Գլխավոր տեղեկություն
Համար
N 1718-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.01.2008-11.06.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.16/71(443) Հոդ.1344
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 31 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1718-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 642-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 08.06.06 N 799-Ն)

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 642-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 21
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1718-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը փոփ. 08.06.06 N 799-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (այսուհետ` համալսարան) բարձրագույն ուսումնական հաստատություն է:

(1-ին կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

2. Համալսարանի գործունեությունը նպատակաուղղված է տնտեսագիտական կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի), հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով և ուսուցման տարբեր ձևերով (առկա, հեռակա, դրսեկություն, հեռավար) ու կրթական ծրագրերով:

Համալսարանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը վերակազմակերպելու մասին» N 478 որոշմամբ վերակազմակերպվել է պետական ոչ առևտրային կազմակերպության:

(2-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

3. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

(3-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

4. Համալսարանը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական կրթական կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:

(4-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

5. Համալսարանն իր գործունեության նպատակներին համապատասխան կարող է իրականացնել ուսումնական, հետազոտական, խորհրդատվական, փորձագիտական, գիտաարտադրական վճարովի ծառայություններ և ուսուցում` օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(5-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

6. Համալսարանն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ:

(6-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

7. Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք և մեդալ:

(7-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

8. Համալսարանի անվանումն է`

հայերեն լրիվ` «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կարճ` «ԵՊՏԻ» ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ`«Государственный экономический  университет Армении» государственная некоммерческая организация ,

ռուսերեն կարճ` «АГЭУ» ГНО,

անգլերեն լրիվ` «Armenian State univercity of Economy» state non-commercial organization,

անգլերեն կարճ` «YSUE» SNCO։

Համալսարանի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, 375025, Նալբանդյան 128։

(8-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

 

II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
(Վերնագիրը փոփ. 08.06.06 N 799-Ն)

 

9. Համալսարանի խնդիրներն են`

ա) բարձր որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

բ) տնտեսագիտության բնագավառում գիտական, ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը.

գ) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգի մշակումն ու արմատավորումը.

դ) գիտական մշակումների տարածումն ու լուսավորչական աշխատանքի իրականացումը։

(9-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

10. Առաջադրված խնդիրներին համապատասխան համալսարանն իրավասու է`

ա) կազմելու ուսումնական պլաններ ու ծրագրեր.

բ) ինքնուրույն ձևավորելու իր կառուցվածքը, իր կազմում հիմնադրի որոշմամբ ստեղծելու մասնաճյուղեր, կենտրոններ, քոլեջներ, մասնագիտական թեքում ունեցող դպրոց, ֆակուլտետներ.

գ) շնորհելու համալսարանի պատվավոր կոչումներ, սահմանելու մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու համալսարանի մեդալով.

դ) իր կողմից կնքված պայմանագրերի հիման վրա իրականացնելու երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա բուհերի, գիտական հիմնարկների, գերատեսչությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (կադրերի պատրաստում, ուսանողների ու ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային և այլ գործունեություն, գիտական խորհրդակցությունների կազմակերպում).

ե) կազմակերպելու մագիստրանտների, ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների ընդունելությունը։

(10-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

11. Համալսարանն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում, ինչպես նաև` լրացուցիչ կրթության կազմակերպում.

բ) արտասահմանցի դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և մասնագիտական որակավորման բարձրացում.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

ե) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

զ) հրատարակչական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

է) սովորողների սննդի կազմակերպում.

ը) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

թ) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.

ժ) սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպում:

(11-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

 

III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
(Վերնագիրը փոփ. 08.06.06 N 799-Ն)

12. Համալսարանի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցման, խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթներով, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանն համալսարանի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:

(12-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

13. Համալսարանի կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Խորհուրդը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Խորհրդի անդամների թիվը 32 է:

(13-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

14. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդն այդ մասին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

15. Խորհուրդը`

ա) համալսարանի կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում է հիմնադրին, ընտրում է խորհրդի նախագահ (որը հաստիքային աշխատող չէ)` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար.

բ) հաստատում է իր աշխատակարգը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է ռեկտորի, մասնաճյուղի տնօրենի ընտրությունները.

դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 03.05.07 N 609-Ն).

ե) ռեկտորի ներկայացմամբ հաստատում է համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրերը.

զ) քննարկում ու հաստատում է համալսարանի բյուջեն.

է)  («է» ենթակետն ուժը կորցրել է 03.05.07 N 609-Ն).

ը) լսում և գնահատում է ռեկտորի հաշվետվությունը համալսարանի տարեկան գործունեության մասին.

թ) քննարկում ու հաստատում է համալսարանի կառուցվածքը:

(15-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն, խմբ., փոփ. 03.05.07 N 609-Ն)

16. համալսարանի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

(16-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

17. Համալսարանի գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

գ) ընդունում է որոշումներ «Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր», «Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր», «Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի վաստակավոր դասախոս», «Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի վաստակավոր աշխատող» կոչումներ շնորհելու, համալսարանի մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, համալսարանի մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ.

դ) իրականացնում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրությունները` փակ գաղտնի քվեարկությամբ.

ե) սահմանված կարգով շնորհում է դոցենտի և պրոֆեսորի կոչումներ.

զ) հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները.

է) նոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին.

ը) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ.

թ) հաստատում է համալսարանի ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրությունների կարգը.

ժ) պետական լիազորված մարմնի հաստատած ընդհանուր չափաքանակների շրջանակում, ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է ըստ մասնագիտությունների վճարովի հիմունքներով ընդունելության տեղերը.

ժա) քննարկում և հիմնադրի հաստատմանն է ներկայացնում համալսարանի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկը.

ժբ) ընդունում է որոշում նոր մասնագիտությունների կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ և ներկայացնում կառավարման լիազորված մարմնի հաստատման:

(17-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

18. Համալսարանի գիտական խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 45-ը: Համալսարանի գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե մտնում են` ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, մասնաճյուղի տնօրենը և բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ:

Ի պաշտոնե նշանակվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների թվի 50 տոկոսը: Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են համալսարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:

(18-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

19. Համալսարանի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

(19-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

20. Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր կանոնակարգով, իրեն ընձեռած լիազորությունների շրջանակում քննարկում է համալսարանի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը:

(20-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

21. Համալսարանի ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, ռեկտորի խորհրդականը, ուսումնական մասի վարիչը, գլխավոր հաշվապահը, արհեստակցական միության և ուսանողական խորհրդի նախագահները:

(21-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

22. Համալսարանի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է ռեկտորը, իր իրավասության սահմաններում և համալսարանի կանոնադրությանը համապատասխան, որն ընտրվում է 5 տարի ժամկետով:

23. Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող, դոկտորի գիտական աստիճան, պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Ռեկտորի ընտրությունները կատարվում են բաց մրցույթի կարգով` ուսումնական հաստատության խորհրդում գաղտնի քվեարկությամբ, խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն 2/3-ը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:

(23-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն, փոփ. 03.05.07 N 609-Ն)

24. Ռեկտորի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:

25. Համալսարանի ռեկտորը`

ա) ղեկավարում է համալսարանի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեություն, առանց լիազորագրի գործում է համալսարանի անունից, ներկայացնում նրա շահերը.

բ) կազմակերպում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

գ) հրավիրում է համալսարանի գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր.

դ) տարեկան հաշվետվություն է ներկայացնում համալսարանի խորհրդի հաստատմանը.

ե) ապահովում է համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

զ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում համալսարանի կառուցվածքը, ինչպես նաև ներկայացնում է առաջարկություններ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու կամ լուծարելու վերաբերյալ.

է) հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

ը) սույն կանոնադրությանը համապատասխան կնքում է աշխատանքային պայմանագրեր սահմանված կարգով ընտրված դեկանների, ամբիոնի վարիչների և դասախոսների, բաժանմունքների ղեկավարների, մասնաճյուղի տնօրենի հետ.

թ) արձակում է հրամաններ ուսանողների ընդունելության, նրանց նույն կուրսում թողնելու, հեռացնելու և վերականգնելու վերաբերյալ.

ժ) նշանակում և ազատում է համալսարանի պրոռեկտորներին, համալսարանի կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունը.

ժա) պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կնքում է խոշոր գործարքներ.

ժբ) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։

(25-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

26. Պրոռեկտորներն իրականացնում են համալսարանի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարությունը` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան։

(26-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

27. Համալսարանի ռեկտորը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

(27-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

28. Համալսարանի ռեկտորը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով համալսարանին պատճառված վնասի համար:

(28-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

 

IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
(Վերնագիրը փոփ. 08.06.06 N 799-Ն)

29. Ստորաբաժանումներ են համարվում գիտական կենտրոնները, քոլեջները, ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը, հրատարակչությունը, մասնաճյուղերը և այլն:

Համալսարանի մասնաճյուղերն են` Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերը, որոնք գործում են համալսարանի անունից: Մասնաճյուղերում ուսուցումը կազմակերպվում է առկա ուսուցման ձևով:

Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրենց կանոնադրություններով:

(29-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն, խմբ. 20.12.07 N 1510-Ն)

30. Համալսարանն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ միասին ուսումնական, գիտական և արտադրական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է`

ա) ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը` նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ,

բ) բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համալսարանի, գիտական խորհրդի որոշումների, ռեկտորի հրամանների և կարգադրությունների կատարմամբ:

(30-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

31. Համալսարանի ֆակուլտետները գործում են համալսարանի և ֆակուլտետի կանոնադրությունների հիման վրա:

Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի նորմատիվ ակտերին, ֆակուլտետի և սույն կանոնադրություններին:

Ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ աշխատանքներից, ըստ սահմանված չափանիշների, մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ռեկտորի կողմից:

Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ օղակներից:

Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը:

(31-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

32. Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում համալսարանի գիտական խորհրդի հաստատմանը, լսում է դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը:

(32-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

33. Ֆակուլտետի խորհրդի կազմի (որպես կառավարման մարմին) ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

34. Ֆակուլտետի խորհուրդը`

ա) ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերացնելու և վերակազմավորելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համալսարանի ռեկտորին,

բ) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հարցերը,

գ) համալսարանի գիտական խորհրդում հաստատելու համար ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները,

դ) համալսարանի գիտական խորհրդին առաջարկություններ է ներկայացնում ֆակուլտետի աշխատողին «ԵՊՏԻ-ի ամբիոնի պատվավոր վարիչ», «ԵՊՏԻ-ի վաստակավոր պրոֆեսոր», «ԵՊՏԻ-ի վաստակավոր դասախոս», «ԵՊՏԻ-ի վաստակավոր գիտական աշխատող», «ԵՊՏԻ-ի վաստակավոր աշխատող» պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ,

ե) ընտրում է համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին,

զ) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

(34-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

35. Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են դրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի ղեկավարության, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար:

36. Ֆակուլտետի գործունեության կազմակերպումը և ղեկավարումն իրականացնում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրությանը համաձայն:

Դեկանն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդի սահմանած կարգով, գիտական խորհրդի կողմից` 5 տարի ժամկետով: Ռեկտորը դեկանին պաշտոնի է նշանակում իր հրամանով` քվեարկության արդյունքների հիման վրա:

(36-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

37. Ֆակուլտետի դեկանը`

ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեություն,

բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը,

գ) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների, ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածուներին,

դ) սահմանված կարգով համալսարանի ռեկտորին առաջարկություններ է ներկայացնում ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

(37-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

38. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) համալսարանի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների` համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված օրինակելի կանոնադրության հիման վրա:

Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորներ, դոցենտներ, ասիստենտներ ու դասախոսներ:

Բաժնի (լաբորատորիայի) գիտական և ինժեներատեխնիկական կազմում ընդգրկվում են գիտական և ինժեներատեխնիկական աշխատողներ:

(38-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

39. Ամբիոնը (բաժինը, լաբորատորիան) մշակում է ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) աշխատողների հաստիքացուցակը` ֆակուլտետի հաստիքացուցակի շրջանակներում` ելնելով կատարվող մանկավարժական, գիտական և ուսումնաօժանդակ աշխատանքների ծավալից ու ձևերից` ըստ սահմանված չափանիշների:

Համալսարանի ամբիոնների (բաժինների, լաբորատորիաների) պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը, կազմի և ինստիուտի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով, որոնց նախորդում է պաշտոնի հավակնորդի ընտրման մրցութային կարգը:

(39-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

40. Ամբիոնը (բաժինը, լաբորատորիան) ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է բաց մրցույթով` մինչև 5 տարի ժամկետով` համալսարանի գիտական խորհրդի սահմանած կարգով: Գիտական խորհրդի կողմից ամբիոնի վարիչն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդում: Ընտրությունների արդյունքների հիման վրա պաշտոնի է նշանակում ռեկտորը և նրա հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:

Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) վարիչը կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի ուսումնագիտական և այլ աշխատանքներ, ներկայացնում է նրա կոլեկտիվն համալսարանի ֆակուլտետի, համալսարանի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում:

Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) գիտաուսումնական հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) այլ աշխատողներն այդ նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

(40-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

 

V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
(Վերնագիրը փոփ. 08.06.06 N 799-Ն)

41. Ուսանողների ընդունելությունն համալսարան կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(41-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

42. Համալսարանում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա, հեռավար և դրսեկության ձևերով:

(42-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

43. Համալսարանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

(43-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

44. Համալսարանում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:

(44-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

45. Համալսարանում կիրառվում է բարձրագույն կրթության երկաստիճան և հնգամյա ուսուցման համակարգ: Ուսուցման ավարտին շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ):

(45-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

46. Համալսարանի գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից,

բ) վճարովի ուսուցման միջոցներից,

գ) հանրապետության ու օտարեկրյա հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նվիրատվություններից.

դ) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

ե) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված համալսարանի միջոցներից.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

(46-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

47. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված մասնագետները:

(47-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

48. Համալսարանը կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ:

(48-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

49. Գիտական աստիճաններ շնորհում է համալսարանում գործող մասնագիտական խորհուրդը` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդն ստեղծվում և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(49-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

 

VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ
(Վերնագիրը փոփ. 08.06.06 N 799-Ն)

50. Համալսարանի կոլեկտիվը կազմում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, դոկտորանտները, ասպիրանտները, գիտական, վարչական ու այլ աշխատողներ և ուսանողներ:

Համալսարանի աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական աշխատողները), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ տարակարգերի:

Համալսարանի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրով և համալսարանի այլ ակտերով:

(50-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

51. Համալսարանի կոլեկտիվի անդամներն իրավունք ունեն`

ա) ընտրելու և ընտրվելու համալսարանի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում,

բ) մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող խնդիրների քննակմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին,

գ) միավորվելու արհմիությունների և հասարակական այլ կազմակերպությունների մեջ,

դ) օգտվելու համալսարանի ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գիտական գրադարանի ծառայություններից:

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

(51-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

52. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար ստեղծվում են գիտական ճշմարտության ազատ որոնումների, շարադրման և տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների շրջանակներում:

53. Համալսարանի կոլեկտիվի անդամները պարտավոր են`

ա) կատարել սույն կանոնադրությունից և Համալսարանի այլ ակտերից բխող հանձնարարականներ,

բ) կատարել Համալսարանի ղեկավար մարմինների որոշումները,

գ) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը,

դ) մշտապես բարձրացնել իրենց որակավորումը,

ե) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել համալսարանի գույքը,

զ) հոգ տանել Համալսարանի հեղինակության բարձրացման մասին:

(53-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

54. Համալսարանի գիտամանկավարժական կազմը ձևավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

(54-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

55. Համալսարանի գիտամանկավարժական աշխատողներն ունեն`

ա) իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման իրավունք,

բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության իրավունք,

գ) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության իրավունք,

դ) պետական կրթության չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման իրավունք,

ե) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների և միջոցների ազատ ընտրության իրավունք,

զ) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք:

Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար Համալսարանի աշխատողներին շնորհվում են Համալսարանի մրցանակներ: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:

(55-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

56. Համալսարանի ուսանողներ են համարվում հնգամյա և երկաստիճան ուսուցման ծրագրերով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:

(56-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն) 

57. Հանրակրթական ուսումնառություն ստացած յուրաքանչյուր ոք կարող է դառնալ համալսարանի ուսանող` վճարովի կամ անվճար հիմունքներով, մրցույթով կազմակերպված ընդունելության քննությունները հաջող հանձնելու, իսկ առանձին մասնագիտությունների գծով` հարցազրույց անցնելու դեպքերում:

Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է համաձայն կնքված պայմանագրի` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգի:

(57-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

58. Համալսարանի ուսանողն իրավունք ունի`

ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ,

բ) հաճախելու համալսարանում կարդացվող դասախոսություններին,

գ) ըստ նախասիրությունների` մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին,

դ) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը, բողոքարկելու համալսարանի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

ե) օգտվելու համալսարանի գրադարանից, մարզական և առողջարանային հենակետերից, մշակութային-լուսավորչական օղակներից, ուսուցման վարձը մասամբ կամ լրիվ զեղչման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Սահմանված կարգով ստանալու իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված, ինչպես նաև անվանական կրթաթոշակ, դրամաշնորհ, ուսումնական վարկ,

զ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու 2 որակավորման աստիճան,

է) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքին առնչվող հարցերի լուծման համար,

ը) համալսարանի կողմից սահմանված կարգով ընդգրկվելու համալսարանի և նրա ստորաբաժանումների ղեկավար մարմինների կազմում,

թ) մեկ ուսումնական տարվա ընթացքում ստանալու երկուսից ոչ պակաս արձակուրդ` առնվազն 7 շաբաթ տևողությամբ` լիազորված մարմնի սահմանած կարգով, անհրաժեշտության դեպքում, ստանալու ակադեմիական արձակուրդը մինչև մեկ տարի,

ժ) ստանալու հանրակացարան սահմանված կարգով,

ժա) համալսարանում սահմանված կարգով փոխադրվելու նախասիրած մասնագիտության, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով փոխադրվելու այլ բուհ, ներառյալ օտարերկրյա,

ժբ) կրթությունն ընդհատած ուսանողն իրավունք ունի վերականգնվելու համալսարանում սահմանված կարգով:

(58-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

59. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսանողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ապահովվում են ուսանողական կրթաթոշակներով: Համալսարանն իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական և նյութական խթանման այլ ձևեր:

(59-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն, փոփ. 03.05.07 N 609-Ն)

60. Արգելվում է ուսանողներին ներգրավել արտաուսումնական աշխատանքում` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների և հոգաբարձուների) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումն արգելվում է:

61. Համալսարանի ուսանողները պարտավոր են`

ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները,

բ) տիրապետել բարձր որակավորման ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին,

գ) պահպանել համալսարանի կանոնադրությունը և ներքին կանոնները,

դ) հաճախել համալսարանում անցկացվող դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին,

ե) բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը.

զ) արգելվում է ուսանողին հեռացնել համալսարանից` հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդների, հղիության և ծննդաբերության արձակուրդների ընթացքում:

(61-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

62. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է համալսարանը: Ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողները կարող են ազատվել համալսարանից:

(62-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

63. Ուսանողները, որոնք չեն կատարում ուսումնական պլանները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են համալսարանի ներքին կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը:

(63-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

64. Համալսարանի ուսումնական պլանները կատարած ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ` դիպլոմ:

(64-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

65. Ավարտական վկայականում նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): Ուսման մեջ հատուկ հաջողություններ ունեցող ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:

66. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունն համալսարանի կառավարման համապատասխան մարմիններին, քննարկման է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:

(66-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

67. Համալսարանի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և նախապատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

(67-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

68. Համալսարանի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և դոկտորանտուրա հրամանագրված անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցող ատենախոսություն:

(68-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

69. Համալսարանի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող այն անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցող ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել 5 տարվանից ավելի:

(69-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

70. Համալսարանի ուսանողներ են համարվում այն անձինք, ովքեր սովորում են դրսեկությամբ, նախապատրաստական բաժիններում, ինչպես նաև դասախոսները և գիտական աշխատողները, ովքեր մասնակցում են վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներին:

(70-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

71. Համալսարանում գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:

(71-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

 

VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
(Վերնագիրը փոփ. 08.06.06 N 799-Ն)

72. Համալսարանի գույքը ձևավորվում է հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով հանձնված, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով նրան ամրացված, ինչպես նաև համալսարանի գործունեության ընթացքում ստեղծված ու ձեռք բերված գույքից:

(72-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

73. Համալսարանն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության` լիազորված պետական մարմնի համաձայնությամբ: Համալսարանը կարող է որպես սեփականություն իրեն հանձնված գույքն օտարել կամ տալ վարձակալության: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(73-րդ  կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

74. Հաստատության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ ֆինանսների կառավարման պետական լիազոր մարմնի կողմից:

 

VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

(Վերնագիրը փոփ. 08.06.06 N 799-Ն)

 

75. Համալսարանի վերակազմակերպումը և լուծարումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(75-րդ  կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

76. Համալսարանի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բավարարելուց հետո մնացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(76-րդ կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 

Մ. Թոփուզյան