ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2007 թվականի N 1543-Ն
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց (ցանցի շահագործում)» գործունեության տեսակի լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու համար մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Մանուկյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Նազարյան | - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ |
Գ. Մհերյան | - ՀՀ Նախագահի օգնական |
Գ. Կոստանյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Կ. Աթոյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ս. Ղոնաղչյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ |
Գ. Գևորգյան | - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության պետ |
Գ. Բալոյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
2. Հաստատել մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
3. Մրցութային հանձնաժողովին` անցկացնել մրցույթ և մրցույթի արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել 880-890 ՄՀց, 925-935 ՄՀց, 1745-1765 ՄՀց, 1840-1860 ՄՀց, 1910-1915 ՄՀց, 1950-1965 ՄՀց, 2140-2155 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթների ազատումը և սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում վարել բանակցություններ միջազգային իրավախորհրդատու Վ. Յաղուբյանի հետ` մրցութային հանձնաժողովին իրավական բնույթի խորհրդատվություն տրամադրելու համար համապատասխան պայմանագիր կնքելու նպատակով:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում սույն որոշման 5-րդ կետում նշված բանակցությունների արդյունքում կնքել համապատասխան պայմանագիր միջազգային իրավախորհրդատու Վ. Յաղուբյանի հետ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ս. Սարգսյան |
2007 թ. դեկտեմբերի 29 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1543-Ն որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է «Լիցենզավորման մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց (ցանցի շահագործում)» գործունեության տեսակի լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) տրամադրելու նպատակով մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման համար ստեղծված մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգը:
2. Հանձնաժողովի գործունեության վայրն է` քաղ. Երևան, 0010, Նալբանդյան 28, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն: Հեռախոսահամարն է` 374 10 59 00 55:
3. Հանձնաժողովը`
1) իրականացնում է մրցույթի նախապատրաստումն ու անցկացումը.
2) քննարկում և համաձայնություն է տալիս միջազգային իրավախորհրդատուի կողմից ներկայացված մրցութային փաստաթղթերի նախագծերին.
3) ուսումնասիրում է մրցութային հայտերը, որոշում մրցույթի նախնական հաղթողին.
4) մրցույթը համարում է չկայացած.
5) անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներին կարող է հրավիրել փորձագետների:
4. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առնվազն 3 անդամի առաջարկությամբ:
5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
6. Նիստերում քննարկված հարցերը, եզրահանգումները և ընդունված որոշումներն արձանագրվում են: Արձանագրություններն ստորագրվում են մրցույթին մասնակից հանձնաժողովի անդամների կողմից: Հանձնաժողովի անդամի կողմից հատուկ կարծիք ունենալու դեպքում այն գրավոր ներկայացվում է հանձնաժողովի նախագահին և կցվում արձանագրությանը:
7. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.
2) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները.
3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները:
8. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.
2) իրականացնում է հանձնաժողովի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված աշխատանքները.
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
4) հանձնաժողովի նիստին մասնակցել չկարողանալու դեպքում (հարգելի պատճառով) նախապես տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին:
9. Միջազգային իրավախորհրդատուն`
1) խորհրդակցելով հանձնաժողովի հետ մշակում է մրցութային փաթեթը (հայերեն և անգլերեն տարբերակներով) և ներկայացնում հանձնաժողովի հաստատմանը.
2) մրցույթի առնչությամբ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային դատարաններում կամ միջազգային արբիտրաժներում բողոքարկման ցանկացած դեպքում իրականացնում է իրավական երաշխիքային սպասարկում:
10. Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
2) հանձնաժողովին տրամադրում է վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը.
3) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների ստորագրությանը.
4) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը և փաստաթղթերը հանձնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն:
11. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է մրցույթի արդյունքներով նախնական հաղթող ճանաչելու և նախնական հաղթողին լիցենզիա ու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվելու պահից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |