Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ-2675

Քաղաքացիական գործ թիվ 3-1886(ՏԴ)
2007թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Է. Հայրիյանի

 

Ս. Սարգսյանի

 

Ս. Գյուրջյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կենտրոնական բանկի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 31.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ «Ղարիբյան եղբայրներ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ)՝ 24.07.2007 թվականի թիվ 225ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի 24.07.2007 թվականի թիվ 225ա որոշումը:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Տնտեսական դատարան) 31.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կենտրոնական բանկը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. 

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝

1) Տնտեսական դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.8 հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանը նշել է, որ Ընկերությունը վարչական վարույթի մասին ծանուցում չի ստացել և զրկված է եղել վարչական վարույթին մասնակցելու հնարավորությունից:

Մինչդեռ, ՀՀ կենտրոնական բանկը 06.06.2007 թվականին կազմել է թիվ 4/01 արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.8 հոդվածով սահմանված կարգով ուղարկել է Ընկերությանը, որն էլ դրա վերաբերյալ ներկայացրել է առարկություններ:

Տնտեսական դատարանն անտեսել է Կենտրոնական բանկի հայտարարությունն այն մասին, որ Ընկերությունը մասնակցել է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստին, որի ժամանակ քննարկվել է նրա նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու հարցը:

Բացի այդ, իրազեկման փաստն ապացուցվում է նաև Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետի՝ Ընկերությանն ուղարկված 06.06.2007 թվականի թիվ 4/01 գրությամբ և Ընկերության առարկություններով, ինչպես նաև լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստի արձանագրությամբ:

Ավելին, հենց Ընկերությունը դատաքննության ընթացքում ընդունել է, որ իրազեկված է եղել հարուցված վարույթի մասին:

2) Տնտեսական դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանի վճռի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Կենտրոնական բանկի հետևությունն այն մասին, որ Ընկերությունը 31.01.2007 թվականին Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվություններում ներկայացրել է կեղծ տվյալներ, կրում է ձևական բնույթ:

Այսպես, Կենտրոնական բանկի կողմից Ընկերության գրավատանը հայտնաբերված թիվ 5745 և 5807 վարկային պայմանագրերում վարկի մարման ժամկետ նշվել է 181 օր, որոնց մեջ համապատասխան ուղղումներ կատարել է Ընկերությունը՝ ստուգող խմբի հայտնաբերելուց հետո, այն էլ միայն Ընկերության օրինակում:

Տնտեսական դատարանը չի անդրադարձել Կենտրոնական բանկի ներկայացուցչի այն հայտարարությանը, որ Ընկերությունը չի պահպանել պայմանագրերում փոփոխություններ կատարելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և թիվ 5745 և 5807 վարկային պայմանագրերով սահմանված կարգը, ինչով իսկ վտանգվել է վարկառուների շահերը, որոնք տեղյակ չլինելով պայմանագրերում կատարված փոփոխությունների մասին, կարող էին վարկերը վերադարձնել դրանում նշված ժամկետի ավարտին և ստիպված լինեին վճարել տույժ:

Տնտեսական դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերության կողմից թույլ տրված խախտման էությունը կայանում է նրանում, որ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում արտացոլված տվյալները, այն է՝ վերոհիշյալ վարկային պայմանագրերով 180 օր տևողությամբ վարկեր տրամադրելու փաստը, չի համապատասխանել իրականությանը, քանի որ Ընկերությունը պայմանագրեր է կնքել 181 օր ժամկետով վարկեր տրամադրելու մասին անկախ այն հանգամանքից, թե դրանք իրականում քանի օրում են մարվել և հաշվետվություններում ներկայացնել դրանք որպես 180 օր տևողությամբ տրամադրված վարկեր: Արդյունքում վարկային պայմանագրերի և հաշվետվությունների տվյալները չեն համընկել: Ուստի, այստեղ չի կարող փաստվել Ընկերությանը միայն ձևական պահանջների պահպանման նպատակով պարտականություններով ծանրաբեռնելը, քանի որ Ընկերությունը պարտավոր էր իր վրա օրենքով դրված պարտավորությունները կատարել պատշաճ, այն է՝ ներկայացնել ճշգրիտ տվյալներ:

3) Տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

Վճռով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Կենտրոնական բանկի որոշումը հակասում է օրենքին, այլ պարզապես նշվել է, որ որոշումը հստակ և հասկանալի ձևակերպված չէ և չեն պահպանվել Ընկերությանն այդ մասին ծանուցելու ընթացակարգերը, ինչն անհիմն է, քանի որ վիճարկվող որոշումը կայացվել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Որոշման մեջ շարադրվել են Ընկերության կողմից թույլ տրված խախտումները, այն իրավական ակտերը, որոնց խախտմանը դրանք հանգեցրել են և դրանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները: Ընկերության մոտ որոշման բովանդակությունը ոչ մի տարընկալում չի առաջացրել, ինչն ապացուցվում է նաև այն փաստով, որ վերջինս ներկայացրել է առարկություններ որոշման բոլոր կետերի վերաբերյալ:

4) Տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերը և 119-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանը չի անդրադարձել Կենտրոնական բանկի ներկայացուցչի այն հայտարարությանը, որ չնայած այն հանգամանքին, որ Կենտրոնական բանկը պետական մարմին չէ և չի իրականացնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված վարչարարություն, սակայն նույն ընթացակարգը նախատեսված է նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով, որը և Կենտրոնական բանկը պահպանել է Ընկերության նկատմամբ վարույթի հարուցման պահից սկսած մինչև պատասխանատվության միջոց կիրառելը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության 21.05.2007 թվականի N 25 ստուգման լիազորագրի համաձայն՝ 21.05.2007 թվականից մինչև 25.05.2007 թվականն Ընկերությունում իրականացվել է ստուգում, որի արդյունքում կազմված խախտումների արձանագրման ակտի 2-րդ կետի համաձայն՝ Ընկերության կողմից մի շարք վարկային պայմանագրեր կնքվել են 180 օրից ավելի ժամկետով (օրինակ՝ թիվ 5631, 5634,5639, 5656, 5661):

Ակտի 3-րդ կետի համաձայն՝ մի շարք դեպքերում Ընկերության կողմից 180 օրից ավելի ժամկետով վարկեր տրամադրելու փաստը թաքցնելու նպատակով՝ Ընկերության կողմից կատարվել են կեղծումներ՝ գրավատանն առկա վարկային պայմանագրերի օրինակներում միակողմանի (առանց վարկառուի գրավոր համաձայնության և/կամ ստորագրության) փոփոխություններ կատարելու միջոցով:

Ակտի 4-րդ կետի համաձայն՝ Ընկերության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված 2006 թվականի 3-րդ եռամսյակի համար կազմված եռամսյակային հաշվետվության 1.8 «տրամադրված վարկերի առավելագույն ժամկետ» տողի 4-րդ «հաշվետու ժամանակաշրջանում» սյան մեջ արտացոլվել են կեղծ տվյալներ՝ կապված նույն ակտի 3-րդ կետում նշված կեղծիքների հետ:

2) Կենտրոնական բանկի խորհրդի 24.07.2007 թվականի թիվ 225ա որոշմամբ Ընկերության թիվ ԳԳ-Ե034 գրավատնային գործունեության լիցենզիան դադարեցվել է:

3) Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի 12.07.2007 թվականի նիստի թիվ 32 արձանագրության քաղվածքի համաձայն՝ վերոհիշյալ նիստին ներկա է գտնվել նաև Ընկերության տնօրեն Անուշիկ Դադիկյանը և հանձնաժողովին ներկայացրել բացատրություններ ու առարկություններ:

4) Տնտեսական դատարանը փաստել է, որ Կենտրոնական բանկի թիվ 225ա որոշումը կայացվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 10-րդ, 21-րդ, 35-րդ, 51-րդ, 56-րդ հոդվածների պահանջների խախտումով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձնաց՝ օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունը (անգործությունը) վիճարկելու համար հիմք են նշված ակտն օրենքին հակասելը և դիմողի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների և (կամ) ազատության խախտման փաստի առկայությունը:

Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածում, որի համաձայն վարչական պատասխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանչի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը:

Նշված հոդվածը, սահմանելով Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ, սահմանում է պարտադիր կանոն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Նշված կանոնից օրենսդիրը սահմանել է բացառություններ միայն այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Այսինքն, անձին վարչական վարույթի մասին ծանուցելու նպատակը վերջինիս օրենքով նախատեսված իրավունքների իրականացման ապահովումն է:

Սույն քաղաքացիական գործով Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի 12.07.2007 թվականի նիստի թիվ 32 արձանագրության քաղվածքի համաձայն՝ վերոհիշյալ նիստին ներկա է գտնվել նաև Ընկերության տնօրեն Անուշիկ Դադիկյանը և հանձնաժողովին ներկայացրել բացատրություններ ու առարկություններ:

Այսինքն, Ընկերության ներկայացուցիչը ներկա է գտնվել Կենտրոնական բանկի 24.07.2007 թվականի թիվ 225ա որոշման կայացման վարույթին, հնարավորություն է ունեցել օգտվելու վերոհիշյալ բոլոր իրավունքներից.

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն քաղաքացիական գործով ներկայացված հաշվետվություններում կեղծիքի առկայության փաստը հաստատված համարելու համար անհրաժեշտ է փաստել այն հանգամանքը, որ հաշվետվությամբ ներկայացված տվյալները դրանց ներկայացման պահի դրությամբ տարբերվել են կնքված պայմանագրի տվյալներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս նշված ակտն ընդունելու համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման պարտականությունը դրվում է ակտն ընդունած մարմնի կամ պաշտոնատար անձի վրա:

Մինչդեռ, Կենտրոնական բանկը պայմանագրերում կատարված ուղղումները ժամանակագրական առումով հաշվետվությունների ներկայացմանը նախորդած լինելու մասին ապացույցներ չի ներկայացրել, ինչի պայմաններում հիմնավոր է Տնտեսական դատարանի հետևությունն այն մասին, որ հիշյալ պայմանագրերում կատարված ուղղումներն որպես 180 օրից ավելի ժամկետով վարկեր տրամադրելու փաստը թաքցնելու նպատակ դիտելը անհիմն է.

3) վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես, օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական, և թե´ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Սույն քաղաքացիական գործով Տնտեսական դատարանը վճռի հիմքում դրել է այն հանգամանքը, որ Կենտրոնական բանկի թիվ 225ա որոշումը կայացվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 10-րդ, 21-րդ, 35-րդ, 51-րդ, 56-րդ հոդվածների պահանջների խախտումով: Մինչդեռ, վճռում չի նշվել, թե ինչի հիման վրա է Տնտեսական դատարանը հանգել վերոհիշյալ նորմերի խախտման մասին հետևության:

4) վճռաբեկ բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ բողոքի սույն հիմքում նշվել է, որ Տնտեսական դատարանը չի անդրադարձել Կենտրոնական բանկի ներկայացուցչի այն հայտարարությանը, որ Կենտրոնական բանկը պետական մարմին չէ և չի իրականացնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված վարչարարություն:

Բողոքի վերոնշյալ փաստարկը Վճռաբեկ դատարանը անհիմն է համարում, քանի որ Տնտեսական դատարանն անդրադարձել է բողոքի սույն հիմքով ներկայացրած խնդրին և նշել, որ «Պատասխանողի ներկայացուցիչների պնդումներն այն մասին, որ ՀՀ Կենտրոնական բանկը պետական մարմին չէ, այլ «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ, և այդ իսկ պատճառով չի իրականացնում վարչարարություն, անհիմն են. պատասխանողը բանկային գործունեության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականություն, ուստի, հանդիսանում է վարչական մարմին և վերջինիս կողմից որոշում ընդունելը, այսինքն վարչական ակտ ընդունելու ենթակա են կիրառման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված նորմերը»:

Այսինքն, Տնտեսական դատարանն անդրադարձել է Կենտրոնական բանկի հարցադրմանը և հաստատել Կենտրոնական բանկի նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառելիության հանգամանքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին և երրորդ հիմքերի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի հիմքով Տնտեսական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա. Մկրտումյան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան

 

Ս. Գյուրջյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան