Գլխավոր տեղեկություն
Համար
N 27
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.07.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

4 հուլիսի 2012 թվականի N 27

16. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ մասնագիտական կրթության և ուսուցման 2012-2016 թվականների բարեփոխումների ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 19

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թ.

հուլիսի 4-ի նիստի N 27

արձանագրային որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ


 

1. Մասնագիտական կրթության և ուսուցման 2012-2016 թվականների բարեփոխումների ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» NՆՀ-37-Ն հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության` 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N1207-Ն որոշման հիմնադրույթներին և «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-246 օրենքի ռազմավարական մոտեցումներին և գերակայություններին համապատասխան:

 2. Ծրագրի հիմքում դրվել են նաև «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը», ինչպես նաև Եվրոպական միության ոլորտային քաղաքականության աջակցության ծրագրի 2007 թվականի և 2009 թվականի գործողությունների պլանի համաձայն` Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության շրջանակում իրականացվող ծրագրերի, մասնավորապես` «2007 թվականի գործողությունների ծրագրի ներքո ոլորտային քաղաքականության աջակցության ծրագիր` ուղղված աղքատության կրճատմանը` ՄԿՈՒ ոլորտներում բարեփոխումների իրականացման միջոցով» ծրագրի և «Մասնագիտական կրթության ուսուցման բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» 2-րդ ծրագրի, ձեռք բերված արդյունքները:

 3. Ծրագիրն ուղղված է ապահովելու մասնագիտական կրթության և ուսուցման (այսուհետ` ՄԿՈՒ) ոլորտի արձանագրված ձեռքբերումների և 12 տարածաշրջանային բազմագործառութային քոլեջների ներկայիս փորձի աստիճանական զարգացումը և ընդլայնումը` նախանշելով ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունները:

 

II. ՄԿՈՒ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

4. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում էական նշանակություն ունի մասնագիտական որակյալ կրթությունն ու ուսուցումը: Դրա ապահովումն ու մատչելիությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, աղքատության ու անհավասարության մեղմման կարևորագույն գործոններից է:

5. Վերջին տարիներին իրականացված բարեփոխումները հնարավորություն տվեցին լուծել համակարգում առկա շատ խնդիրներ, կայունացնել իրավիճակը և նախադրյալներ ստեղծել հետագա զարգացման համար: ՄԿՈՒ բարեփոխումների իրականացման էական քայլը «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի ընդունումն է: Այն կարգավորում է նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպաիրավական և ֆինանսատնտեսական հիմքերը, իրավաբանական և ֆիզիկական անձաց իրավունքներն ու պարտականությունները:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի ներկայիս բարեփոխումն ուղղված է մասնագիտական կրթության որակի բարելավմանը, աշխատաշուկայի պահանջներին և եվրոպական չափանիշներին համապատասխան կադրերի պատրաստման կարողությունների հզորացմանը:

7. 2007թ. և 2009թ. ոլորտային քաղաքականության աջակցության ծրագրերի (ՈՔԱԾ) շրջանակում ՄԿՈՒ համակարգի բարեփոխումները հիմնականում իրականացվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների չափորոշիչների և մոդուլային ուսումնական պլանների մշակման ու ներդրման, անձնակազմի վերապատրաստումների, ուսումնամեթոդական նյութերի արդիականացման, նյութատեխնիկական բազայի հարստացման և վերազինման, ինչպես նաև ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ:

8. 2010/2011 ուսումնական տարում գործել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող 104 ուսումնական հաստատություն, որից 25-ը` նախնական մասնագիտական (արհեստագործական) և 79-ը` միջին մասնագիտական: Ուսանողների ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 36500 սովորող:

9. Հանրապետությունում գործել է նաև 21 միջին մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատություն, որտեղ ուսանողների թիվը կազմել է շուրջ 1600:

10. Միջին մասնագիտական կրթության համակարգում մանկավարժական անձնակազմը կազմում է 3358, որից` 81.0%-ն է հիմնական հաստիքային դասավանդող, իսկ 86.9%-ն ունի բարձրագույն կրթություն: Դասախոսական կազմի միայն 0.9%-ն ունի գիտական աստիճան, իսկ 0.2%-ը` գիտական կոչում: Կրթության այս համակարգում ուսանող/դասախոս հարաբերակցությունը կազմել է 9.24:

11. ՄԿՈՒ համակարգում ուսուցումն իրականացվում է 156 մասնագիտություններով: Մշակվել են արհեստագործական և միջին մասնագիտական 100 պետական կրթական չափորոշիչներ:

 12. ՈՔԱԾ-ի շրջանակում սկսված բարեփոխումներն ուղղորդելու նպատակով 2008 թվականին ձևավորվել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը (ՄԿՈՒԶԱԽ), որի կազմում հավասար թվով ներկայացված են ՀՀ կառավարությունը, գործատուները և արհմիությունները: ՄԿՈՒԶԱԽ-ն ազգային մակարդակով սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ կառույցն է և իր գործունեության ընթացքում ընդունել է համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող մի շարք որոշումներ:

13. Ուսումնական հաստատությունների կառավարման ժողովրդավարացման և տեղական մակարդակով սոցիալական գործընկերության կայացման նպատակով 2009 թվականին ուսումնական հաստատություններում ստեղծվեցին կոլեգիալ կառավարման մարմիններ` Խորհուրդներ, որոնց կազմում ընդգրկվեցին պետության, գործատուների, արհմիությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ և ուսանողներ: Խորհուրդների անդամները պարբերաբար անցնում են կառավարմանն առնչվող տարբեր թեմաներով համապատասխան վերապատրաստումներ:

14. 2007-2011 թվականներին նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական և կառավարման համակազմի կարողությունների հզորացման նպատակով վերապատրաստվել է շուրջ 3000 տնօրեն, փոխտնօրեն և մանկավարժ: Վերապատրաստումն անցկացվել է մշտադիտարկման և խորհրդատվության ձևաչափով` նախապես մշակված գործողությունների պլանի, հարցերի շրջանակի և օժանդակող նյութերի հիման վրա:

15. Մասնագիտական կրթական ծրագրերում նախատեսված պետական ծախսերի մոտ 28.4%-ը ուղղված է միջին մասնագիտական կրթությանը: Միջին մասնագիտական կրթության համակարգում տարեցտարի պետական ֆինանսավորման ավելացման միտում է արձանագրվում, որը պայմանավորված է ոլորտում ներկայումս ընթացող բարեփոխումներով, որոնք ուղղված են նաև աղքատության կրճատմանը։

16. ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N332–Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակը (ՈԱՇ), իսկ 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1230-Ա որոշմամբ` ՈԱՇ-ի ներդրումն ու գործարկումն ապահովող միջոցառումների կատարման ժամանակացույցը, որի համաձայն նախատեսվում է մի շարք բովանդակային փոփոխությունների իրականացում նաև ՄԿՈՒ համակարգում:

17. Եվրամիության կողմից Հայաստանին տրվող բյուջետային աջակցության շրջանակում 2010 թվականին հաստատվել և ներկայումս իրականացվում է «Մասնագիտական կրթության ուսուցման բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» 2-րդ ծրագիրը, որի հիմնական նպատակը ՄԿՈՒ բարեփոխումների շարունակականության ապահովումն է:

18. Սույն ծրագիրն ուղղված է Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության ծրագրերի իրականացման շրջանակներում արդյունքների և փորձի ընդլայնմամբ ապահովելու ՄԿՈՒ ոլորտի առաջանցիկ զարգացումը` միջազգային չափանիշներին համապատասխան: Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները միտված են եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը:

 

III. ՄԿՈՒ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

19. Կրթության համակարգի զարգացման ներկա փուլի ռազմավարական նպատակն է` ընդունելով ժամանակակից մարտահրավերները, արձանագրել հիմնախնդիրների լուծման և առաջընթացի այնպիսի արդյունքներ, որոնք կբարձրացնեն կրթության և գիտելիքի վարկանիշը:

20. ՄԿՈՒ ոլորտի զարգացման քաղաքականությունն ուղղված է անհատի ինքնության գիտակցմանն ու արժևորմանը նպաստող որակների զարգացմանը, աշխատաշուկայում մրցունակ մասնագետի պատրաստմանը, համամարդկային արժեքների վրա խարսխված, թափանցիկ, հաշվետու և ժողովրդավարական կրթական համակարգի զարգացմանը, օրինակ կհանդիսանա և նպաստավոր միջավայր կդառնա անհատական արժեքների ձևավորման համար:

21. Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և ներդրումային լայնածավալ ծրագրերի իրականացման պայմաններում համապատասխան կադրերի ապահովումը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացումը նոր խնդիրներ ու պահանջներ է առաջադրում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգում: Տարեց տարի մեծանում է հատկապես նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պահանջարկը` մասնավորապես ծառայությունների մատուցման, սոցիալական և տնտեսական ոլորտներում:

22. ՄԿՈՒ ոլորտի զարգացումը պայմանավորված է հետևյալ գործոններով`

1) երկրի սոցիալ-տնտեսական զարգացման միտումներով,

2) աշխարհում տեղի ունեցող գիտատեխնիկական արագընթաց փոփոխություններով,

3) աշխատաշուկայի պահանջարկի ձևավորվամբ,

4) գյուղական համայնքների երիտասարդության համար կրթության մատչելիության ապահովմամբ,

5) կարողությունների և ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ:

23. ՄԿՈՒ ոլորտի կարևորագույն խնդիրներից է կրթության որակի բարձրացումը, ապահովելով համակարգի արդյունավետ գործունեությունը և քաղաքացիների` իրենց ձգտումներին և ընդունակություններին համապատասխան կրթություն ստանալու հավասար պայմաններում:

24. ՄԿՈՒ ոլորտի զարգացման հիմնական խնդիրներն են`

1) բացառիկ նվաճումներին միտված ծրագրերը խրախուսող ներդրումային քաղաքականության մշակում,

2) բարեփոխումներն առաջնորդելու կարողությունների հզորացում,

3) հանրությանն անմիջական հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում,

4) կրթության բովանդակության և չափորոշիչների բարելավում,

5) դասավանդող կադրերի և կառավարման աշխատակազմի կարողությունների հզորացում,

6) համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներ,

7) միջազգային ցանցերում մասնակցության ընդլայնում,

8) կրթական ծրագրերի համապատասխանեցում սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին,

9) ուսուցման կարճաժամկետ ծրագրերի մշակում և ներդրում,

10) մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնակցություն մեծահասակների կրթության կազմակերպման ու իրականացման գործում:

 25. Սոցիալական գործընկերության լիարժեք ձևավորումը ՄԿՈՒ ոլորտում, գործատուների ներգրավումը և ակտիվ մասնակցությունը համակարգի կառավարման աշխատանքներում կնպաստի ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը և զարգացմանը` մասնավորապես, արագ արձագանքելու զարգացող տնտեսության որոշ ճյուղերի պայանջներին:

26. Անհրաժեշտ են նաև արդյունավետ միջազգային համագործակցության զարգացման մեխանիզմներ` այլ երկրների նմանատիպ ուսումնական հաստատությունների հետ կապ հաստատելու նպատակով: Նման համագործակցությունը հնարավորություն է տալիս համադրել և բարելավել ձեռք բերված արդյունքները` համապատասխանեցնելով դրանք միջազգային չափանիշներին:

 

IV. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

27. ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների իրականացումը պահանջում է էականորեն բարձրացնել ՄԿՈՒ կառավարման համակարգի արդյունավետությունը, զարգացնել կառավարման օղակների և դասավանդողների մասնագիտական ներուժը, արդիականացնել ՄԿՈՒ բովանդակությունը` ապահովելով դրա համապատասխանությունը արդի պահանջներին:

28. Ապահովելով ՄԿՈՒ ոլորտի արդեն իսկ արձանագրված ձեռքբերումների աստիճանական զարգացումն ու ընդլայնումը, 2012-2016թթ. բարեփոխումները կիրականացվեն հետևյալ հիմնական ուղղություններով`

1) ՄԿՈՒ համակարգի ինտեգրում եվրոպական մասնագիտական կրթական տարածքին,

2) ՄԿՈՒ համակարգի կառավարման արդյունավետության բարձրացում,

3) ՄԿՈՒ հեղինակության և վարկանիշի բարձրացում,

4) ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության ընդլայնում:

29. ՄԿՈՒ ոլորտի 2012-2016թթ. բարեփոխումների հիմնական ուղղություններն ընդգրկում են հետևյալ գործողությունները`

1) ՄԿՈՒ որակավորումների ազգային շրջանակի ներդրում,

2) ՄԿՈՒ ոլորտում կրեդիտային համակարգի ներդրում,

3) Եվրոպական երկրների ՄԿՈՒ բնագավառի բարեփոխումների փորձի ուսումնասիրում,

4) ՀՀ-ում Կոպենհագենյան գործընթացից բխող սկզբունքների կիրառում,

5) ՄԿՈՒ հաստատությունների հասանելիության ապահովում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար,

6) ՄԿՈՒ համակարգի մարդկային ռեսուրսների կարողությունների շարունակական հզորացում՝ հաստատությունների վարչական համակազմի, դասավանդողների և կառավարման խորհուրդների անդամների վերապատրաստում,

7) Կարիերայի կենտրոնների ստեղծում ՄԿՈՒ հաստատություններում,

8) ՄԿՈՒ ոլորտի հասարակայնության իրազեկման արշավների կազմակերպում,

9) Գործատուների հետ համագործակցության ընդլայնում` մասնագիտական կրթության և ուսուցման կազմակերպման գործընթացում,

10) Գործատուների հետ ՄԿՈՒ համակարգի գործընկերության ծավալում:

 

V. ՄԿՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

30. ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներն իրականացվելու են սույն ծրագրից բխող` 2012-2016 թվականների միջոցառումների ժամանակացույցին համապատասխան:

31. Բարեփոխումների իրականացումը պայմանավորված է լինելու 12 տարածաշրջանային բազմագործառութային կենտրոնների արդյունքների և ներկայիս փորձի ընդլայնմամբ, ինչպես նաև դրանց հետևողական զարգացման ապահովմամբ:

32. Կարևորագույն պայմաններից է նաև քաղաքական աջակցության և բարեփոխումների արդյունավետ իրականացման ուղղորդումը: Սոցիալական գործընկերներության ձևավորումը նույնպես կարևորվում է ՄԿՈՒ ոլորտի զարգացման համար, մասնավորապես` ՄԿՈՒ առաջարկը համապատասխանեցնելու տեղական աշխատաշուկայի պահանջարկին:

33. Այդ նպատակով, 12 տարածաշրջանային բազմագործառութային քոլեջների ձեռքբերված արդյունքների ընդլայնումը կնպաստի հանրապետության բոլոր մարզերում ՄԿՈՒ հաստատությունների փոխակերպմանը միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական կառույցների:

34. ՄԿՈՒ բարեփոխումը պայմանավորված է լինելու ոլորտի բովանդակային փոփոխություններով, իրավական դաշտի բարելավմամբ, կրթության մատուցման բարելավված ծառայություններով, մասնագիտական կողմնորոշման ապահովմամբ, նախընթաց ուսումնառության արդյունքների գնահատման մեխանիզմների ներդրմամբ, ինչպես նաև ուսումնանյութական բազայի և անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ:

35. ՄԿՈՒ բարեփոխումը` կրթական ծառայությունների մատուցման և կառավարման մակարդակում, հաջողված դարձնելու գործում կարևոր դերակատարներ են ուսումնական հաստատությունների մանկավարժները և վարչական աշխատակազմը: Վերապատրաստման դասընթացների միջոցով հնարավոր կլինի հզորացնել նրանց կարողությունները, իսկ սոցիալական երաշխիքների ստեղծմամբ` բարձրացնել մանակարժների վարկանիշը և ներգրավվածության աստիճանը:

36. Այսպիսով, ՄԿՈՒ համակարգի բարեփոխումը կիրականացվի մի կողմից` օրինակելի կենտրոններ հայտնաբերելու և զարգացնելու, մյուս կողմից` նմանատիպ կենտրոններ ստեղծելու միջոցով։ Դրանք կստանձնեն բարեփոխումներն առաջնորդողի և տարածողի դերը: Կրթական համակարգի համաչափ զարգացում ապահովելու համար բոլոր մարզերում կկիրառվի «գերազանցության կենտրոններ» ձևավորելու քաղաքականություն։ Որպեսզի կենտրոնների ազդեցությունն առավելագույնս դրսևորվի, անհրաժեշտ է ապահովել դրանց փոխկապակցումը ինչպես միմյանց, այնպես էլ արտերկրի կառույցների հետ։

37. ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների 2012-2016 թվականների գործողությունների ժամանակացույցով սահմանված գործողությունները կիրականացվեն առանձին ծրագրերի միջոցով, որոնք կներկայացվեն ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերում և պետական բյուջեում: Ծրագրերի մշակումը և իրականացումը կկատարվեն պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերների ակտիվ մասնակցությամբ: Ծրագրերի ցանկում կընդգրկվեն բոլոր շահառուների կողմից իրականացվող ծրագրերը, որոնք համահունչ են ՄԿՈՒ ոլորտի զարգացման նպատակներին:

 

VI. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

38. ՄԿՈՒ ոլորտի 2012-2016թթ. բարեփոխումների իրականացման հիմնական ակնկալվող արդյունքներն են`

1) ՄԿՈՒ որակավորումների ազգային շրջանակի համադրելիություն որակավորումների եվրոպական շրջանակի հետ,

2) ՄԿՈՒ համակարգում ուսուցման իրականացում կրեդիտային համակարգով,

3) ՄԿՈՒ ոլորտի միջազգային զարգացումների մասին իրազեկվածության բարձրացում,

4) ՄԿՈՒ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի համադրում Կոպենհագենյան գործընթացի սկզբունքներին,

5) Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար ՄԿՈՒ մատչելիության աստիճանի բարձրացում,

6) Ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման, ինչպես նաև կառավարման արդյունավետության բարձրացում,

7) 12 տարածաշրջանային քոլեջներում տրամադրվում են կարիերայի զարգացման համար անհրաժեշտ խորհրդատվություն և մատուցվում են այլ ծառայություններ,

8) ՄԿՈՒ ոլորտի վերաբերյալ հասարակայնության շրջանում իրազեկվածության առավել բարձր մակարդակ,

9) Ուսումնական պրակտիկաների և արտադրական ուսուցման կազմակերպում գործատուների մոտ,

10) ՄԿՈՒ ուսումնամեթոդական նյութերի և երաշխավորությունների մշակում` գործատուների ներկայացուցիչների ներգրավմամբ:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թ.

հուլիսի 4-ի նիստի N 27

արձանագրային որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

Հիմնական ուղղությունը

Գործողությունը

Ակնկալվող արդյունքը

Ձեռքբերման ցուցիչ

Ժամկետը

1. ՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ինտեգրում Եվրոպական մասնագիտական կրթական տարածքին

1.1 ՄԿՈՒ որակավորումների ազգային շրջանակի ներդրում

ՄԿՈՒ որակավորումների ազգային շրջանակի համադրելիություն որակավորումների եվրոպական շրջանակի հետ

Ըստ մասնագիտությունների ՄԿՈՒ որակավորումների հաստատված բնութագրիչներ

2012-2013 թթ.

1.2 ՄԿՈՒ ոլորտում կրեդիտային համակարգի ներդրում

ՄԿՈՒ համակարգում ուսուցման իրականացում կրեդիտային համակարգով

Ներդրված և գործուն կրեդիտային համակարգ

2013-2016 թթ.

1.3 Եվրոպական երկրների ՄԿՈՒ բնագավառի բարեփոխումների փորձի ուսումնասիրում

ՄԿՈՒ ոլորտի միջազգային զարգացումների մասին իրազեկվածության բարձրացում

ՄԿՈՒ տեղեկատվական կառավարման գործուն համակարգ

2012-2016 թթ.

1.4 ՀՀ-ում Կոպենհագենյան գործընթացից բխող սկզբունքների կիրառում

ՄԿՈՒ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի համադրում Կոպենհագենյան գործընթացի սկզբունքներին

Լրամշակված իրավական ակտեր և/կամ ընդունված նոր իրավական ակտեր

2012-2016 թթ.

 

1.5 ՄԿՈՒ հաստատությունների հասանելիության ապահովում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար ՄԿՈՒ մատչելիության աստիճանի բարձրացում

ՄԿՈՒ հաստատություններում համապատասխան պայմանների առկայություն

2013-2016 թթ.

2. ՄԿՈՒ համակարգի կառավարման արդյունավետու-թյան բարձրացում

2.1 ՄԿՈՒ համակարգի մարդկային ռեսուրսների կարողությունների շարունակական հզորացում՝ հաստատությունների վարչական համակազմի, դասավանդողների և կառավարման խորհուրդների անդամների վերապատրաստում

Ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման, ինչպես նաև կառավարման արդյունավետության բարձրացում

Հաստատված վերապատրաստման ծրագրեր և ժամանակացույց:
Տարեկան վերապատրաստվողների թվաքանակ՝ 1000:

2012-2016 թթ.

2.2 Կարիերայի կենտրոնների ստեղծում ՄԿՈՒ հաստատություններում

12 տարածաշրջանային քոլեջներում տրամադրվում են կարիերայի զարգացման համար անհրաժեշտ խորհրդատվություն և մատուցվում են այլ ծառայություններ

Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի գործուն կենտրոններ

2013-2016 թթ.

3. ՄԿՈՒ հեղինակության և վարկանիշի բարձրացում

3.1 ՄԿՈՒ ոլորտի հասարակայնության իրազեկման արշավների կազմակերպում

ՄԿՈՒ ոլորտի վերաբերյալ հասարակայնության շրջանում իրազեկվածության առավել բարձր մակարդակ

Կազմակերպված են հասարակայնության իրազեկման արշավներ հետևյալ ուղղություններով` հեռուստա և ռադիո հաղորդումների կազմակերպում,

- գովազդային հոլովակների և տեսանյութերի պատրաստում և հեռարձակում
- տեղեկատվական նյութերի պատրաստում և տարածում

2012-2016 թթ.

4. ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության ընդլայնում

4.1 Գործատուների հետ համագործակցության ընդլայնում` մասնագիտական կրթության և ուսուցման կազմակերպման գործընթացում

Ուսումնական պրակտիկաների և արտադրական ուսուցման կազմակերպում գործատուների մոտ

Ուսումնական պրակտիկաների և արտադրական ուսուցման գործընթացները կազմակերպված են գործատուների մոտ

2013-2016 թթ.

4.2 Գործատուների հետ ՄԿՈՒ համակարգի գործընկերության ծավալում:

ՄԿՈՒ ուսումնամեթոդական նյութերի և երաշխավորությունների մշակում` գործատուների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Մշակված ուսումնամեթոդական նյութեր` պետական կրթական չափորոշիչներ, մոդուլային ծրագրեր, ձեռնարկներ, ուղեցույցներ և այլն:

2012-2016 թթ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան