Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
28.04.1983
Ստորագրման ամսաթիվ
28.04.1983
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2003

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն   Թ Ի Վ   6

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որոնք ստորագրել են 1950 թվականի նոյեմբերի

4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային (այսուհետև՝ Կոնվենցիա) կից սույն Արձանագրությունը,

նկատի առնելով, որ Եվրոպայի խորհրդի անդամ որոշ պետություններում տեղի ունեցած զարգացումն արտահայտում է մահապատիժը վերացնելու օգտին առկա ընդհանուր միտումը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

Հ ո դ վ ա ծ  1

 

Մահապատժի վերացումը

 

Մահապատիժը վերացվում է: Ոչ մեկին չի կարելի մահապատժի դատապարտել կամ մահապատժի ենթարկել:

 

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Մահապատիժը պատերազմի ժամանակ

 

Պետությունը կարող է իր օրենսդրության մեջ մահապատիժ նախատեսել պատերազմի ժամանակ կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի դեպքում կատարված գործողությունների համար. նման պատիժը կիրառվում է միայն օրենքով սահմանված դեպքերում և նրա դրույթներին համապատասխան: Պետությունը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հաղորդում է այդ օրենսդրության համապատասխան դրույթները:

 

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Շեղումների արգելումը

 

Սույն Արձանագրության դրույթներից շեղումներ չեն թույլատրվում Կոնվենցիայի 15-րդ հոդվածի հիման վրա:

 

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Վերապահումների արգելումը

 

Սույն Արձանագրության դրույթների նկատմամբ վերապահումներ չեն թույլատրվում Կոնվենցիայի 57-րդ հոդվածի հիման վրա:

 

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Տարածքային կիրառումը

 

1. Ցանկացած պետություն ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման կամ հավանություն տալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Արձանագրությունը:

2. Ցանկացած պետություն կարող է ավելի ուշ` ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղած հայտարարությամբ սույն Արձանագրության կիրառումը տարածել հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի նկատմամբ: Այդ տարածքի նկատմամբ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում նման հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Նախորդ երկու կետերի հիման վրա արված ցանկացած հայտարարություն, որը վերաբերում է նրանում նշված այս կամ այն տարածքին, կարող է չեղյալ հայտարարվել Գլխավոր քարտուղարին ուղարկված ծանուցագրի միջոցով: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրվանից, որը հաջորդում է նման ծանուցագիրը Գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվին:

 

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Հարաբերությունը Կոնվենցիային

 

Մասնակից պետությունների հարաբերություններում սույն Արձանագրության 1-ից 5-րդ հոդվածները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Ստորագրումը և վավերացումը

 

Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող սույն Արձանագրությունը վավերացնել, ընդունել կամ հաստատել՝ առանց միաժամանակ կամ դրանից առաջ Կոնվենցիան վավերացնելու: Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

 

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Եվրոպայի խորհրդի անդամ հինգ պետություններ, 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, իրենց համաձայնությունն են արտահայտում Արձանագրությամբ պարտավորություններ ստանձնելու կապակցությամբ:

2. Ցանկացած անդամ պետության համար, որն Արձանագրությամբ պարտավորություն ստանձնելու իր համաձայնությունը հայտնում է հետագայում, Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրվանից, որը հաջորդում է վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվան:

 

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Ավանդապահի գործառույթները

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Խորհրդի անդամ պետություններին ծանուցում է՝

ա) ցանկացած ստորագրման մասին,

բ) վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթուղթն ի պահ հանձնելու մասին,

գ) 5-րդ և 8-րդ հոդվածներին համապատասխան՝ սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին,

դ) սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հայտարարության մասին:

Ի հավաստումն որի՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Ստրասբուրգում 1983 թվականի ապրիլի 28-ին` մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության:

 

* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի հոկտեմբերի 1-ից: