Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Թ Ի Վ 4
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ՈՐՈՇ ԱՅՆՊԻՍԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԱՅԼ ԵՆ, ՔԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ և ՆՐԱՆ ԿԻՑ ԹԻՎ ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՐԴԵՆ ԸՆԴԳՐԿՎԱԾՆԵՐԸ` ՓՈՓՈԽՎԱԾ 11-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ1
Սույն Արձանագրությունն ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ,
լի վճռականությամբ՝ ձեռնարկելու որոշ այնպիսի իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումն ապահովող քայլեր, որոնք այլ են, քան 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) I բաժնում և նրան կից՝ 1952 թ. մարտի 20-ին Փարիզում ստորագրված թիվ 1 արձանագրության 1-3-րդ հոդվածներում արդեն ընդգրկվածները,
համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.
______
1 Հոդվածների վերնագրերը ավելացել են և տեքստը փոփոխվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն` 1998թ. նոյեմբերի 1-ից դրա ուժի մեջ մտնելու ժամամանակ:
Հ ո դ վ ա ծ 1
Պարտքի համար ազատազրկման արգելումը
Ոչ մեկին չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ նա ի վիճակի չէ կատարելու պայմանագրային որևէ պարտավորություն:
Հ ո դ վ ա ծ 2
Տեղաշարժի ազատությունը
1. Որևէ պետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու և ազատորեն բնակության վայր ընտրելու իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկրից, ներառյալ իր սեփական երկիրը, հեռանալու իրավունք։
3. Այդ իրավունքների իրականացման նկատմամբ չպետք է կիրառվի որևէ սահմանափակում, բացառությամբ այն սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:
4. 1-ին կետում շարադրված իրավունքները ևս կարող են որոշ ոլորտներում ենթարկվել սահմանափակումների, որոնք կիրառվում են օրենքին համապատասխան և արդարացվում են ժողովրդավարական հասարակության հասարակական շահերով:
Հ ո դ վ ա ծ 3
Քաղաքացիների արտաքսման արգելումը
1. Ոչ մեկին չի կարելի անհատապես կամ կոլեկտիվ կերպով արտաքսել այն պետության տարածքից, որի քաղաքացին է նա:
2. Ոչ մեկին չի կարելի զրկել այն պետության տարածք մուտք գործելու իրավունքից, որի քաղաքացին է նա:
Հ ո դ վ ա ծ 4
Օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսման արգելումը
Օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսումն արգելվում է:
Հ ո դ վ ա ծ 5
Տարածքային կիրառումը
1. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է սույն Արձանագրությունը ստորագրելիս կամ վավերացնելիս կամ դրանից հետո ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղել հայտարարություն՝ նշելով այն շրջանակները, որի սահմաններում ինքը պարտավորվում է կիրառել սույն Արձանագրության դրույթները այն տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է։
2. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, որը նախորդ կետին համապատասխան հայտարարություն է հղել, կարող է ժամանակ առ ժամանակ հետագա հայտարարություններ հղել ցանկացած նախորդ հայտարարության պայմանների փոփոխման կամ ցանկացած տարածքի նկատմամբ սույն Արձանագրության դրույթների կիրառման դադարեցման մասին։
3.1 Սույն հոդվածին համապատասխան արված հայտարարությունը դիտվում է որպես Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարություն։
4. Ցանկացած պետության տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է այդ պետության կողմից այն վավերացվելու կամ ընդունվելու ուժով, և ցանկացած տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է սույն հոդվածին համապատասխան այդ պետության հայտարարության ուժով, 2-րդ և 3-րդ հոդվածների նպատակների համար համարվում է ինքնուրույն տարածք:
5.2 Յուրաքանչյուր պետություն, որը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն հայտարարություն է արել, դրանից հետո ցանկացած ժամանակ կարող է մեկ կամ մի քանի տարածքների անունից, որոնց վերաբերում է հայտարարությունը, հայտարարել, որ ինքն ընդունում է Դատարանի՝ առանձին անձանցից, ոչ կառավարական կազմակերպություններից կամ անձանց խմբերից սույն Արձանագրության 1-4-րդ բոլոր կամ ցանկացած հոդվածի կապակցությամբ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված գանգատներ ստանալու իրավասությունը։
______
1 Տեքստը փոխվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն:
2 Տեքստը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն:
Հ ո դ վ ա ծ 6
Հարաբերությունը Կոնվենցիային
Բարձր պայմանավորվող կողմերի հարաբերություններում սույն Արձանագրության 1-5-րդ հոդվածների դրույթները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար:
Հ ո դ վ ա ծ 7
Ստորագրումը և վավերացումը
1. Սույն Արձանագրությունը բաց է Եվրոպայի խորհրդի այն անդամների ստորագրման համար, որոնք ստորագրել են Կոնվենցիան. այն ենթակա է վավերացման Կոնվենցիայի վավերացման հետ միաժամանակ կամ այն վավերացնելուց հետո։ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում հինգերորդ վավերագիրն ի պահ հանձնելուց հետո: Հետագայում վավերացնող ցանկացած ստորագրող պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում նրա վավերագիրն ի պահ հանձնելու պահից:
2. Վավերագրերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որը վավերացումների մասին ծանուցում է բոլոր անդամներին:
Ի հավաստումն որի՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգում 1963 թվականի սեպտեմբերի 16-ին` մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում: Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության:
* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 26-ից:
______