Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ՓՈՓՈԽՎԱԾ 11-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ1
Սույն Արձանագրությունը ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ,լի վճռականությամբ՝ ձեռնարկելու որոշ այնպիսի իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումն ապահովող քայլեր, որոնք այլ են, քան 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) I բաժնում արդեն ընդգրկվածները,
համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.
______
1 Հոդվածների վերնագրերը ավելացել են և տեքստը փոփոխվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն` 1998թ. նոյեմբերի 1-ից դրա ուժի մեջ մտնելու ժամանակ:
Հ ո դ վ ա ծ 1
Սեփականության պաշտպանություն
Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։
Հ ո դ վ ա ծ 2
Կրթության իրավունք
Ոչ մեկին չի կարելի մերժել կրթության իրավունքը։ Պետությունը կրթության և ուսուցման բնագավառում իր ստանձնած ցանկացած գործառույթ իրականացնելիս հարգում է ծնողների՝ զավակների համար իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքը։
Հ ո դ վ ա ծ 3
Ազատ ընտրությունների իրավունք
Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են անցկացնել ազատ ընտրություններ՝ ողջամիտ պարբերականությամբ, գաղտնի քվեարկությամբ, այնպիսի պայմաններում, որոնք կապահովեն ժողովրդի կամքի ազատ արտահայտումն օրենսդիր իշխանություն ընտրելիս։
Հ ո դ վ ա ծ 42
Տարածքային կիրառումը
Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է ստորագրելիս կամ վավերացնելիս կամ դրանից հետո ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղել հայտարարություն՝ նշելով այն շրջանակները, որի սահմաններում ինքը պարտավորվում է կիրառել սույն Արձանագրության դրույթները այն տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է։
Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, որը նախորդ կետին համապատասխան հայտարարություն է հղել, կարող է ժամանակ առ ժամանակ հետագա հայտարարություն հղել ցանկացած նախորդ հայտարարության պայմանների փոփոխման կամ ցանկացած տարածքի նկատմամբ սույն Արձանագրության դրույթների կիրառման դադարեցման մասին։
Սույն հոդվածին համապատասխան արված հայտարարությունը դիտվում է որպես Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարություն։
_______
2 Տեքստը փոխվել է 11-րդ Արձանագրության (ETS N 155) դրույթների համաձայն:
Հ ո դ վ ա ծ 5
Հարաբերությունը Կոնվենցիային
Բարձր պայմանավորվող կողմերի հարաբերություններում սույն Արձանագրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար։
Հ ո դ վ ա ծ 6
Ստորագրումը և վավերացումը
Սույն Արձանագրությունը բաց է Եվրոպայի խորհրդի այն անդամների ստորագրման համար, որոնք ստորագրել են Կոնվենցիան. այն ենթակա է վավերացման Կոնվենցիայի վավերացման հետ միաժամանակ կամ այն վավերացնելուց հետո։ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրն ի պահ հանձնելուց հետո։ Հետագայում վավերացնող ցանկացած ստորագրող պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում նրա վավերագիրն ի պահ հանձնելու պահից։
Վավերագրերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որը վավերացումների մասին ծանուցում է բոլոր անդամներին։
Կատարված է Փարիզում 1952 թվականի մարտի 20-ին` մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվներում։ Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր կառավարության։
* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 26-ից: