Գլխավոր տեղեկություն
Համար
N 1567-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.16/3(593) Հոդ.72
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1567-Ն

 

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ 1997-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերում արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի վարկերի հաշվին Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում շահագործման հանձնված բնակելի տների բնակիչների կողմից իրենց բնակարանների համար վճարման ենթակա գումարները մարվել են, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ միասնական քաղաքականություն վարելու և աղետի գոտու բնակչության բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 331 որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի բնակիչներին ազատել բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 1997-2000 թվականների պետական բյուջեներով տրամադրված վարկերի վերադարձման պարտավորություններից` վարկառուներին հատկացված վարկային գումարները ձևակերպելով որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջիններիս տրամադրված պետական աջակցություն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների իրականացման համար վարկառուների հետ կնքել համապատասխան նվիրատվության պայմանագրեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. դեկտեմբերի 29
Երևան