Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.06/13(248)
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2007
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ 

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-1975, 07-2007/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1416(ՎԴ)

2007 թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան
դատավորներ` Գ. Մատինյան
Դ. Խաչատրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

 

2007 թվականի նոյեմբերի 9-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Ռիչարդ Հակոբյանի օրինական ներկայացուցիչ Աննա Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.06.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ռիչարդ Հակոբյանի օրինական ներկայացուցիչ Աննա Բաղդասարյանի ընդդեմ Լուան Ավետիսյանի, Արթուր Հակոբյանի և երրորդ անձ Արաբկիրի տարածքային նոտարական գրասենյակի` ժառանգական գույքում 1/2-րդ բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և կտակն անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ հայցի Տիգրան Հակոբյանի ընդդեմ Լուան Ավետիսյանի, Արթուր Հակոբյանի, Ռիչարդ Հակոբյանի (օրինական ներկայացուցիչ Աննա Բաղդասարյանի)` ժառանգությունն ընդունելու համար նախատեսված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ժառանգական գույքի մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ռիչարդ Հակոբյանի օրինական ներկայացուցիչը պահանջել է Լևոն Հակոբյանի ժառանգական գույքի 1/2-րդ բաժնի նկատմամբ ճանաչել Ռիչարդ Հակոբյանի սեփականության իրավունքը և անվավեր ճանաչել Լևոն Հակոբյանի 19.01.2004 թվականի կտակը:

Դիմելով դատարան` Տիգրան Հակոբյանը պահանջել է հարգելի համարել ժառանգությունն ընդունելու համար նախատեսված ժամկետի բացթողման պատճառները, որպես պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգի ժառանգությունն ընդունած ճանաչել և ճանաչել իր սեփականության իրավունքը Լևոն Հակոբյանի ժառանգական գույքի` օրենքով իրեն հասանելիք բաժնի նկատմամբ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 03.08.2006 թվականի վճռով Ռիչարդ Հակոբյանի օրինական ներկայացուցչի հայցը` ժառանգական գույքում 1/2-րդ բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին բավարարվել է մասնակի, Տիգրան Հակոբյանի հայցը` մերժվել:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 30.03.2007 թվականի վճռով Ռիչարդ Հակոբյանի օրինական ներկայացուցչի հայցը` կտակն անվավեր ճանաչելու պահանջի մասին բավարարվել է:

Վերաքննիչ դատարանի 07.06.2007 թվականի որոշմամբ նշված երկու քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

Վերաքննիչ դատարանի 25.06.2007 թվականի վճռով Ռիչարդ Հակոբյանի օրինական ներկայացուցչի հայցը բավարարվել է մասնակի` ճանաչվել է Ռիչարդ Հակոբյանի սեփականության իրավունքը ժառանգական գույքի 1/8-րդ բաժնի նկատմամբ, իսկ կտակն անվավեր ճանաչելու պահանջը մերժվել է: Տիգրան Հակոբյանի հայցը բավարարվել է` ճանաչվել է նրա սեփականության իրավունքը ժառանգական գույքի 1/8-րդ բաժնի նկատմամբ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռիչարդ Հակոբյանի օրինական ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 1211-րդ հոդվածի 3-րդ մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 6-րդ և 1230-րդ հոդվածի 3-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1211-րդ հոդվածի 4-րդ մասը, 1211-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, չնայած հաստատված է համարել այն հանգամանքը, որ կտակում փոփոխությունները կատարվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, այնուամենայնիվ, հայցը մերժելով, դա կտակն անվավեր ճանաչելու հիմք չի համարել՝ նշելով, որ կտակը կազմված է օրենքին համապատասխան՝ դրանով իսկ հնարավոր համարելով կտակի փոփոխումը նոտարի կողմից՝ նախկին կտակի վրա նշում կատարելու և նշման տակ ստորագրելու միջոցով:

Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ կտակում կատարված ուղղումը (ինչը, ըստ ՀՀ օրենսդրության, կոչվում է «կտակը փոփոխել») կատարվել է օրենքների պահանջների խախտումներով, չի կիրառել կտակի ձևը չպահպանելու հետևանքով այն անվավեր ճանաչելու մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1211-րդ հոդվածի 3-րդ մասի նորմը, ինչպես նաև գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելու հետևանքով դրա անվավերության ընդհանուր կանոններ սահմանող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

Վիճարկվող կտակում թույլ է տրվել ոչ թե վրիպակ կամ այն կազմելու, ստորագրելու կամ վավերացնելու կարգի այլ աննշան խախտում, այլ կտակարարը (ըստ նոտարի) իր կամքով Լուան Ավետիսյանին «զրկել է» բնակարանի 1/2-ի նկատմամբ բաժին ձեռք բերելու հնարավորությունից: Վերը նշվածը ծննդյան տարեթվի կամ իրեն պատկանող գույքի հասցեում կատարված տառասխալի կամ թվասխալի ուղղում չէ, որպեսզի համարվի վրիպակի ուղղում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ կտակում նշված Լուան Ավետիսյանը և Արթուր Հակոբյանը չեն վիճարկում կտակը, սխալ է մեկնաբանել օրենքը, քանի որ կտակն անվավեր ճանաչելու պահանջ կարող են ներկայացնել ոչ միայն ըստ կտակի ժառանգները, այլ բոլոր այն անձինք, ում իրավունքը խախտվել է այդ կտակով:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, թույլ տալով դատավարական իրավունքի նորմի խախտում, այն է` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չհետազոտելով գործով ձեռք բերված ապացույցները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 6-րդ և 1230-րդ հոդվածի 3-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր:

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառվեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, Տիգրան Հակոբյանին ճանաչելով պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգ, թույլ է տվել նյութական իրավունքի նորմի խախտում, քանի որ պարտադիր բաժնի իրավունք ձեռք բերելու հիմք է հանդիսանում ժառանգի՝ ժառանգության բացման պահին հաշմանդամ կամ անգործունակ լինելը: Մինչդեռ ինչպես երևում է գործով ձեռք բերված ապացույցներից, Տիգրան Հակոբյանն օրենքով սահմանված կարգով սահմանափակ գործունակ է ճանաչվել միայն 18.02.2005 թվականին, այսինքն` ժառանգության բացման պահից մեկ տարի անց:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև 48-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել Լուան Ավետիսյանի կողմից 29.07.2004 թվականին կազմած և 02.08.2004 թվականին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ապոստիլով վավերացված լիազորագիրը, Լուան Ավետիսյանի և Արթուր Հակոբյանի կողմից ժառանգությունը 02.08.2004 թվականին ընդունելու մասին փաստաբան Արթուր Գրիգորյանի 12.08.2004 թվականի հարցման վերաբերյալ նոտար Է.Շաբոյանի պատասխանը, որի համաձայն` Լևոն Հակոբյանի ժառանգության ընդուման համար դիմել են Աննա Բաղդասարյանը և Աշոտ Հակոբյանը, ինչպես նաև նոտարի կողմից Արթուր Հակոբյանին և Լուան Ավետիսյանին ուղարկված գրությունը, որով նրանք հրավիրվել են Լևոն Հակոբյանի մահից հետո մնացած ժառանգության ընդունմանը:

Նշված փաստական տեղեկություններով հաստատվում է այն հանգամանքը, որ Լուան Ավետիսյանը և Արթուր Հակոբյանը չէին կարող 02.08.2004 թվականին դիմել նոտարական գրասենյակ` Լևոն Հակոբյանից հետո մնացած ժառանգությունն ընդունելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 25.06.2007 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 19.01.2004 թվականի կտակով Լևոն Հակոբյանը Երևանի Վ.Համբարձումյան փողոցի 8/1 շենքի թիվ 44 բնակարանը և այդ բնակարանում գտնվող գույքը կտակել է Արթուր Հակոբյանին և Լուան Ալեքսանի Ավետիսյանին: Կտակում «և Լուան Ալեքսանի Ավետիսյանին ծնված մեկը մարտի, հազար ինը հարյուր քսանհինգ թ.» բառերը գրիչով ջնջված են:

2) Լևոն Հակոբյանը մահացել է 06.02.2004 թվականին:

3) Ռիչարդ Հակոբյանի կողմից Լևոն Հակոբյանի ժառանգական գույքն ընդունելու մասին Ռիչարդ Հակոբյանի օրինական ներկայացուցիչ Աննա Բաղդասարյանը նոտարական գրասենյակին հայտարարություն է տվել 26.07.2004 թվականին, իսկ Արթուր Հակոբյանը` 02.08.2004 թվականին:

4) Նոտար Է.Շաբոյանի 14.09.2004 թվականի գրության համաձայն` Լևոն Հակոբյանի մահից հետո մնացած ժառանգական գույքն ընդունելու համար 02.08.2004 թվականին հայտարարություն է ներկայացրել նաև Լուան Ավետիսյանը:

5) Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 18.02.2005 թվականի վճռով Տիգրան Լևոնի Հակոբյանը ճանաչվել է սահմանափակ գործունակ: Վճռով հաստատվել է, որ դատաբժշկական եզրակացության համաձայն` Տիգրան Հակոբյանը 1999 թվականից ստացիոնար հետազոտման է ենթարկվել, և ախտորոշվել է Օլիգոֆրենիա չափավոր արտահայտված դեբիլություն, որի հետևանքով համարվել է զինծառայության համար ոչ պիտանի: 20.04.1999 թվականին նա հաշվառման է վերցվել, և նրան տրվել է հաշմանդամության երրորդ խումբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կտակարարն իրավունք ունի կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը, ընդ որում նա պարտավոր չէ նշել կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու պատճառները: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու մասին հայտարարությունը պետք է արվի կտակ կազմելու համար` նույն օրենսգրքով սահմանված ձևով: «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` կտակը կարող է վերացվել կամ փոփոխվել կտակարարի կողմից` համապատասխան դիմում տալու կամ նոր կտակ կազմելու ձևով:

ՀՀ արդարադատության նախարարի «Հայաստանի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» 14.08.2000 թվականի թիվ 523 հրամանի 68-րդ կետի 4-րդ պարբերության համաձայն` եթե վավերացվող կամ հաստատվող գործարքի կամ այլ փաստաթղթի նախագծում կատարվել են փոփոխություններ, լրացումներ կամ ուղղումներ, ապա կողմերի ստորագրություններից առաջ նոտարն իր ձեռքով նշում է կատարում կատարված փոփոխությունների, լրացումների կամ ուղղումների քանակի և տեղի (վերնագիր, նախաբան, կետ, ենթակետ, պարբերություն) մասին: Սույն նշումը չպարունակող փաստաթղթում կատարված փոփոխությունները, լրացումները կամ ուղղումներն անվավեր են:

Սույն քաղաքացիական գործով 19.01.2004 թվականի կտակով Երևանի Վ.Համբարձումյան փողոցի 8/1 շենքի թիվ 44 բնակարանը և այդ բնակարանում գտնվող գույքը կտակվել են Արթուր Հակոբյանին և Լուան Ավետիսյանին: Կտակում «և Լուան Ալեքսանի Ավետիսյանին………» բառերը գրիչով ջնջված են:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 19.01.2004 թվականին կազմված կտակում արված ջնջումը (փոփոխությունը) կատարվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի «Հայաստանի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» 14.08.2000 թվականի թիվ 523 հրամանի 68-րդ կետի խախտմամբ, քանի որ գործում բացակայում է կտակը փոփոխելու վերաբերյալ կտակարարի դիմումը, իսկ կտակում՝ կողմերի ստորագրություններից առաջ այդ փոփոխության մասին նոտարի կողմից կատարված նշումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1211-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կտակն անվավեր է ճանաչվում կտակի ձևի մասին կանոնները և գործարքների անվավերության մասին` նույն օրենսգրքի այլ դրույթները խախտելու հետևանքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1211-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անվավեր կարող են ճանաչվել ինչպես կտակն ամբողջությամբ, այնպես էլ՝ դրանում պարունակվող առանձին կտակային կարգադրությունները: Առանձին կտակային կարգադրության անվավերությունը չի հանգեցնում կտակի մնացած մասի անվավերությանը:

Սույն քաղաքացիական գործով ներկայացվել է ամբողջ կտակը անվավեր ճանաչելու պահանջ` պահանջի հիմքում դնելով կտակում առկա ջնջումը: Այսինքն, վիճարկվում է կտակային կարգադրություններից մեկը՝ Երևանի Վ.Համբարձումյան փողոցի 8/1 շենքի թիվ 44 բնակարանը Լուան Ավետիսյանին կտակված լինելը:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անվավեր է վեճի առարկա կտակում կատարված փոփոխությունը: Այսինքն` կտակում առկա փոփոխության անվավերությունը չի հանգեցնում ամբողջ կտակի անվավերության:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ կտակը չի կարող նաև մասնակի (կատարված փոփոխության մասով) անվավեր ճանաչվել հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1211-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կտակը կարող է դատարանով անվավեր ճանաչվել այն անձի հայցով, ում իրավունքները կամ շահերը խախտվել են այդ կտակով:

Սույն գործով Ռիչարդ Հակոբյանը կտակում կատարված փոփոխությունն անվավեր ճանաչելու հարցում չունի որևէ շահագրգռվածություն, ուստի և չի կարող այդ կտակային կարգադրությունն անվավեր ճանաչելու պահանջով պատշաճ հայցվոր լինել:

Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում այն հանգամանքը, որ վերոհիշյալ կտակային կարգադրության անվավեր ճանաչումն անվավեր չի դարձնում ամբողջ կտակը, ինչի արդյունքում չի բացվում ըստ օրենքի ժառանգություն, և այս դեպքում պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգ հանդիսացող Ռիչարդ Հակոբյանը չի կարող որպես ըստ օրենքի ժառանգ ընդունել ժառանգությունը:

2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1194-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:

Սույն գործում առկա փաստերի համաձայն` Տիգրան Հակոբյանը 20.04.1999 թվականին ճանաչվել է հաշմանդամ, որը վերահաստատվել է:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում վճռաբեկ բողոքում առկա պատճառաբանությունն այն մասին, որ ժառանգության բացման պահին Տիգրան Հակոբյանի մոտ բացակայել են պարտադիր բաժնի իրավունքի ձեռքբերման հիմքերը, քանի որ նա սահմանափակ գործունակ է ճանաչվել ժառանգության բացումից հետո: Այսինքն` Տիգրան Հակոբյանը հաշմանդամության հիմքով ձեռք է բերել ժառանգության պարտադիր բաժնի իրավունք:

3) Բողոքը երրրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ բողոքում տեղ գտած պատճառաբանությունն այն մասին, որ Լուան Ավետիսյանի կողմից 29.07.2004 թվականին կազմած լիազորագիրը 02.08.2004 թվականին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ապոստիլով վավերացված լինելու պարագայում Լուան Ավետիսյանը և Արթուր Հակոբյանը չէին կարող 02.08.2004 թվականին դիմել նոտարական գրասենյակ, և հետևաբար նրանք չեն ընդունել ժառանգությունը, անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Լուան Ավետիսյանի և Արթուր Հակոբյանի կողմից ժառանգությունն ընդունած լինելու հանգամանքը չի հանդիսանում սույն գործով ապացուցման ենթակա հանգամանք, քանի որ ներկայացված հայցապահանջի ապացուցման առարկայի շրջանակներից դուրս է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 25.06.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան