ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավճռի կայացրած կազմը |
Գործ ՎԲ - 185/07 |
Նախագահող դատավոր՝ Ս. Ավետիսյան |
|
Դատավորներ` Հ. Տեր-Ադամյան, Ռ. Ափինյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
26 հոկտեմբերի 2007 թ. |
ք. Երևան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Տ. Սահակյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Մ. Սիմոնյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղար՝ |
Ք. Մարտիրոսյանի | |
մասնակցությամբ դատախազ՝ |
Գ. Ջհանգիրյանի |
դռնբաց դատական նիստում, քննելով Անուշ Արարատի Մինասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի ապրիլի 8-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի հուլիսի 6-ի դատավճիռների դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Անուշ Արարատի Մինասյանը 2004 թվականի դեկտեմբերի 1-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 4-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի ապրիլի 8-ի դատավճռով Ա.Մինասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու դատապարտվել ազատազրկման` 7 /յոթ/ տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
Ա.Մինասյանի փաստաբան Սամվել Միրզոյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը` ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանն իր 2005թ. հուլիսի 6-ի դատավճռով Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատավճիռը թողել է անփոփոխ:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ընդունվել է վարույթ:
2. Գործի փաստական հանգամանքները.
Էդուարդ Լեոնիդի Խաչատրյանը ԱՄՆ-ում, ՌԴ-ում և ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու, ՀՀ տարածքը որպես թմրամիջոցների փոխադրման տարանցիկ ճանապարհ օգտագործելու, այն է` ՀՀ թմրամիջոցներն ընդունելու, պահելու և ՌԴ տեղափոխելու նպատակով ստեղծել է կազմակերպված խումբ, որում տարբեր ժամանակ ընդգրկել է տարբեր մարդկանց:
Իր հանցավոր մտահղացումը կյանքի կոչելու նպատակով նա 2002-2004 թվականների ընթացքում
ԱՄՆ-ից Միլենա Աբրահամյանի անունից տարբեր ընկերությունների միջոցով Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի 28 շենքի թիվ 27 բնակարանի բնակիչ Աշոտ Իսկանդարյանին է ուղարկել 8 ծանրոց, որոնք վերջինս ստացել ու պահել է իր տանը, իսկ երբ Է.Խաչատրյանը վերադարձել է Երևան, հանձնել է նրան, որը ստանալով ծանրոցը՝ տարել է Մոսկվա:
2004 թվականի ապրիլի 7-ին Է.Խաչատրյանը հերթական ծանրոցը Ա.Իսկանդարյանին ուղարկելուց հետո, երբ պարզել է, որ վերջինս արդեն ՀՀ-ից տեղափոխվել է Կիև, հանցավոր խմբում ընդգրկել է գործով դատապարտյալ Սուրեն Մինասյանին և նրան է վերահասցեագրել ծանրոցը՝ հանձնարարելով դրանում գտնվող թմրանյութի փաթեթը պահել տանը մինչև իր Հայաստան գալը: 2004 թվականի ապրիլի 23-ին նա վերադարձել է Հայաստան, և նույն օրը Ս.Մինասյանի հետ թմրամիջոցը տեղափոխել են Մոսկվա:
Ս.Մինասյանի հետ թմրամիջոցի առաջին խմբաքանակը ՌԴ տեղափոխելուց հետո Է.Խաչատրյանը կազմակերպված խմբում ընդգրկել է նաև Անուշ Մինասյանին և ԱՄՆ-ից 2004 թվականի հունիսի 6-ին թմրամիջոցի երկրորդ խմբաքանակն է ուղարկել Մինասյանների հասցեով, որը վերջիններս հունիսի 6-ին ստացել և պահել են իրենց բնակարանում: Պատճառաբանելով, որ ինքը չի կարող ժամանել Երևան` Է.Խաչատրյանը հանձնարարել է Ս.Մինասյանին փաթեթը տեղափոխել Մոսկվա և «Դոմոդեդովո» օդանավակայանում հանձնել ՌԴ քաղաքացի Անատոլի Վալենտինի Կուրոպովին: 2004 թվականի հունիսի 11-ին թմրամիջոցով փաթեթը տեղավորելով գոտկատեղում՝ Ս.Մինասյանը օդանավակայանից Ա.Մինասյանի միջոցով Է.Խաչատրյանի հետ կապ պահպանելու նպատակով նրա հետ մեկնել է «Զվարթնոց» օդանավակայան ու փորձել «Զվարթնոց» մաքսատնով Երևան-Մոսկվա թիվ 512-րդ չվերթով, իր գոտկատեղում թաքցրած, ՌԴ տեղափոխել 943,8 գրամ քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցը, սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ մաքսային գոտին հատելուց հետո օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կրկնակի զննմամբ թմրամիջոցով փաթեթը Ս.Մինասյանի գոտկատեղից հայտնաբերվել և առգրավվել է:
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոքաբերը գտնում է, որ առկա է բացառիկ հանգամանքների համակցություն, որը հնարավոր է դարձնում փոփոխել դատապարտյալ Անուշ Մինասյանի վերաբերյալ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի ապրիլի 8-ի և ՀՀ քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի հուլիսի 6-ի դատավճիռները և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ մեղմացնել նրա նկատմամբ նշանակված պատիժը:
Համաձայն բողոքի փաստարկների` Անուշ Մինասյանը նշված հանցագործության կատարման խմբի կազմում ակտիվ դերակատարում չի ունեցել, հանցագործության կատարմանը մասնակցել է մեկ դրվագով, որն արտահայտվել է Է.Խաչատրյանին ընդամենը հեռախոսով տեղեկություններ հայտնելով: Դատապարտյալը խմբի կազմում հայտնվել է ինքնաբերաբար, հանգամանքների պատահական զուգադիպությամբ, քանի որ նա Հայաստան է վերադարձել կարճ ժամանակով՝ բուժման նպատակով: Բացի նշվածից, որպես դատապարտյալի պատիժը մեղմացնող հանգամանքներ պետք է գնահատել այն, որ նա կին է, մայր, նախկինում ոչնչով արատավորված չի եղել, ֆիզիկապես վատառողջ է, հանցագործությունը կատարելիս որևէ շահադիտական նպատակ չի հետապնդել, կատարել է իր ամուսնու եղբոր հանձնարարությունը:
Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս բեկանել և փոփոխել ստորադաս դատարանի դատական ակտը, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Վերը նշված հիմնավորումներով վճռաբեկ բողոքում խնդրվում է բեկանել Անուշ Արարատի Մինասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի ապրիլի 8-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի հուլիսի 6-ի դատավճիռները` պատժի մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ Ա.Մինասյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժաչափը կրճատել ու սահմանել ազատազրկում` 5 տարի ժամկետով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը՝ Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.
Հանցանք կատարած անձի նկատմամբ պատիժ նշանակելիս արդարության սկզբունքը դրսևորվում է օրենքով նախատեսված մի շարք պահանջներով:
Արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքն ամրագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածում, համաձայն որի` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժն ու քրեաիրավական ներգործության մնացած միջոցները պետք է լինեն արդարացի, այն է՝ համապատասխանեն կատարված հանցավոր արարքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: Նույնանման պահանջ է ամրագրված նաև քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում:
Հանցանք կատարած անձի նկատմամբ անհատական մոտեցումը պատիժ նշանակելիս անհրաժեշտ է, որպեսզի դատարանը պատժատեսակն ու չափն ընտրելիս հանգի համոզման, որ դրանով կհասնի պատժի նպատակներին:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով նույն օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները: Պատժի տեսակը և չափը որոշվում է հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով ու բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներով:
Նշանակվող պատիժը չի կարող հոդվածի սանկցիայում նախատեսված պատժի առավելագույն կամ նվազագույն չափից ավելի խիստ կամ մեղմ լինել, այսինքն` դուրս գալ հատուկ մասի հոդվածի սանկցիայի սահմաններից: Այդ պահանջից բացառություն կարող է անել միայն ՀՀ քրեական օրենսգիրքը, որի Ընդհանուր մասում նախատեսված հատուկ նորմերի ուժով դատարանին իրավունք է վերապահում դուրս գալ այդ սահմաններից: ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը սահմանում է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը, որի բովանդակությունից երևում է, որ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմք են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքները, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը: Բացառիկ կարող են ճանաչվել նաև այլ հանգամանքներ, որոնք բնութագրում են հանցավորի անձը` որպես նվազ վտանգավոր:
ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:
Ինչպես երևում է գործի նյութերից, Ա.Մինասյանը հանցանք է կատարել հանգամանքների պատահական զուգորդմամբ. երկար ժամանակ բացակայելուց հետո Հայաստանի Հանրապետություն է վերադարձել բուժման նպատակով և հանցագործության կատարմանը ներգրավվել է ամուսնու եղբոր` Սուրեն Մինասյանի կողմից, որևէ շահադիտական նպատակ չի ունեցել, հանցագործությանը մասնակցել է ընդամենը մեկ դրվագով, նրա դերը եղել է երկրորդական և արտահայտվել է միայն Է.Խաչատրյանին հեռախոսով ինքնաթիռի թռիչքի մասին տեղեկություն հայտնելով: Բացի այդ, նա հանցանք է կատարել առաջին անգամ, նախկինում ոչնչով արատավորված չի եղել, կին է, մայր, վատառողջ, պատիժ նշանակելու պահին տառապել է «երկկողմանի կիստոզ-ֆիբրոզ մասթոպատիա» հիվանդությունով, մշտապես եղել է բժիշկների հսկողության տակ և ըստ քրեակատարողական հիմնարկի կողմից տրված տեղեկանքի` ունի մասնագիտացված բուժհիմնարկում ստացիոնար հետազոտման ու բուժման կարիք:
Պալատը գտնում է, որ վերը շարադրված բոլոր հանգամանքներն իրենց համակցությամբ էականորեն նվազեցնում են ինչպես հանցագործության, այնպես էլ հանցավորի վտանգավորության աստիճանը և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում օբյեկտիվ հիմք են օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Ա.Մինասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու միջոցով կապահովվի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջը, որի համաձայն՝ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներն ամրագրող ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու մասին ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթները, Ա.Մինասյանի նկատմամբ նշանակել է ակնհայտ խիստ պատիժ:
Այսպիսով` վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն` վերաքննիչ դատարանի դատավճիռը բեկանելու հիմք են:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Բողոքը բավարարել:
Անուշ Արարատի Մինասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի ապրիլի 8-ի և ՀՀ քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի հուլիսի 6-ի դատավճիռները պատժի մասով բեկանել և փոփոխել:
ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ Ա.Մինասյանի նկատմամբ նշանակել պատիժ ազատազրկման ձևով` 4 /չորս/ տարի ժամկետով:
Դատավճիռները մնացած մասերով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Տ. Սահակյան | |
Դատավորներ` |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ասատրյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Մ. Սիմոնյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|