ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի |
ՎԲ-201/07 |
դատավճիռ կայացրած դատարանի կազմը |
|
Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան |
|
Դատավորներ` Ռ. Ափինյան, Մ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Տ. Սահակյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Դ. Ավետիսյանի | |
|
Հ. Ասատրյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
Մ. Սիմոնյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղար |
Ա. Աբրահամյանի | |
դատախազ |
Ա. Աշրաֆյանի | |
պաշտպան |
Ա. Աթարբեկյանի |
2007 թվականի նոյեմբերի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Կարեն Տիգրանի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռի դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Նախաքննության մարմնի 2006 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ Կարեն Տիգրանի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 2006 թվականի սեպտեմբերի 26-ին մեղադրյալ Կարեն Հարությունյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել, լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով: 2006 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ մեղադրյալ Կարեն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով վերացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2007 թվականի մարտի 30-ին ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի օգոստոսի 7-ի դատավճռով Կարեն Տիգրանի Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով: Որոշվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով:
Գործով մեղադրող, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազության դատախազ Ա.Ավետիսյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2007 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով Կ. Հարությունյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի օգոստոսի 7-ի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը՝ առանց բավարարման:
Կարեն Տիգրանի Հարությունյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի՝ նրա բնակության վայրի բաժանմունքի վրա:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանը:
Վճռաբեկ դատարանը 2007 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
2. Գործի փաստական հանգամանքները.
Անչափահաս Կարեն Հարությունյանը եղբոր հետ 2006 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 2300-ի սահմաններում, Երևանի Գյուլբենկյան փողոցի 38-րդ շենքի և Ակսել Բակունցի թիվ 5 տան դիմաց վիճաբանել են հարբած վիճակում գտնվող Նարեկ Մարտիրոսյանի հետ, որից հետո վիճաբանությունը փողոցի բանուկ մասից հեռու գտնվող վայրում շարունակելու համար խմբով գնացել են Երևանի Ակսել Բակունցի փողոցի թիվ 13 տան մոտ: Այնտեղ վիճաբանության ընթացքում Կ.Հարությունյանը գրպանում եղած դանակով 4 անգամ հարվածել է Ն.Մարտիրոսյանին, նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս և դիմել է փախուստի:
Ն.Մարտիրոսյանը մոտակա տների բնակիչների ջանքերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ վիրահատվել է և ստացել ստացիոնար բուժօգնություն:
3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վճռաբեկ բողոքի հեղինակը նշել է, որ դատարանը պատիժ սահմանելիս խախտել է պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, հաշվի չի առել կատարված հանցագործության ծանրության աստիճանը, այն, որ տուժողի կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքները պատճառվել են դանակի չորս հարվածներով, որոնցից երեքը՝ որովայնի շրջանին, վնասվել են տուժողի կենսական մի շարք օրգաններ: Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմքում նշելով ամբաստանյալի անչափահաս լինելու հանգամանքը, մեղայականով ներկայանալը, մանկահասակ տարիքում հոր, հորեղբոր, պապիկի դաժանաբար սպանությունների դառնությունների պայմաններում դաստիարակվելը, միակողմանի ծնողազուրկ լինելով, արյան վրեժի, սպանության թեմաների քննարկումների պայմաններում մեծանալը, որն իբր պատճառ է հանդիսացել ամբաստանյալի կողմից գրպանում դանակ պահելուն, չեն կարող ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմք հանդիսանալ, չեն նվազեցնում ամբաստանյալի կատարած արարքի հասարակական վտանգավորության աստիճանը և չեն արդարացնում ամբաստանյալի կողմից դանակ կրելու հանգամանքը: Բացի այդ, տուժողը, որն ուներ ամբաստանյալի կրկնակի տարիքը, ընդհանրապես որևէ կապ չի ունեցել ամբաստանյալի հարազատների սպանությունների և նրա դաստիարակության պայմանների հետ: Նշվածը վկայում է, որ Կ.Հարությունյանի անձն իրենից ներկայացնում է հանրորեն մեծ վտանգավորություն, և նա պատիժը պետք է կրի միայն ազատազրկման ձևով, որի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել նրա կողմից նոր հանցագործությունների կատարումը: Արդյունքում, ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները ճիշտ չեն կիրառել քրեական օրենքը, այսինքն՝ Կ.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառվել է առանց բավարար հիմքերի:
Ելնելով վերոգրյալից` բողոքի հեղինակը խնդրել է Կարեն Տիգրանի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճիռը բեկանել և քրեական գործը վերադարձնել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման Կ.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկում սահմանելու համար:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները: Սոցիալական արդարությունը վերականգնելու նպատակը բխում է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքն ամրագրած ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի բովանդակությունից: Այն սահմանում է, որ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի, համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: Սոցիալական արդարության վերականգնումը հնարավոր է, եթե հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվի այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:
Պատիժ նշանակելու արդարության սկզբունքը դրսևորվում է օրենքով նախատեսված մի շարք պահանջներով: ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատժի տեսակը և չափը որոշվում է հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: Պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձին բնութագրող բոլոր տվյալները և քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով, հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ և բավարար է այդ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե դատարանը կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
Փաստորեն պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն առանց ռեալ (իրական) պատիժ նշանակելու դատապարտյալի ուղղվելու հնարավորության մասին: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին:
Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը:
Ինչպես երևում է գործի նյութերից, անչափահաս Կ.Հարությունյանը, որն իր գրպանում մշտապես դանակ է պահել, 2006 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, վիճաբանել է 29 տարեկան Նարեկ Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում նրա առողջությանը ծանր վնաս պատճառելու ուղղակի դիտավորությամբ դանակով 4 անգամ հարվածել է տուժողի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կենսականորեն կարևոր օրգաններին: Դրա հետևանքով Ն.Մարտիրոսյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս ձախ ուսահոդի, նստատեղի ձախ կեսի շրջանների ծակած-կտրած վերքերի, կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի շրջանի ծակած-կտրած, պլևրալ խոռոչը թափանցող վերքի, կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի շրջանի ծակած-կտրած պլևրալ և որովայնի խոռոչները թափանցող վերքի ձևով՝ ձախ թոքի ստորին բլթի, ստամոքսի վնասումներով: Ծանր վիրավորված, արնաքամ տուժողին թողնելով դեպքի վայրում՝ Կ. Հարությունյանը դիմել է փախուստի: Գիտակցությունը կորցրած Ն.Մարտիրոսյանը մոտակա տների բնակիչների ջանքերով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է և ստացել ստացիոնար բուժօգնություն:
Դատապարտյալ Կ.Հարությունյանի կողմից ծանր հանցագործության կատարման վերը նշված հանգամանքները վկայում են նրա անձի հասարակական վտանգավորության բարձր աստիճանի մասին և բացառում են նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը:
Այս պայմաններում անչափահաս տարիքում հանցանք կատարելը, մեղայականով ներկայանալը, մեղքն ընդունելը և անկեղծորեն զղջալը չեն վկայում այն հասարակական վտանգավորության բացակայության մասին, որը բնորոշ է Կ.Հարությունյանի կատարած հանցագործությանը: Դրանք չեն նվազեցնում դատապարտյալի կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և Կ.Հարությունյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք չեն:
Ինչ վերաբերում է դատարանի կողմից հաստատված ճանաչված այն հանգամանքներին, թե Կ.Հարությունյանի հորը, հորեղբորը, պապին դաժանաբար սպանել են, և նա մանկահասակ տարիքում տարել է նրանց դաժանաբար սպանության դառնությունը, դաստիարակվել է պապի և տատի կողմից արյան վրեժի, սպանության թեմաների քննարկումների ոլորտում, որի պատճառով գրպանում դանակ է կրել, ապա դրանք չեն համապատասխանում դատարանում հետազոտված ապացույցներին: Գործի նյութերում չկան և դատարանի կողմից չեն հետազոտվել օբյեկտիվ փաստական տվյալներ այն մասին, որ դատապարտյալ Կ.Հարությունյանի հայրը, հորեղբայրը և պապը դարձել են անձի կյանքի դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության զոհեր: Բացի այդ, ոչինչ չի կարող արդարացնել անչափահասի կողմից մշտապես դանակով զինված շրջելը և դանակի բազմաթիվ հարվածներով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մի անձի, որը որևէ առնչություն չունի Կ.Հարությունյանի և նրա հարազատների հետ:
Փաստորեն առանց հաշվի առնելու գործի վերը նշված հանգամանքները, Կ.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ինչն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում նրա կատարած հանցագործության ծանրությանը և դատապարտյալի անձին:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները սխալ հետևության են հանգել Կ.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը հասնելու հնարավորության մասին:
Դատարանը Կ.Հարությունյանի նկատմամբ պատիժ է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի՝ 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտմամբ, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական և չհիմնավորված դատավճռի կայացմանը:
Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, վերաքննիչ դատարանի դատավճիռը բեկանելու հիմք են: Ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա պատիժը մեղմ լինելու պատճառաբանությամբ բեկանել վերաքննիչ դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բեկանելը պայմանավորված է այն բանով, որ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետում և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի թիվ 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին: Սույն գործով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը, երբ ակնհայտ մեղմ պատիժ է նշանակվել դատապարտյալի նկատմամբ և չարդարացված բարելավվել է նրա վիճակը, հանգեցրել է դատական սխալի, որի արդյունքում կայացված որոշումը չի համապատասխանում արդարության պահանջներին:
Նշված դատական սխալը, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատավճռի՝ որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Բողոքը բավարարել: Կարեն Տիգրանի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Տ. Սահակյան | |
Դատավորներ` |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ասատրյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Մ. Սիմոնյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|