Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.29/20(118)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ-2576/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1894(ՏԴ)
2007թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

 

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 02.11.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հայցի ընդդեմ Բանկի՝ 54.555.000 ՀՀ դրամ բռնագանձելու և ըստ Բանկի հակընդդեմ դիմումի ընդդեմ Ծառայության՝ 27.05.2003 թվականի թիվ 116673 ստուգման ակտի 8-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջների մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ծառայությունը պահանջել է բռնագանձել Բանկից 54.555.000 ՀՀ դրամ:

Բանկը հակընդդեմ դիմումով պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 27.05.2003 թվականի թիվ 116673 ակտի 8-րդ կետը:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ դիմումը՝ մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել: 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. 

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ մասի և 10-րդ հոդվածի 4-րդ կետի, 43-րդ հոդվածի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի 2-րդ կետի, 4-րդ հոդվածի 1-ին կետի, 14-րդ հոդվածի 2-րդ կետի, 23-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ կետերի, 28-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետի համաձայն` այլ վայրերում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար վճարվում է պետական տուրք՝ տվյալ լիցենզիայի տրման համար տարեկան սահմանված պետական տուրքի 50 տոկոսի չափով:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ մասի և 10-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված բանկային գործունեության լիցենզավորման կարգերը հաստատում է ՀՀ կենտրոնական բանկը:

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` oրենքը սահմանում է ՀՀ տարածքում ստեղծվող և գործող բանկերի, նրանց և oտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների գրանցման, լիցենզավորման, գործունեության կարգավորման և դադարման, ինչպես նաև բանկային գործունեության վերահսկողության կարգը և պայմանները: Համաձայն նույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի` ՀՀ տարածքում բանկերի գործունեությունը կարգավորվում է սույն oրենքով, «ՀՀ Կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ oրենքներով, այլ oրենքներով, իսկ դրանցով նախատեսված դեպքերում և սահմաններում` Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով: Նույն օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ բանկային գործունեության լիցենզավորման ընթացակարգը սահմանվում է սույն oրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով: Այլ oրենքներով բանկային գործունեության լիցենզավորման վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն oրենքի դրույթները: Նույն հոդվածի 4-րդ կետով սահմանված է բանկային գործունեության լիցենզիայի վավերապայմանները, ըստ որի՝ բանկային գործունեության լիցենզիայում գործունեության վայր (հասցե) չի նշվում:

Պատասխանողին տրված 01.10.2001 թվականի լիցենզիան գործունեության վայրի նշում չի պարունակում: Իսկ ըստ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի` մասնաճյուղերը գործում են բանկի լիազորագրի հիման վրա:

Տվյալ դեպքում, եթե անգամ առկա է հակասություն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի դրույթներում, ապա «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի ուժով պետք է կիրառվեն Բանկի համար նախընտրելի իրավական նորմերը:

Այսինքն` պատասխանողը այլ վայրերում նույն գործունեությամբ զբաղվելու համար պարտավոր չէ լիցենզիայի համար վճարել պետական տուրք:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 02.11.2007 թվականի վճիռը, փոփոխել այն՝ հայցը մերժել, իսկ հակընդդեմ դիմումը՝ բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Բանկին 01.10.1991 թվականին տրվել է բանկային գործունեության թիվ 9 լիցենզիան:

2. Ծառայության պետի 05.05.2003 թվականի թիվ 116673 հանձնարարագրի համաձայն` ծառայության բանկերի և վարկային կազմակերպությունների հարկային տեսչության աշխատակիցներին հանձնարարվել է Բանկում կատարել 01.05.2002 թվականից մինչև 01.05.2003 թվականն ընկած ժամանակաշրջանի բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում: Ստուգման արդյունքում 27.05.2003 թվականին կազմվել է թիվ 116673 ակտը:

3. Բանկն այլ վայրերում` թվով 4 մասնաճյուղերում, մասնավորապես` «Անելիք Բանկ» «Կենտրոնական» մասնաճյուղ` գրանցման վկայական թիվ 0179, «Անելիք Բանկ» ՍՊԸ «Գյումրի» մասնաճյուղ` գրանցման վկայական թիվ 0121, «Անելիք Բանկ» ՍՊԸ Աբովյանի մասնաճյուղ` գրանցման վկայական թիվ 0120, «Անելիք Բանկի» «Պայազատ» մասնաճյուղ` գրանցման վկայական թիվ 0240, զբաղվել է բանկային գործունեությամբ: 

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

Ծառայության կողմից խախտումը հայտնաբերելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետի համաձայն. «Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր, (թույլտվություններ) տալու համար պետական տուրքը գանձվում է. … 25) այլ վայրերում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար` տարեկան տվյալ լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով:»:

Վճռաբեկ բողոքի հիմքում վկայակոչված են տարբեր օրենքներ (հոդվածներ), որոնք բողոք բերած անձը վկայակոչում է որպես դատարանի կողմից սխալ կիրառված կամ կիրառման ենթակա նորմեր, սակայն բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցը. Արդյո՞ք մասնաճյուղի միջոցով բանկային գործունեության իրականացումը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետի իմաստով համարվում է այլ վայրում իրականացվող գործունեություն և առաջացնում նույն կետով նախատեսված պետական տուրքի վճարման պարտավորություն:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները:

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա իրականացնել բանկային գործունեություն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բանկի մասնաճյուղը բանկի՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումն է, որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից բանկային գործունեություն և (կամ) նույն օրենքով նախատեսված ֆինանսական գործառնություններ է իրականացնում:

Նույն օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ բանկային գործունեության լիցենզիան Կենտրոնական բանկի կողմից տրվող բանկային գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ լիցենզիան պետք է բովանդակի գործունեության իրականացման վայրը, որը նշվում է, եթե նշված օրենքի համաձայն՝ լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում:

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բանկային գործունեության լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, լիցենզավորված բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի լրիվ ֆիրմային անվանումը և գրանցման համարը:

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ բանկային գործունեության լիցենզիայում չի նշվում համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման որևէ կոնկրետ վայր, հետևաբար, բանկը, ստանալով բանկային գործունեության լիցենզիա, իրավասու է բանկային գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետը կարգավորում է այն հարաբերությունները, երբ յուրաքանչյուր վայրում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելիս հարկավոր է ստանալ նոր լիցենզիա: Օրենքի վերոնշյալ նորմը նպատակ է հետապնդում խրախուսելու ձեռնարկատիրական գործունեության զարգացումը և դրա իրականացումը մեկից ավելի վայրերում, որի դեպքում չնայած որ անձը չի ազատվում լիզենզիա ստանալու պարտավորությունից, սակայն այն տրամադրելիս պարտավորվում է վճարել ոչ թե համապատասխան լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքի ամբողջ գումարը, այլ այդ գումարի 50 տոկոսը: Այսինքն, հոդվածն ունի խրախուսող նշանակություն:

Հետևաբար, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետից հետևում է, որ այն վերաբերում է այն դեպքերին, երբ.

1. անձի կողմից օրենքով սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա իրականացվում է լիցենզավորման ենթակա գործունեություն, և

2. նույն անձը ցանկանում է լիցենզավորման ենթակա նույն գործունեությունն իրականացնել մեկ այլ վայրում, որի համար նա պետք է ստանա նոր լիցենզիա:

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքում գործող բանկերի ՀՀ տարածքում ստեղծվող մասնաճյուղերը գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից՝ ներկայացնելով օրենքով սահմանված փաստաթղթեր: Կենտրոնական բանկը գրանցման մասին որոշում ընդունելուց հետո գրանցում է մասնաճյուղը, որի արդյունքում մասնաճյուղին տրվում է գրանցման վկայական:

Վերոնշյալից հետևում է, որ բանկի մասնաճյուղերը գործում են Կենտրոնական բանկի կողմից տրված գրանցման վկայականների հիման վրա, իսկ բանկի մասնաճյուղի գործունեության համար լիցենզիա ստանալու անհրաժեշտություն որևէ իրավական ակտով նախատեսված չէ:

Հետևաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ կետը կարգավորում է այն դեպքերը, երբ յուրաքանչյուր վայրում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելիս հարկավոր է ստանալ նոր լիցենզիա, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ այդ հոդվածով բանկի կողմից մասնաճյուղի միջոցով բանկային գործունեության իրականացման համար պետական տուրքի գծով պարտավորություններ չեն առաջանում:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակի 6-րդ բաժնի առաջին կետի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ փաստարկը, հետևյալ պատճառաբանությամբ.

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակում՝ 6-րդ բաժնի առաջին կետի 10-րդ սյունակում նշված է «Վ» տառը:

Նույն հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ միայն նույն հոդվածի աղյուսակի 10-րդ սյունակում «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձինք են պարտավոր լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում: Իսկ նույն օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ եթե նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ սյունակում նշված է «Վ» տառը, ապա յուրաքնչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածում «Վ» տառով նշվում են գործունեության այն տեսակները, որոնց իրականացման համար տրվող լիցենզիայում նշված է այդ գործունեության իրականացման թույլատրելի վայրը, իսկ այլ վայրում նույն գործունեությամբ զբաղվելու դեպքում անհրաժեշտ է ստանալ նոր լիցենզիա:

Սակայն, չնայած այն հանգամանքին, որ մինչև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» 25.12.2003 թվականի օրենքի ընդունումը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակում բանկային գործունեության սյունակում նշված էր «Վ» տառը, այն կիրառելի չէ, քանի որ բանկային գործունեության լիցենզիայում նշված չէ համապատասխան գործունեության իրականացման կոնկրետ վայր, իսկ մասնաճյուղի միջոցով բանկային գործունեության իրականացման դեպքում նոր լիցենզիա չի պահանջվում:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ: ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով՝ դրա առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու և այն փոփոխելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 02.11.2007 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը մերժել, իսկ հակընդդեմ դիմումը՝ բավարարել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա. Մկրտումյան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան