Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.26/66.1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-3115

Քաղաքացիական գործ թիվ 3-1746(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան
Դատավորներ՝

Գ. Մատինյան
Դ. Խաչատրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հայաստան Եղիազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 24.09.2007 թվականի վճռի դեմ` ըստ «Փարոս» համատիրության (այսուհետ՝ Համատիրություն) հայցի ընդդեմ Հայաստան Եղիազարյանի՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող շենքի նկուղային հարկից վտարելու պահանջների մասին, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը. 

 

Դիմելով դատարան՝ Համատիրությունը պահանջել է վտարել Հայաստան Եղիազարյանին ապօրինի տիրապետության տակ գտնվող նկուղից:

ՀՀ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 12.07.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայաստան Եղիազարյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի թիվ 93 բազմաբնակարան շենքի լիազորը: 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ, 274-րդ և 277-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածների 1-ին մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ հոդվածը սահմանում է սեփականության իրավունքի ճանաչումը պահանջելու սեփականատիրոջ իրավունքը: Տվյալ իրավահարաբերությունում կողմերը սեփականության իրավունքը ճանաչելու պահանջ չեն ներկայացրել, հետևաբար, նշված հոդվածը սույն վեճի առարկայի հետ որևէ առնչություն չունի:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի թիվ 93 բազմաբնակարան շենքի նկուղն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է նաև «Արաքս-7» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն), որի տնօրենն է Հայաստան Եղիազարյանը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վիճելի նկուղը զբաղեցնում է ոչ թե Հայաստան Եղիազարյանը, այլ Ընկերությունը՝ հանձինս տնօրեն Հայաստան Եղիազարյանի, որն էլ Ընկերության անունից տիրապետել և օգտագործել է շինության՝ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող տարածքը: Տվյալ դեպքում, Հայաստան Եղիազարյանը նկուղն օգտագործել է ոչ թե որպես ֆիզիկական անձ, այլ նկուղի օգտագործումը պայմանավորված է եղել Ընկերության տնօրեն լինելու հանգամանքով:

Հետևաբար, Ընկերության կողմից Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի թիվ 93 բազմաբնակարան շենքում սեփականություն ունենալու պայմաններում նկուղը Հայաստան Եղիազարյանի կողմից ապօրինի զավթելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են, որի պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի նորմերը տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չեն:

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Բողոքարկվող վճռում չի նշվել վիճելի նկուղն Ընկերության կողմից որպես նկուղի ընդհանուր բաժնային սեփականատիրոջ օգտագործելու հանգամանքը, ինչպես նաև այն օրենքները և իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է Վերաքննիչ դատարանը բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականությունից սեփականատիրոջը վտարելու մասին վճիռ կայացնելիս:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.09.2007 թվականի վճիռը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի թիվ 93 շենքում խանութ երբևէ գոյություն չի ունեցել և շենքի շահագործումից՝ 1978 թվականից, մի քանի տարի անց այնտեղ բացվել է «Մանկական սնունդ» խանութը, որի գովազդի ցուցանակը շենքի պատին առ այսօր պահպանվում է: Հերքվել է նաև շենքի նկուղն իբրև Ընկերությանը պատկանող խանութի օժանդակ մաս լինելու վերաբերյալ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Ա.Գրիգորյանի պնդումը:

Բացի այդ, ըստ նախագծային հատակագծի, շենքի նկուղային հարկի միակ մուտքը նախատեսված է դրսից, ինչը վկայում է նաև շենքը նախագծող գլխավոր ճարտարապետ Է.Սաֆարյանի կողմից հաստատված նախագիծը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 19.04.2006 թվականի թիվ 2025083 վկայականի համաձայն՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Գուսան Շերամի փողոցի թիվ 93 շենքի 1ա հասցեում գտնվող 260 քմ տարածքի նկատմամբ գրանցված է Ընկերության սեփականության իրավունքը:

2) 02.07.2007 թվականին Համատիրության նախագահ Բաբկեն Օհանյանի կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ Գուսան Շերամի փողոցի թիվ 93 շենքը գտնվում է Համատիրության կազմում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառույցները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

Ընկերությունը, հանդիսանալով Երևանի Գուսան Շերամի փողոցի թիվ 93 շենքում շինության՝ խանութի սեփականատեր, վերոհիշյալ հոդվածում թվարկված անշարժ գույքի, այդ թվում՝ նկուղի, նկատմամբ ունի ընդհանուր բաժնային սեփականության իրավունք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական անձը քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում և քաղաքացիական պարտականություններ է ստանձնում իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքին, այլ իրավական ակտերին ու նրա կանոնադրությանը համապատասխան, իսկ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերության գործադիր մարմինն առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվում՝ ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ:

Այսպիսով, Ընկերության գործադիր մարմինը, տվյալ դեպքում՝ տնօրեն Հայաստան Եղիազարյանն, իրավունք ունի բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող նկուղի նկատմամբ իրականացնել իրավունքների ողջ ծավալը, որն ունի Ընկերությունը, այդ թվում՝ տիրապետել այն և իրականացնել ընդհանուր բաժնային սեփականությունից բխող բոլոր իրավունքներն ու պարտականությունները՝ օրենքով չարգելված ծավալով:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը վճռել է Ընկերության տնօրենին վտարել (ըստ էության արգելել վերջինիս մուտքը նկուղ) վիճելի նկուղից, ինչը հանդիսանում է Ընկերության՝ վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի խախտում:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի վճիռը՝ Ընկերության տնօրենին վտարելու մասին առարկայազուրկ է, քանի որ վեճի առարկա նկուղը գտնվում է Ընկերության ըհդհանուր համատեղ սեփականության ներքո, իսկ Ընկերության տնօրենին վտարելն որևէ իրավական հետևանքներ չի կարող առաջացնել Ընկերության համար:

2) վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում արդեն անդրադարձել է դատական ակտերի

իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական, և թե՜ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման՝ վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Մինչդեռ, տվյալ դեպքում, վճռում չի նշվել այն օրենքը կամ իրավական այլ ակտը, որի համաձայն հնարավոր է բազմաբնակարան շենքի բաժնային սեփականատիրոջը վտարել բաժնային սեփականության ներքո գտնվող տարածքից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց 

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 24.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան