Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-735
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.05/62.1 Հոդ.187
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
25.02.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

25 փետրվարի 2008 թ.

 

«ԱՆԻՎ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ «ՈՍԿԵ ՏԱԿԱՌ-ԱԼԿՈ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ «… ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՊԱՐՏԱՊԱՆՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ՉԷ» ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ, ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ «Բ» ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմողներ` «Անիվ» հիմնադրամի գործադիր տնօրեն Հ. Մինասյանի, նրա ներկայացուցիչներ Ա. Գրիգորյանի և Է. Գալստյանի, «Ոսկե Տակառ-Ալկո» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հ. Ճարոյանի, պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 39 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց ««Անիվ» հիմնադրամի և «Ոսկե Տակառ-Ալկո» ՍՊԸ-ի դիմումների հիման վրա՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «…նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ» բառակապակցության մասով, և 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Սահմանադրական դատարանն իր՝ 11.12.2007 թ. ՍԴԱՈ-117 աշխատակարգային որոշմամբ որոշել է նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում:

Գործի քննության առիթը «Անիվ» հիմնադրամի և «Ոսկե Տակառ-Ալկո» ՍՊԸ-ի դիմումներն են սահմանադրական դատարան:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ուսումնասիրելով գործի նյութերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Սնանկության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թ. դեկտեմբերի 25-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թ. հունվարի 22-ին և ուժի մեջ է մտել 2007 թ. փետրվարի 10-ին: Օրենքն ուժի մեջ մտնելու պահից վերջինիս 107 հոդվածի 4-րդ մասի ուժով ուժը կորցրած է ճանաչվել «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թ. դեկտեմբերի 17-ի ՀՕ-17-Ն օրենքը:

 

2. ՀՀ տնտեսական դատարանը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի դիմումի հիման վրա, քննելով «Անիվ» հիմնադրամին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ քաղաքացիական գործը, իր 2007 թ. հուլիսի 17-ի վճռով բավարարել է դիմողի պահանջը և սնանկ ճանաչել պատասխանող «Անիվ» հիմնադրամին: Նշված քաղաքացիական գործի վարույթի շրջանակներում ՀՀ տնտեսական դատարանը քննության առարկա է դարձրել նաև պարտապանի պարտավորության հետ կապված նյութաիրավական վեճը:

Դիմող «Ոսկե Տակառ-Ալկո» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել ՀՀ տնտեսական դատարանի 2007 թ. օգոստոսի 28-ի վճռով: Տնտեսական դատարանը «Ոսկե Տակառ-Ալկո» ՍՊԸ-ի վերաբերյալ գործով սնանկության հարցը քննելիս չի անդրադարձել պարտապանի պարտավորության հետ կապված նյութաիրավական վեճին, քանի որ այն արդեն իսկ լուծվել էր Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 22.05.2007 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով:

 

3. Դիմող «Անիվ» հիմնադրամի պնդմամբ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը` «…նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ» բառակապակցության մասով, և 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածին, 18-րդ և 19-րդ հոդվածների 1-ին մասերին:

Դիմող «Ոսկե Տակառ-Ալկո» ՍՊԸ-ի պնդմամբ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը` «…նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ» բառակապակցության մասով, հակասում է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 31-րդ հոդվածի 1-ին մասին և 33.1. հոդվածին: Ըստ երկու դիմողների էլ՝ իրենց իրավունքների խախտման հիմնական պատճառն օրենքում «…նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ» բառակապակցության ամրագրումն է, ինչը հնարավորություն է ընձեռում սնանկ ճանաչելու վճարունակ պարտապանին:

Դիմող «Անիվ» հիմնադրամը` վիճարկելով նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի դրույթների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածին, 18-րդ և 19-րդ հոդվածների 1-ին մասերին, գտնում է, որ այն ձևակերպված է բավականին անորոշ, ինչի հետևանքով գույքային պարտավորության վերաբերյալ նյութաիրավական վեճը տեղափոխվում է սնանկության գործերով դատավարական վարույթ և բացառվում է նույն անձանց միջև նույն առարկայի վերաբերյալ նյութաիրավական վեճը դատական կարգով լուծելու հնարավորությունը, խախտվում է արդար դատաքննության իրավունքը: Միևնույն ժամանակ, դիմողն իր փաստարկները հիմնավորում է նրանով, որ թիվ 3-2475 (ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանն իր 2006 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ անթույլատրելի է համարել պարտավորության վիճելիության դեպքում սնանկության վարույթում նյութաիրավական վեճին ըստ էության անդրադառնալը` չսահմանափակելու համար այդ վեճի քննության համար հետագայում դատարան դիմելու անձի իրավունքը: Ըստ դիմող «Անիվ» հիմնադրամի՝ վիճարկվող դրույթի ընդունումը նպատակ է հետապնդել ձախողելու թիվ 3-2475 (ՏԴ) գործով վճռաբեկ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 21-ի նախադեպային որոշմամբ տրված իրավական դիրքորոշումների հետագա կիրառումը և հանդիսանում է միջամտություն արդարադատության իրականացման գործընթացին:

 

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողներին, գտնում է, որ վեճի առարկա հոդվածի դրույթների վերլուծությունից հետևում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-3-րդ մասերում ամրագրված դրույթները համակարգային առումով փոխկապակցված են միմյանց հետ, և ելակետային դրույթն այն է, որ սնանկ կարող է ճանաչվել միայն անվճարունակ պարտապանը:

Միևնույն ժամանակ պարտապանի անվճարունակությանը վերաբերող հարցերն իրենց կարգավորումն են ստացել նույն հոդվածի 3-րդ մասում: Ընդ որում, դրանում ամրագրված դրույթների վերլուծությունը վկայում է սնանկության երկու հետևյալ հիմքերի առկայության մասին` ա) հաշվեկշռային անվճարունակությունը, որը բնութագրվում է այնպիսի իրավիճակով, երբ պարտապանի պարտավորությունները գերազանցում են իր ակտիվների արժեքը, բ) փաստացի անվճարունակությունը, երբ պարտապանն ի վիճակի չէ կատարելու իր ժամկետանց դրամական պարտավորությունները: Պարտապանին անվճարունակ ճանաչելու համար օրենսդիրը նախատեսել է հիշյալ հիմքերից առնվազն մեկի առկայության պայմանը:

Պատասխանողը գտնում է, որ «չնայած այն հանգամանքին, որ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը բացառում է դատարանի կողմից պարտապանին սնանկ ճանաչելու այլ պայման, քան պարտապանի անվճարունակ լինելը, իսկ 2-րդ մասը սահմանում է վճարունակ պարտապանին սնանկ ճանաչելու հնարավորությունը (օրենքում ձևակերպված է «նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ»), այնուամենայնիվ, հիշատակված մասերի միջև առկա ներքին հակասությունը` ձևական տրամաբանության և դատողությունների համադրման տեսանկյունից չի նշանակում, որ վճարունակ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել, եթե կատարում է իր անվիճելի վճարային պարտավորությունը և դրանով ապացուցում է իր վճարունակ լինելը»:

Ըստ պատասխանողի` դա նշանակում է, որ քննության առարկա օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` «նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ» արտահայտությունը որևէ իրավական հետևանք չի առաջացնում, քանի որ միայն դատարանը դատաքննության ընթացքում կարող է պարզել և գնահատել պարտապանի անվճարունակությունը` վերջինիս նկատմամբ սնանկության վարույթ իրականացնելու նպատակով: Իսկ անվճարունակության հանգամանքը կարող է հիմնավորված լինել, եթե պարտապանը թույլ է տվել անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա և ավելի ժամկետով կետանց:

Պատասխանողն ընդունելի չի համարում նաև դիմողի այն եզրահանգումը, համաձայն որի` «վերը նշված անորոշ նորմերի կիրառման արդյունքում, անձը ի վերջո զրկվում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և 19-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատարանում գործի արդար քննության իրավունքն իրականացնելու հնարավորությունից...»:

Ըստ պատասխանողի` սնանկության վարույթը` հանդիսանալով նույնպիսի դատական վարույթ, չի զրկում որևէ անձի արդար դատաքննության իր իրավունքից:

Ինչ վերաբերում է «Սնանկության մասին»ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի վերաբերյալ դիմողի փաստարկներին, ապա պատասխանողի կարծիքով ոչ մի օրենք չի կարող հաշվի առնել իրավական կարգավորման ենթակա հասարակական հարաբերությունների բազմազանությունը և հստակ կանոնակարգել այդ հարաբերությունների մասնակիցների այս կամ այն վարքագիծը: Օրենսդիրն սպառիչ կերպով չի բացահայտում «... և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը)» իրավանորմի բովանդակությունը` բնութագրելով և համարելով այն որպես իրադրային, այսինքն` ենթակա գնահատման յուրաքանչյուր գործի հանգամանքներից ելնելով:

Պատասխանող կողմը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «...նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ» բառակապակցությունը և նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը չեն հակասում ՀՀ Սահմանադրության 3-րդ և 8-րդ հոդվածներին, 18-րդ և 19-րդ հոդվածների 1-ին մասերին, 31-րդ և 31.1. հոդվածներին:

 

5. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` «Պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերն ու անվճարունակության հատկանիշները» վերտառությամբ 3-րդ հոդվածը սահմանում է.

«1. Պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

2. Պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է, նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ: Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե նա առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը.

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը).

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը).

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը»:

 

6. Սնանկության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումը յուրաքանչյուր պետության տնտեսության կայունության ապահովման երաշխիքներից է: Հաշվի առնելով սնանկ ճանաչելու և սնանկության վարույթն իրականացնելու օրենսդրական հիմքերի միջազգային ներկա զարգացումները, Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովն ընդունել է «Անվճարունակության մասին օրենսդրության հարցերով օրենսդիր մարմինների ուղեցույց» (Ուղեցույց, 2005 թ.), որում ամրագրված սկզբունքներն իրենց արտացոլումն են գտել տարբեր պետությունների անվճարունակության մասին օրենսդրական ակտերում:

Համաձայն այդ Ուղեցույցի՝ անվճարունակության մասին օրենսդրության առանցքը կազմում է սնանկության վարույթն իրականացնելու չափորոշիչների սահմանումը: Այդ հիմքերի պահպանմամբ է հնարավոր դառնում սնանկության գործերով վարույթի իրականացումը, որն էլ հնարավորություն է ընձեռում սահմանել այն պարտապաններին, որոնց վրա կարող է տարածվել օրենսդրության պաշտպանական և ընթացակարգային կառուցակարգերի գործողությունը, ինչպես նաև այն կողմերին (պարտապան, պարտատեր կամ այլ կողմեր), որոնք կարող են սնանկության մասին գործի վարույթը հարուցել:

 

7. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթների վերլուծությունը վկայում է այն մասին, որ դրանք խարսխվում են այն տրամաբանության վրա, համաձայն որի՝ սնանկության հիմքն անվճարունակությունն է: Այդ մասին է, մասնավորապես, վկայում օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասում ամրագրված դրույթը, որը և´ կամավոր սնանկության, և´ հարկադրված սնանկության դեպքում որպես սնանկության հիմք ամրագրում է պարտապանի անվճարունակության փաստը:

Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող դրույթի սահմանադրաիրավական գնահատականը տալու համար առանցքային նշանակություն ունի «անվճարունակություն» հասկացության ամբողջական և ճշգրիտ բովանդակության բացահայտումը:

«Անվճարունակությունը» ըստ վերոհիշյալ Ուղեցույցի՝ մի վիճակ է, երբ պարտապանն ընդհանուր առմամբ անկարող է վճարելու իր պարտքերը՝ պարտավորությունները կատարելու համար նախատեսված ժամկետներում, կամ երբ պարտապանի պարտավորությունների ընդհանուր գումարը գերազանցում է նրա ակտիվների արժեքը: Այսինքն՝ տարբերակվում է անվճարունակության երկու ձև՝ փաստացի և հաշվեկշռային: Անվճարունակությունը նշանակում է վճարելու կարողության բացակայություն:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերլուծությունը վկայում է, որ օրենքը ևս տարբերակում է անվճարունակության երկու ձև՝ հաշվեկշռային (բացասական հաշվեկշռի դեպքում) և փաստացի, այն է՝ այնպիսի վիճակ, երբ պարտապանն ի վիճակի չէ պարտատերերի օրինական պահանջներն ամբողջովին բավարարել: Մասնավորապես, նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը: Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետում օրենսդիրը որպես պարտապանի անվճարունակության հիմք սահմանում է պարտապանի պարտավորությունների` պարտապանի ակտիվները գերազանցելու հանգամանքը, իսկ 3-րդ մասի «բ» կետում` այն հանգամանքը, որ պարտապանն ի վիճակի չէ կատարելու իր ժամկետանց դրամական պարտավորությունները (փաստացի անվճարունակություն): Անվճարունակության այս երկու տարատեսակները միմյանցից տարանջատված են, և պարտապանին սնանկ ճանաչելու համար օրենքը չի առաջադրում անվճարունակության այդ երկու տարատեսակների զուգահեռ միաժամանակյա առկայության պահանջ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 28 և 71 հոդվածների 1-ին մասերի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրն այս դեպքում որպես պարտապանի անվճարունակության ընդհանուր հիմք է դիտարկում պարտապանի կողմից վճարում կատարելու փաստացի անկարողությունը, այն է՝ միայն փաստացի անվճարունակությունը:

Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը որպես փաստացի անվճարունակության հիմք նախատեսում է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կետանցը, ինչը թույլ է տալիս պարտատիրոջը նախաձեռնելու սնանկության վարույթ: Այսինքն՝ օրենքը հիմնվում է անվճարունակության կանխավարկածի վրա, այն է՝ եթե պարտապանն ի վիճակի չէ կատարելու ժամկետանց վճարային պարտավորությունները, ապա ի սկզբանե ենթադրվում է, որ նա փաստացիորեն անվճարունակ է, և այդ ենթադրությունը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ ժամկետանց պարտավորությունը չի կատարվել կամ վիճարկվել ու հերքվել: Այս տրամաբանությունն է արտահայտված, մասնավորապես, օրենքի 17-րդ հոդվածում, որը կանոնակարգում է պարտատիրոջ դիմումի հիման վրա սնանկ ճանաչելու կարգը: Այդ հոդվածի համաձայն՝ դատարանը մերժում է սնանկ ճանաչելու մասին դիմումն այն դեպքում, երբ պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ վերանում են օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը: Ընդ որում, «անվճարունակության կանխավարկածն» իր հերթին հիմնվում է պարտապանի «բարեխղճության և պարտաճանաչության կանխավարկածի» վրա, այսինքն՝ եթե պարտապանը չի կատարում իր պարտավորությունները, ապա ի սկզբանե պարտավորության չկատարումը բացատրվում է ոչ թե նրա անբարեխղճությամբ, այլ վճարում կատարելու կարողության բացակայությամբ:

 

8. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում վիճարկվող բառակապակցությունը հարկ է դիտարկել ողջ օրենքի և նույն հոդվածի համատեքստում: Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է: Սակայն էական է այն, որ խոսքը վերաբերում է «անվիճելի վճարային պարտավորություններին»: Եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին: Հակառակ պարագայում կոտնահարվի անձի` Սահմանադրության 31 հոդվածով ամրագրված սեփականության իրավունքը:

Անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի այն պահանջին, որ վճարային պարտավորությունը ճանաչված է համարվում օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով: Ուստի հատուկ վարույթի կարգով սնանկության գործի քննությունն օրենսդրորեն առավել հստակ պետք է սահմանազատված լինի նյութաիրավական վեճի քննությունից:

Սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը:

 

9. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «… եթե նույնիսկ պարտապանն անվճարունակ չէ» բառակապակցության այնպիսի ընկալման դեպքում, երբ վճարունակությունը բացառապես վերաբերում է հաշվեկշռային վճարունակությանը, օրենքի ողջ իրավակարգավորման համատեքստում այդ բառակապակցությունը դառնում է ավելորդ, և այն ըստ էության սնանկության ինստիտուտի ընդհանուր իրավակարգավորման մեջ որևէ դերակատարություն չունի: Այդ բառակապակցության առկայությունը կամ բացակայությունը որևէ իրավական հետևանք չի առաջացնում:

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավակիրառական պրակտիկայում օրենքի վիճարկվող դրույթը կարող է տարաբնույթ մեկնաբանություններ առաջացնել, սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ վիճարկվող դրույթի՝ վերոհիշյալից տարբերվող որևէ այլ մեկնաբանության դեպքում, երբ այն կարող է կիրառվել վիճելի վճարային պարտավորությունների առկայության դեպքում, այդ դրույթը ներքին հակասության մեջ կմտնի ինչպես օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, այնպես էլ ողջ օրենքի և սնանկության ինստիտուտը կարգավորող այլ նորմատիվ ակտերի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի դրույթների հետ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավակիրառական պրակտիկայում վիճարկվող դրույթի որևէ այլ մեկնաբանություն ոչ միայն վեր կհանի վերոհիշյալ հակասությունները, այլ նաև կստեղծի սնանկ ճանաչված պարտապանի սեփականության իրավունքի խախտման իրական վտանգ: Նման պարագայում տեղի կունենա չարդարացված և չհիմնավորված միջամտություն պարտապանի սեփականության իրավունքին, պարտապանի համար կառաջանան այնպիսի բացասական և ծանր հետևանքներ, որոնք արդարացված չեն որևէ իրավաչափ նպատակով:

 

10. Ըստ դիմող «Անիվ» հիմնադրամի` օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում ամրագրված դրույթը խոչընդոտում է պարտապանի՝ վիճելի պարտավորության կապակցությամբ նյութաիրավական վեճն ընդհանուր հայցային վարույթի կարգով դատաքննության առարկա դարձնելու հնարավորությանը, ինչի արդյունքում, ինքը, ի խախտումն ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների 1-ին մասերի, զրկվել է իր իրավունքների դատական պաշտպանության իրականացման հնարավորությունից:

Վիճարկվող դրույթի վերլուծությունը վկայում է, որ այն չի ենթադրում, որ պարտապանի վիճելի պարտավորության կապակցությամբ նյութաիրավական վեճը լուծվում է սնանկության վարույթի շրջանակներում և, հետևաբար, այս դրույթը չի խոչընդոտում նաև նշված նյութաիրավական վեճի քննությանն ընդհանուր հայցային վարույթի շրջանակներում: Այդ մասին է, մասնավորապես, վկայում ձևավորված իրավակիրառական պրակտիկան: Այսպես. «Անիվ» հիմնադրամի պարագայում Տնտեսական դատարանը սնանկության գործը քննելիս միաժամանակ քննության առարկա է դարձրել նաև նյութաիրավական վեճը, այն է` պարտապանի` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող վիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանցի հարցը: Մինչդեռ «Ոսկե Տակառ-Ալկո» ՍՊԸ-ի դեպքում նյութաիրավական վեճը քննության առարկա է դարձվել ընդհանուր հայցային վարույթի շրջանակներում` Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում:

Բացի դրանից, վիճարկվող դրույթում «…պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին: Դա բխում է օրենքի վիճարկվող նույն 3-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությունից, որը սնանկ ճանաչելու հիմք է դիտարկում ոչ թե ընդհանրապես վճարային պարտավորությունը, այլ անվիճելի վճարային պարտավորությունը: Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ», «գ», «դ» կետերը վերաբերում են վճարային պարտավորության անվիճելիությանը, այլ ոչ թե սնանկության հիմքերին, և նպատակ չեն հետապնդում սնանկության գործը քննող դատարանին ներքաշելու նյութաիրավական վեճի լուծման գործընթացի մեջ:

 

11. Դիմող «Անիվ» հիմնադրամը մատնանշում է նաև, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ընդունումը ՀՀ Ազգային ժողովի կողմից միտում է հետապնդել խոչընդոտել Վճռաբեկ դատարանի նախադեպային նշանակության որոշման (3-2475 (ՏԴ) գործով 21.12.2006 թ.) դրույթների կիրառման միջոցով արդարադատության իրականացմանը: Դիմողն այդ կապակցությամբ հղում է կատարում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Դիմումում, մասնավորապես, նշված է. «…օրենսդրի կողմից որևէ օրենքի ընդունումը արդարադատության իրականացման գործընթացի վրա ազդելու նպատակով անհամատեղելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների հետ և առաջացնում է պետության պատասխանատվություն այդ հոդվածի շրջանակներում»: Մատնանշված վճիռներից, մասնավորապես, ZIELINSKI AND PRADAL AND GONZALEZ AND OTHERS v. FRANCE գործով վճռի ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ օրենսդրի կողմից խնդրո առարկա հարցի կարգավորման առնչությամբ օրենքի ընդունումը Եվրոպական դատարանի կողմից որակվել է միջամտություն հետևյալ հանգամանքներում.

- օրենսդիրը հետադարձ ուժ է տվել իր սահմանած նորմերին՝ դրանք տարածելով այն վեճերի վրա, որոնց կապակցությամբ արդեն իսկ գործ է հարուցված դատարաններում և դրանք գտնվում են դատարաններում քննության ընթացքում, այդ թվում նաև՝ այն վեճերի վրա, որոնց կապակցությամբ ստորին ատյանի դատարանները կայացրել են դատական ակտեր, սակայն, որոնք դեռևս վերջնական ուժ չեն ստացել (նման կարգավորման արդյունքում դիմումատուների օգտին կայացված վճիռները նոր օրենսդրական կարգավորման հիման վրա բեկանվել էին Վճռաբեկ դատարանի կողմից),

- օրենսդրական նման կարգավորումն իր բնույթով եղել է այնպիսին, որ կանխորոշել է դատարանների կողմից վեճի լուծումը, դատաքննության ելքը,

- տվյալ վեճի մի կողմում հանդես է եկել պետությունը, և նման օրենսդրական կարգավորման արդյունքում կողմերի միջև հավասարությունը խախտվել է հօգուտ պետության, քանի որ վեճի ելքը կանխորոշել է ի շահ այդ կողմի:

Տվյալ դեպքում օրենսդրի կողմից վիճարկվող նորմի ընդունումը չի կարող որակվել որպես միջամտություն արդարադատության իրականացմանը, քանզի նոր կարգավորումն իր բնույթով այնպիսին չէ, որ կարողանա կանխորոշել արդարադատության իրականացման արդյունքը, վճռել դատական գործի ելքը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «…նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ» բառակապակցության մասով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31 հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:

2. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


25 փետրվարի 2008 թ.
ՍԴՈ-735

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան