Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 05-3209

Քաղաքացիական գործ թիվ 3-1474 (ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան
դատավորներ՝

Կ. Հակոբյան

Գ. Մատինյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Շահեն Բաբայանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.11.2005 թվականի թիվ 05-3209 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ «Հայկապ բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Շահեն Բաբայանի՝ անշարժ գույքի 1/2 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած համարելու, սեփականության իրավունքը գույքի նկատմամբ ճանաչելու, այն հրապարակային սակարկություններով վաճառելու միջոցով գումար բռնագանձելու պահանջների մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է Շահեն Բաբայանին ճանաչել Աբովյան քաղաքի Վոլկովի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14 տան 1/2 մասի նկատմամբ Գալուստ Բաբայանի ժառանգությունն ընդունած, որպես ըստ օրենքի ժառանգ ճանաչել Շահեն Բաբայանի սեփականության իրավունքը նշված տան 1/2 մասի նկատմամբ և հայցվորի հանդեպ ունեցած պարտավորության դիմաց բռնագանձումը տարածել այդ բաժնի վրա:

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 19.09.2005 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.11.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Շահեն Բաբայանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

1) Առկա է սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք, որը դատարանի վճիռը վերանայելու հիմք է:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի 16.11.2005 թվականի վճռի հիմքում դրվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 28.11.2003 թվականի վճիռը, որը բեկանվել է Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի որոշմամբ և գործն ուղարկվել է նոր քննության:

Գործի նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 07.05.2007 թվականի վճռով մերժվել է Ընկերության ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի հայցն ընդդեմ Շահեն Բաբայանի՝ 10.748.853,30 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին: Այսինքն՝ վերացել է այն դատական ակտը, որը հիմք է ծառայել բողոքարկվող վճռի կայացման համար:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձն ի հիմնավորումն բողոքի սույն հիմքի՝ որևէ փաստարկ չի ներկայացրել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.11.2005 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 19.09.2005 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 28.11.2003 թվականի վճռով Ընկերության ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի հայցն ընդդեմ Շահեն Բաբայանի՝ 10.748.853,30 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին՝ բավարարվել է:

2) Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի որոշմամբ վերը նշված վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան՝ այլ կազմով նոր քննության:

3) ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 07.05.2007 թվականի վճռով Ընկերության ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի հայցն ընդդեմ Շահեն Բաբայանի՝ 10.748.853,30 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժվել է՝ հայցվորի կողմից հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու պատճառաբանությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ դատարանի 16.11.2005 թվականի վճռի հիմքում դրվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 28.11.2003 թվականի վճիռը, որով Ընկերության հայցն ընդդեմ Շահեն Բաբայանի` 10.748.853,30 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակի և որոշվել է Շահեն Բաբայանից հօգուտ Ընկերության բռնագանձել 2.308.528,70 ՀՀ դրամ, ինչպես նաև տարեկան 17 տոկոս դրույքաչափով նշված գումարի նկատմամբ հաշվեգրված տոկոսներ՝ սկսած 01.01.1999 թվականից մինչև պարտավորության դադարման օրը:

Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 28.11.2003 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Գործի նոր քննության արդյունքում կայացված Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 07.05.2007 թվականի վճռով մերժվել է Ընկերության ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի հայցն ընդդեմ Շահեն Բաբայանի՝ 10.748.853,30 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին: Այսինքն՝ վերացել է այն դատական ակտը, որը հիմք է ծառայել Վերաքննիչ դատարանի 16.11.2005 թվականի վճռի կայացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման համար հիմք են դատական ակտի, դատավճռի կամ այլ մարմնի որոշման վերացումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում նշված հանգամանքը սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոքում չեն նշվել բողոքի հիմքը հիմնավորող փաստարկներ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքը հիմնավոր համարելով, դրա առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 16.11.2005 թվականի վճիռը բեկանելու համար:

Նկատի ունենալով, որ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 19.09.2005 թվականի վճռով Ընկերության հայցը մերժվել է այնպիսի հիմքերով, որոնք սույն որոշմամբ վերլուծության չեն ենթարկվել, հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 19.09.2005 թվականի վճռին օրինական ուժ տալու մասով բողոքի բավարարման հիմքերը բացակայում են:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 16.11.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:


Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան