ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1648(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Վ. Ավանեսյան |
դատավորներ՝ | Մ. Ասատրյան |
Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի նոյեմբերի 9-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կարինե Մկրտումյանի և Գարիկ Մկրտումյանի վճռաբեկ բողոքները ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Կարինե Մկրտումյանի հայցի ընդդեմ Գարիկ Մկրտումյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ կադաստր) ` քանդված պատը վերականգնելու և սեփականության վկայական տալու պահանջի մասին, Գարիկ Մկրտումյանի հայցի ընդդեմ Կարինե, Նինել Մկրտումյանների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման` բաժինն առանձնացնելու, մուտքը փակելու և դիմումին ընթացք տալուն պարտավորեցնելու պահանջի մասին, Կարինե Մկրտումյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Նինել Մկրտումյանի, Գարիկ, Լյուդմիլա, Սվետլանա Մկրտումյանների` փաստացի զբաղեցրած տարածքն առանձնացնելու պահանջի մասին, Նինել Մկրտումյանի հայցի ընդդեմ Կարինե Մկրտումյանի, Գարիկ Մկրտումյանի` ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող անշարժ գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետի կիրառմամբ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Իլյիչ Մկրտումյանը պահանջել է առանձնացնել իր բաժինը ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից և պարտավորեցնել կադաստրին «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ կառուցված շինությունների նկատմամբ իրավունքի ճանաչման վերաբերյալ դիմումին:
Հակընդդեմ հայցով Կ.Մկրտումյանը պահանջել է առանձնացնել իր բաժինը ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից:
Դիմելով դատարան՝ Կարինե Մկրտումյանը պահանջել է վերականգնել Երևանի Աղայան փողոցի թիվ 12ա շենքի արտաքին պատը, ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը նկուղային տարածքի նկատմամբ և պարտավորեցնել կադաստրին կատարել պետական գրանցում նշված շենքի թիվ 1 բնակարանի նկատմամբ և տրամադրել սեփականության իրավունքի գրանցման վկայական:
Դիմելով դատարան՝ Գարիկ Մկրտումյանը պահանջել է առանձնացնել իր բաժինը ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից, թույլատրել փակել մուտքը և պարտավորեցնել կադաստրին ընթացք տալ 27.12.2004 թվականին իր կողմից ներկայացված դիմումին:
Դիմելով դատարան՝ Նինել Մկրտումյանը պահանջել է առանձնացնել իր բաժինը ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից, իսկ բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին՝ ստացված գումարը բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ:
Վերը նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Դատարան) 23.07.2007 թվականի վճռով Կարինե Մկրտումյանի հայցը և հակընդդեմ հայցը, ինչպես նաև Գարիկ Մկրտումյանի հայցը մերժվել են, իսկ Նինել Մկրտումյանի հայցը` բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Կարինե և Գարիկ Մկրտումյանները:
Վճռաբեկ բողոքներին պատասխան չի ներկայացվել:
2. Գարիկ Մկրտումյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 14-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացաիական դատավարության օրենսգրքի 217-րդ և 218-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը վճռել է հրապարակային սակարկություններով վաճառել վեճի առարկա գույքն այն դեպքում, երբ Գարիկ Մկրտումյանը հայտնել է իր պատրաստակամությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի համաձայն փոխհատուցելու իր մասով Նինել Մկրտումյանի բաժնի արժեքը:
Դատարանի վճռով, առանց որևէ հիմնավորումների, Գարիկ Մկրտումյանը զրկվել է իր բնակարանից և ընդհանրապես կացարան ունենալու հնարավորությունից:
Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությունը, քանի որ Նինել Մկրտումյանի բաժինը աննշան է, այն կազմում է ընդհանուր գույքի 1/10-րդ մասը և նա էական շահ չի կարող ունենալ այդ գույքի օգտագործման մեջ, քանի որ Ն.Մկրտումյանն ապրում է այլ հասցեում և ցանկություն չի ունեցել բնակվել վիճելի հասցեում, ինչը հաստատված է գործի նյութերով:
Բացի այդ, Դատարանը անտեսել է Գարիկ Մկրտումյանին պատկանող բաժնի առանձնացման հետ կապված պահանջները, որոնք հաստատված են համարվել գործի նյութերով և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով:
Դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ Իլյիչ Մկրտումյանի բաժինը առանձնացված է, իսկ թեև Գարիկ Մկրտումյանի բաժինը նույնպես նույն կերպ առանձնացման ենթակա է, այնուհանդերձ ցուցաբերել է խտրականություն և այն չի առանձնացրել:
Դատարանն անտեսել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատված է համարվել Գարիկ Մկրտումյանի նշված բնակարանի նկատմամբ ժառանգության ընդունման փաստը: Այստեղ հատկանշական է հատկապես այն հանգամանքը, որ Աղայան 12ա շենքի թիվ 2 բնակարանը մինչև դատական ակտը արդեն իսկ առանձնացված էր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2.1 Կարինե Մկրտումյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելն արգելվում է միայն այն դեպքում, եթե դա չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու:
Մինչդեռ, պատասխանողների կողմից որևէ ապացույց այդ կապակցությամբ չի ներկայացվել: Ավելին, նրանք նույնպես տվել են իրենց համաձայնությունը բաժինն առանձնացնելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևանի Աղայան փողոցի թիվ 12ա հասցեի 1, 2, 3 բնակարանները բաժնային սեփականության իրավունքով գրանցված է հետևյալ անձանց անվամբ.
ա. Իլյիչ Գուրգենի Մկրտումյան 7/10 մաս,
բ. Նինել Գուրգենի Մկրտումյան 1/10 մաս,
գ. Կարինե Կառլենի Մկրտումյան 1/10 մաս,
դ. Ամալյա Սաղաթելի Բաբոյան, Գարիկ, Լյուդմիլա, Սվետլանա, Գարիկ Մկրտումյաններ 1/10 մաս
2) Նինել Մկրտումյանի բաժինը վիճելի գույքում փաստացի օգտագործվում է մյուս համասեփականատերերի կողմից:
3) Գործի քննության ընթացքում համասեփականատերերից Գ.Մկրտումյանը պատրաստակամություն է հայտնել իր կողմից օգտագործվող մասով փոխհատուցել Նինել Մկրտումյանի բաժնի արժեքը:
4) Կ. Մկրտումյանը հրաժարվել է իր կողմից օգտագործվող մասով Նինել Մկրտումյանի բաժնի արժեքը փոխհատուցելուց:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) Գարիկ Մկրտումյանի բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում՝ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ:
Սույն քաղաքացիական գործով Դատարանը, Նինել Մկրտումյանի բաժինն առանձնացնելու անհնարինության փաստը ապացուցված համարելով, վճռել է վեճի առարկա գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ բաշխելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված, իսկ նույն օրենսգրքի 218-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ պարբերության համաձայն՝ վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական և թե՜ իրավական հիմնավորումները:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տես. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 21.12.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 469-472:):
Սույն քաղաքացիական գործով վեճի առարկա գույքում Նինել Մկրտումյանի բաժինն առանձնացնելու անհնարինությունը Դատարանը հաստատված է համարել, վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ նա այդ տանը չի բնակվում, ինչպես նաև չկան առանձնացված և ազատ տարածքներ:
Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ բացակայում է վերոնշյալ հանգամանքների և Դատարանի եզրահանգումների տրամաբանական և իրավական կապը, քանի որ վեճի առարկա տանը Նինել Մկրտումյանի փաստացի բնակության փաստը որևէ առնչություն չունի բաժինը առանձնացնելու հայցապահանջի հետ և այն մերժելու հիմք չէ: Ինչ վերաբերում է ազատ տարածքների բացակայությանը և բաժինը փաստացի առանձնացված չլինելուն, ապա դրանք առանձնացված լինելու պարագայում բաժինը առանձնացնելու հայցապահանջը կլիներ առարկայազուրկ:
Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Դատարանը պատշաճ կերպով չի հիմնավորել վեճի առարկա տան Նինել Մկրտումյանի բաժինը առանձնացնելու հնարավորությունը:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի պատճառաբանությանն այն մասին, որ նա պատրաստակամություն է հայտնել իր կողմից օգտագործվող մասով փոխհատուցել Նինել Մկրտումյանի բաժնի արժեքը, ապա դա չի կարող Նինել Մկրտումյանի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու համար բավարար հիմք հանդիսանալ, քանի որ այդ առաջարկը վերաբերում էր միայն իր կողմից փաստացի օգտագործվող մասին, իսկ Կարինե Մկրտումյանը, որը փաստացի օգտագործում է Նինել Մկրտումյանի սեփականության իրավունքով պատկանող բաժնի մյուս մասը հրաժարվել է փոխհատուցում վճարելուց:
Գարիկ Մկրտումյանին պատկանող բաժնի առանձնացման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկները Վճռաբեկ դատարանը գնահատման առարկա չի դարձնում, քանի որ դրանք Դատարանում չեն գնահատվել Նինել Մկրտումյանի բաժինը առանձնացնելու անհնարինությունը հաստատված համարելու հետևանքով:
2) Կարինե Մկրտումյանի բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Կարինե Մկրտումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի խախտման մասին ևս հիմնավոր է վերը նշված պատճառաբանությամբ:
Այսպիսով, Գարիկ Մկրտումյանի բողոքի հիմքերի մասնակիորեն, իսկ Կարինե Մկրտումյանի բողոքի հիմնավոր լինելը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոքները բավարարելու և ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ՝ |
Ս. Անտոնյան |
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան | |
Ս. Սարգսյան |