Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ Տ-4-139/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1715(ՏԴ)
2007 թ.

Դատավոր՝ Ռ. Հակոբյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ս. Գյուրջյանի

 

Է. Հայրիյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «Ջերմուկ Մայր Գործարան» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 06.09.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Արնազ և Նելլի» էքսպորտ/իմպորտ մեծածախ առևտրի ձեռնարկության (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 18.512.974,5 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում և բաց թողնված օգուտ:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 06.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ, 53-րդ և 54-րդ, 122-րդ հոդվածները, որոնց արդյունքում խախտվել են ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի պահանջները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 447-րդ, 485-րդ, 492-րդ, 503-րդ և 1058-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառվեին, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 528-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, վճիռ կայացնելիս, չի անդրադարձել գործում առկա բոլոր ապացույցներին, և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել դրանք, խախտելով Ընկերության ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործի արդարացի քննության իրավունքը:

Դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 447-րդ, 485-րդ, 492-րդ, 503-րդ և 1058-րդ հոդվածները, եկել է այն եզրահանգման, որ Ընկերության կողմից պայմանագրի պայմաններին չհամապատասխանող որակի ապրանք առաքելու արդյունքում Կազմակերպությունը վնաս է կրել:

Դատարանն անտեսել է «Ջոն Ջ. Նորի Վ. Ասոշիեյթս Ինկ. Ծովային Հետազոտողներ և Խորհրդատուներ» ընկերության կողմից 22.09.2003 թվականին կազմված թիվ 09012-03 հետազոտման հաշվետվությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 06.09.2007 թվականի վճիռը և փոփոխել այն` կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 05.10.2002 թվականին կնքված թիվ 18 պայմանագրի համաձայն՝ Ընկերությունը պարտավորվել է առաքել Կազմակերպությանն իր կողմից շշալցված 162.000 շիշ ապակյա ստանդարտ շշերով «Ջերմուկ» հանքային ջուր, մեկ շիշը 0,15 ԱՄՆ դոլար արժեքով: Պայմանագրի 3.1-րդ, 4-րդ և 5.1-րդ կետերի համաձայն՝ առաքումը կատարվում է Կազմակերպության գրավոր պատվերին համապատասխան՝ նրա կողմից պատվիրված ապրանքի ամբողջ քանակության գումարը վճարելուց հետո, հինգ օրվա ընթացքում, Կազմակերպության տրամադրած տրանսպորտային միջոցով: Վճարումը կատարվում է կանխիկ կամ փոխանցումով: Առաքման ժամկետները խախտելու դեպքում Ընկերությունը Կազմակերպությանը վճարում է տուգանք վճարած գումարի 0,3 տոկոսի չափով յուրաքանչյուր ուշացրած օրվա համար: Պայմանագրի 6-րդ կետի համաձայն՝ ապրանքին ուղեկցող փաստաթղթերն են որակի սերտիֆիկատը՝ տրված Ընկերության լաբորատորիայի կողմից, հաշիվ-ապրանքագիրը, ապրանքի ծագման սերտիֆիկատը և համապատասխանության սերտիֆիկատը (գ. թ.6):

2) Հայցադիմումին կից հայցվորի ներկայացրած «Ջոն Ջ. Նորի Վ. Ասոշիեյթս Ինկ. Ծովային Հետազոտողներ և Խորհրդատուներ» ընկերության 22.09.2003 թվականի թիվ 09009-03 հետազոտման հաշվետվության նոտարական 30.05.2007 թվականի վավերացումով հայերեն թարգմանված օրինակի համաձայն՝ հետազոտվել է թիվ 151 ապրանքագրով Ընկերության կողմից Կազմակերպությանն առաքված 25.500 շիշ հանքային ջուրը: Հաշվետվության համաձայն՝ «ջերմուկի շշերը նախապես բացվել են փաթեթավորումից մինչև հետազոտման անցկացումը: Ջարդված շշերը դրվել են մի կողմ: Հետևաբար, մենք չենք կարող խոսել դրանց վիճակի կամ պիտանելիության մասին», «տարբեր պլաստիկ դույլեր մի կողմ էին դրված հետազոտման անցկացման համար, մոտավորապես 25.500 շիշը ջարդված և կոտրված վիճակում», «վնասի արդյունքում 25.500 շիշ հայտարարվել են, որպես ընդհանուր կորուստ» (գ. թ.9-13):

Նույն հետազոտության հաշվետվության գործում առկա անգլերեն օրինակում վնասված շշերի քանակը նշված է 25.000 (գ. թ.25-27):

3) Հայցադիմումին կից հայցվորի ներկայացրած «Ջոն Ջ. Նորի Վ. Ասոշիեյթս Ինկ. Ծովային Հետազոտողներ և Խորհրդատուներ» ընկերության 24.02.2004 թվականի թիվ 02016-04 հետազոտման հաշվետվության նոտարական 04.07.2006 թվականի վավերացումով հայերեն թարգմանված օրինակի համաձայն՝ հետազոտվել է թիվ 278 ապրանքագրով Ընկերության կողմից Կազմակերպությանն առաքված 25.500 շիշ հանքային ջուրը: Հաշվետվության համաձայն՝ «ջերմուկի շշերը նախապես բացվել են փաթեթավորումից մինչև հետազոտման անցկացումը: Ջարդված շշերը դրվել են մի կողմ: Հետևաբար, մենք չենք կարող խոսել դրանց վիճակի կամ պիտանելիության մասին», «տարբեր պլաստիկ դույլեր մի կողմ էին դրված հետազոտման անցկացման համար, մոտավորապես 24.870 շիշը ջարդված և կոտրված վիճակում», «վնասի արդյունքում 24.870 շիշ հայտարարվել են որպես ընդհանուր կորուստ» (գ. թ.14-18):

4) «Տրանս Ալյանս» ՍՊ ընկերության 31.01.2007 թվականի գրության համաձայն՝ Ջերմուկից ԱՄՆ Լոս Անջելես քաղաք 1x40,dc բեռնարկղի տեղափոխման արժեքը 2003 թվականին կազմել է 4.100 ԱՄն դոլար (գ. թ.24):

5) Ընկերության կողմից Դատարանին ներկայացրած «Ջոն Ջ. Նորի Վ. Ասոշիեյթս Ինկ. Ծովային Հետազոտողներ և Խորհրդատուներ» ընկերության 22.09.2003 թվականի թիվ 09012-03 հետազոտման հաշվետվության հայերեն թարգմանված օրինակի համաձայն՝ հետազոտվել են 19.03.2003 թվականի թիվ 61 և 08.07.2003 թվականի թիվ 151 ապրանքագրերով Ընկերության կողմից Կազմակերպությանն առաքված համապատասխանաբար 40.000 շիշ և 25.500 շիշ հանքային ջուրը: Հաշվետվության համաձայն՝ «Ջերմուկի շշերը արդեն նախկինում բացվել են փորձաքննության նպատակով, կոտրված շշերը առանձնացնելով: Հետևաբար, մենք ի վիճակի չենք վերը նշված ապրանքի վիճակի և/կամ արժեքի վերաբերյալ մեկնաբանություններ կատարել: Այնուամենայնիվ մենք ընդունում ենք, որ շշերը վնասվել են»: «Հետաքննության նպատակով տարատեսակ պլաստմասսե դույլեր/թասեր էին մի կողմ դրված. մոտ 4.125 շիշ կոտրված և փշրված էին», «վնասի հետևանքով 4.125 շշերը համարվել են ընդհանուր կորուստ», «վնասը կազմում է 4.125 կոտրված շշերի գումարի չափով», ըստ ապրանքագրերի համապատասխանաբար 429,75 ԱՄՆ դոլար և 239,40 ԱՄՆ դոլար (գ. թ.58-60):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական և թե´ իրավական հիմնավորումները: Այսինքն՝ դատարանի վճռում պետք է նշվի ոչ միայն այն ապացույցները, որոնք դատարանը հիմք է ընդունել վճիռ կայացնելիս, այլ պետք է պատճառաբանվի, թե ինչու է այս կամ այն ապացույցը մերժվում:

Սույն քաղաքացիական գործով Դատարանը որպես ապացույց գնահատել և վճռի հիմքում է դրել «Ջոն Ջ. Նորի Վ. Ասոշիեյթս Ինկ. Ծովային Հետազոտողներ և Խորհրդատուներ» ընկերության թիվ 151 ապրանքագրով առաքված ապրանքի համար 22.09.2003 թվականի թիվ 09009-03 հետազոտման հաշվետվության պատճենը և թիվ 278 ապրանքագրով առաքված ապրանքի համար 24.02.2004 թվականի թիվ 02016-04 հետազոտման հաշվետվության պատճենը: Մինչդեռ Դատարանը հաշվի չի առել Ընկերության առարկությունները դրանց կեղծ լինելու վերաբերյալ, չի գնահատել Ընկերության Դատարանին ներկայացրած նույն թիվ 151 ապրանքագրով առաքված ապրանքի վերաբերյալ նույն ընկերության կողմից կազմված 22.09.2003 թվականի թիվ 09012-03 հետազոտման հաշվետվությունը, որով հաստատվել է, որ թիվ 151 ապրանքագրով առաքված ապրանքի վնասը կազմել է 1260 շիշ, համապատասխանաբար 239,40 ԱՄՆ դոլար:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից բազմակողմանի չեն ուսումնասիրվել գործում առկա բոլոր ապացույցները, չեն պարզվել դրանց արժանահավատությունը, հետևաբար, խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, որի արդյունքում Վճռաբեկ դատարանը բողոքի մյուս պատճառաբանություններին չի անդրադառնում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է և դրա առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի հիմքով, Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 06.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան
 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Է. Հայրիյան