Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.29/20(118)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ-1864/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1921(ՏԴ)
2007թ.

Դատավոր՝ Ա. Ղազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ս. Գյուրջյանի

 

Է. Հայրիյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 07.11.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) ընդդեմ «Առևտրասարքավորում ԱՄ» ԲԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր)՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականը՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերությանը 29.03.2006 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2024512 վկայականը՝ Երևանի Արցախի 61ա հասցեի 4.600քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման մասով:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.11.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վճռաբեկ դատարանի կողմից ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածներին: Մասնավորապես, 26.10.2006 թվականի թիվ 3-1920 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանը կարճել է անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու հայցը: Փաստորեն, Դատարանի վճիռը հակասում է Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 07.11.2007 թվականի վճիռը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) 29.03.2006 թվականին Կադաստրի կողմից Ընկերությանը տրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 2024512 վկայականը:

2) Սույն գործով ներկայացված հայցով պահանջվել է անվավեր ճանաչել Ընկերությանը 29.03.2006 թվականին տրված թիվ 2024512 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներում արդեն իսկ արտահայտել է դիրքորոշում, որի համաձայն՝ նման պահանջը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ անշարժ գույքի սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականն իրավունք առաջացնող վարչական ակտ չէ: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված` գրանցման մատյանում գրանցելու պահից: Հետևաբար, վարչական ակտը անշարժ գույքի գրանցամատյանի գրանցումն (գրառումն) է: Սեփականության իրավունքի գրանցման վկայականը սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ է և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտը՝ անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը (տես Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի որոշումը՝ քաղաքացիական գործով ըստ Սիսիանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Շահեն Սարգսյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի ստորաբաժանման, Կորյուն Օհանյանի` 26.08.2002 թվականին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը հիմնավոր համարելով՝ դրա առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ և 236-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու և քաղաքացիական գործի վարույթը կարճելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 07.11.2007 թվականի վճիռը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա. Մկրտումյան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

 

Է. Հայրիյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան