Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.05/60(584)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
09.11.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների
առաջին ատյանի դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 2-1300

Քաղաքացիական գործ թիվ 3-1614(Ա)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Հովսեփյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի նոյեմբերի 9-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 14.06.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Տիգրան Հարությունյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել պատասխանողից 536.558 ՀՀ դրամ՝ որպես բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման դիմաց չվարված պարտավորություն:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.06.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել նույն օրենսգրքի 327-րդ, 328-րդ, 330-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կապի կազմակերպությանը մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը տրված գրավոր դիմումները և ծանուցումները համարվում են ժամկետին տրված: Նշվածից հետևում է, որ սույն դեպքում հայցադիմումը ներկայացնելու ժամկետ պետք է համարվի 28.04.2007 թվականը:

Դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ եթե հայցադիմումը դատարան մուտք է եղել 02.05.2007 թվականին, ապա այն կրկին համարվում է ժամկետում տրված, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի համաձայն` ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 328-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին: Ըստ Դատարանի կողմից կատարված երեք տարվա ժամկետի հաշվարկի` հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը սկսվել է 01.05.2004 թվականից և ավարտվել 02.05.2007 թվականին, մինչդեռ, ժամկետի հաշվարկը պետք է սկսվեր 01.05.2004 թվականին հաջորդող օրվանից` 02.05.2004 թվականից: Փաստորեն, հայցային վաղեմության երեք տարվա ժամկետի ավարտը պետք է համարել 02.05.2007 թվականի ժամը 24:00-ն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 14.06.2007 թվականին կայացրած վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 17.07.2000 թվականին Ընկերության և Տիգրան Հայրապետյանի միջև կնքվել է բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման մասին թիվ 15933 պայմանագիրը:

2) Տիգրան Հայրապետյանը մատուցված ծառայությունների դիմաց չի վճարել, որի արդյունքում Ընկերության նկատմամբ նրա պարտավորությունը կազմել է 536.538 ՀՀ դրամ: Վերոնշյալ պայմանգիրը լուծվել է 01.05.2004 թվականին:

3) Գործի տվյալների համաձայն` հայցադիմումը փոստային կապի մարմին է տրվել 28.04.2007 թվականին, իսկ Դատարան է մուտքագրվել 02.05.2007 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված:

Տվյալ դեպքում, Դատարանը փաստել է, որ հայցվորը դատարան է դիմել 02.05.2007 թվականին, այսինքն՝ հայցադիմումը դատարան մուտք լինելու օրը: Այնինչ, ինչպես նշվեց վերևում, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սահմանված փաստաթղթերը կապի կազմակերպությանը հանձնելու իրավական հետևանքները հավասարեցվում են դրանք համապատասխան հասցեատիրոջը տալուն:

Այսինքն՝ տվյալ դեպքում, Դատարանը հայցվորի կողմից դատարան դիմելու պահ պետք է համարեր ոչ թե հայցադիմումը դատարանում մուտք լինելու օրը, այլ այն կապի կազմակերպությանը հանձնելու օրը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ, 327-րդ, 328-րդ, 330-րդ հոդվածների կիրառելիության փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում, քանի որ դրանց կիրառելիության հանգամանքը գնահատելու համար պետք է պարզվի հայցային վաղեմության ժամկետի սկզբնապահը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասը չկիրառելու փաստարկի առկայությունը բավարար է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Դատարանի 14.06.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 14.06.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

  Է. Հայրիյան
 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան