Գլխավոր տեղեկություն
Համար
N 821
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2008-14.08.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.1998

040.0821.25.12.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 1998 թվականի N 821
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգը կատարելագործելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կազմակերպման աշխատանքների կատարումն ու վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վրա:

3. Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության կիրարկման կարգի մասին հրահանգը հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրի ձևը և նկարագիրը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 13-ի «Նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան և ծառայողական անձնագրերի վավերականության ժամկետը երկարաձգելու մասին» N 8 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 23-ի N 596 որոշման խմբագրությամբ) 1-ին և 2-րդ կետերում «1998 թվականի դեկտեմբերի 31» բառերը փոխարինել «1999 թվականի հուլիսի 1» բառերով:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 473 որոշումը` բացառությամբ 4-րդ կետի:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 25-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում նրա անձը հաստատող հիմնական փաստաթուղթ է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կրողը գտնվում է Հայաստանի Հանրապետության հովանավորության ներքո:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր պարտավոր են ունենալ Հայաստանի Հանրապետության` 16 տարին լրացած բոլոր քաղաքացիները անկախ բնակության վայրից:

Հայաստանի Հանրապետության` 16 տարին չլրացած քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրվում է ըստ ցանկության` նրանց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների դիմումի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության` մինչև 16 տարեկան քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է տրվում առանց անձնագրում հաշվառման մասին նշում կատարելու:

Հաշվի առնելով անձի ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները` Հայաստանի Հանրապետության մինչև 16 տարեկան քաղաքացիների անձնագրերը ենթակա են փոխանակման` 1, 3, 7, 12 և 16 տարեկան հասակում:

Մինչև 1, 3, 7 և 12 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորելիս` անձնագրերի վավերականության ժամկետը 6 ամսվանից պակաս լինելու դեպքում դրանք տրվում են մեկ տարի, իսկ մինչև 16 տարին լրանալը` 6 ամիս ժամկետով:

Մինչև 16 տարեկան անչափահասների անձնագրերի 5-րդ էջի «Նշումներ» բաժնում կատարվում է ծնողների մասին տվյալների (անունը, ազգանունը) գրառում: 

(1-ին կետը լրաց. 16.06.01 N 536)

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն և անգլերեն, քաղաքացու ցանկությամբ տրվում է ռուսերեն ներդիր:

Ռուսերեն ներդիր տալու համար քաղաքացուց գանձվում է տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով: Գործածության համար պիտանի անձնագրերի ժամկետը Հայաստանի Հանրապետությունում` ներքին գործերի մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից կարող է երկարաձգվել ևս 5 տարի ժամկետով:

Ժամկետանց անձնագրերն անվավեր են և ենթակա են փոխանակման` սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն օտարերկրյա պետություններում վավերական է 5 տարի ժամկետով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում քաղաքացու անձի մասին գրառվում են հետևյալ տեղեկությունները`

ա) ազգանունը, անունը, հայերեն էջում նաև հայրանունը,

բ) ծննդյան վայրը, օրը, ամիսը և տարեթիվը,

գ) սեռը,

դ) քաղաքացիությունը,

ե) անձնական համարը:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում կարող են կատարվել հետևյալ նշումները`

ա) անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու մասին` Հայաստանի Հանրապետությունում ներքին գործերի մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից.

բ) օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետների մասին` Հայաստանի Հանրապետությունում ներքին գործերի մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից.

գ) Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի մասին ներքին գործերի մարմինների կողմից.

դ) օտարերկրյա պետություններում մշտապես կամ ժամանակավորապես բնակվելու մասին` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից.

ե) օտարերկրյա պետություններ մեկնելու և վերադառնալու մասին սահմանային ծառայությունների կողմից.

զ) ազգության մասին` Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ` Հայաստանի Հանրապետությունում ներքին գործերի մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից.

է) արյան խմբի և ռեզուսի մասին` Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ` առողջապահության մարմինների կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում այլ նշումներ կատարելն արգելվում է:

 ը) ամուսնության և ամուսնալուծության գրանցման մասին` Հայաստանի Հանրապետությունում` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:

(6-րդ կետը լրաց. 24.08.99 N 544)

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օտարերկրյա պետություններում բնակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով:

 7.1. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:

(7.1.-րդ կետը լրաց. 08.11.07 N 1332-Ն)

8. Քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում բնակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերով:

9. Անձնագիր տալու համար քաղաքացուց գանձվում է տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

II. Անձնագիր տալու, փոխանակելու ԵՎ դրանից օգտվելու կարգը

 

10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը տրվում կամ փոխանակվում են ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայրի` Հայաստանի Հանրապետությունում ներքին գործերի մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:

11. Անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ներկայացնում են`

ա) սահմանված ձևի դիմում,

բ) ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալն ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,

գ) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),

դ) դ) ծնողների կամ ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությունը (մինչև 16 տարին լրանալն անձնագիր ստացողները), ընդ որում, ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը նրանց կողմից ստորագրվում է այն հանձնելիս: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչը անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով,

ե) անձը հաստատող այլ փաստաթղթեր, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող ներկայացնել սույն կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերը,

զ) կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (զինապարտները):

(11-րդ կետը փոփ. 08.11.07 N 1332-Ն)

12. Հայաստանի Հանրապետության` մինչև 16 տարեկան քաղաքացիների անձնագրերն ստանում են նրանց ծնողները կամ օրինական ներկայացուցիչները:

13. Հայաստանի Հանրապետության քաղաքացին անձնագիրը կարող է փոխանակել դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերելու, անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում:

14. Անձնագրի փոխանակման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է փոխանակման ենթակա անձնագիրը, սահմանված ձևի դիմում և երկու լուսանկար:

Անձնագրում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու պատճառով այն փոխանակելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է նաև փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր:

15. Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է անձնագիրը կորցնելու մասին 10-օրյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետությունում ներքին գործերի մարմիններին, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին կամ հյուպատոսական հիմնարկներին:

Անձնագրի կորստյան դեպքում կազմվում է կորստյան գործ, և մեկամսյա ժամկետում` կորած անձնագրի փոխարեն տրվում է նորը, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող դեպքերում` 15-օրյա ժամկետում:

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում կազմված կորստյան գործի դեպքում` նշված ժամկետները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմիններում կորստյան գործը մուտքագրվելու օրվանից:

(15-րդ կետը լրաց. 16.06.01 N 536)

16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս եկած կամ քաղաքացիությունը կորցրած անձը պարտավոր է անձնագիրը սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետությունում` ներքին գործերի մարմիններին, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին կամ հյուպատոսական հիմնարկներին:

17. Հայաստանի Հանրապետության մահացած քաղաքացու անձնագիրը հանձնվում է մահվան գրանցումը կատարող մարմիններ: Մահվան գրանցումը կատարելուց հետո անձնագիրը սահմանված կարգով ուղարկվում է ներքին գործերի մարմիններ:

Օտարերկրյա պետություններում մահացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը հանձնվում է օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

18. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Գտնված անձնագրերը ենթակա են հանձնման` Հայաստանի Հանրապետությունում` ներքին գործերի մարմիններ, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ:

19. Կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը կամ կալանքը, ինչպես նաև ազատազրկման դատապարտված անձանց անձնագրերը ժամանակավորապես վերցնում են հետաքննության կամ նախաքննության մարմինները կամ դատարանը, իսկ ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագրերը` զինկոմիսարիատները:

Կասկածյալների և մեղադրյալների անձնագրերը տերերին են վերադարձվում խափանման միջոցի վերացման դեպքում, ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագրերը` պատիժը կրելուց կամ ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո:

Կալանքի տակ չգտնվող կասկածյալներին և մեղադրյալներին հետաքննության կամ նախաքննության մարմիններն անձնագրի փոխարեն տալիս են անձը հաստատող փաստաթուղթ` առանց Հայաստանի Հանրապետությունից մեկնելու թույլտվության, որի ձևը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը:

Արգելվում են անձնագիր վերցնելը (բացառությամբ սույն կետում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը և գրավ դնելը:

 

III. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հաշվառելը եվ հաշվառումից հանելը

 

20. Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հաշվառելը և հաշվառումից հանելն իրականացվում է նրանց իրավունքների ու ազատությունների, ինչպես նաև պետության և այլ քաղաքացիների նկատմամբ նրանց պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով:

21. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը կատարվում է ըստ նրանց ժամանակավոր կամ մշտական բնակության վայրի` միայն մեկ հասցեով:

22. Ժամանակավոր բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին բնակվում է ժամանակավորապես` հյուրանոց, առողջարան, հանգստյան տուն, պանսիոնատ, քեմպինգ, հիվանդանոց, զբոսաշրջիկության հանգրվան, ինչպես նաև սեփականության, վարձակալության կամ ենթավարձակալության իրավունքով նրան չպատկանող բնակելի տարածություն, որոնք չեն հանդիսանում քաղաքացու մշտական բնակության վայրը:

23. Մշտական բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին բնակվում է մշտապես կամ առավելապես:

24. Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաշվառումն ըստ ժամանակավոր բնակության վայրի, եթե քաղաքացին չունի մշտական բնակության վայր, և ըստ մշտական բնակության վայրի` անկախ բնակելի տարածության մակերեսից, կատարում են ներքին գործերի մարմինները` անձնագրում համապատասխան նշում կատարելու միջոցով:

Մշտական բնակության վայր չունեցող քաղաքացու հաշվառումը նրա բնակության վայր չհանդիսացող բնակելի տարածությունում կատարվում է ժամանակավորապես: Բնակվելու ժամկետը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ սեփականատիրոջ, վարձակալի և նրա հետ համատեղ բնակվող բնակելի մակերեսի իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնության դեպքում կարող է երկարաձգվել անհրաժեշտ ժամկետով:

25. Հյուրանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում, պանսիոնատներում, քեմպինգներում, հիվանդանոցներում, զբոսաշրջիկության հանգրվաններում և այլ համանման կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը կատարում է դրանց վարչակազմը` առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում նշում կատարելու, համապատասխան մատյանում գրառելու միջոցով:

26. Մշտական և ժամանակավոր հաշվառում կատարելու համար անձը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերն են`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը,

բ) ծննդյան վկայականը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (16 տարին չլրացած անձանց համար),

գ) ազատազրկման վայրից ազատվելու մասին տեղեկանքը (ազատազրկման վայրերից ազատված անձանց համար),

դ) ներքին գործերի մարմինների կողմից տրված քաղաքացու անձը հաստատող այլ փաստաթղթեր (բացառությամբ 16 տարին չլրացած անձանց տրված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի):

27. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` ըստ ժամանակավոր բնակության վայրի կամ ըստ մշտական բնակության վայրի հաշվառման փաստը հաստատող դիմումների, տեղեկանքների, քարտերի և այլ փաստաթղթերի, համապատասխան կնիքների ու դրոշմակնիքների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը:

Վիճակագրական հաշվետվությունների ձևերը, ինչպես նաև վիճակագրական փաստաթղթերի շրջանառության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

28. Հաշվառման կանոնները խախտող պաշտոնատար անձինք և քաղաքացիները ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հաշվառման կանոնների պահպանման համար պատասխանատու են`

ա) սեփականատերերը և այլ անձինք, որոնց տիրապետման, օգտագործման, տնօրինության տակ կան բնակելի տներ կամ շինություններ,

բ) հանրակացարանների պարետները,

գ) հյուրանոցների, առողջարանների, հանգստյան տների, պանսիոնատների, քեմպինգների, հիվանդանոցների, զբոսաշրջիկության հանգրվանների և այլ նմանատիպ կազմակերպությունների տնօրենները:

29. Հաշվառումը կատարող մարմինները փաստաթղթերի մուտքագրումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մշտական բնակության վայր չունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն սույն կանոնադրությամբ սահմանված կարգով հաշվառում են ըստ ժամանակավոր բնակության վայրի` նրա բնակության վայր չհանդիսացող բնակելի տարածությունում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու` ըստ ժամանակավոր բնակության վայրի հաշվառման վերցվելու մասին դիմումը կարող է մերժվել, եթե չկա գրավոր համաձայնությունը`

ա) բնակելի տարածության սեփականատիրոջ,

բ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնակելի ֆոնդի տներում բնակեցնելիս` վարձակալների և նրա հետ համատեղ բնակելի մակերեսի իրավունք ունեցող չափահաս անձանց.

գ) մեկուսացված բնակելի տարածություն զբաղեցնող վարձակալի կողմից այլ քաղաքացիների (բացառությամբ անչափահաս երեխաներին` ծնողների մոտ, ամուսիններին, ինչպես նաև անաշխատունակ ծնողներին` երեխաների մոտ) բնակեցնելիս` բնակելի տարածության սեփականատիրոջ,

դ) խնամակալի զբաղեցրած բնակելի տարածությունում այլ քաղաքացիների բնակեցնելիս` խնամակալի կամ հոգաբարձուի:

Անչափահաս երեխաների հաշվառումը կատարվում է, անկախ սույն կետում նշված անձանց գրավոր համաձայնությունից, ծնողներից որևէ մեկի կամ օրինական ներկայացուցչի հաշվառման վայրում:

30. Հայաստանի Հանրապետության քաղաքացու` ըստ ժամանակավոր բնակության վայրի հաշվառման վերցվելու մասին դիմումը կարող է նաև մերժվել, եթե`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապօրինաբար զբաղեցրել է այդ բնակելի տարածությունը կամ կառուցել է շենք ու շինություն.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կամ իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածության վրա, որը տրվում է վարձակալության կամ ենթավարձակալության, քրեական գործի քննության կապակցությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով դրված է կալանք.

գ) հաշվառում կատարող մարմիններ ներկայացվել են ակնհայտ կեղծ փաստաթղթեր:

31. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` ըստ ժամանակավոր բնակության վայրի հաշվառումը հյուրանոցներում, առողջարաններում, պանսիոնատներում, հանգստյան տներում, քեմպինգներում, հիվանդանոցներում, զբոսաշրջիկության հանգրվաններում և այլ համանման կազմակերպություններում կատարվում է նրանց ժամանելուն պես` անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա:

32. Մշտական բնակության վայրը փոխած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պարտավոր է նոր բնակության վայր ժամանելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում մշտական հաշվառման վերցվելու համար դիմել հաշվառումը կատարող մարմիններ` ներկայացնելով`

ա) անձը հաստատող փաստաթուղթ,

բ) կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (զինապարտները),

գ) բնակելի տարածությունն զբաղեցնելու հիմք հանդիսացող փաստաթուղթ (օրդեր, պայմանագիր, սեփականության վկայական, բնակելի տարածությունն օգտագործելու իրավունք տվող օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն բնակելի տարածությունը հատկացնող անձի դիմում կամ դրանց պատճենները` հաստատված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով):

33. Հաշվառումը կատարող մարմինները փաստաթղթերի ստացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հաշվառում են ըստ մշտական բնակության վայրի և դրա մասին նշում կատարում անձնագրի համապատասխան էջում:

34. Հաշվառման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացուց գանձվում է տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

35. Հայաստանի Հանրապետության քաղաքացու` ըստ մշտական բնակության վայրի հաշվառման վերցվելու մասին դիմումը կարող է մերժվել, եթե`

ա) դատական կարգով անհնար է ճանաչվել ծնողական իրավունքից զրկված անձի բնակությունն իր` 18 տարին չլրացած երեխաների հետ,

բ) բնակելի տարածությունն զբաղեցնելու իրավունքը հաստատող փաստաթղթերը սահմանված կարգով ճանաչվել են անվավեր:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու` ըստ մշտական բնակության վայրի հաշվառման վերցվելու մասին դիմումը կարող է մերժվել նաև սույն կանոնադրության 29-րդ կետով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով:

36. Զինծառայողների հաշվառումը կատարվում է`

ա) ըստ մշտական բնակության վայրի` ընդհանուր հիմունքներով (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային ու սպայական կազմի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կուրսանտների).

բ) ըստ ժամանակավոր բնակության վայրի` գործուղման թերթիկի հիման վրա:

Մշտական հաշվառման վայր չունեցող զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները, բացառությամբ սույն կետի «ա» ենթակետում նշված զինծառայողների, մինչև բնակելի տարածություն ստանալը սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ժամանակավորապես հաշվառվում են զինվորական մասի գտնվելու վայրում:

37. Ըստ մշտական բնակության վայրի հաշվառման մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հաշվառվում են ըստ ժամանակավոր բնակության վայրի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

38. Եկեղեցիների, տաճարների և պաշտամունքի այլ կառույցների տարածքներում բնակվող քաղաքացիները հաշվառվում են սույն կանոնադրության 21-24-րդ կետերով սահմանված կարգով` անձը հաստատող փաստաթղթերի և սահմանված ձևի դիմումի հիման վրա:

39. Ծնողների (խնամակալի, որդեգրողի, հոգաբարձուի) հետ համատեղ բնակվող` 16 տարին չլրացած անչափահասների հաշվառումը (ժամանակավոր կամ մշտական) կատարվում է ծնողների (խնամակալի, որդեգրողի, հոգաբարձուի) անձը հաստատող փաստաթղթերի և անչափահասի ծննդյան վկայականի, ինչպես նաև խնամակալությունը հաստատող փաստաթղթերի և անչափահասի ծննդյան վկայականի հիման վրա նրանց վերաբերյալ տվյալները տնային գրքում (բնակարանային քարտ) կամ ծնողի (խնամակալի, որդեգրողի, հոգաբարձուի) հաշվառման քարտում գրառելու միջոցով:

40. Ծնողներից առանձին բնակվող` 16 տարին չլրացած անչափահասներն ըստ ժամանակավոր բնակության վայրի կամ ըստ մշտական բնակության վայրի հաշվառվում են սույն կանոնադրության 21-24-րդ կետերով սահմանված կարգով` ծննդյան վկայականի հիման վրա:

41. Հայաստանի Հանրապետության քաղաքացու` ըստ ժամանակավոր բնակության վայրի կամ ըստ մշտական բնակության վայրի հաշվառման վերցվելու մասին դիմումը մերժելու դեպքում հաշվառում կատարող մարմինները պարտավոր են փաստաթուղթն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հայտնել մերժման պատճառների մասին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու` հաշվառման վերցվելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ հաշվառում կատարող մարմնի որոշումը Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից կարող է բողոքարկվել այդ մարմնի վերադասին կամ դատարան:

42. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` ըստ ժամանակավոր բնակության վայրի հաշվառումից հանված են համարվում հաշվառման ժամկետը լրանալու, իսկ հյուրանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում, հիվանդանոցներում, քեմպինգներում, զբոսաշրջիկության հանգրվաններում և այլ համանման կազմակերպություններում դուրսգրման պահից:

43. Մշտական կամ ժամանակավոր հաշվառում չունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում քաղաքացու ցանկությամբ կատարվում է նշում փաստացի բնակության վայրի մասին:

44. Ըստ ժամանակավոր բնակության վայրի և ըստ մշտական բնակության վայրի հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հաշվառումից հանվում են`

ա) բնակության վայրը փոխելու,

բ) զինծառայության զորակոչվելու,

գ) ազատազրկման դատապարտվելու,

դ) մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու,

ե) զբաղեցրած բնակելի տարածությունն օգտագործելու իրավունքը կորցնելու կամ վտարվելու,

զ) հաշվառման հիմք հանդիսացող փաստաթղթերը կամ տեղեկություններն իրականությանը չհամապատասխանելիս, ինչպես նաև հաշվառման հարցը լուծելիս պաշտոնատար անձանց թույլ տված անօրինականություն հայտնաբերելու,

է) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից` հաշվառումից հանվելու մասին դիմում ներկայացվելու,

ը) բնակելի տարածությունն օտարելիս նախկին սեփականատիրոջը և նրա ընտանիքի անդամներին հաշվառումից հանելու մասին նոր սեփականատիրոջ կողմից դիմում ներկայացվելու դեպքերում:

Հաշվառում կատարող մարմինները եռօրյա ժամկետում փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հանում են ըստ մշտական բնակության վայրի հաշվառումից և անձնագրում դրա մասին կատարում համապատասխան նշում:

45. Ներքին գործերի մարմինները զինապարտներին անձնագիր տալիս, փոխանակում, ըստ բնակության վայրի հաշվառում և հաշվառումից հանում են նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ

 

 

 

 

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (88 x 125 մմ չափսի, 32 էջից բաղկացած) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող հիմնական փաստաթուղթն է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի շապիկը կապույտ գույնի է: Շապիկի երեսի վերևի մասում հայերեն, գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Հայաստանի Հանրապետության զինանշանից ներքև հայերեն, գլխատառերով տպագրվում է «ԱՆՁՆԱԳԻՐ» բառը, իսկ դրանից ներքև անգլերեն, համեմատաբար փոքր գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը և «ԱՆՁՆԱԳԻՐ» բառը:

Շապիկի վրա պատկերված Հայաստանի Հանրապետության զինանշանը և գրառումները բրոնզագույն են:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի շապիկի հակառակ երեսի կենտրոնում գունավոր պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Էջը վերևից և կողքերից երիզվում է կապտավուն զարդանախշով, իսկ ներքևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ԱՆՁՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ» նախադասությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 1-ին էջը վերևից և կողքերից երիզվում է բաց մանուշակագույն զարդանախշով, որի ներսում պատկերվում են Հայաստանի Հանրապետության զինանշանը (կենտրոնում), դրանից վերև` կամարաձև, իսկ ներքև` ձվաձև զարդանախշերը:

Նույն կերպ ձևավորվում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 4-32-րդ էջերը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 1-ին էջի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, իսկ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերից փոքր-ինչ ներքև` հայերեն և անգլերեն, գլխատառերով` «ԱՆՁՆԱԳԻՐ» բառը: Նույն էջի ներքևի մասում, կենտրոնում նշվում են անձնագրի սերիան և համարը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 2-րդ էջի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, որից ներքև, ստորև ներկայացվող հաջորդականությամբ, հատկացվում են տեղեր հայերեն նշելու համար հետևյալ տեղեկությունները`

ազգանունը

անունը

հայրանունը

քաղաքացիությունը

ծնվել է (օրը, ամիսը, տարեթիվը)

տրվել է (օրը, ամիսը, տարեթիվը)

ում կողմից (ծածկագիրը)

սեռը

ծննդավայրը

վավերական է մինչև (օրը, ամիսը, տարեթիվը):

Նույն էջի ներքևի մասում, գծված ուղղանկյան մեջ, հայերեն և անգլերեն տպագրվում է «Անձնագրի տիրոջ ստորագրությունը» բառակապակցությունը: Նույն էջի աջ մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը` երիզված շրջանաձև զարդանախշով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 3-րդ էջի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, որից ներքև, ստորև ներկայացվող հաջորդականությամբ, հատկացվում են տեղեր անգլերեն նշելու համար հետևյալ տեղեկությունները`

փաստաթղթի անվանումը

տեսակը

երկրի ծածկագիրը

անձնագրի համարը

ազգանունը

անունը

քաղաքացիությունը

ծնվել է (օրը, ամիսը, տարեթիվը)

անձնական համարը

սեռը

ծննդավայրը

տրվել է (օրը, ամիսը, տարեթիվը)

վավերական է մինչև (օրը, ամիսը, տարեթիվը)

ում կողմից (ծածկագիրը):

Նույն էջի ձախ մասում տեղ է հատկացվում անձնագրի տիրոջ լուսանկարի համար (35 x 45 մմ չափսի), իսկ աջ մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը` երիզված շրջանաձև զարդանախշով, որի վրա անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը:

(Պարբերությունն ուժը կորցրել է 08.11.07 N 1332-Ն)

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 4-րդ էջի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ԱՆՁՆԱԳԻՐԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ» բառակապակցությունը, իսկ դրանից ներքև գծվում է 5 տող` վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 5-րդ և 6-րդ էջերը հատկացվում են Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությամբ նախատեսված նշումների համար:

Նշված էջերի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՆՇՈՒՄՆԵՐ» բառը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 7-32-րդ էջերը նախատեսվում են օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների կողմից տվյալ երկիր մուտք գործելու թույլտվության մասին նշումների կատարման համար: Բոլոր նշված էջերի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՎԻԶԱ» բառը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 5-32-րդ էջերի ներքևի մասում դակման միջոցով նշվում են անձնագրի սերիան և համարը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վերջին էջի (շապիկի ներսի կողմում) կենտրոնում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում են «ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է» և «ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿՐՈՂԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» իսկ ներքևի մասում` «ԱՆՁՆԱԳԻՐԸ 32 ԷՋԻՑ Է» նախադասությունները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը պատրաստվում են սերիաներով` յուրաքանչյուրը 500.000 (հինգ հարյուր հազար) տպաքանակով: Սերիաները նշագրվում են լատինական գլխատառերով (AA, AB, AC, AE և այլն): «A» տառը դրվում է բոլոր սերիաների սկզբում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի համարակալումն սկսվում է 0200001 և ավարտվում է 0700000 թվանշաններով բացառությամբ AF սերիայի անձնագրերի, որոնց համարակալումն սկսվում է 0200001 և ավարտվում 0800000 թվանշաններով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի բոլոր էջերը համարակալվում են արաբական թվերով:

(Նկարագիրը լրաց. 16.06.01 N 536, 28.11.02  N 1887-Ն)