ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1431(ՏԴ) |
Նախագահող դատավոր՝ Ե. Սողոմոնյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Անտոնյանի | |
|
Ս. Գյուրջյանի | |
|
Է. Հայրիյանի | |
|
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) դիմումի ընդդեմ Տեսչության՝ ստուգման ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության թիվ 01005 և 01004 ստուգման ակտերը:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 03.07.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Տեսչությունը:
Վճռաբեկ բողոքին Ընկերությունը ներկայացրել է պատասխան:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը սխալ է մեկնաբանել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածի նորմերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Համաձայն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի՝ միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսվարող սուբյեկտում ստուգում կարող է իրականացվել օրացուցային տարում ոչ ավելի, քան մեկ անգամ բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված, ինչպես նաև ... ստուգման դեպքերի: Հաշվի առնելով այն, որ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված է նաև բնապահպանական տեսչական մարմինների ստուգումները, օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանափակումը չի կարող տարածվել կատարված ստուգման վրա: Համաձայն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին պարբերության` վերստուգումը ստուգում իրականացնող մարմնի կողմից նույն տնտեսվարող սուբյեկտի մոտ մեկ տարվա ընթացքում կատարվող (կրկնակի) ստուգումն է, բացի սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում և ... սահմանված ստուգման դեպքերի: Հաշվի առնելով այն, որ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված է նաև բնապահպանական տեսչական մարմինների ստուգումները, օրենքի 5-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված վերստուգման սահմանման տակ չի կարող ներառվել նաև նույն հոդվածով նախատեսված բացառությունը: Արդյունքում կրկնակի ստուգումը «սահմանափակող» և այն «որակող» համապատասխան հոդվածներում հստակ որպես բացառություն նշված ստուգումը, այն է` բնապահպանական տեսչական մարմինների ստուգումը չի կարող համարվել վերստուգում կամ կրկնակի ստուգում: Բացի վերը նշվածից 2004 թվականի հունվարի 1-ից 2006 թվականի առաջին եռամսյակը ընկած ժամանակահատվածում օրենքով սահմանված լիազոր մարմնի ղեկավարի, այն է` ՀՀ բնապահպանության նախարարի կողմից բացվել է ընդամենը մեկ հանձնարարագիր ընկերությունում ստուգում իրականացնելու նպատակով: Առանց համապատասխան հիմնավորման դատարանը բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ստուգումը որակել է որպես ֆինանսատնտեսական գործունեության ստուգում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանը.
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի տառացի մեկնաբանությունից ակնհայտ է, որ վերստուգում չի համարվում «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված և 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված միայն այն ստուգումները, որոնք առնչվում են հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց առաջ տնտեսվարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերին:
Ավելին, «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսվարող սուբյեկտում ստուգում կարող է իրականացվել օրացուցային տարում ոչ ավելի, քան մեկ անգամ, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ստուգման դեպքերի:
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսվելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ բնապահպանական տեսչական մարմինների, ՀՀ առողջապահության նախարարության կողմից դեղատնային կամ դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներում իրականացվող ստուգումների: Այսինքն` նշված կետում շարադրված են այն դեպքերը և այն մարմինները, որոնք կարող են ստուգումներ իրականացնել առանց հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը ստուգումն իրականացնելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին հանձնելու:
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի տառացի մեկնաբանությունից ակնհայտ է, որ այն վերաբերում է միայն այն բնապահպանական տեսչական ստուգումներին, որոնք իրականացվել են դեղատնային կամ դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ: Դիմողը իրականացնում է ոսկու արդյունահանման գործունեություն և որևէ առնչություն չունի դեղատնային կամ դեղագործական գործունեության հետ:
01005 ակտի վերաբերյալ պատասխանողը վճռաբեկ բողոքում նշել է, որ երկրաբանական նմուշների ներքին և արտաքին վերահսկողությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև վերցված ակոսային նմուշի հաշվարկային քաշի պահպանման պահանջը բխում է հանքաքարի որակի մասին հավաստի տվյալներ ստանալու պահանջից և հիմնված է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի վրա:
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ ընդերքօգտագործողները պարտավոր են ապահովել հետազոտված, ընդերքից արդյունահանված և դրանում թողնված օգտակար հանածոների պաշարների, դրանց պարունակած բաղադրատոմսերի, որակի ու քանակի, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքօգտագործման մասին հավաստի տվյալների հավաքումը, պահպանումը և լիազորված մարմնի տրամադրումը:
Նշված կետում ՀՀ որևէ այլ իրավական ակտով ընդերքօգտագործողների համար երկրաբանական նմուշների ներքին և արտաքին վերահսկողության, վերցված ակոսային նմուշի քաշի վերաբերյալ որևէ պարտականություն սահմանված չէ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Տեսչության թիվ 010163 հանձնարարագրի հիման վրա բնապահպանական տեսչության մասնագետներին հանձնարարվել է 11.05.2006 թվականից 08.06.2006 թվականն ընկած ժամանակահատվածում մակշեյդերական, երկրաբանական, ընդերքօգտագործման կարգի և բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ստուգում անցկացնել Ընկերության Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայրի և ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքավայրերում: Ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը 2004 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի մարտի 31-ն էր:
2) Վիճարկվող ակտերի համաձայն՝ ստուգումը կատարվել է 11.05.2006 թվականից մինչև 08.06.2006 թվականը, իսկ նախորդ ստուգումը կատարվել է 09.09.2005 թվականից մինչև 10.10.2005 թվականը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի՝ միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսվարող սուբյեկտում ստուգում կարող է իրականացվել օրացուցային տարում ոչ ավելի, քան մեկ անգամ՝ բացառությամբ նույն օրենքի 3-րդ հոդվածի երրորդ կետով սահմանված տնտեսվարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման:
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված սուբյեկտներից են մասնավորապես, … Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ըստ անհրաժեշտության իրականացվող ստուգումների և (կամ) բնապահպանական տեսչական մարմինների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեղատնային կամ դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներում իրականացվող ստուգումների և պետական հիգիենիկ ու հակահամաճարակային ծառայության մարմինների կողմից բնակչության ջրամատակարարման և ջրօգտագործման, քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների կիրառման, դպրոցական և նախադպրոցական հիմնարկների ու բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակի ... հետ առնչվող օրենքների և այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում, իրականացվող ստուգումների:
Նշված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը սահմանել է միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսվարող սուբյեկտում օրացուցային տարում մեկից ավելի ստուգում իրականացման սկզբունքային արգելքը: Նշված կանոնից օրենսդիրը սահմանել է նաև բացառություն՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային հաշվանցումներ և (կամ) վերադարձ ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձ իրականացնելուց առաջ տնտեսվարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերի:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված բացառությունը տարածվում է բնապահպանական տեսչական մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտներում իրականացվող բոլոր ստուգումների վրա: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը հիշատակված բացառությունը վիճարկվող ստուգման դեպքի վրա տարածվում է:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված խախտումը չի հանգեցրել գործի սխալ լուծման, քանի որ սույն գործով դատարանը վիճարկվող ակտն անվավեր է ճանաչել նաև այլ, մասնավորապես, «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության 159-րդ և 162-րդ հոդվածների խախտման հիմքերով, որոնց վերաբերյալ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում որևէ փաստարկ չի ներկայացրել:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը հիմնավոր համարելով դրա առկայությունը բավարար չի դիտում Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ՝ |
Ս. Անտոնյան |
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան | |
Ս. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|