Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.21/65.1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ 

 

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի
դատավճիռ կայացրած կազմը

Գործ ՎԲ - 180/07

Նախագահող դատավոր՝ Ս. Աղաբեկյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

26 հոկտեմբերի 2007 թ.

 ք. Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ`

Դ. Ավետիսյանի

Հ. Ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Մ. Սիմոնյանի

Ս. Օհանյանի

քարտուղար՝

Ք. Մարտիրոսյանի

մասնակցությամբ դատախազ՝

Լ. Ղազարյանի

 

 

դռնբաց դատական նիստում, քննելով Ալեքսանդր Վալերիի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 13-ի դատավճռի դեմ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Խաչատուրյանի վճռաբեկ բողոքը, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը. 

 

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 13-ի դատավճռով Ալեքսանդր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ա. Գասպարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ու նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով։

Միաժամանակ վճռվել է տուժողի ներկայացուցիչ Է.Հարությունյանի քաղաքացիական հայցը բավարարել մասնակիորեն և Ա. Գասպարյանից հօգուտ ՊԲ թիվ 34153 զորամասի բռնագանձել 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 13-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք չի բերվել և այն մտել է օրինական ուժի մեջ։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2007թ. հոկտեմբերի 3-ի որոշմամբ 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ընդունվել է վարույթ։ 

 

2. Գործի փաստական հանգամանքները. 

 

Ալեքսանդր Գասպարյանը, ծառայելով թիվ 34153 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկում որպես նռնակաձիգ, կոչումով շարքային, 2006 թվականի նոյեմբերի 8-ի ժամը 19.00-ից մինչև նոյեմբերի 9-ի ժամը 19.00-ը, ընդգրկված լինելով զորամասի պահակային ծառայության վերակարգում որպես 3-րդ պահակակետի 1-ին հերթափոխի պահակ, նոյեմբերի 9-ին՝ ժամը 07.00-ին, ընդունել է պահակային ծառայությունը 3-րդ պահակակետում՝ զորամասի հավաքակայանում և, խախտելով պահակային ծառայություն տանելու կանոնները, չի կանխել զորամասի հավաքակայանի տարածք անհայտ անձանց մուտք գործելը, ինչի հետևանքով անհայտ անձը ժամը 07.00-ից մինչև 09.00-ն ընկած ժամանակահատվածում զորամասի հավաքակայանի տարածքում կանգնեցրած «ԳԱԶ-33081» մակնիշի «ՊԲ 4Կ 163» զինհամարանշի ավտոմեքենայի վառելիքային բաքից գողացել է 105 լիտր դիզելային վառելանյութ՝ 31.500 ՀՀ դրամ արժողությամբ, իսկ «ԳԱԶ 3308» մակնիշի «ՊԲ 4Կ 113» և «ՊԲ 4Կ 117» զինհամարանշի ավտոմեքենաների վառելիքային բաքերից գողացել է ընդհանուր քանակով 335 լիտր ավտոբենզին՝ 110.550 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ՝ թիվ 34153 զորամասին պատճառելով 142.100 ՀՀ դրամի նյութական վնաս։ 

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը. 

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքաբերը գտնում է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 13.04.2007 թվականի դատավճիռը քաղաքացիական հայցի մասով հիմնավորված չէ, խախտվել է դատավարության մասնակցի՝ տուժողի ներկայացուցչի և քաղաքացիական հայցվորի նյութական իրավունքը։

Համաձայն բողոքի՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը, դատավճռով հաստատված համարելով, որ գույքային վնասն իրավաբանական անձին պատճառվել է Ալեքսանդր Գասպարյանի կողմից պահակային ծառայություն տանելու կանոնները խախտելու հետևանքով, չի պատճառաբանել ու չի հիմնավորել, թե ինչու միայն 40.000 ՀՀ դրամի չափով պետք է Ա. Գասպարյանի վրա դրվի վնասի հատուցման պարտականությունն այն դեպքում, երբ ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի՝ պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառված անձի կողմից։ Ուստի, դատարանի կողմից մատնանշված գույքի հափշտակություն կատարած անձի կամ անձանց շրջանակը պարզված չլինելու հանգամանքը չէր կարող Ա. Գասպարյանի համար գույքային պարտավորության մասնակի դադարման հիմք հանդիսանալ։

Վերը նշված հիմնավորումներով վճռաբեկ բողոքում խնդրվում է բեկանել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 13.04.2007 թվականի դատավճիռը քաղաքացիական հայցի մասով և քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։ 

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը՝ Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքր պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի՝

1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով։

2. Քաղաքացիական դատավարական օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին, և քաղաքացիական հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով։

3. Քաղաքացիական հայցով որոշումն ընդունվում է քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան։

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի՝

1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի՝ սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ։

2. Քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեդադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար։

3. Հայցադիմումում նշվում է, թե որ քրեական գործով, ով, ում, ինչի հիման վրա և ինչ չափով է հարուցում քաղաքացիական հայց, ինչպես նաև պետք է բովանդակի խնդրանք՝ վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի և գույքի բռնագանձման մասին։

Ըստ քրեական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի՝ դատավճիռ կայացնելիս դատարանը, ելնելով քաղհայցի հիմքերի և չափի ապացուցված լինելու հանգամանքից, հարուցված հայցը բավարարում է լրիվ կամ մասնակիորեն, մերժում է դրա բավարարումը, կամ այն թողնում է առանց քննության։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը սահմանում է վնասի հատուցման համար պատասխանատվության ընդհանուր հիմքերը։ Նույն հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից։ Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա։

Այսպիսով՝ քրեական դատավարությունում քաղհայցի քննության հիմքում ընկած է միասնական իրավաբանական փաստը՝ հանցագործությունը, որի կատարման համար անձը ենթարկվում է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիաիրավական պատասխանատվության այն դեպքերում, երբ առկա է հանցագործությամբ պատճառված գույքային վնաս։ Դատարանը, ապացուցված համարելով մեղադրյալի մեղքը կատարված հանցագործության մեջ, ինչպես նաև պատճառական կապը հանցավոր արարքի և հասցված վնասի միջև, քաղհայցի հարցը լուծում է՝ գնահատելով պատշաճ կերպով ներկայացրած հայցադիմումի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքը։ Քաղաքացիական հայցով որոշումն ընդունվում է քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան։

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի (հաստատվել է ՀՀ Աժ 03.12.1996թ. օրենքով)

23-րդ հոդվածը սահմանում է, որ բոլոր զինծառայողները, անկախ զինվորական կոչումից ու պաշտոնից, հավասար են օրենքի առնչությամբ և կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված պատասխանատվաթյուն՝ հաշվի առնելով նրանց իրավական վիճակի առանձնահատկությունները։ Նույն կանոնագրքի 28-րդ հոդվածի համաձայն՝ նյութական պատասխանատվություն զինծառայողները կրում են զինվորական ծառայության կատարման ժամանակ պետությանը հասցված նյութական վնասի համար՝ զինծառայողների նյութական պատասխանատվության մասին կանոնակարգին համապատասխան, իսկ 30-րդ հոդվածի համաձայն՝ նյութական վնաս պատճառելու հետ կապված իրավախախտում թույլ տալու դեպքում զինծառայողները հատուցում են վնասը, անկախ պատասխանատվության այլ ձևերի ենթարկվելուց կամ հասարակական ներգործության միջոցների գործադրումից։

«Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է զինծառայողների լրիվ նյութական պատասխանատվության հիմքերը, որի 1-ին կետը սահմանում է, որ զինծառայողները պատճառած վնասի լրիվ չափով նյութական պատասխանատվություն են կրում, եթե դա պատճառվել է այն զինծառայողի կողմից, որին գույքը տրվել է պահպանելու, տեղափոխելու, օգտագործելու համար կամ այլ նպատակներով։

Ինչպես երևում է վերոշարադրյալ հոդվածների վերլուծությունից, զինծառայողները լրիվ չափով նյութական պատասխանատվություն են կրում պահպանելու, տեղափոխելու, օգտագործելու կամ այլ նպատակներով իրենց հանձնված գույքին հասցված վնասի համար։

Սույն գործով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 13.04.2007 թվականի դատավճռով հաստատվել է, որ Ա. Գասպարյանը, ընդգրկված լինելով զորամասի պահակային ծառայության վերակարգում, խախտել է պահակային ծառայություն տանելու կանոնները, չի կանխել զորամասի հավաքակայանի տարածք անհայտ անձի կողմից մուտք գործելը, որի հետևանքով զորամասի տարածքում կանգնեցրած ավտոմեքենաներից գողացվել է 105 լիտր դիզելային վառելանյութ և 335 լիտր բենզին՝ զորամասին պատճառելով 142.000 ՀՀ դրամի նյութական վնաս։

Միաժամանակ, դատարանը Ա. Գասպարյանի վրա դրել է պատճառված վնասը մասնակի՝ 40.000 ՀՀ դրամի չափով հատուցելու պարտավորություն՝ պատճառաբանելով, որ քրեական գործով գույքի հափշտակություն կատարած անձի կամ անձանց շրջանակը պարզված չէ։

Այսպիսով՝ առաջին ատյանի դատարանը գտել է. որ Ա. Գասպարյանի արարքն առաջացրել է այնպիսի վնասակար հետևանքներ, որոնց կանխման համար ինքը կարգված է եղել, հետևաբար, առկա է Ա. Գասպարյանի կողմից պահակային ծառայություն տանելու կանոնները խախտելու հետևանքով իրավաբանական անձի գույքին պատճառված վնաս։ Սակայն դատարանը, անտեսելով քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի ու զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի պահանջները, որոնք սահմանում են պատճառված վնասը լրիվ ծավալով հատուցելու պարտավորություն՝ սխալ է լուծել քաղհայցի հարցը։

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունն այն մասին, որի քրեական գործով գույքի հափշտակություն կատարած անձի կամ անձանց շրջանակը պարզված չլինելու հանգամանքը կարող է առաջացնել պատճառված վնասը մասնակի հատուցելու պարտավորություն անհիմն է և սխալ ու չի բխում վերոշարադրյալ իրավանորմերի պահանջներից, քանի որ առկա է պատճառական կապ կատարված հանցագործության և հասցված վնասի միջև, ուստի քաղհայցի հարցը լուծելիս առաջին ատյանի դատարանը պետք է ղեկավարվեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի ու զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի պահանջներով։

Ինչ վերաբերում է քրեական գործով գույքի հափշտակություն կատարած անձի կամ անձանց շրջանակը պարզված չլինելու հանգամանքին, ապա դատարանը գտնում է, որ այդ անձի կամ անձանց շրջանակը պարզվելու դեպքում վնասը հատուցած անձը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կարող է քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հետադարձ պահանջ (ռեգրես) ներկայացնել նրանց։

Բացի այդ, գործի նյութերից երևում է, որ 23.01.2007 թվականին Էդուարդ Էդիլեյի Հարությունյանը ճանաչվել է քաղհայցվոր, սակայն որպես քաղհայցվոր նա չի հարցաքննվել. գործի նյութերում չկա քաղաքացիական հայցի հարուցումը կարգավորող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայցադիմում։ Է. Հարությունյանն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում հարցաքննվել է որպես տուժողի ներկայացուցիչ ու այդ կարգավիճակով էլ ներկայացրել է քաղհայցի պահանջ։

Վերը շարադրվածը վկայում է, որ սույն գործի դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են քրեական գործով քաղաքացիական հայցի մասով ճիշտ որոշում կայացնելու վրա, ուստի քաղաքացիական հայցի մասով առաջին ատյանի դատարանի դատավճիռը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության՝ վերը նշված նյութական և դատավարական խախտումները վերացնելու և համապատասխան հետևության հանգելու համար։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում քննարկվող հարցերով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը 

 

Ո Ր Ո Շ Ե Ց 

 

Վճռաբեկ բողոքը բավարարել։

Բեկանել Ալեքսանդր Վալերիի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 13-ի դատավճիռը՝ քաղաքացիական հայցի մասով և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։ 

 

Նախագահող`

Տ. Սահակյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Մ. Սիմոնյան

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան