 11):

2) Դատարանում իր շահերը ներկայացնելու համար հայցվոր Գ. Խաչիկյանի կողմից Լ. Ավագյանին տրված 28.06.2005 թվականի լիազորագրի ժամկետը սահմանվել է մեկ տարի (գ. թ. 12):

3) Վերաքննիչ դատարանի 30. 08. 2006 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը` հայցն առանց քննության թողնվելուց հետո, վերսկսվել է Լ. Ավագյանի 10. 08. 2006 թվականի միջնորդության (մուտքագրվել է Վերաքննիչ դատարան 30. 08. 2006 թվականին) հիման վրա (գ. թ. 198-199):

4) 15.09.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն ուղարկվել է Լ. Ավագյանի հասցեով (գ. թ. 200):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիները կարող են դատարանում իրենց գործերը վարել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով:

Նույն օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ներկայացուցչի լիազորությունները պետք է ամրագրվեն օրենքին համապատասխան տրված և ձևակերպված լիազորագրում:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի` լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Տվյալ դեպքում հայցվորներն իրենց իրավունքների պաշտպանությունը վստահել են այլ անձի, սակայն վերջինիս տրված լիազորագրերով այդ գործողությունների կատարման համար սահմանել են ժամկետներ, որոնց ավարտմամբ էլ օրենքով սահմանված կարգով դադարում է հայցվորների անունից հանդես գալու ներկայացուցչի լիազորությունները:

Հայցվորներ Հ. Հակոբյանի և Գ. Խաչիկյանի անունից դատարանում հանդես գալու և նրանց իրավունքների պաշտպանության իրականացման համար որպես ներկայացուցիչ Լ. Ավագյանին տրված 22.06.2005 թվականի և 28.06.2005 թվականի լիազորագրերով դրանց գործողության ժամկետները սահմանափակվել են մեկական տարով: Փաստորեն, հայցվորների անունից հանդես գալու Լ. Ավագյանի լիազորությունը հայցվոր Հ. Հակոբյանի մասով դադարել է 23.06.2006 թվականից, իսկ հայցվոր Գ. Խաչիկյանի մասով` 29.06.2006 թվականից:

Մինչդեռ սույն գործով հայցն առանց քննության թողնվելուց հետո, Վերաքննիչ դատարանի 30. 08. 2006 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է Լ. Ավագյանի 10.08.2006 թվականի միջնորդության (մուտքագրվել է Վերաքննիչ դատարան 30.08.2006 թվականին) հիման վրա, որն այդ պահին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածին համապատասխան ձևակերպված՝ հայցվորների անունից հանդես գալու լիազորություն չի ունեցել: Այսինքն՝ գործի վարույթը վերսկսվել է առանց դրա համար հիմք հանդիսացող օրինական դատավարական գործողությունների կատարման:

15.09.2006 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատական ծանուցագիրը ուղարկվել է այդ պահին հայցվորներին ներկայացնելու լիազորություն չունեցող Լ. Ավագյանին:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործով դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջը խախտվել է, քանի որ գործում առկա չէ 15.09.2006 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին հայցվորներին հասցեագրված (ուղարկված) դատական ծանուցագիր:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում: Այս մասին Վճռաբեկ դատարանն իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26. 10. 2006 թվականի թիվ 2-2128(Ա) որոշմամբ (տես քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի ընդդեմ Շահեն Բաբայանի՝ գումարի պահանջի մասին):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

Այսպիսով, դատավարական նորմերի խախտման վերաբերյալ սույն վճռաբեկ բողոքում նշված փաստարկները հիմնավոր համարելով, Վճռաբեկ դատարանն այն դիտում է որպես բավարար հիմք՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար, որի պայմաններում Վճռաբեկ դատարանը նյութական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ բողոքի հիմքերին չի անդրադառնում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.09.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան