ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
20 նոյեմբերի 2007թ. |
2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 3568-1 AM ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի սեպտեմբերի 19-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 3568-1 AM ֆինանսավորման համաձայնագրում (Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» N 3568-1 AM ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրվել է 2007թ. սեպտեմբերի 19-ին, Երևանում` ոռոգման համակարգերի զարգացման սկզբնական ծրագրին առնչվող միջոցառումների համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով:
2. Համաձայնագիրը սահմանում է այն Ծրագիրը, որի իրականացմանն ուղղվում է վարկավորումը, վարկավորման չափը, վճարման կարգն ու ժամանակացույցը, աշխատանքների իրականացման մեխանիզմներն ու ժամանակացույցը, վերահսկողության իրականացման կարգը, ֆինանսավորման ընթացակարգը, ինչպես նաև համաձայնագրի գործողության և գործողության դադարման կարգն ու ժամկետները: Համաձայնագրի մասն են կազմում նաև երեք ժամանակացույցեր և մեկ հավելված:
3. Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավմանը: Ծրագիրը բաղկացած է երկու մասերից` սկզբնական և լրացուցիչ:
4. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- իրականացնել ամբողջ Ծրագիրը գործող ԾԻԳ-ի (Ծրագրի իրականացման գրասենյակ) միջոցով,
- ապահովել Ծրագրի իրականացումը Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթներին համապատասխան,
- ապահովել Շրջակա միջավայրի կառավարման ծրագրի համար անհրաժեշտ բոլոր միջոցառումների ժամանակին իրականացումը,
- իրականացնել Ծրագրի աշխատանքների մոնիտորինգ և գնահատում, վարել կամ հանձնարարել վարել կառավարման համակարգ,
- սահմանված ժամանակացույցին խստիվ համապատասխան Ընկերակցությանը ներկայացնել միջանկյալ Ծրագրի ֆինանսական հաշվետվությունները,
- հանձնարարել ՋՕԸ-ներին (ջրօգտագործողների ընկերություն) իրենց ֆինանսական հաշվետվությունները կազմել այնպես, որ դրանք արտահայտեն իրենց կատարած աշխատանքներն ու ֆինանսական վիճակը, ստուգել այդ հաշվետվությունները,
- համաձայնագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան Ընկերակցությանը վճարել ինչպես ֆինանսավորման չմասհանված գումարի դիմաց պարտավճար, այնպես էլ վարկի մասհանված հաշվեկշռի դիմաց սպասարկման վճար, վերադարձնել վարկի մայր գումարը:
5. Համաձայնագիրը նախատեսում է նաև աշխատանքների, խորհրդատվական ծառայությունների գնման ընթացակարգը, մեթոդները, ֆինանսավորման միջոցների մասհանման կարգն ու պայմանները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64, 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2007 թվականի սեպտեմբերի 19-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 3568-1 AM ֆինանսավորման համաձայնագրում (Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|