Գլխավոր տեղեկություն
Համար
N 1298-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.01.2008-26.02.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.11.05/55(290) Հոդ.1044
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2003 թվականի N 1298-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 27.12.07 N 1581-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 731-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի  նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 27.12.07 N 1581-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1355-Ն որոշման 2-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. հոկտեմբերի 17
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակույթի և տեղեկատվության բնագավառում:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից:

7. Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

8. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

1) մշակույթի զարգացմանը նպաստելը.

2) հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցումը, նոր արժեքների և նոր գաղափարների ներդրումը.

3) մշակույթի բնագավառում միջազգային (ներառյալ սփյուռքը) մշակութային համագործակցության և փոխանակումների զարգացումը.

4) մշակութային ժառանգության ստեղծմանը, պահպանությանը, պաշտպանությանը, ուսումնասիրությանը, օգտագործմանը, հանրահռչակմանն ու ծառայությունների մատուցմանը նպաստելը.

5) հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմաններ ստեղծելը.

6) մշակութային արժեքներին հաղորդակցվելու, ազատ ու մատչելի ծառայություններ մատուցելու համար պայմաններ ստեղծելը.

7) միջազգային նորմերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում գտնվող ազգային մշակութային արժեքների պահպանությանը նպաստելը.

8) մշակութային և ստեղծագործական գործունեությանը չմիջամտելը:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) մշակում է իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումն ու ներկայացնում առաջարկություններ մշակույթի բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

2) մշակում է մշակույթի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերը, նպատակային ծրագրեր, ռազմավարություններ, հայեցակարգեր ու զարգացման կարճաժամկետ ծրագրեր, իրականացնում դրանց դիտանցման (մոնիթորինգի) կազմակերպումը.

3) իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը.

4) ապահովում է աշխատակազմում անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը՝ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան.

5) մշակում է Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության հաշվառման, պահպանության, օգտագործման ու համալրման սկզբունքները, կանոնները, չափանիշները (նորմատիվներ) և չափորոշիչները.

6) հաստատում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը և սահմանում դրանց պահպանության ռեժիմը.

7) ներկայացնում է առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն ու Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններն ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքները համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկերում ընդգրկելու վերաբերյալ.

8) մշակում ու իրականացնում է մշակութային արժեքների ապօրինի արտահանումն ու ապօրինի ներմուծումը, ինչպես նաև մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխող և կանխարգելող միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

9) ապահովում է պետական թանգարանային, գրադարանային հավաքածուների պետական հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը, համալրումը, ուսումնասիրումը, ներկայացումը և հանրահռչակումը.

10) իրականացնում է պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների, թանգարանային, գրադարանային հավաքածուների կառավարումը, պետության անունից գնման նախապատվության իրավունքը.

11) ներդնում է մշակութային արժեքների անվտանգության և տեղեկատվության ապահովման արդիական համակարգեր` պետական թանգարաններում և գրադարաններում.

12) սահմանում է պետական թանգարաններում թանգարանային առարկաներին և թանգարանային հավաքածուներին հաղորդակցվելու պայմանակարգ (ռեժիմ).

13) իրականացնում է գրադարանային աշխատանքների միջգերատեսչական համակարգումը, ստեղծում տեղեկատվական-գրադարանային ցանցեր.

14) սահմանում է իր ենթակայության գրադարաններում գրքային հավաքածուներից օգտվելու կանոնակարգ և ապահովում գրադարանային հավաքածուների պահպանվածությունը.

15) ապահովում է ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտների հավաքագրման, ուսումնասիրման, տարածման և հանրահռչակման կազմակերպումն ու իրականացումը.

16) նպաստում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, պետական աջակցություն ցուցաբերում նրանց մշակութային կենտրոններին ու հայրենակցական միություններին.

17) պետական աջակցություն է ցուցաբերում տեղեկատվության ոլորտի կազմակերպություններին, արվեստի բոլոր տեսակների և ձևերի զարգացմանը, մշակույթի ու արվեստի գործիչների ստեղծագործական գործունեությանը, մշակութային ականավոր գործիչների ստեղծագործական ժառանգության պահպանությանը.

18) նպաստում է Հայաստանի Հանրապետության տարածքում հյուրախաղային և ցուցահանդեսային գործունեության ընդլայնմանը, ստեղծագործական խմբերի ու մշակութային, կրթական և գիտական կազմակերպությունների միջև տարածաշրջանային համագործակցության, կապերի ու շփումների ստեղծմանն ու զարգացմանը.

19) աջակցում է ժողովրդական ստեղծագործության պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, մշակութաժամանցային գործունեության բազմազանության ապահովմանը.

20) կրթության ոլորտի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին է ներկայացնում մշակույթի բնագավառում մասնագետների պատրաստման, վերապատրաստման, վերաորակավորման և տեղաբաշխման վերաբերյալ առաջարկություններ.

21) ապահովում է գիտահետազոտական աշխատանքների իրականացումը մշակույթի բնագավառում.

22) մշակում և իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային միջգերատեսչական պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը, ապահովում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը մշակույթի բնագավառում.

23) միջազգային (ներառյալ սփյուռքը) մշակութային համագործակցության նպատակով օտարերկրյա պետություններ է գործուղում ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների, մասնագետների, աջակցում միջազգային (ներառյալ սփյուռքը) մշակութային համագործակցության փոխանակումների զարգացմանը.

24) համագործակցում և մասնակցում է միջազգային (նաև սփյուռքի) մշակութային կազմակերպությունների աշխատանքներին.

25) սահմանում է մշակույթի բնագավառում տնտեսական բարեփոխումների ուղղություններն ու ապահովում դրանց իրականացումը.

26) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է իր ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական ու արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ (աուդիտ), իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետության սեփականություն համարվող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.

27) սահմանում է մշակույթի բնագավառում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում մշակութային կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը.

28) ապահովում է մշակույթի ոլորտում տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացումը, մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև մշակույթի բնագավառում պետական նպատակային ծրագրերին համապատասխան՝ տեղեկատվական, գիտահանրամատչելի, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի նյութերի հրապարակումը.

29) պետական կառավարման մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից ստանում է համապատասխան տեղեկատվություն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով օգտվում Հայաստանի Հանրապետության Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոյի տեղեկություններից.

30) ապահովում է փառատոների, ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների, աճուրդների, գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում` միջազգային) և այլ միջոցառումների կազմակերպումը.

31) մշակույթի բնագավառում իրենց վաստակով նշանավոր անձանց և արվեստագետներին ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների, պատվավոր կոչումների, գեղարվեստական խմբերին ու թատրոններին՝ ակադեմիական կոչման, սահմանում և շնորհում է նախարարության հատուկ պարգևներ.

32) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ պետական կազմակերպություններ ստեղծելու և իր ենթակայությանը հանձնված պետական կազմակերպությունները պատմական, հասարակական-քաղաքական, մշակույթի, արվեստի, գիտության նշանավոր գործիչների և անձանց անուններով կոչելու վերաբերյալ.

33) կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համատեղ` մասնակցում է մշակույթի բնագավառում պետական կրթական չափորոշիչների մշակմանը.

34) ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան գրանցամատյանների միջոցով մշակույթի բնագավառում վարում վարչական վիճակագրությունը, իրականացնում մշակութային կազմակերպությունների հաշվառումը.

35) ապահովում է մշակութային քաղաքականության քարոզչությունը զանգվածային տեղեկատվության միջոցներով.

36) կազմակերպում է մշակույթի բնագավառում մասնագետների պատրաստման, վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքները, իրականացնում մշակույթի բնագավառի ծրագրային ու գիտամեթոդական ապահովումը, մշակում և հաստատում է մշակույթի բնագավառի ղեկավար կադրերի մասնագիտական որակավորման չափանիշները.

37) ստեղծում է պետական միասնական տեղեկատվական համակարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում մշակութային քաղաքականության ապահովման նպատակով.

38) պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ ապահովում է պետական մշակութային տարածքային քաղաքականության իրականացումը.

39) իրականացնում է նախարարության տեղեկատվական քաղաքականությունը և կազմակերպում հասարակայնության հետ կապերը.

40) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ գործառույթներ:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

11. Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

12. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

13. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

14. Նախարարը`

1) իր իրավասության սահմաններում` օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության և այլ պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

7) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան՝ սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

8) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

10) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

11) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

13) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

14) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

15) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

15. Նախարարի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

16. Նախարարի տեղակալը`

1) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության՝ իրեն հանձնարարված բնագավառներում համակարգի կազմակերպությունների աշխատանքները.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին տրվող որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

9) իրեն հանձնարարված բնագավառներում ապահովում է նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

17. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխում:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

18. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` նրա կազմում գործող գործակալությունների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մասնակցության ապահովումն է:

19. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

20. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

21. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

22. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

23. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

24. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

25. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

26. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

27. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ:

28. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0010, Կառավարական տուն N 3:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

29. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

30. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու իր կողմից նախարարության աշխատակազմին հանձնված գույքը:

31. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, ինքնուրույն բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ):

33. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:

35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման գործառույթներ իրականացնող մարմին է:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

37. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

39. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

40. Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

41. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի ղեկավարին.

2) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

3) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

4) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

5) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

45. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նախարարի հրամանով նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը:

46. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

6) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, միջոցներ ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

8) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

12) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

13) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

47. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

48. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

49. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

50. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

51. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

(N1 հավելվածը խմբ. 27.12.07 N 1581-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ`

 

Մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչություն

Ժամանակակից արվեստի ու ժողովրդական արհեստների վարչություն

Մշակութային ծրագրերի կառավարման և մոնիթորինգի վարչություն

Միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն

Իրավաբանական և վերահսկողության վարչություն

Ֆինանսական վարչություն

Գործերի կառավարման վարչություն

 

2. Բաժիններ`

 

Ընդհանուր բաժին

Հասարակայնության հետ կապերի բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Առաջին բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

Գործակալություններ`

 

Հրատարակչական գործի գործակալություն

Մշակութային արժեքների պահպանության գործակալություն

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն:

(N2 հավելվածը խմբ. 27.12.07 N 1581-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՉԱՓԻ

 

NN
ը/կ

Գույքի տեսակը

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1

2

3

  Ընդամենը, այդ թվում` 36999041

Կառուցվածքային ստորաբաժանումներ`

  Ընդամենը, որից` 13827236
1. Հիմնական միջոցներ, այդ թվում` 13489655
  Գրասենյակային գույք 4071734
  Էլեկտրական ապրանքներ 2208171
  Համակարգչային տեխնիկա 2082731
  Կապի սարքավորում 852509
  Այլ հիմնական միջոցներ 4274510
2. Փոքրարժեք և արագամաշ առարկաներ 337581

Հրատարակչական գործի գործակալություն`

  Ընդամենը, որից` 6786643
1. Հիմնական միջոցներ, այդ թվում` 5486350
  Գրասենյակային գույք 141810
  Էլեկտրական ապրանքներ 636526
  Համակարգչային տեխնիկա 3744676
  Կապի սարքավորում 963338
  Այլ հիմնական միջոցներ 0
2. Փոքրարժեք և արագամաշ առարկաներ 1300293

Մշակութային արժեքների պահպանության գործակալություն

  Ընդամենը, որից` 10073644
1. Հիմնական միջոցներ, այդ թվում` 10073644
  Գրասենյակային գույք 1984123
  Էլեկտրական ապրանքներ 933707
  Համակարգչային տեխնիկա 4606289
  Կապի սարքավորում 151450
  Այլ հիմնական միջոցներ 2398075
2. Փոքրարժեք և արագամաշ առարկաներ 0

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն

  Ընդամենը, որից` 6311518
1. Հիմնական միջոցներ, այդ թվում` 6013746
  Գրասենյակային գույք 744543
  Էլեկտրական ապրանքներ 382810
  Համակարգչային տեխնիկա 1682800
  Կապի սարքավորում 249117
  Այլ հիմնական միջոցներ 2954476
2. Փոքրարժեք և արագամաշ առարկաներ 297772

(N3 հավելվածը խմբ. 05.02.04 N 103-Ն, 27.12.07 N 1581-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան