ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 07-2491 |
Քաղաքացիական գործ թիվ 3-1518(ՎԴ) 2007 թ. |
Նախագահող դատավոր՝ | Տ. Սահակյան |
դատավորներ` | Ն. Հովսեփյան |
Մ. Ասատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Անտոնյանի | |
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյան |
2007 թվականի նոյեմբերի 9-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հասմիկ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 17.07.2007 թվականի թիվ 07-2491 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ ՀՀ ԳԱԱ ընդհանուր անօրգանական քիմիայի ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հայցի ընդդեմ Հասմիկ Հակոբյանի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման՝ սեփականատիրոջ իրավունքի խախտումները վերացնելու, Երևանի քաղաքապետի որոշումը, սեփականության իրավունքի գրանցման վկայականը անվավեր ճանաչելու, շինությունը քանդելուն և հողամասն ազատելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է վերացնել իր՝ որպես սեփականատիրոջ իրավունքի խախտումները, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834Ա որոշման 7-րդ հավելվածի՝ պատասխանող Հ.Հակոբյանի մասը, 06.09.2005 թվականի Հ.Հակոբյանին տրված թիվ 2073679 սեփականության իրավունքի գրանցման վկայականը, պարտադրել Հ.Հակոբյանին քանդել շինությունները և ազատել հողամասը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 04.10.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ դատարան) 17.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է. անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի՝ 20.04.2005 թվականի թիվ 834-Ա որոշման 7-րդ հավելվածի 113 կետը, դրա հիման վրա Հ.Հակոբյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը, վճռվել է Հ.Հակոբյանին պարտավորեցնել քանդել Երևանի Արղության փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեում կառուցված շինությունը և վերջինիս վտարել նշված տարածքից: Սեփականության իրավունքի գրանցման վկայականը անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Հակոբյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 52-րդ, 53-րդ, 215-րդ և 218-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը կազմակերպությունից չի պահանջել ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, չի պահանջել ներկայացնել որևէ ապացույց, որով կհիմնավորվի կազմակերպության՝ վիճելի հողի սեփականատիրոջ իրավահաջորդությունը:
Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործում առկա ապացույցները: Մասնավորապես դատարանն անտեսել է, որ մինչ օրս կազմակերպությունը վիճելի հողամասի նկատմամբ որևէ գրանցված գույքային իրավունք չունի:
Պատշաճ գնահատման չեն արժանացել նաև 09.09.1988 թվականին «Սոս» կոոպերատիվի նախագահ Թ.Մինասյանի և կազմակերպության տնօրեն Ս.Կարախանյանի միջև կնքված պայմանագիրը, որով կոոպերատիվին տրամադրվել է 400 քմ հողատարածք, ինչպես նաև գործում առկա` «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» 23.02.2007 թվականի որոշմումը, որով հաստատվել է Հ.Հակոբյանի անմեղությունը կեղծ տեղեկանք օգտագործելու հարցում, և կարճվել է քրեական գործի վարույթը` տեղեկանքի կեղծ լինելու հանգամանքը ապացուցված չլինելու հիմքով:
Դատարանի 20.06.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանք է համարվել այն, որ կազմակերպության տնօրինությունը պետք է օրենքով սահմանված կարգով պաշտպաներ հիմնարկության իրավունքը, միջոցներ ձեռնարկեր 50-ական թվականներին հատկացված հողատարածքի նկատմամբ օգտագործման իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով, սակայն կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ չի ձեռնարկել, ավելին՝ խոչընդոտել է այդ աշխատանքների կատարմանը՝ հրաժարվելով իրավունքի պաշտպանությունից:
2) Դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի թիվ 1748-Ա որոշումը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Նշված որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ թույլատրվում է օրինականացնել նաև այն ինքնակամ շինությունները, որոնք մինչև 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառված չեն եղել կադաստրում: Մինչդեռ, դատարանը, վկայակոչելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, գտել է, որ Հ.Հակոբյանին պատկանող շինությունը մինչև 15.05.2001 թվականը կադաստրում չի հաշվառվել, ուստի չի կարող օրինականացվել վերը նշված օրենքի համաձայն:
Դատարանը սխալ է մեկնաբանել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը, քանի որ վիճելի հողատարածքը հատկացված է եղել ոչ թե հայցվորին, այլ իրավանախորդին, իսկ կազմակերպությունը օրենքով նախատեսված կարգով այն չի ընդունել և իր օգտագործման իրավունքն էլ չի գրանցել կադաստրում:
3) Դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ կետը, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ, 64-րդ, 65-րդ 163-րդ, 172-րդ, 173-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պետության կամ համայնքների սեփականությանը պատկանող և քաղաքացիների ու իրավաբանական անձանց մոտ օգտագործման (մինչև դրա ժամկետի լրանալը) իրավունքով գտնվող հողամասերը չեն կարող օտարվել այլ անձի, եթե սահմանված կարգով չի լուծվել պայմանագիրը: Սակայն հայցվորն առ այսօր չունի իր իրավանախորդին հատկացված հողի օգտագործման պայմանագիր, իրավունքների պետական գրանցում:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, որում սակայն բացակայում են ինչպես հողը, այնպես էլ պատասխանողի կառուցած տունը:
4) Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Դատարանի 20.06.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռում նշված փաստերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքներ են, որոնք հայտնի են եղել Հ.Հակոբյանին, բայց նրանից անկախ պատճառներով, այն է` վճռի և որոշման մասին չիմանալու ու դրանք չունենալու արդյունքում, չեն ներկայացվել դատարան:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի 17.07.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 04.10.2006 թվականի թիվ 2-1714 վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1) Երևանի քաղխորհրդի գործկոմի 28.09.1959 թվականի և 07.09.1966 թվականի որոշումներով ՀՍՍՀ ԳԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտին հատկացվել է 5.0 հա հողատարածք:
2) ՀՀ կառավարության 25.09.2002 թվականի որոշմամբ ինստիտուտը վերակազմակերպվել է պետական ոչ առևտրային կազմակերպության:
3) 09.09.1988 թվականին «Սոսի» կոոպերատիվի նախագահ Թ.Մինասյանի և ինստիտուտի տնօրեն Ս.Կարախանյանի միջև կնքված պայմանագրով կոոպերատիվին տրամադրվել է 400 քմ հողատարածք 5 տարի ժամկետով:
4) 12.10.1999 թվականին ինստիտուտի տնօրեն Ս.Կարախանյանի կողմից համաձայնություն է տրվել, որ սույն գործով պատասխանող Հ.Հակոբյանի սկեսրայր Թ.Մինասյանը վիճելի տարածքում կառուցի բնակելի տուն և գրանցի իր իրավունքները:
5) Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա որոշման 7-րդ հավելվածի 113-րդ կետով ճանաչվել է Հ.Հակոբյանի սեփականության իրավունքը Արղության փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող 109.5 քմ մակերեսով բնակելի տան և 300 քմ մակերեսով հողամասի նկատմամբ՝ օտարման պայմանով:
6) 06.09.2005 թվականին Հ.Հակոբյանին տրվել է թիվ 2073679 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Մինչդեռ, կազմակերպությունն ապացույցներ չի ներկայացրել դատարան, որոնց միջոցով կհաստատվեր այն հանգամանքը, որ կազմակերպությանն է փոխանցվել վիճելի հողամասի նկատմամբ իրավունքները: Մասնավորապես, գործում բացակայում են փոխանցման ակտը, իրավաբանական անձի գրանցման վկայականը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ մեկ տեսակի իրավաբանական անձը մեկ այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորվելու դեպքում (կազմակերպական-իրավական ձևի փոփոխում) նոր առաջացած իրավաբանական անձին են անցնում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքները և պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան: Իսկ նույն օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը պետք է դրույթներ պարունակեն վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի ու պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին՝ ներառյալ վիճարկվող պարտավորությունները:
Մինչդեռ, դատարանը, անտեսելով նշված հոդվածների պահանջները, ինչպես նաև այն, որ կազմակերպությունն առ այսօր չունի գրանցված սեփականություն կամ որևէ այլ իրավունք տվյալ հողամասի նկատմամբ, վիճելի հողամասի նկատմամբ հաստատված է համարել կազմակերպության իրավունքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը պետք է յուրաքանչյուր ապացույց գնահատի գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Մինչդեռ, դատարանի կողմից պատշաճ գնահատման չեն արժանացել գործում առկա այնպիսի ապացույցներ, ինչպիսիք են 09.09.1988 թվականին «Սոսի» կոոպերատիվի նախագահ Թ.Մինասյանի և ինստիտուտի տնօրեն Ս.Կարախանյանի միջև կնքված պայմանագիրը, որով կոոպերատիվին տրամադրվել է 400 քմ հողատարածք, ինչպես նաև 12.10.1999 թվականին ինստիտուտի տնօրեն Ս.Կարախանյանի կողմից տրված համաձայնությունը Թ.Մինասյանի կողմից վիճելի տարածքում բնակելի տուն կառուցելու վերաբերյալ:
Բողոք բերած անձը նշել է, որ դատարանը հայցը բավարարելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, վճռել է նաև անվավեր ճանաչել Հասմիկ Հակոբյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը և նրան վտարել նշված տարածքից այն դեպքում, երբ հայցվորը նման պահանջներ չի ներկայացրել:
Մինչդեռ, կազմակերպությունը, դիմելով դատարան խնդրել է վերացնել իր որպես սեփականատիրոջ իրավունքի խախտումները, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա որոշման 7-րդ հավելվածի՝ պատասխանող Հ.Հակոբյանի մասը, 06.09.2005 թվականին Հ.Հակոբյանին տրված թիվ 2073679 սեփականության իրավունքի գրանցման վկայականը, պարտադրել Հ.Հակոբյանին քանդել շինությունները և ազատել հողամասը:
Հետևաբար, անհիմն է վտարելու հիմքով հայց ներկայացված չլինելու մասին վճռաբեկ բողոքի պատճառաբանությունը, քանի որ դատարանը հողամասը ազատելու մասով հայցը բավարարելով Հ.Հակոբյանին վտարել է վիճելի տարածքից:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի՝ պետական գրանցումն անվավեր ճանաչելու հիմքով հայց ներկայացված չլինելու պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր է համարում այն հիմնավորմամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորն իրավունք ունի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը փոխել հայցի հիմքը կամ առարկան, ավելացնել կամ նվազեցնել հայցային պահանջների չափը կամ հրաժարվել հայցից: Իսկ նույն օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ վեճերը արբիտրաժային տրիբունալի լուծմանը հանձնելու (հոդված 18), անպատշաճ կողմը փոխարինելու (հոդված 31), հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափը փոփոխելու, հայցից հրաժարվելու (32 հոդվածի առաջին կետ), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող կամ չներկայացնող երրորդ անձանց` գործի մեջ մտնելու (հոդվածներ 34 և 35), հակընդդեմ հայց հարուցելու (հոդված 96) մասին կանոնների: Սակայն հայցվորը առաջին ատյանի դատարանում չի փոփոխել հայցի առարկան, հետևաբար դատարանը, վճռելով անվավեր ճանաչել Հասմիկ Հակոբյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, դուրս է եկել հայցի շրջանակներից:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով սույն գործի վարույթը ենթակա էր կարճման այն հիմքով, որ այդ պահանջը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ սեփականության իրավունքի վկայականը իրավունք առաջացնող վարչական ակտ չէ:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքի հիմքին, ապա այն Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 20.06.2005 թվականի թիվ 05-1448 օրինական ուժի մեջ մտած վճռով, հաստատված հանգամանք է համարվել այն, որ ինստիտուտի տնօրինությունը պետք է օրենքով սահմանված կարգով պաշտպաներ հիմնարկության իրավունքը, միջոցներ ձեռնարկեր 50-ական թվականներին հատկացված հողատարածքի նկատմամբ օգտագործման իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով, սակայն կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ չի ձեռնարկել, ավելին՝ խոչընդոտել է այդ աշխատանքների կատարմանը՝ դրանով իսկ հրաժարվելով իրավունքի պաշտպանությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
Սակայն դատարանին նշված վճիռը չի ներկայացվել: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան: Մինչդեռ սույն վճիռը ձեռք բերելու անհնարինության հիմքով դատարանի կողմից այն պահանջելու վերաբերյալ միջնորդություն նույնպես չի ներկայացվել դատարան.
2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ կառավարության 15.05.2003 թվականի թիվ 1748-Ա որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ թույլատրվում է օրինականացնել նաև այն ինքնակամ շինությունները, որոնք մինչև 15.05.2001 թվականի հաշվառված չեն եղել կադաստրում: Մինչդեռ, դատարանը, վկայակոչելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, գտել է, որ Հ.Հակոբյանին պատկանող շինությունը չի կարող օրինականացվել վերը նշված օրենքի համաձայն, քանի որ այն կադաստրում չի հաշվառվել մինչև 15.05.2001 թվականը:
«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է մինչև այդ օրենքի ուժի մեջ մտնելն ինքնակամ կառուցված և անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի կողմից մինչև 15.05.2001 թվականը հաշվառված շենքերի, շինությունների, այդ թվում՝ 50 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույցների, ինչպես նաև ինքնակամ զբաղեցված, առանց օրենսդրության պահանջների պահպանման օտարված (տրամադրված) պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա:
Մինչդեռ, նույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ մինչև 15.05.2001 թվականը, ինչպես նաև մինչև նույն օրենքի ուժի մեջ մտնելը հաշվառումից դուրս մնացած ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված կամ օրենսդրության խախտումներով օտարված (տրամադրված, ձեռք բերված) պետական սեփականության հողամասերի վերաբերյալ դիմումների և հայտերի քննարկման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Այսինքն` նշված օրենքի 10-րդ հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ մինչև այդ օրենքի ուժի մեջ մտնելը հաշվառումից դուրս մնացած ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները նույնպես կարող են օրինականացվել, իսկ դիմումների և հայտերի քննարկման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: ՀՀ կառավարության 15.05.2003 թվականի թիվ 1748-Ա որոշումը ընդունվել է ի կատարումն «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի: Հետևաբար, դատարանը վճիռ կայացնելիս պետք է առաջնորդվեր նշված որոշմամբ:
«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել կառուցապատողի սեփականության իրավունքը, եթե դրանք գտնվում են բնակավայրի սահմաններում, կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ և չեն հակասում քաղաքաշինական նորմերին:
Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում Երևանի քաղխորհրդի գործկոմի 28.09.1959 թվականի և 07.09.1966 թվականի որոշումներով հողամասը հատկացվել է հայցվորին: Իսկ վիճելի հողամասն առանց հայցվորի համաձայնության Հ.Հակոբյանին սեփականության իրավունքով տրամադրմամբ՝ խախտվել է հայցվորի իրավունքը:
Մինչդեռ, ինչպես նշվեց վերը, հայցվորը չի կարողացել ապացուցել այն հանգամանքը, որ վիճելի տունը և հողամասը գտնվում են իրեն սեփականությամբ կամ այլ իրավունքով պատկանող հողամասում, հետևաբար, նման պայմաններում չի կարող խոսք գնալ հայցվորի իրավունքի խախտման մասին: Նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը սույն գործով կիրառելի չէ.
3) բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պետության կամ համայնքների սեփականությանը պատկանող և քաղաքացիների և իրավաբանական անձանց մոտ օգտագործման (մինչև դրա ժամկետի լրանալը) իրավունքով գտնվող հողամասերը չեն կարող օտարվել այլ անձի, եթե սահմանված կարգով չի լուծվել պայմանագիրը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվորը վիճելի հողամասի սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հաստատող որևէ ապացույց չի ներկայացրել դատարան:
06.09.2005 թվականին Հ.Հակոբյանին տրված թիվ 2073679 սեփականության իրավունքի գրանցման վկայականի առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ, 163-րդ, 172-րդ, 173-րդ հոդվածները չկիրառելու վերաբերյալ բողոքի հիմքի փաստարկները, քանի որ նշված հոդվածներով պաշտպանվում են գույքի սեփականատիրոջ կամ գույքը օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով տիրապետողի իրավունքները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ, 65-րդ հոդվածների պահանջներին Վճռաբեկ դատարանը անդրադարձել է սույն որոշման պատճառաբանական մասի 1-ին կետում.
4) բողոքի չորրորդ հիմքը Վճռաբեկ դատարանը գնահատման առարկա չի դարձնում հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման համար հիմք են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան:
Դատարանի 20.06.2005 թվականի թիվ 05-1448 վճռում նշված փաստերը ներկայացնելով որպես նոր երևան եկած հանգամանք, Հ.Հակոբյանը չի հիմնավորել դրանք դատարան ներկայացնելու իրական արգելքի առկայությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջը, որի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս նման փոփոխության, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից դատարանի վճռի փոփոխումը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին, երկրորդ և երրորդ հիմքերը Վճռաբեկ դատարանը հիմնավոր համարելով, դրանց առկայությունը բավարար է համարում Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 17.07.2007 թվականի վճիռը և այն փոփոխել: Սեփականության իրավունքի գրանցման վկայականը անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճել: Մնացած մասերով հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան |
|
Է. Հայրիյան |
|
Ս. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|