Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.05/60(584)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
09.11.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական գործերով
վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-742

Քաղաքացիական գործ թիվ 3-1603(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան
դատավորներ՝ Ա. Խառատյան
  Լ. Գրիգորյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի նոյեմբերի 9-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Մամո Ամոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.02.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Մամո Ամոյանի հայցի ընդդեմ «Ջեներալ տրանսուորլդ մենյուֆեքչրինգ քամփնի» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` աշխատավարձը և հաշվարկված տոկոսները բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 478.671 ՀՀ դրամ չվճարված աշխատավարձը և 305.145 ՀՀ դրամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարները:

ՀՀ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 09.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ դատարանի 15.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է բռնագանձել պատասխանողից 478.671 ՀՀ դրամ որպես չվճարված աշխատավարձի գումար, իսկ 305.145 ՀՀ դրամի չափով հաշվարկված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների պահանջի մասով, հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մամո Ամոյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև 411-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը վճռաբեկ բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը նշել է, որ չի ներկայացվել ապացույց այն մասին, որ Ընկերությունը Մամո Ամոյանին հասանելիք աշխատավարձը չվճարելու կամ ուշ վճարելու դեպքում պարտավորվել է վերջինիս վճարել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսները:

Բացի այդ, Ընկերության և Մամո Ամոյանի միջև առկա չէ վնասների հատուցման այլ կարգ կամ տույժի այլ չափ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.02.2007 թվականի վճռի` հայցը մերժելու մասը, փոփոխել այն և բռնագանձել պատասխանողից 305.145 ՀՀ դրամ՝ որպես չվճարված աշխատավարձի նկատմամբ հաշվարկված տոկոսներ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության 26.09.2006 թվականի թիվ 01/113 տեղեկանքի համաձայն` 26.09.2006 թվականի դրությամբ Մամո Ամոյանի նկատմամբ պարտքը կազմել է 478.671 ՀՀ դրամ:

2) Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջը մերժել է՝ պատճառաբանելով, որ հայցվորը դատարանին չի ներկայացրել ապացույց այն մասին, որ Ընկերությունն աշխատավարձը չվճարելու կամ ուշ վճարելու դեպքում պարտավոր է վճարել վերոհիշյալ հոդվածով նախատեսված տոկոսները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գործատուի մեղքով աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ կատարվում են սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատողին օրենքով սահմանված չափերով և կարգով վճարում է տուժանք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնական և այլ հատուկ օրենսդրությամբ:

Սահմանված կարգով և ժամկետներում աշխատողին աշխատանքի վարձատրության գործատուի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում վճարման ենթակա տուժանքի չափի և վճարման կարգի վերաբերյալ կանոններ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չեն, հետևաբար, այդ իրավահարաբերություների կարգավորման նկատմամբ պետք է կիրառվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրն ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

«Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ աշխատավարձը գործատուների կողմից աշխատողներին նրանց կատարած աշխատանքի դիմաց դրամական կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ ձևերով կատարվող վճարումն է:

Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր աշխատող ունի իր կատարած աշխատանքի համար աշխատավարձ ստանալու իրավունք: Աշխատավարձի վճարման օրվանից աշխատողի մոտ ծագում է գործատուից այն պահանջելու իրավունք: Այսինքն՝ աշխատավարձի վճարման համար սահմանված ժամկետից դրա նկատմամբ ծագում է աշխատողի սեփականության իրավունքը (սույն իրավական խնդրի վերաբերյալ նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ սահմանադրական դատարանը՝ 04.10.2006 թվականի թիվ ՍԴՈ-649 որոշմամբ), հետևաբար, սույն գործով Ընկերությունը ժամանակին չվճարելով հայցվորի աշխատավարձը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի իմաստով ապօրինի պահել է վերջինիս դրամական միջոցները (տես օրինակ՝ Մարտուն Ազատյան ընդդեմ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, 10.10.2007 թ., քաղաքացիական գործ 03-1321(ՎԴ) (աշխատավարձը և ապրանքային արժեքների գումարը բռնագանձելու պահանջով)):

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործատուի և աշխատողի միջև կնքված՝ աշխատանքի վարձատրության չափն ու պայմանները սահմանող պայմանագրով և իրավական այլ ակտերով աշխատավարձի չվճարման համար տոկոսների այլ չափ սահմանված չլինելու պայմաններում, Ընկերության կողմից չվճարված աշխատավարձի նկատմամբ տոկոսները ենթակա են հաշվարկման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանի վճռի հիմքում դրված պատճառաբանությունն այն մասին, որ հայցվորը դատարանին չի ներկայացրել ապացույց, որ Ընկերությունը աշխատավարձը չվճարելու կամ ուշ վճարելու դեպքում պարտավոր է վճարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 15.02.2007 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.02.2007 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

  Է. Հայրիյան
 

Ս. Սարգսյան