ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 2-2433 |
Քաղաքացիական գործ թիվ 3-21(Ա) |
Նախագահող դատավոր՝ Ա. Դավթյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի փետրվարի 1-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով Ռոբերտ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռի դեմ` ըստ Ծովինար և Տիգրան Ադամյանների ներկայացուցիչ Մարինե Ադամյանի հայցի ընդդեմ Ռոբերտ Խաչատրյանի՝ իրավահաջորդներ ճանաչելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ծովինար և Տիգրան Ադամյանները պահանջել են ճանաչել Ալեքսանդր Ադամյանի իրավահաջորդներ և բռնագանձել Ռոբերտ Խաչատրյանից 5000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսները:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան են ներկայացրել Ծովինար և Մարինե Ադամյանները:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ անձի դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գործը քննել է Ռոբերտ Խաչատրյանի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 07.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
Անհիմն են վճռաբեկ բողոքի փաստարկները, քանի որ Ռոբերտ Խաչատրյանն անձամբ հայցվորների ներկայությամբ դատարանի ցրիչից ստացել է դատական ծանուցագիրը, որը կցված է գործին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝
Քաղաքացիական գործում առկա է 29.08.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Ռոբերտ Խաչատրյանին հանձնված ծանուցագիրը, որի վրա առկա է Ռոբերտ Խաչատրյանի ստորագրությունը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ 2-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Ռոբերտ Խաչատրյանին պատշաճ ձևով տեղեկացրել է 29.08.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, որն էլ հաստատվում է գործում առկա ծանուցագրի վրա առկա Ռոբերտ Խաչատրյանի ստորագրությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ռոբերտ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ Դատավորներ՝ Ա. Մկրտումյան Վ. Աբելյան Ս. Սարգսյան Դ. Ավետիսյան
Հ. Մանուկյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան