Վ Ե Ց Ե Ր Ո Ր Դ Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն 1
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ գԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ
Սույն Արձանագրությունը ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները,
նկատի ունենալով 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա),
նկատի ունենալով 1994 թվականի մայիսի 11-ին Ստրասբուրգում ստորագրված Կոնվենցիայի թիվ 11 Արձանագրությունը, որով վերակառուցվում է Կոնվենցիայով սահմանված վերահսկողության մեխանիզմը (այսուհետ՝ Կոնվենցիայի թիվ 11 Արձանագրություն), որը հիմնում է Մարդու իրավունքների մշտական եվրոպական դատարան (այսուհետ՝ Դատարան), որը փոխարինում է Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովին և դատարանին,
նկատի ունենալով նաև Կոնվենցիայի 51-րդ հոդվածը, որը նախատեսում է, որ դատավորները, իրենց գործառույթների կատարման ընթացքում օգտվում են Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 40-րդ հոդվածի և դրա հիման վրա կնքված համաձայնագրերով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիություններից,
հիշատակելով 1949 թվականի սեպտեմբերի 2-ին Փարիզում ստորագրված Եվրոպայի խորհրդի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին Գլխավոր համաձայնագիրը (այսուհետ՝ Գլխավոր համաձայնագիր) և նրա երկրորդ, չորրորդ և հինգերորդ Արձանագրությունները,
հաշվի առնելով, որ նպատակահարմար է ընդունել Գլխավոր համաձայնագրի նոր Արձանագրություն՝ դատավորներին արտոնություններ և անձեռնմխելիություններ շնորհելու համար,
համաձայնեցին հետևյալի մասին.
_________
1 Վեցերորդ արձանագրությունն ընդգրկում է 4-րդ և 5-րդ արձանագրությունների համապատասխան դրույթները: Այն կիրառելի է «նոր» դատարանի նկատմամբ, որը սկսել է գործել 1998թ. նոյեմբերի 1-ից:
Հ ո դ վ ա ծ 1
Ի լրումն Գլխավոր համաձայնագրի 18-րդ հոդվածում սահմանված արտոնությունների և անձեռնմխելիությունների` դատավորներին, նրանց և նրանց ամուսինների ու անչափահաս երեխաների առումով, պետք է շնորհվեն արտոնություններ և անձեռնմխելիություններ, ազատումներ և հնարավորություններ, ինչպիսիք շնորհված են դիվանագիտական ներկայացուցիչներին՝ միջազգային իրավունքին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 2
Սույն Արձանագրության նպատակով «դատավորներ» տերմինը նշանակում է` դատավորներ, որոնք ընտրված են Կոնվենցիայի 22-րդ հոդվածի համաձայն և ցանկացած ad հoc դատավոր, որը նշանակված է շահագրգիռ մասնակից պետության կողմից՝ Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա:
Հ ո դ վ ա ծ 3
Դատավորների խոսքի ազատությունը և պարտականությունները կատարելու ժամանակ նրանց անկախությունը լիարժեքորեն ապահովելու նպատակով դատավորները օգտվում են անձեռնմխելիությունից դատական գործերի նկատմամբ՝ նրանց կողմից իրենց պարտականությունները կատարելիս ասվածի կամ գրվածի և բոլոր գործողությունների առնչությամբ, որը շարունակում է պահպանվել նույնիսկ տվյալ անձի լիազորությունների ավարտից հետո:
Հ ո դ վ ա ծ 4
Արտոնությունները և անձեռնմխելիությունը դատավորներին տրվում են ոչ թե անձնական շահի, այլ նրանց գործառույթների անկախ իրականացումը երաշխավորելու համար: Միայն Դատարանը իր լիագումար նիստում կարող է հրաժարվել դատավորների անձեռնմխելիությունից. նա ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է հրաժարվել դատավորի անձեռնմխելիությունից յուրաքանչյուր այն դեպքում, երբ, իր կարծիքով, անձեռնմխելիությունը կարող է խոչընդոտել արդարադատության իրականացմանը, և եթե նա կարող է հրաժարվել առանց վնաս պատճառելու այն նպատակին, որի համար անձեռնմխելիությունը տրվել է:
Հ ո դ վ ա ծ 5
1. Սույն Արձանագրության 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածի դրույթները կիրառվում են դատարանի քարտուղարի և քարտուղարի տեղակալի վրա` որպես գործող քարտուղարի, որի մասին պաշտոնապես ծանուցվում են Կոնվենցիայի անդամ պետությունները:
2. Սույն Արձանագրության 3-րդ հոդվածի և Գլխավոր համաձայնագրի 18-րդ հոդվածի դրույթները տարածվում են Դատարանի քարտուղարի տեղակալի վրա:
3. Սույն Արձանագրության 1-ին և 2-րդ կետերում նշված արտոնությունները և անձեռնմխելիությունները քարտուղարին և նրա տեղակալին տրվում են ոչ թե նրանց անձնական շահի, այլ նրանց պարտականությունների կատարումը հեշտացնելու նպատակով: Միայն Դատարանը իր լիագումար նիստում կարող է հրաժարվել իր քարտուղարի և քարտուղարի տեղակալի անձեռնմխելիություններից. նա ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է հրաժարվել այդ անձեռնմխելիությունից յուրաքանչյուր այն դեպքում, երբ, իր կարծիքով, անձեռնմխելիությունը կարող է խոչընդոտել արդարադատության իրականացմանը, և եթե նա կարող է հրաժարվել առանց վնաս պատճառելու այն նպատակին, որի համար անձեռնմխելիությունը տրվել է:
4. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը իրավասու է, դատարանի Նախագահի համաձայնությամբ, հրաժարվել քարտուղարության անձնակազմի մյուս անդամների անձեռնմխելիություններից` Գլխավոր համաձայնագրի 19-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և պատշաճորեն հաշվի առնելով 3-րդ կետի նկատառումները:
Հ ո դ վ ա ծ 6
1. Դատարանի, դատավորների և քարտուղարության փաստաթղթերը և թղթերը, այնքանով, որքանով վերաբերում են դատարանի գործունեությանը, անձեռնմխելի են:
2. Դատարանի, դատավորների և քարտուղարության պաշտոնական նամակագրությունը կամ այլ պաշտոնական հաղորդակցությունները չեն կարող պահվել կամ ենթարկվել գրաքննության:
Հ ո դ վ ա ծ 7
1. Սույն Արձանագրությունը բաց է ստորագրման համար Գլխավոր համաձայնագիրը ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից, որոնք կարող են արտահայտել իրենց համաձայնությունը` պարտավորված լինելով`
- ստորագրմամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանի.
- ստորագրմամբ` վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով, որին հետևում է վավերացումը, ընդունումը կամ հաստատումը:
2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
Հ ո դ վ ա ծ 8
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի այն օրվանից մեկ ամիս ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Գլխավոր համաձայնագրի երեք Կողմեր համաձայնություն կհայտնեն ստանձնելու Արձանագրությամբ նախատեսված պարտավորությունները` 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կամ Կոնվենցիայի 11-րդ Արձանագրության ուժի մեջ մտնելու օրը` կախված նրանից, թե որն ավելի ուշ կլինի:
2. Գլխավոր համաձայնագրի Կողմ հանդիսացող ցանկացած պետության համար, որը սույն Արձանագրությունը կստորագրի հետագայում առանց վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանի կամ այն կվավերացնի, կընդունի կամ կհաստատի, սույն Արձանագրությունը ուժի մեջ կմտնի ստորագրումից կամ վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման փաստաթուղթը ի պահ տալու օրվանից մեկ ամիս հետո:
Հ ո դ վ ա ծ 9
1. Ցանկացած պետություն կարող է սույն Արձանագրությունը առանց վավերացման պայմանի ստորագրելիս, վավերացնելիս կամ դրանից հետո ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցմամբ հայտարարել, որ սույն Արձանագրությունը կտարածվի բոլոր տարածքների կամ այդ տարածքներից որևէ մեկի վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է, և որոնց նկատմամբ Կոնվենցիան և նրա Արձանագրությունները կիրառվում են:
2. Արձանագրությունը ծանուցման մեջ նշված տարածքի կամ տարածքների վրա կտարածվի այն օրվանից 30 օր հետո, երբ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կստանա այդ ծանուցումը:
3. Առաջին կետին համապատասխան կատարված ցանկացած հայտարարություն նման հայտարարության մեջ սահմանված ցանկացած տարածքի առնչությամբ կարող է հետ վերցվել կամ փոփոխվել Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելը կամ փոփոխությունը ուժի մեջ կմտնի ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը։
Հ ո դ վ ա ծ 10
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Խորհրդի անդամ պետություններին ծանուցում է՝
ա) ցանկացած ստորագրման մասին,
բ) ցանկացած վավերագիր, ընդունման կամ հաստատման փաստաթուղթ ի պահ տալու մասին,
գ) 8-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան՝ սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ցանկացած ժամկետի մասին,
դ) սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդման մասին:
Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ստրասբուրգում 1996 թվականի մարտի 5-ին` անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ օրինակով, որը ի պահ կտրվի Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության:
* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 19-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|