Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-2829/2007

Քաղաքացիական գործ թիվ 3-1848(ՎԴ)
2007թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ավանեսյան
Դատավորներ՝ Գ. Մատինյան, Դ. Խաչատրյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

 

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Բաբկեն Սահրադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.08.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Բաբկեն Սահրադյանի ընդդեմ «Ինտրաքոմ Հայաստան» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների փոխհատուցման, գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հրամանը և ծանուցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է.

1. անվավեր ճանաչել պատասխանողի կողմից 2007 թվականի փետրվարի 16-ին կազմված ծանուցումը իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ և իր մոտ պահպանվող փաստաթղթերի և ամրացված գույքը հետ պահանջելու մասին հրամանը՝ պատասխանողին պարտավորեցնելով վճարելու հայցվորին`

ա) սկսած 2007 թվականի հունվարի 1-ից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամանակահատվածի համար հասանելիք աշխատավարձը (ամսական աշխատավարձի չափը 255000 ՀՀ դրամ, առանց հարկերի և պարտադիր այլ վճարների),

բ) աշխատանքային պայմանագիրը ցանկացած կարգով լուծելու դեպքում 3 ամիս առաջ գրավոր տեղեկացնելու համար սահմանված ժամկետի հասանելիք 3 ամսվա աշխատավարձը և 3 ամսվա վարձատրությանը համարժեք փոխհատուցում։ (1.530.000 ՀՀ դրամ առանց հարկերի և պարտադիր այլ վճարների),

գ) աշխատանքային պայմանագրով նախատեսված ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունհազարապատիկի չափով գումար (50.000.000 ՀՀ դրամ),

դ) 2005–2006 թվականների աշխատանքային տարվա համար հասանելիք և իր կողմից չօգտագործված 22 արձակուրդային օրվա գումարը և 2006–2007 թվականների աշխատանքային տարվա համար հասանելիք և իր կողմից չօգտագործված 28 արձակուրդային օրվա գումարը,

ե) այլ անհրաժեշտ վճարները՝ հայցվորի 1 ամսվա աշխատավարձի չափով գումարը որպես արձակման նպաստ (255000 ՀՀ դրամ, առանց հարկերի և պարտադիր այլ վճարների),

զ) ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսագումարը հայցապահանջի «ա-ից մինչև ե» կետերում նշված և իրեն չվճարված գումարների հաշվարկով՝ սկսած 2007 թվականի փետրվարի 16-ից մինչև իրեն փաստացի վճարվելիք օրը ներառյալ։

2. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից 2005 թվականի դեկտեմբերի 23-ին իր և պատասխանողի միջև կնքված թիվ 55 աշխատանքային պայմանագիրը համարել լուծված, աշխատանքային գրքույկում կատարելու գրառում աշխատանքային պայմանագիրը լուծված համարվելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները և իրեն տրամադրելու հաշվարկային թերթիկներ ամբողջ աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ։

3. Ճանաչել սեփականության իրավունքը մինչ պայմանագրի լուծման պահը իրեն հատկացված գույքի՝ ավտոմեքենայի (ՎԱԶ 21104 մակնիշի, 922 ՕԼ 64 պետհամարանիշի, 2006 թվականի թողարկման տարեթվի, կապտասև մետաղական գույնի, XTA 21104060952410 նույնացման համարի, 1546904 շարժիչի համարի, 0952410 թափքի համարի, ՀՀ Ոստ. ՊԱՏՎ Երևանի 1Տ12 ԳՔԲ (Խ) 20.07.2006 թվականին տրված տեխնիկական կտրոնի) նկատմամբ։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 19.06.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.08.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է պատասխանողից հօգուտ Բաբկեն Սահրադյանի բռնագանձել 1104012 ՀՀ դրամ` որպես 2007 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում չվճարված աշխատավարձի գումար: Հայցը մնացած մասով մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բաբկեն Սահրադյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասը, 298-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասը, 51-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով կողմերի միջև աշխատանքային հարաբերությունների փաստը, ըստ էության հաստատված է համարել նաև, որ հայցվորի և պատասխանողի միջև 2005 թվականի դեկտեմբերի 23-ին կնքվել է աշխատանքային պայմանագիր: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով 23.12.2005 թվականի թիվ 55 աշխատանքային պայմանագրին, ապացուցված չի համարել այն հանգամանքը, որ հայցվորի և պատասխանողի միջև կնքվել է հայցվորի ներկայացրած պայմանագիրը: Դատարանը հաստատված է համարել հայցվորի և պատասխանողի միջև 23.03.2006 թվականին, 04.05.2006 թվականին, 23.06.2006 թվականին և 16.08.2006 թվականին կնքված թիվ 55 աշխատանքային պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրերն ու հավելվածները, հայցվորի աշխատանքային գրքույկում աշխատանքի ընդունված լինելու մասին գրառումը, որի համար որպես հիմք նշվել է նույն թիվ 55 աշխատանքային պայմանագիրը: Հետևաբար, հաստատված է համարել նաև, որ 23.12.2005 թվականին հայցվորի և պատասխանողի միջև կնքվել է թիվ 55 աշխատանքային պայմանագիրը:

Թիվ 55 Աշխատանքային պայմանագրի կնքված լինելու հանգամանքը հիմնավորվում է նաև գործում առկա աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի համապատասխան էջով: Նշված պայմանագիրը հաշվառված էր պատասխանողի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում:

Պատասխանող կողմը չի ներկայացրել որևէ այլ` 23.12.2005 թվականին կնքված պայմանագիր կամ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, որը կհիմնավորեր նրա կողմից 23.12.2005 թվակաին կնքած թիվ 55 աշխատանքային պայմանագիրը վիճարկելը և դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով այն անվավեր ճանաչելը:

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել նույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 5-րդ մասը, խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե ծանուցման ժամկետը լրանալուց հետո անցել է հինգ օրից ավելի ժամանակ, և գործատուն չի լուծել պայմանագիրը: Այդ ժամկետում չեն հաշվարկվում աշխատողի արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածները:

Եթե Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ 16.02.2007 թվականին աշխատանքային պայմանագրի լուծման մասին տրված ծանուցումը համապատասխանում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի պահանջներին, որի հետևանքով էլ այն չի կարող անվավեր ճանաչվել, և մերժել է հայցվորի պահանջը աշխատավարձի բռնագանձման մասով, նշանակում է հաստատված է համարել, որ հայցվորի և պատասխանողի միջև 23.12.2005 թ. կնքած թիվ 55 աշխատանքային պայմանագիրը լուծվել է:

Բացի այդ, Պայմանագրի 6.2 կետի դրույթից հստակ երևում է, որ գործատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված աշխատավարձի հիսունհազարապատիկի չափով գումարի վճարումը պայմանավորված է ոչ թե լրացուցիչ պատասխանատվությամբ, այլ գործատուի պայմանագրային պարտավորությամբ, որոնք ըստ էության տարբեր հասկացություններ են:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության 51-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածը, 130-րդ հոդվածի 1-ին մասը, 170-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, մերժելով հայցվորի պահանջի՝ պատասխանողից 2005-2006 թվականների հասանելիք և չօգտագործված արձակուրդային գումարների բռնագանձման պահանջի մասը, և հաստատված համարելով, որ այդ ժամանակահատվածի համար հայցվորին վճարվել է այն, հիմք է ընդունել 28.09.2006 թվականի թիվ 370 հրամանը՝ հայցվորին հերթական արձակուրդ տրամադրելու մասին և 06.10.2006 թվականի թիվ 388 հրամանը՝ հայցվորին հերթական արձակուրդից հետ կանչելու մասին:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը անտեսել է, որ 2005-2006 թվականների համար հասանելիք արձակուրդային գումարը հայցվորին վճարված լինելու փաստը կարող է հիմնավորվել միայն ընկերության կողմից համապատասխան վճարման թերթիկով: Արձակուրդային գումարը չստանալու փաստը հաստատվում է նաև հայցվորի 2006 թվականի սեպտեմբեր ամսվա հաշվարկային թերթիկով:

Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով, որ աշխատանքային պայմանագիրը հայցվորի հետ լուծվել է 2007 թվականի մայիսի 10-ին, անուշադրության է մատնել պատասխանողի կողմից ներկայացված տեղեկանքը, որից պարզ երևում է, որ ոչ արձակուրդային գումարները, ոչ էլ 255.000 ՀՀ դրամ արձակման նպաստն ընդգրկված չեն տվյալ հաշվարկի մեջ, վերջնահաշվարկն էլ չի կատարվել օրենքով սահմանված կարգով:

4) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի առաջին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ, 366-րդ, 436-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Յուրաքանչյուր ամսվա համար հայցվորին հասանելիք աշխատավարձը պատասխանողը պարտավոր էր վճարել մինչև հաջորդ ամսվա 15-ը: Մինչդեռ, 01.01.2007 թվականից մինչև նույն թվականի մայիսի 10-ը պատասխանողի կողմից չի վճարվել հասանելիք աշխատավարձը: Գործատուն, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասը, թիվ 55 աշխատանքային պայմանագրի 4.1. կետը, 5.1. կետի «ա» ենթակետը, 5.4. կետի «բ» ենթակետը, տվյալ ժամանակահատվածի համար հասանելիք աշխատավարձը վճարել է միայն 2007 թվականի մայիսի 10-ին, որն էլ փոխանցել է հայցվորի բանկային հաշվին կրկին ուշացումով՝ 14.08.2007 թվականին դրանում չհաշվարկելով յուրաքանչյուր օրվա ուշացման համար օրենքով սահմանված տոկոսները: Պատասխանողը պարտավոր էր, սկսած 16.02.2007 թվականից մինչև փաստացի վճարման օրը ներառյալ, հայցվորին վճարելու չվճարված գումարների համար տոկոսագումար, քանի որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի առկա է միայն պատասխանողի մեղքը: Պատասխանողի մեղքը հիմնավորվում է նաև նրանով, որ նա, չնայած չունի որևէ ապացույց, որ հայցվորին գրավոր առաջարկել է ստանալ գումարները, գոնե պետք է հայցվորի անուն-ազգանունով հասանելիք գումարները վճարեր կամ նոտարի, կամ դատարանի դեպոզիտ` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 366-րդ հոդվածի:

Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.08.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 19.06.2006 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության և Բաբկեն Սահրադյանի միջև 23.12.2005 թվականին կնքվել է թիվ 55 աշխատանքային պայմանագիրը:

2) Թիվ 55 աշխատանքային պայմանագիրը կնքված է Ընկերության կնիքով, սակայն ստորագրված չէ:

3) Ընկերության և Բաբկեն Սահրադյանի միջև 16.08.2006 թվականին, 04.05.2006 թվականին, 23.03.2006 թվականին և 26.06.2006 թվականին կնքված համաձայնագրերով փոփոխություն են կատարել 23.12.2005 թվականին կնքված աշխատանքային պայմանագրում:

4) Բաբկեն Սահրադյանի աշխատանքային գրքույկի համաձայն` Բաբկեն Սահրադյանը 23.12.2005 թվականին թիվ 248 հրամանով Ընկերությունում ընդունվել է աշխատանքի որպես իրավաբան-փաստաբան:

5) Ընկերության աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի 55-րդ էջում հաշվառված է Բաբկեն Սահրադյանի և Ընկերության միջև 23.12.2005 թվականին կնքված թիվ 55 աշխատանքային պայմանագիրը:

6) 23.12.2005 թվականին կնքված թիվ 55 աշխատանքային պայմանագրի 5.4 կետի «ը» ենթակետի համաձայն՝ Գործատուն պարտավոր է սույն Պայմանագիրը ցանկացած կարգով լուծման դեպքում երեք ամիս առաջ գրավոր տեղեկացնել Իրավաբան/Փաստաբանին (Բաբկեն Սահրադյանին) և Իրավաբան/Փաստաբանին վճարել ևս նրա 3 (երեք) ամսվա վարձատրությանը համարժեք փոխհատուցում, այլ անհրաժեշտ վճարներ, որի մեջ չի հաշվառվում ՀՀ օրենսդրությամբ և (կամ) սույն Պայմանագրով սահմանված Իրավաբան/Փաստաբանին վճարվելիք այլ վճարներ:

7) Նույն պայմանագրի 6.2 կետի համաձայն` Գործատուն իր պարտականությունները և (կամ) սույն պայմանագրի պայմաններից որևէ մեկը չկատարելու և (կամ) սույն պայմանագիրը Կողմերից որևէ մեկի կողմից լուծվելու դեպքում կրում է պատասխանատվություն և միաժամանակ Գործատուն պարտավոր է Իրավաբան/Փաստաբանին վճարի նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունհազարապատիկի չափով գումար:

8) Ընկերության գլխավոր տնօրենը 02.02.2007 թվականին դիմել է ընկերության խորհրդին հայցվորի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու համաձայնություն տալու խնդրանքով:

9) Ընկերության կողմից 16.02.2007 թվականին ծանուցում է ուղարկվել Բաբկեն Սահրադյանին այն մասին, որ կազմակերպչական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխմամբ պայմանավորված «Ինտրաքոմ Հայաստան» ՍՊԸ-ի աշխատողների թվաքանակը կրճատվում է, մասնավորապես, իրավաբանի հաստիքի կրճատման միջոցով:

10) Ընկերության 16.02.2007 թվականի հրամանով վերացվել է հայցվորին տրված՝ Ընկերությանը պատկանող ավտոմեքենան վարելու, տեխնիկական վիճակին հետևելու և այլ գործողություններ կատարելու լիազորագիրը:

11) Ընկերության 10.05.2007 թվականի տեղեկանքի համաձայն՝ 10.05.2007 թվականի դրությամբ Ընկերությունը Բաբկեն Սահրադյանի նկատմամբ ունի 1.104.012 ՀՀ դրամ աշխատավարձի պարտավորություն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից: Աշխատանքային պայմանագիրն ստորագրում են գործատուն կամ նրա ներկայացուցիչը և աշխատողը:

Սույն գործի նյութերում առկա է գրավոր ապացույց, որի վերնագրում նշված է «Իրավաբան/Փաստաբանի աշխատանքային պայմանագիր» N 55, որպես կնքման ամսաթիվ նշված է 23.12.2005 թվականը: Նշված գրավոր ապացույցի բովանդակության ուսումնասիրումից Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ այն ստորագրված է միայն Բաբկեն Սահրադյանի կողմից:

Սույն քաղաքացիական գործում առկա են նաև «Աշխատանքային պայմանագրի փոփոխության մասին» 23.03.2006 թվականին, 04.05.2003 թվականին, 23.06.2003 թվականին և 16.08.2003 թվականին Բաբկեն Սահրադյանի և պատասխանողի միջև կնքված համաձայնագրեր: Ըստ նշված համաձայնագրերի դրանք հանդիսանում են պատասխանողի և Բաբկեն Սահրադյանի միջև 23.12.2005 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի անբաժանելի մասը: Գործում առկա է նաև Բաբկեն Սահրադյանի աշխատանքային գրքույկը, ըստ որի` Բաբկեն Սահրադյանը 23.12.2005 թվականին թիվ 248 հրամանով ընդունվել է աշխատանքի որպես իրավաբան-փաստաբան: Ինչպես նաև Ընկերության աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի 55-րդ էջում հաշվառված է Բաբկեն Սահրադյանի և Ընկերության միջև 23.12.2005 թվականին կնքված թիվ 55 աշխատանքային պայմանագիրը:

Հիմք ընդունելով վերոնշյալ փաստերը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի նկատմամբ կիրառելի են գործարքի ձևին վերաբերող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքերում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր կամ այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:

Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 23.12.2005 թվականին Բաբկեն Սահրադյանի և պատասխանողի միջև կնքված թիվ 55 պայմանագրի ձևը պահպանված չէ, քանի որ այն չի ստորագրվել պատասխանողի կողմից, ինչը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի ուղղակի պահանջն է: Սակայն միևնույն ժամանակ ի հավաստումն այդ պայմանագրի և դրա պայմանների գոյության դատավարության մասնակիցները կարող են ներկայացնել ցանկացած ապացույցներ, որոնք վկայի ցուցմունք չեն: Սույն քաղաքացիական գործում նման ապացույցներ են (գրավոր ապացույցներ) վկայակոչված համաձայնագրերը, աշխատանքային գրքույկը, ինչպես նաև Ընկերության աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը: Գրավոր ապացույց պետք է դիտել նաև 23.12.2005 թվականին կազմված, Բաբկեն Սահրադյանի կողմից ստորագրված և պատասխանողի կնիքով կնքված փաստաթուղթը:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում Ընկերության և Բաբկեն Սահրադյանի միջև կնքված 23.12.2005 թվականի թիվ 55 աշխատանքային պայմանագրի առկայությունը.

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Բողոքի սույն հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ հարցը. Արդյո՞ք 23.12.2005 թվականին կնքված թիվ 55 աշխատանքային պայմանագիրը Ընկերության կողմից համարվում է լուծված և Բաբկեն Սահրադյանի հետ աշխտանքային հարաբերությունները՝ դադարած:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե ծանուցման ժամկետը լրանալուց հետո անցել է հինգ օրից ավելի ժամանակ, և գործատուն չի լուծել պայմանագիրը:

Սույն քաղաքացիական գործով Ընկերության կողմից 16.02.2007 թվականին Բաբկեն Սահրադյանին ծանուցում է ուղարկվել այն մասին, որ կազմակերպչական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխմամբ պայմանավորված «Ինտրաքոմ Հայաստան» ՍՊԸ-ի աշխատողների թվաքանակը կրճատվում է, մասնավորապես, իրավաբանի հաստիքի կրճատման միջոցով:

Ընկերության 16.02.2007 թվականի հրամանով վերացվել է հայցվորին տրված՝ Ընկերությանը պատկանող ավտոմեքենան վարելու, տեխնիկական վիճակին հետևելու և այլ գործողություններ կատարելու լիազորագիրը:

Ընկերության 10.05.2007 թվականի տեղեկանքի համաձայն՝ 10.05.2007 թվականի դրությամբ Ընկերությունը Բաբկեն Սահրադյանի նկատմամբ ունի 1.104.012 ՀՀ դրամ աշխատավարձի պարտավորություն:

Վերոնշյալ հանգամանքները Վճռաբեկ դատարանի կողմից գնահատվում են որպես Ընկերության կողմից Բաբկեն Սահրադյանի հետ ունեցած աշխատանքային հարաբերությունների միակողմանի դադարմանն ուղղված գործողություններ:

Հիմք ընդունելով վերոնշյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատանքային պայմանագրերի լուծման հատուկ ընթացակարգ նախատեսված չէ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 23.12.2005 թվականին կնքված թիվ 55 աշխատանքային պայմանագիրը 16.04.2007 թվականից համարվում է լուծված:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` գործատուն պարտավոր է կատարել օրենքով, այլ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ:

23.12.2005 թվականին կնքված թիվ 55 աշխատանքային պայմանագրի 5.4 կետի «ը» ենթակետի համաձայն՝ Գործատուն (պատասխանողը) պարտավոր է սույն Պայմանագիրը ցանկացած կարգով լուծման դեպքում երեք ամիս առաջ գրավոր տեղեկացնել Իրավաբան/Փաստաբանին (Բաբկեն Սահրադյանին) և Իրավաբան/Փաստաբանին վճարել ևս նրա 3 (երեք) ամսվա վարձատրությանը համարժեք փոխհատուցում, այլ անհրաժեշտ վճարներ, որի մեջ չի հաշվառվում ՀՀ օրենսդրությամբ և (կամ) սույն Պայմանագրով սահմանված Իրավաբան/Փաստաբանին վճարվելիք այլ վճարներ:

Նույն պայմանագրի 6.2 կետի համաձայն` Գործատուն իր պարտականությունները և (կամ) սույն պայմանագրի պայմաններից որևէ մեկը չկատարելու և (կամ) սույն պայմանագիրը Կողմերից որևէ մեկի կողմից լուծվելու դեպքում կրում է պատասխանատվություն և միաժամանակ Գործատուն պարտավոր է Իրավաբան/Փաստաբանին վճարի նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունհազարապատիկի չափով գումար:

Վերաքննիչ դատարանը մերժել է 23.12.2005 թվականին կնքված թիվ 55 աշխատանքային պայմանագրի 5.4 կետի «ը» ենթակետով և 6.2 կետով նախատեսված փոխհատուցման գումարների վճարման պահանջը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված պայմանագիրը ստորագրված չի եղել պատասխանողի կողմից, հետևաբար, կողմերի միջև աշխատանքային իրավահարաբերություններ չեն ծագել:

Վճռաբեկ դատարանը սույն որոշման 4.1 կետում արդեն իսկ անդրադարձել է այդ հարցին և նշել, որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ են կիրառվել համապատասխան իրավական նորմերը և սխալ են գնահատվել գործում առկա ապացույցները:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 23.12.2005 թվականին կնքված պայմանագրի 5.4 կետի «ը» ենթակետի և 6.2 կետի մասերով, բողոք բերած անձի պահանջը հիմնավոր է:

Ինչ վերաբերում է պայմանագրի 6.2-րդ կետի մերժման հիմքում դրված այն փաստարկին, համաձայն որի պայմանագրի լուծումը ինքնին առանց մեղքի առկայության չի կարող առաջացնել պատասխանատվություն, Վճռաբեկ դատարանը անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:

Սույն քաղաքացիական գործով կողմերը օգտվելով պայմանագրի պայմանները որոշելու օրենքով սահմանված հնարավորությունից 23.12.2005 թվականին կնքված թիվ 55 աշխատանքային պայմանագրի 5.4 կետի «ը» ենթակետով գործատուի համար նախատեսել են պատասխանատվության միջոց վերջինիս կողմից պայմանագրի լուծման դեպքում:

Հետևաբար, հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքաքացիական գործով 23.12.2005 թվականին կնքված թիվ 55 աշխատանքային պայմանագիրը գործատուի կողմից լուծելու դեպքում նրա մոտ ծագում է պայմանագրի 5.4 կետի «ը» ենթակետով նախատեսված գումարի վճարման պարտավորություն:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է նաև աշխատանքային պայմանագիրը լուծված համարելու վերաբերյալ աշխատանքային գրքույկում գրառում կատարելու և ամբողջ աշխատած ժամանակահատվածի համար Բաբկեն Սահրադյանին հաշվարկային թերթիկներ տրամադրելու վերաբերյալ հայցի մասը.

3) բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի համաձայն` սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված հիմքերով, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությամբ նախատեսված դեպքի, աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով....:

Սույն գործով հաստատված փաստերից հետում է, որ Բաբկեն Սահրադյանը աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով: Հետևաբար, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի ուժով Բաբկեն Սահրադյանին ենթակա էր վճարման նաև արձակման նպաստը:

Այս առումով հիմնավոր է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքում նշված փաստարկը, քանի որ Վերաքննիչ դատարանի վճռով պետք է ամբողջությամբ լուծվեին վերջնահաշվարկի վերաբերյալ հարցերը, ինչն ամբողջությամբ չի կատարվել:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամենամյա նվազագույն արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:

Վերաքննիչ դատարանը մերժել է 2005-2006 թվականների համար աշխատանքային տարվա համար հասանելիք արձակուրդային գումարների վճարման պահանջը հիմք ընդունելով միայն Ընկերության հայտարարությունն այդ գումարները վճարված լինելու մասին: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ապացուցման պարտականությունը կրում է Ընկերությունը: Որոշելու համար թե դատավարության որ կողմի վրա է ընկնում համապատասխան գումարները վճարված լինելու փաստի ապացուցման պարտականությունը, Վճռաբեկ դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ նման ապացույց կարող է ներկայացնել միայն Ընկերությունը: Հետևաբար, անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումը 2005-2006 թվականների համար աշխատանքային տարվա համար հասանելիք արձակուրդային գումարները վճարված լինելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը մերժել է 2006-2007 թվականների աշխատանքային տարվա համար հասանելիք արձակուրդային գումարների վճարման պահանջը հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կողմերի միջև աշխատանքային հարաբերությունները դադարված չեն:

Վճռաբեկ դատարանը սույն որոշման 4.2 կետում արդեն իսկ անդրադարձել է այդ հարցին և հաստատված է համարել կողմերի միջև աշխատանքային պայմանագրի դադարման փաստը.

4) բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով չվճարված աշխատավարձը անօրինական կերպով պահելու հանգամանքը ապացուցող միակ ապացույցը Ընկերության 10.05.2007 թվականի տեղեկանքն է համաձայն որի՝ 10.05.2007 թվականի դրությամբ Ընկերությունը Բաբկեն Սահրադյանի նկատմամբ ունի 1.104.012 ՀՀ դրամ (հունվարից-մայիս) աշխատավարձի պարտավորություն:

Այսինքն, վերոնշյալ տեղեկանքից հետևում է, որ Ընկերությունը 10.05.2007 թվականի դրությամբ անհիմն կերպով պահել է 2007 թվականի հունվարից մինչև մարտ ամիսների համար Բաբկեն Սահրադյանին վճարման ենթակա աշխատավարձի գումարները, որոնց նատմամբ ենթակա է հաշվարկման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսները:

Ինչ վերաբերում է 2007 թվականի ապրիլ ամսվա համար վճարման ենթակա աշխատավարձին, ապա դրա վճարման պարտավորությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի ուժով ծագել է նույն թվականի մայիսի 15-ին, որի չվճարման և հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի իմաստով ապօրինի պահելու վերաբերյալ ապացույցները սույն քաղաքացիական գործում բացակայում են:

Ինչ վերաբերում է 2007 թվականի հունվարի 1-ից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամանակահատվածի համար հասանելիք աշխատավարձի գումարը բռնագանձելու հայցապահանջին, ապա այն ենթակա է մերժման, քանի որ 2007 թվականի հունվարի 1-ից մինչև մայիս ամսվա համար վճարման ենթակա աշխատավարձը Ընկերության կողմից վճարված լինելու հանգամանքը ընդունվել է վճռաբեկ բողոքում: Իսկ ինչ վերաբերում է հունիս ամսից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամանակահատվածի համար հասանելիք աշխատավարձի գումարի բռնագանձման պահանջին, ապա այն անհիմն է վեճի առարկա պայմանագիրը 16.04.2007 թվականից լուծված լինելու պատճառով:

Այսպիսով, բողոքում նշված հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու հիմք են:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.08.2007 թվականի վճիռը և այն փոփոխել:

2. Բաբկեն Սահրադյանի հայցը բավարարել մասնակիորեն: Ընկերությունից հօգուտ Բաբկեն Սահրադյանի բռնագանձել.

ա) 2007 թվականի հունվար ամսվա համար չվճարված աշխատավարձի վրա հաշվարկած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոս՝ 2007 թվականի փետրվարի 15-ից մինչև պարտավորության դադարման օրը.

բ) 2007 թվականի փետրվար ամսվա համար չվճարված աշխատավարձի վրա հաշվարկած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոս՝ 2007 թվականի մարտի 15-ից մինչև պարտավորության դադարման օրը.

գ) 2007 թվականի մարտ ամսվա համար չվճարված աշխատավարձի վրա հաշվարկած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոս՝ 2007 թվականի ապրիլի 15-ից մինչև պարտավորության դադարման օրը.

դ) պայմանագիրը լուծելու համար հասանելիք երեք ամսվա աշխատավարձի չափով գումար.

ե) աշխատանքային պայմանագրով նախատեսված ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունհազարապատիկի չափով գումար (50.000.000 ՀՀ դրամ).

զ) 2005–2006 թվականների աշխատանքային տարվա համար հասանելիք և չօգտագործված 22 արձակուրդային օրվա գումարը և 2006–2007 թվականների աշխատանքային տարվա համար հասանելիք և չօգտագործված 28 արձակուրդային օրվա գումարը.

է) հայցվորի մեկ ամսվա աշխատավարձի չափով գումարը որպես արձակման նպաստ (255.000 ՀՀ դրամ),

ը) պարտավորեցնել Ընկերությանը Բաբկեն Սահրադյանի աշխատանքային գրքույկում կատարելու գրառում աշխատանքային պայմանագիրը լուծված համարելու վերաբերյալ և Բաբկեն Սահրադյանին տրամադրել հաշվարկային թերթիկներ ամբողջ աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա. Մկրտումյան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան