ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 2-586/2007թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-1329(Ա) 2007 թ. |
Նախագահող դատավոր՝ | Էդ. Ավետիսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Սարգսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի |
2007 թվականի նոյեմբերի 9-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 06.03.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Մետաքսյա Ազիզյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ պայմանագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու և չվճարված գումարները բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է Կազմակերպության հետ 22.06.2005թ. կնքված Երևանի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող տան և 90,2 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը մասնակիորեն անվավեր ճանաչել, վերահաշվարկել լրացուցիչ տրվելիք փոխհատուցման չափը և այդ գումարի չափով լրացուցիչ փոխհատուցել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 06.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճարված 10 տոկոս եկամտահարկի գումարի և անչափահաս երկու երեխաների համար 2000-ական ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ աջակցության գումարի պահանջների մասով: Հայցը մնացած մասով մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը։
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝
1) Դատարանը կիրառել է ՀՀ կառավարության 05.10.2001 թվականի թիվ 950 որոշումը, որը չպետք է կիրառվեր և չի կիրառել ՀՀ կառավարության 19.05.2005 թվականի թիվ 759-Ն որոշումը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը, անչափահաս երեխաներին 2000-ական ԱՄՆ դոլարի չափով աջակցության գումար տրամադրելու մասով Մետաքսյա Ազիզյանի հայցը բավարարելիս, անտեսել է, որ կողմերի միջև պայմանագիր կնքելու պահին՝ 22.06.2005 թվականի դրությամբ, ՀՀ կառավարության 19.05.2005 թվականի թիվ 759-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 05.10.2001 թվականի թիվ 950 որոշմամբ հաստատված կարգում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն` աջակցության գումար չէր տրամադրվում սեփականատերերին և նրանց ընտանիքի անդամներին (ամուսնուն, անչափահաս և չափահաս, սակայն իրենց ընտանիքը չկազմած երեխաներին), չամուսնացած սեփականատիրոջ ծնողներին: Վերը նշվածից հետևում է, որ Մետաքսյա Ազիզյանի անչափահաս երեխաներն աջակցության գումար ստանալու իրավունք չունեին:
2) Դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1605-Ն որոշումը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանի վճռով սահմանվել է Մետաքսյա Ազիզյանին վերադարձնել 10% եկամտահարկի գումարը 6.421,6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: Մինչդեռ ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1605-Ն որոշմամբ հաստատվել է պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների սեփականության իրավունքի դադարեցման համար վճարված գումարներից պահված եկամտահարկի դիմաց դրամական օգնության տրամադրման և պետական բյուջեից գումար հատկացնելու կարգը, որի հիման վրա կազմվել է սեփականատերերի ցուցակ, որտեղ ընդգրկվել է նաև Մետաքսյա Ազիզյանը: Վերջինիս 2006 թվականի դեկտեմբերին փոխանցվել է որպես եկամտահարկ պահված գումարը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 06.03.2007 թվականի վճիռը` հայցը բավարարելու մասով և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 22.06.2005 թվականին Մետաքսյա Հենրիկի Ազիզյանի և Կազմակերպության միջև կնքվել է Երևանի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող տան և 90,2քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր:
2) Նշված պայմանագրի հիման վրա` Մետաքսյա Ազիզյանին պատկանող գույքը գնահատվել է 64.216,4 (վաթսունչորս հազար երկու հարյուր տասնվեց ամբողջ չորս տասնորդական) ԱՄՆ դոլար, որից 57.794,8 (հիսունյոթ հազար յոթ հարյուր իննսունչորս ամբողջ ութ տասնորդական) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը վճարվել է նրան, իսկ 6.421,6 (վեց հազար չորս հարյուր քսանմեկ ամբողջ վեց տասնորդական) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը պահվել է որպես եկամտահարկ:
3) Կազմակերպության 11.06.2007 թվականի թիվ 38/01-644ել գրության համաձայն` Մետաքսյա Ազիզյանից պահված և պետական բյուջե վճարված եկամտահարկի գումարը` 6.421,6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1605-Ն որոշման համաձայն, փոխանցվել է «Արդշինինվեստ» բանկում բացված նրա հաշվին (ներկայացվել է բողոքին կից):
4) Մետաքսյա Ազիզյանի խնամքին են երկու անչափահաս երեխա` 16.12.1990 թվականին ծնված Գևորգ Կիրակոսյանը և 04.02.1992 թվականին ծնված Հենրիկ Կիրակոսյանը:
5) ՀՀ կառավարության 05.10.2001 թվականի թիվ 950 որոշումը փոփոխվել է ՀՀ կառավարության 19.05.2005 թվականի թիվ 759-Ն որոշմամբ, որով «Երևանի Հյուսիսային պողոտայի և Երևան քաղաքի օտարման այլ գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու գնային առաջարկի ձևավորման և իրացման» կարգը հաստատվել է նոր խմբագրությամբ: Այն ուժի մեջ է մտել 07.07.2005 թվականին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանը, Մետաքսյա Ազիզյանի հայցը՝ երկու երեխայի համար 2000-ական ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ որպես աջակցության գումար բռնագանձելու մասով բավարարելիս, կիրառել է ՀՀ կառավարության 05.10.2001 թվականի թիվ 950 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 29.01.2004 թվականի թիվ 57-Ն որոշմամբ նոր խմբագրությամբ հաստատված «Երևանի Հյուսիսային պողոտայի և Երևան քաղաքի օտարման այլ գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու գնային առաջարկի ձևավորման և իրացման» կարգի 7-րդ կետի 2-րդ պարբերության «գ» ենթակետը, որի համաձայն՝ իրացվող բնակարանի նկատմամբ իրավունք ունեցող անձանց այլ բնակտարածությամբ փոխհատուցում ստանալու համաձայնության առկայության դեպքում ցանկությունը կիրականացվի` մինչև պետության կարիքների համար հողամասը վերցնելու մասին լիազորություն ունեցող պետական մարմնի որոշման հիման վրա պետական գրանցում ստանալու պահը (2001 թ. օգոստոսի 28), այդ թվում` ինքնակամ կառույցներում հաշվառված (գրանցված) անձանց և նրանց անչափահաս երեխաներին տրամադրվում է աջակցություն յուրաքանչյուր անձին 2000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով` հիմք ընդունելով հաշվառման փաստը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, ծննդյան վկայական կամ հաշվառումը վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանք):
Վերոնշյալից հետևում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 2-րդ պարբերության «գ» ենթակետով նախատեսված աջակցության գումարի վճարումը վերաբերում է միայն իրացվող բնակարանի նկատմամբ իրավունք ունեցող անձանց այլ բնակտարածությամբ փոխհատուցում ստանալու համաձայնության առկայության դեպքերին:
Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Մետաքսյա Ազիզյանի և Կազմակերպության միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Հետևաբար, «Երևանի Հյուսիսային պողոտայի և Երևան քաղաքի օտարման այլ գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու գնային առաջարկի ձևավորման և իրացման» կարգի 7-րդ կետի 2-րդ պարբերության «գ» ենթակետի ուժով Մետաքսյա Ազիզյանի անչափահաս երեխաներին աջակցության գումար չի կարող տրամադրվել:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատճառաբանությանն այն մասին, որ Դատարանը պետք է կիրառեր ՀՀ կառավարության 19.05.2005 թվականի թիվ 759-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի դրույթները, ապա Վճռաբեկ դատարանն այն դիտում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ կառավարության 05.10.2001 թվականի թիվ 950 որոշումը փոփոխվել է ՀՀ կառավարության 19.05.2005 թվականի թիվ 759-Ն որոշմամբ, որով «Երևանի Հյուսիսային պողոտայի և Երևան քաղաքի օտարման այլ գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու գնային առաջարկի ձևավորման և իրացման» կարգը հաստատվել է նոր խմբագրությամբ:
ՀՀ կառավարության 19.05.2005 թվականի թիվ 759-Ն որոշումն ուժի մեջ է մտել 07.07.2005 թվականին, իսկ Մետաքսյա Ազիզյանի և Կազմակերպության միջև անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 22.06.2005 թվականին: ՀՀ կառավարության 19.05.2005 թվականի թիվ 759-Ն որոշման 1.1-րդ կետի համաձայն՝ նույն որոշմամբ հաստատված կարգը չի տարածվում Հյուսիսային և Գլխավոր պողոտաների իրացման գոտիներում արդեն իսկ կատարված գործառույթների վրա:
Բացի այդ, ՀՀ Սահմանադրության 42-րդ և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածների համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մետաքսյա Ազիզյանի և Կազմակերպության միջև 22.06.2005 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավահարաբերությունների նկատմամբ ՀՀ կառավարության 19.05.2005 թվականի թիվ 759-Ն որոշումը կիրառելի իրավական ակտ չէ:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանի վճռի հիմքում դրվել է Մետաքսյա Ազիզյանի և Կազմակերպության միջև 22.06.2005 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, որով Մետաքսյա Ազիզյանին վճարված գումարի 10 տոկոսը՝ 6.421,6 (վեց հազար չորս հարյուր քսանմեկ ամբողջ վեց տասնորդական) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, պահվել է որպես եկամտահարկ, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի 18.04.2006 թվականի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104, 106 և 108 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2002 թվականի օգոստոսի 1-ին ընդունված` «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» թիվ 1151-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31 հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» թիվ ՍԴՈ-630 որոշումը, որով 10 տոկոսի չափով եկամտահարկի պահումը ճանաչվել է որպես անձի սեփականության իրավունքի խախտում:
ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1605-Ն որոշման 4-րդ կետով հաստատվել է «Պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների սեփականության իրավունքի դադարեցման համար վճարված գումարներից պահված եկամտահարկի դիմաց դրամական օգնության տրամադրման կարգ»-ը` համաձայն թիվ 6 հավելվածի: Նշված կարգի 3-րդ կետի համաձայն՝ դրամական օգնության չափը նշվում է Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի կողմից հաստատված պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում սեփականության իրավունքի դադարեցման դիմաց գումարներ ստացած քաղաքացիների ցուցակում, որտեղ նշվում են նաև գումար ստացած քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրային տվյալները:
Դատարանը սույն քաղաքացիական գործով վճռել է պարտավորեցնել Կազմակերպությանը վճարելու Մետաքսյա Ազիզյանին պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում սեփականության իրավունքի դադարեցման դիմաց վճարված գումարից պահված եկամտահարկի գումարը, անտեսելով, որ անշարժ գույքի իրացման գործընթացում սեփականության իրավունքի դադարեցման դիմաց վճարված գումարից պահված եկամտահարկի գումարը վերադարձնելու կարգը սահմանված է ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1605-Ն որոշմամբ, այսինքն` Դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1605-Ն որոշումը, որը պետք է կիրառեր:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով, վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 06.03.2007 թվականի վճիռը` հայցը բավարարելու մասով և գործն այդ մասով ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Անտոնյան |
|
Ս. Գյուրջյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|